ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ԱՆՁՆԱԳԻՐՆ ԱՆՁԻՆ ՏԱԼԻՍ Է ԱՄԵՆԱԿԱՐԵՎՈՐԸ՝ ԱՆՁԵՌՆՄԽԵԼԻՈՒԹՅՈՒՆ
ԱԳՆ-ի կողմից 254 անձից դիվանագիտական անձնագրերը հետ վերցնելու մասին մեր հրապարակման վերաբերյալ քննարկումները չեն դադարում։ Մարդիկ հարցնում են, թե ինչու են Սերժ Սարգսյանի, Ռոբերտ Քոչարյանի ընտանիքի անդամները՝ երեխաներով, թոռներով հանդերձ, ստացել դիվանագիտական անձնագիր։ Մինչ այժմ ԱԳՆ-ից որեւէ մեկնաբանություն չի եղել այս կապակցությամբ։ ԱԳՆ խոսնակը՝ ընդամենը իր ոճին համապատասխան, հոխորտացել է, թե մեր կողմից այս ցանկի հրապարակումը կատարվել է հակաօրինական ճանապարհով՝ չմեկնաբանելով, թե ինչն է հակաօրինական, եւ ինչու չպետք է հանրությունը տեղեկանա, թե ում են տրամադրում կամ ում են զրկում դիվանագիտական անձնագրից։

Եվ մինչ ԱԳՆ-ն լռում է ու որեւէ բան չի պարզաբանում, մենք ուսումնասիրեցինք «Դիվանագիտական ծառայության մասին» ՀՀ օրենքը, որի 49-րդ հոդվածի համաձայն՝ ի թիվս մի շարք պաշտոնյաների՝ նախագահ, վարչապետ, ԱԺ նախագահ, ՍԴ նախագահ, պատգամավորներ, նախարարներ եւ այլն, դիվանագիտական անձնագրեր են տրվում նաեւ ՀՀ նախագահի, վարչապետի, ԱԺ նախագահի եւ ՍԴ նախագահի ընտանիքի անդամներին: Այսինքն՝ Սերժ Սարգսյանի եւ Ռոբերտ Քոչարյանի ընտանիքի անդամներին դիվանագիտական անձնագրեր տրվել են օրինական կարգով։ Այլ հարց է, թե ովքեր են մտնում ընտանիքի անդամների մեջ։ Օրինակ՝ հայտարարագրման տեսանկյունից ընտանիքի անդամ չեն համարվում դուստրերը, որոնք ամուսնացել եւ առանձին ընտանիք ունեն, առհասարակ նրանք, որոնք տարվա կտրվածքով 180 օր եւ ավելի չեն բնակվում տվյալ ընտանիքում, ինչպես նաեւ նրանք, որոնք ինքնուրույն տնտեսություն են վարում։

Սերժ Սարգսյանի եւ Ռոբերտ Քոչարյանի դեպքում դիվանագիտական անձնագրեր են ստացել նրանց դուստրերը, հարսները, թոռները։ Ուստի հարց է առաջանում՝ ԱԳՆ-ից չգիտեի՞ն այս մասին կամ չէի՞ն կարող պարզաբանել այս ամենը։ Բայց ԱԳՆ-ն նաեւ անձնագիր է տվել անձանց, որոնց կապը դիվանագիտության հետ, մեղմ ասած, տարակուսանք է առաջացնում։ Արտակարգ եւ լիազոր դեսպան Արման Նավասարդյանը մեզ հետ զրույցում ասաց, որ դիվանագիտական անձնագիր պետք է տան, իրականում, միայն դիվանագետներին ու նրանց ընտանիքի անդամներին, ոչ թե՝ ում ասես, եւ այս օրենքը սխալ է գրված, միջազգային օրենքներով նման բան չկա։ Իսկ ի՞նչ արտոնություն է տալիս դիվանագիտական անձնագիրն այն կրողներին։ «Նրանց տալիս է ամենակարեւորը՝ շնորհիվ այդ անձնագրի, դիվանագետն ստանում է անձեռնմխելիության կարգավիճակ։ Այսինքն՝ երկրի օրենքները նրա վրա չեն ազդում»,- ասաց պարոն Նավասարդյանը։ Սրանից զատ՝ այս անձնագիրը հնարավորություն է տալիս առանց մուտքի վիզայի ճամփորդել տարբեր երկրներով։ Բայց, օրինակ, ԱՄՆ այս անձնագրով հնարավոր չէ առանց վիզայի մեկնել․ այս պետությունը պարտադրում է իր երկրի վիզայի առկայությունը՝ անկախ դիվանագիտական անձնագրից։

