ՀԱՅԱՍՏԱՆԸ ԵՎՐՈՊԱՅԻ ՊԵՐՃԱՆՔԻ ԵՎ ԹՇՎԱՌՈՒԹՅԱՆ ԱՐԱՆՔՈՒՄ
ԱՐՄԱՆ ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆ
Հայաստանի Դիվանագիտական հիմնադրամի նախագահ
Արտակարգ և Լիազոր դեսպան, քաղաքական գիտությունների թեկնածու, դոցենտ
Հայ-ռուսական (Սլավոնական) Համալսարանի համաշխարհային քաղաքականության և միջազգային հարաբերությունների ամբիոնի վարիչ, ԵՐԵՎԱՆ




Թավշյա հեղափոխության, հետևաբար, Հայաստանի այսօրվա իշխանությունների երդվյալ  հակառակորդները ասպարեզ են նետել հերթական մեղադրանքը նրանց հասցեին։ Ըստ նորընծա դատավորների՝  տեղի է ունեցել Դատաստանի օրվան արժանի մեղք, որ Հայաստան-Եվրամիության Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ստորագրումից մեկ տարի անց այն վավերացրել է ԵՄ 28 անդամ երկրներից ընդամենը 9-ը:

Ա՜յ, ա՜յ, ա՜յ։ Պատկերացնու՞մ եք, թե ինչ ազգադավաճան հանցանք են գործել կառավարության սանձերն իրենց անփորձ ձեռքերը վերցրած երիտասարդները։ Չէ՞ որ նախկին իշխանությունները՝ հանձինս ՀՀԿ-ի, խնդիր էին դրել համաձայնագիրը վավերացնել 1.5-2 տարվա ընթացքում։ Եվ քանի որ դա տեղի չունեցավ, «ակնհայտ է, որ այդ աշխատանքն ամբողջությամբ բարձիթողի վիճակում է»։

Իսկ ի՞նչ է հետևում նման խայտառակ անգործությանն ու անհոգությանը։ Ընդդիմադիր-ապոլոգետների կարծիքով, նման «բարձիթող վիճակի» հետևանքով Հայաստանը կորցնում է Եվրամիության հետ համագործակցելու պատմական շանսը, այստեղից բխող բոլոր սարսափելի հետևանքներով։

Նրանց կարծիքով, չլինել Եվրամիության կողքին, չունենալ նրա ամենափրկիչ հովանավորությունը, կնշանակի հարցականի տակ դնել  ժողովրդի և' կյանքը, և' ապագան։  

Իսկ իրականում  համաձայնագրի վավերացման ժամկետները խախտելու կապակցությամբ ազգային սուգ հայտարարելը ընդամենը քաղաքական շահարկում է կամ, մեղմ ասած, պրոֆեսիոնալ անգիտություն։
Այն, որ տեղի է ունենում քաղաքական սադրանք, վկայում է նաև հետևյալ տրյուկը. երբ իշխանությունները զարգացնում են հարաբերությունները Ռուսաստանի հետ, ասվում է, որ Հայաստանը մտնում է «սապոգի տակ», իսկ երբ Արևմուտքի հետ է համագործակցում, աղմկում են, թե մենք դավաճանում ենք Մոսկվային։ Ո’չ ավելի, ո’չ պակաս։
Մինչդեռ խնդիրը նրանում է, որ ԵՄ հետ համաձայնագիրն արդեն ստորագրված է,  հետևաբար  այն դարձել է «ակցեսիոն փաստաթուղթ», որին պետք է միանան մյուս պետությունները։ Եվրամիությունը լուրջ կազմակերպություն է և շարժվում է  միջազգային իրավունքի կանոններով, որքան էլ մեր ընդդիմադիրներն իրենց մատնագրերով և բողոքներով ջանան փակել Հայաստանի այսօրվա իշխանությունների ճանապարհը։

Բացի այդ, վավերացման  ձգձգումն ունի օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներ։ Հայաստանում տեղի ունեցող հեղափոխական գործընթացները, նախընտրական հոգսերը, ինստիտուցիոնալ անավարտ իրադրությունը, բնականաբար, այնքան էլ նպաստավոր չէին կարող լինել արտաքին քաղաքական խնդիրներին բծախնդրորեն հետամուտ լինելու համար։

 «Մեղքի» ավելի մեծ բաժին ունի Եվրոպան։ Այն, որ ասվում է, թե «համաձայնագիրը դեռ չեն վավերացրել նաև ծանրքաշայիններ  Գերմանիան և Ֆրանսիան անկախ Փաշինյան-Մերկել սելֆիների հրավառությունից, և Փաշինյան-Մակրոն երեք աշխատանքային հանդիպումներից ու ինքնամոռաց պարերից Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովին», ոչ այլ ինչ է, եթե ոչ չարամտորեն արված զրպարտանք, և կամ այդ երկու երկրների ներկա քաղաքական իրավիճակի բացարձակ անտեղյակություն, ինչը քիչ է հավանական՝ նկատի ունենալով ասված «փայլուն» պանֆլետի հեղինակի ստատուս-քվոն։

