ՓԱՐԻԶՅԱՆ ՖՈՐՈՒՄԸ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՀԵՐԹԱԿԱՆ ՔԱՅԼԸ
ԱՐՄԱՆ ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆ
Հայաստանի Դիվանագիտական հիմնադրամի նախագահ
Արտակարգ և Լիազոր դեսպան, քաղաքական գիտությունների թեկնածու, դոցենտ
Հայ-ռուսական (Սլավոնական) Համալսարանի համաշխարհային քաղաքականության և միջազգային հարաբերությունների ամբիոնի վարիչ, ԵՐԵՎԱՆ




70 երկրների առաջնորդներ հավաքվել էին աշխարհի մայրաքաղաք Փարիզում՝ նշելու Առաջին համաշխարհային պատերազմի ավարտի հարյուր տարին։

...Արևելքում մեծ տոնախմբությունները և հարսանիքները, երբեմն, ուղեկցվում են սկանդալներով, անգամ, ծեծկռտուքով։ Փարիզյան ֆորումը, իհարկե, դրան չհասավ, սակայն եղան կազուսներ։

Նախքան տոնակատարությունը, քննարկվում էր Փարիզում Պուտին-Թրամփ բանակցությունների հնարավորությունը։ Մակրոնը, որպես տանտեր, մերժեց այդ գաղափարը։ Սպասվում է, որ նրանց «լայնամասշտապ հանդիպումը տեղի կունենա նոյեմբերի վերջին, Արգենտինայում, G-20-ի ընթացքում»։

Հետո, Փարիզ եկած-չեկած Թրամփը հրաժարվեց այցելել պատերազմում զոհված ամերիկյան զինվորների գերեզման՝ պատճառաբանելով անձրևը, ինչը զայրույթի ալիք բարձրացրեց օվկիանոսի երկու կողմում, որին միացավ Ուինստոն Չերչիլի թոռը՝ Նիկոլաս Սոմսը։ Այնուհետև ԱՄՆ-ի նախագահը, երես առ երես հանդիպելով Պորոշենկոյին, ցուցադրաբար շրջվեց և ձեռք չմեկնեց նրան, ինչը նկատվեց հյուրերի կողմից, իսկ ուկրաինացին ընկավ խորը պրաստրացիայի մեջ։

Միջոցառմանը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի մասնակցության լուրը բողոքի ալիք բարձրացրեց Ֆրանսիայի բազմաթիվ քաղաքական գործիչների, անվանի մտավորականների, գիտության և մշակույթի գործիչների շրջանակներում, որոնք հանդես գալով հեղինակավոր «Մոնդ» օրաթերթում՝ անընդունելի գտան հայկական ցեղասպանությունը մերժող պետության ղեկավարի ներկայությունը տոնակատարությանը։ «Առ այսօր (նրա Էրդողանի, Ա. Ն.) գլխավորած պետությունը շարունակում է քարոզել ագրեսիվ նացիոնալիզմ։ Այդ քաղաքականությունը կրկնապատկվել է «Արդարություն և զարգացում կուսակցության» իշխանության գալուց հետո։ Թուրքիան շարունակում է օկուպացնել Եվրամիության անդամ Կիպրոսը և դեռ ցանկանում է ինտեգրվել այդ կազմակերպությանը»,- գրում է «Մոնդը», և ավելացնում։ «Այդ երկիրը հավերժացնում է ազգային փոքրամասնությունների՝ հատկապես քրդերի բռնաճնշումները։ Թուրքիան շարունակում է բորբոքել ջիհադիզմի և անտիսեմիտիզմի կրակը։ Անկարան աշխարհում լրագրողների ամենամեծ բանտն է, որի պատերից ներս հեծում է 55 000 քաղբանտարկյալ»։

