ԿԱՍՊԻԱԿԱՆ ԾՈՎ-ԼՃԻ ՌԱԶՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՇՆՈՐՀԱՆԴԵՍԸ և ՀԱՅԿԱԿԱՆ ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԸ
ԱՐՄԱՆ ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆ
Հայաստանի Դիվանագիտական հիմնադրամի նախագահ
Արտակարգ և Լիազոր դեսպան, քաղաքական գիտությունների թեկնածու, դոցենտ
Հայ-ռուսական (Սլավոնական) Համալսարանի համաշխարհային քաղաքականության և միջազգային հարաբերությունների ամբիոնի վարիչ, ԵՐԵՎԱՆ




27-ամյա վիճարկումից հետո օգոստոսի 12-ին Ռուսաստանի, Ադրբեջանի, Իրանի, Ղազախստանի և Թուրքմենստանի ղեկավարներն ստորագրեցին Կասպիականի կոնվենցիան։  Հայտարարվեց, որ Կասպիականը ոչ ծով է, ոչ էլ լիճ է։

Կասպիականը ծով չէ, քանի որ ներկոնտինենտալ ակվատորիա է և ուղիղ կապ չունի Համաշխարհային օվկիանոսի հետ։ Սակայն իր չափերով, ջրի բաղադրությամբ և հատակի առանձնահատկություններով այն նաև լիճ չէ։

Կոնվենցիայի այս բնորոշումը կարևոր ձեռքբերում է նրա մասնակիցների համար։ Սա մինչ այժմ միջազգային իրավունքի համար անծանոթ ստատուս է, որը հնարավորություն է ընձեռում շրջանցել ՄԱԿ-ի 1982 թվականի «Ծովային իրավունքի կոնվենցիան», ինչպես նաև Մերձսահմանային լճերի վերաբերյալ միջազգային օրենքները։ Այսինքն, բացի նշյալ երկրներից ոչ մի այլ պետություն մոտ անգամ չի կարող գալ այդ «ջրամբարին», որն իր մեջ պարունակում է ածխաջրերի համաշխարհային պաշարների 6-7 %-ը կամ  նավթի և գազի18-20 միլիարդ  տոննա  խտվածք (կոնդենսատ)։ Միայն վերջին մի քանի տարում այստեղ նավթի և  գազի այնքան հանքավայրեր են հայտնաբերվել, որ Կասպիականն սկսել են անվանել «Երկրորդ Պարսից ծոց»։

Կոնվենցիայի մասնակիցները հիմնականում բավարարված են հավասարաչափ իրենց բաժին ընկած շելֆի (մայրցամաքային ծանծաղուտ) 13 %-ով, որը կազմում է ափից 15 մղոն պետական սահման հանդիսացող ջրային տարածքը` ավելացած 10 մղոն ձկնորսական զոնան։ Մնացած ակվատորիան և բիոռեսուրսները դրվում են   հինգ պետությունների ընդհանուր տնօրինության տակ։ Ձեռք բերված համաձայնությունը հնարավորություն կընձեռի ակտիվորեն շահագործել Կասպիականի բնական հարստությունը։

Եթե կոնվենցիայի ամրագրումը կարելի է դիտարկել հաջող և հեռանկարային քայլ տնտեսական բոլոր մասնակիցների համար, ապա Ռուսաստանի և Իրանի ձեռքբերումը շատ ու շատ ավելի կարևոր է նրանց համար։

Գաղտնիք չէ, որ Մոսկվան և Թեհրանը մտավախություն ունեին Կասպիական ջրերում երրորդ պետության կամ պետությունների հնարավոր ռազմական հայտնությունից։ Ադրբեջան-ՆԱՏՕ համագործակցության  հնարավոր զարգացումը լրջորեն մտահոգում էր նրանց։ Պակաս վտանգ չեն ներկայացնում Նազարբաևի պլանները` թույլատրել ամերիկացիներին կառուցել ռազմածովային բազա Ակտաույում՝ հիմնականում ապահովելու համար դեպի  Աֆղանստան ռազմական առաքումները, ինչը սկիզբ կհանդիսանա տարածաշրջանում նրանց հետագա ծավալման համար։

Այնպես որ, Կասպիական կոնվենցիայի ընդունումը իսկական դիվանագիտական հաղթանակ է Ռուսաստանի և, որոշ չափով, Թեհրանի համար։ Այդպես են միջազգային վերլուծաբանները մեկնաբանում Ակտաույում ձեռք բերված համաձայնությունը հինգ առափնյա պետությունների միջև։  Եվ չեն սխալվում։

Իսկ ի՞նչ  կբերի կասպյան պետությունների այս ալյանսը Հայաստանին։

Հայրենական որոշ մեկնաբաններ այն կարծիքին են, որ հինգ պետությունների կողմից ստեղծված ինտեգրացիոն նոր կառույցը որևէ ազդեցություն չի ունենա Հայաստանի արտաքին և ներքին քաղաքականության վրա։