Թե ինչ է կատարվում այդ «ծանրքաշային Գերմանիայում», հայտնի է անգամ ոզնիներին։ Լավ կյանքից չէ, որ Անգելա Մերկելը հրաժարվեց կուսակցությունների  (CDU/CSU) լիդերությունից ու մտմտում է, թե ինչպես դուրս գա իր իսկ  մեղքով  և մեկ միլիոն էմիգրանտների ձեռքով փորած փոսից։ Վերջերս նա որոշեց նրանց հոսքը Գերմանիա իջեցնել մինչև 200.000-ի:  Սակայն եղածը եղած է։ Ջինը դուրս է պրծել շշից։

(Տեղեկանք. Գերմանացի նաև ֆրանսիացի  վերլուծաբանների կարծիքով, որպեսզի ազգն ապրի ավելի քան 25 տարի, մեկ ընտանիքին բաժին ընկնող ծնելիության գործակիցը պետք է լինի 2,11: Եթե գործակիցը ցածր է՝ ազգը կվերանա: Ամբողջ պատմության ընթացքում ոչ մի ազգ չի վերականգնվել 1,9 գործակցի դեպքում, իսկ 1,3 գործակցի դեպքում վերականգնվելն անհնար է, քանի որ դրա համար կպահանջվի 80-100 տարի, իսկ տնտեսական մոդել, որը կարողանա պահպանել ազգն այդքան երկար տարիներ, գոյություն չունի։ Մտավախություն կա, որ 2025թ Գերմանիան կվերածվի իսլամական պետության: Արդյունքում այստեղ գլուխ են բարձրացնում նացիոնալիստական տրամադրությունները, ավելի ճիշտ կլինի ասել, սովորական ֆաշիզմը, ինչը պակաս վտանգավոր չէ, քան մարտնչող իսլամը)։

Դրությունն ավելի բարվոք չէ Ֆրանսիայում։ Վերջին հասարակական անկարգությունները կապված «դեղին ժիլետների» հետ երկրին հասցրին 10 միլիարդ եվրոյի վնաս։ Մակրոնի հեղինակությունն իջել է մինչև 20 %։

(Տեղեկանք. Ֆրանսիային սպառնացող մուսուլմանական վտանգը պակաս չէ, քան Գերմանիայում է։ Երկրում մինչև 20 տարեկան երեխաների  30%-ը մուսուլմաններ են: Նիցցայում, Փարիզում, Մարսելում և այլ մեծ քաղաքներում այն հասնում  է մինչև 45%-ի: 2027-ին յուրաքանչյուր 5-րդ ֆրանսիացի կլինի մուսուլման):

Այնպես որ, նման կատակլիզմների հետ առճակատվող երկրներից «նեղանալ», որ ժամանակին չեն վավերացրել հայկական համաձայնագիրը, առավազն լուրջ չէ կամ սահմանակցում է մեր այն մտայնության հետ, որ «ողջ աշխարհը պետք  է պտտվի Հայաստանի շուրջը, որը երկրագնդի պորտն է»։

Եվ ընդհանրապես, եթե մենք ինչ-որ բան ենք ակնկալում և սպասում «բարի և հին» մայրցամաքից, չմոռանանաք, թե ինչ վիճակում է նա հիմա գտնվում՝ ընդհանրապես։  

(Տեղեկանք.  Դժբախտաբար, իրականություն են  դառնում, դեռևս հարյուր տարի առաջ Օսվալդ Շպենգլերի  «Եվրոպայի մայրամուտը» հանճարեղ աշխատության  մռայլ դրվագները։ Նրա կանխատեսումները զարգացնում է ժամանակակից ֆրանսիացի տաղանդավոր գրող Միշել Ուելբեկը, որն իր գրքերում («Հնազանդություն»  և «Սերոտնին») նկարագրում է, թե ինչպես է իսլամը նվաճում Ֆրանսիան։  Իսկ իր վերջին մրցանակն ստանալիս գրողը հայտարարեց. «Եվրոպան գործում է յուրահատուկ ինքնասպանություն, որի մեղավորը «Եվրոպական միությունն է»)։

Ասվածը, սակայն,  ամենևին չի նշանակում, թե Հայաստանը պետք է դանդաղեցնի իր արտաքին քաղաքականության եվրոպական վեկտորի զարգացումը։ Ամենևին։ Պարզապես հարկ է շտկել 2013 թվականին ԵՄ հետ թույլ տված վրիպումները և շարժվել առաջ։

Մյուս կողմից, ճակատագրական սխալ կլիներ Հայաստանի դիվանագիտությունը ՌԴ-ի, ԱՄՆ-ի, Իրանի, Չինաստանի և Վրաստանի հետ ստորադասել Եվրոպայի հետ մեր հարաբերություններին։

Ներկա իշխանությունների հռչակած բազմավեկտոր քաղաքականությունը  ճիշտ ընտրություն է ժամանակի և տարածության մեջ։

Մնում է հանրապետության ներքաղաքական բաղադրիչները՝ ռազմական, տնտեսական, կադրային, բարոյահոգեբանական և այլն  հասցնել մի  մակարդակի, որը կապահովի արտաքին քաղաքականության նպատակների իրականացումը։
ԱՐՄԱՆ ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆ
908 reads | 24.01.2019
|
avatar

Մուտքանուն:
Գաղտնաբառ:
Copyright © 2019 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com