Հետաքրքրիր է, որ ոչ ոք չնկատեց և ուշադրության չարժանացրեց Լուկաշենկոյի, Ալիևի և Նազարբաևի բացակայությունը Փարիզում՝ չնայած ֆրանսիական կողմի պաշտոնական հրավերին։ Նշված եռյակի երկրների մամուլը քար լռություն պահեց այդ առիթով։ Միայն ռուսական «Նեզավիսիմայա գազետան» Լուկաշենկոյի տոնակատարությանը չգալը բացատրեց  նրա գոռոզամտությամբ, Մակրոնի հետ առանձին տեսակցելու հնարավորության բացակայությամբ և սպիտակ ձիով Փարիզ մտնելու հովերով։ Նշելով, որ Բատկան չի սիրում կանգնել խմբանկարի հինգերորդ շարքում, թերթը սարկազմով գրում է. «Նույնը չի կարելի ասել ԱՊՀ երկրների ինտեգրացիոն շրջանակներում հանդիպումների մասին, որոնց նա հաճախում է հաճույքով և բավականությամբ»։ (Հավանաբար, թերթը նկատի ունի Աստանայում ՀԱՊԿ-ի վերջին գագաթնաժողովը)։

Առանց սխալվելու մեծ հավանականության ասվածը կարելի է վերագրել Լուկաշենկոյի երկու գաղափարակից ընկերներին՝ Նազարբաևին և Ալիևին։

...Ստեղծված իրադրությունում նկատելի էր Նիկոլ Փաշինյանի ներկայությունը և անգլերենով արտասանած խոսքը։
Իր հակիրճ ելույթում հայ պատվիրակը փարիզյան տոնակատարությանը տվեց բացառիկ գնահատական, որը «կոչված է ոգեկոչելու հավաքական հիշողությունը և արտահայտելու խաղաղության ընդհանուր ուղերձը»։

Ելույթում խոսվեց Օսմանյան իշխանությունների կողմից հայկական կոտորածների մասին, որակելով այն որպես 20-րդ դարի առաջին ցեղասպանություն: Այդ ենթատեքստում նշվեցին Հոլոքոստի, Կամբոջայի, Ռուանդայի և անցած դարի մյուս կոտորածները։
Այնուհետև քաղաքական ամենավերջին իրադարձության՝ Նոր Կալեդոնիայի հանրաքվեի կապակցությամբ, Փաշինյանը սահուն անցում կատարեց  Լեռնային Ղարաբաղի պայքարին՝ «իր ճակատագիրը տնօրինելու համար», որը «դեռևս չի ստացել պատշաճ իրավական լուծում»: Համեմատությունը դիպուկ էր, կարևոր ֆրանսիացու համար։

Ելույթն ընդունվեց ծափահարություններով, ունեցավ քաղաքական հնչեղություն և դրական էֆեկտ։

Նիկոլ Փաշինյանի կարճ ժամանակահատվածում Փարիզ կատարած երկրորդ այցելությունը, մյուս կողմից՝  Ֆրանկոֆոնիայի նշանակալից գագաթնաժողովը խոսում են այն մասին, որ Հայաստանն իրականացնում է դիվանագիտական ճեղքում Ֆրանսիայի, հետևաբար, Եվրոպայի ուղղությամբ։

Եվ, ընդհանրապես, ներկա իշխանությունների հնգամսյա գործողությունները համոզիչ կերպով վկայում են, որ հանրապետությունն աստիճանաբար հեռանում է նախկին իշխանությունների պասիվ ու կրավորական դիրքերից՝ ուղղորդվելով դեպի իր հռչակած բազմավեկտոր դիվանագիտությունը, որը հիմնված է հայաստանակենտրոն գաղափարախոսության և փիլիսոփայության վրա։

Եվ վերջինը։ Նիկոլ Փաշինյանի ելույթը Փարիզում, որն ինչպես ասում են՝ տեղին էր և ժամանակին, գրեթե աննկատ մնաց հանրապետության լրատվական շատ միջոցների կողմից։ Ցավալի, եթե ոչ աններելի «անփութություն» համաշխարհային քաղաքականությանը հարելու հավակնություն ունեցող երկրի կողմից։ Լռություն պահած սուբյեկները հավանաբար մոռացել են, թե ինչ ջանասիրությամբ էին լուսաբանում նախկին իշխանավորների վոյաժները բադեն-բադեններ կամ նրանց միջերկրածովյան զբոսանքները միլիոնատերերի յախտաներով։

էլ ի՞նչ ձևի է լինում ռևանշիզմն ու սաբոտաժը։ Երևի պոզով պոչո՞վ։

Աղբյուրը՝ http://armtimes.com
ԱՐՄԱՆ ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆ
250 reads | 18.11.2018
|
avatar

Մականուն:
Գաղտնաբառ:
Copyright © 2018 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com