Այս անձնագրով նաեւ հեշտանում է օդանավակայաններում գրանցման եւ ստուգման գործընթացը, տվյալ անձինք սովորաբար անցնում են VIP մուտքերով։ «Բայց, տեսեք, այդ արտոնությունը (անձեռնմխելիությունը) միայն գործում է դեսպանընկալ երկրում, եթե Դուք վերադառնում եք Հայաստան, Ձեզ վրա այլեւս դա չի տարածվում, դառնում եք սովորական քաղաքացի»,- ասաց Նավասարդյանը՝ հիշեցնելով Խաչատուրովի դեպքը։ Նրա խոսքով՝ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի նկատմամբ քրեական հետապնդում իրականացնելիս մեր իրավապահ մարմինները սխալ թույլ տվեցին․ նրան նախ պետք է հետ կանչեին Հայաստան, զրկեին կարգավիճակից, դառնար հասարակ քաղաքացի, ապա նոր քրեական գործ հարուցեին, բայց չարեցին՝ փաստացի քրգործ հարուցելով անձեռնմխելիություն ունեցող անձի նկատմամբ։ «Այս ամբողջ 254 հոգու հետ կապված պատմությունն ինչից սկսվեց, որ նախկին իշխանությունները դիվանագիտական անձնագրեր են տվել այնպիսի անձանց, որ ոչ միայն դիվանագիտական անձնագիր, այլեւ սովորական անձնագիրն էլ է նրանց շատ՝ հանցագործ տարրեր, գողականներ, հեղինակություններ եւ այլն։ Հիմա ինչի՞ մեզ մոտ էդպես հիվանդագին ընդունվեց դա․ որովհետեւ տարիներ շարունակ նաեւ էդ տիպի մարդկանց են տվել։ Նույնիսկ եթե մի անձնավորություն ունի այդ անձնագիրը, որն իրեն չի հասնում, դա կոպիտ սխալ է, իրավունք չունեին դա տալու»,- ասաց պարոն Նավասարդյանը։

Նա նաեւ հարց հնչեցրեց՝ ո՞վ է ասել, թե նախագահն իրավունք ունի իր նախընտրած անձանց տալու դիվանագիտական անձնագիր։ Ըստ նրա՝ նման բան չկա։ «Օրենքում սխալ է գրված, միջազգային օրենքներով դա արգելվում է։ Էնպես որ, էդ անձնագրերը, որ տվել է նախագահն իր ընտանիքի անդամներին, ախրանային, չեմ իմանում՝ կնոջը, քրոջը, հարսին-մարսին… հիմա կարող է ձեզ մոտ հարց ծագի՝ ի՞նչ ա եղել, թող տան, էլի։ Խնդիրն այն է, որ մարդը, ով ունի դիվանագիտական անձնագիր, նա պատասխանատվություն է կրում անձնագրի եւ երկրի համար»,- ասաց նա։ Երբ երկարամյա դիվանագետի համար ընթերցեցինք «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքի 49-րդ հոդվածը, որով սահմանվում է, որ նախագահի ընտանիքի անդամներին եւս տրվում է նման անձնագիր, Նավասարդյանն ասաց, որ այդ օրենքը ոտքից գլուխ սխալ է գրված, եւ դա պետք է շտկվի։ «Եթե մենք խոսում ենք կլասիկ դիվանագիտության մասին։ Դե, մեզ մոտ գիտե՞ք ինչ կա, ինչ ասես՝ կարող են անել, Ռոբսոն-Մռոբսոն, հազար ու մի կրիմինալ դեպքեր։
Ամբողջ վտանգը նրանում է, որ դու կրում ես պատասխանատվություն, բայց նման մարդը կարող է էնպիսի մի սխալ թույլ տա իր միջազգային կապերի մեջ, արտասահմանում եղած ժամանակ, որ պարզապես կարող է մեծ պրոբլեմների առաջ կանգնեցնի իր երկրին։ Շատ ավգյան ախոռներ պետք է մաքրել, էլի»,- ասաց Արման Նավասարդյանը։

Մենք գտանք նաեւ մի ուշագրավ փաստաթուղթ․ ԱԺ նախկին պատգամավոր Թեւան Պողոսյանը 2016 թվականին «Դիվանագիտական ծառայության մասին ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծ է ներկայացրել, որով առաջարկվում էր դիվանագիտական առաքելությունն ավարտած՝ կենսաթոշակային տարիքի՝ Հայաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպանի աստիճան ունեցող դիվանագետների դիվանագիտական անձնագրերը հետ չվերցնել: Սակայն Կարեն Կարապետյանի կառավարությունը մերժել է պատգամավորի այս առաջարկը եւ տվել բացասական եզրակացություն։

Սկզբնաղբյուրը՝ Hraparak.am
ԱՐՄԱՆ ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆ
187 reads | 01.10.2018
|
avatar

Մականուն:
Գաղտնաբառ:
Copyright © 2018 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com