Նման միանշանակ եզրահանգման հետ դժվար է համաձայնել մի քանի պատճառով։ Նախ` տնտեսական առումով լայն հեռանկարներ են բացվում կոնվենցիայի մասնակիցների համար, եթե, իհարկե, հաջողվի շրջանցել այն արգելքները, որոնք վաղուց ի վեր գոյություն ունեն նրանց միջև։  Օրինակ, չկա համաձայնություն Իրանի և Ադրբեջանի միջև հատակի բաժանման հարցում։ Խնդիրներ գոյություն ունեն անդրկասպյան գազամուղի կառուցման ծրագրերում Ադրբեջանի և Թուրքմենստանի միջև, քանի որ կոնվենցիան թույլատրում է այն իրագործել, եթե կողմերն ունեն իրար հարող ընդհանուր սահմաններ։   

Ավելորդ է նշել, որ անդրկովկասյան էներգակիրների  շինարարությունը չի բխում Հայաստանի շահերից, քանի որ ինչ ձևաչափով էլ որ այն իրականանա,  նպաստելու է Ադրբեջանի տնտեսական, հետևաբար, ռազմական հնարավորությունների ավելացմանը։ Այդ կառույցի նկատմամբ նույն բացասական  դիրքորոշումն ունեն Ռուսաստանը և Իրանը, մինչդեռ Եվրոպան, ինչպես ցույց տվեց Անգելա Մերկելի այցը Բաքու, հույսեր են կապում Տրանսանատոլիական և Տրանսադրիական դեռևս գոյություն չունեցող գազատարները Եվրոպա հասցնելու հետ։ Այս բարդ քաղաքական կոմբինացիաներում Հայաստանը պետք է ցուցաբերի ճկունություն և դիվանագիտական հմտություն պաշտպանելու համար իր շահերը բոլոր խաղացողների հետ։

Սակայն Կասպիական կոնվեցիայի շրջանակներում, ըստ իս, մեզ համար ամենակարևորը անվտանգության խնդիրն է  տարածաշրջանի և Հայաստանի համար։ Հետադարձ հայացք ձգելով՝ հիշեցնենք, որ ԽՍՀՄ փլուզումից հետո Ադրբեջանը, Ղազախստանը և Թուրքմենստանը ԱՄՆ-ի օգնությամբ սկսեցին կառուցել իրենց ռազմական նավատորմները` զրկելով Ռուսաստանին Կասպիականում նավատորմիղ ունենալու մենաշնորհից։ Հիմա կոնվենցիան արգելում է այլ պետությունների ռազմական և քաղաքացիական նավերի ներկայությունն այնտեղ։

Արդ,  Հայաստանի համար  առաջնային նշանակություն է ձեռք բերում հետևյալ հարցը, որի պատասխանը դժվար թե կարողանանք գտնել բաց ինֆորմացիոն աղբյուրներում։ Այն է, ինչպիսի՞ն է լինելու ռազմական համագործակցությունը հինգ պետությունների միջև։ Այն կկրի երկկո՞ղմ, թե՞ բազմակողմ բնույթ։ Եթե նկատի առնենք, որ անդամներից մեկը մեզ հետ գտնվում է պատերազմական վիճակում, մյուսը` Ղազախստանը, առանձնապես աչքի չի ընկնում Հայաստանի նկատմամբ ջերմ բարեկամական կեցվածքով ո’չ երկկողմ հարաբերությունների, ո’չ ՀԱՊԿ-ի, ո’չ էլ միջազգային ֆորումների շրջանակներում, ապա հարցը դադարում է հռետորական լինելուց։ Պակաս էական չէ տեսնել, թե ինչ ուղղությամբ կզարգանա ռազմական համագործակցությունը Ռուսաստան, Ադրբեջան, Իրան գոյություն ունեցող ալյանսի շրջանակների ներսում։ Եվ ամենակարևորը` Ռուսաստան-Ադրբեջան ռազմական կապերը, որը գորդյան հանգույց է դարձել հայ-ռուսական հարաբերություններում, կունենա՞ն հետագա զարգացում կոնվենցիայի  պայմաններում, և կվտանգե՞ն արդյոք Հայաստանի անվտանգությանն ու շահերին։

Այսպիսով,  Կասպյան հնգյակի երևան գալը նոր կարևոր խնդիրներ է դնում հանրապետության դիվանագիտության առաջ ու պահանջում  ուշադիր մոտեցում, իսկ  անհրաժեշտության  դեպքում արագ և օպերատիվ արձագանք, բնացառված չէ, միջամտություն։
ԱՐՄԱՆ ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆ
196 reads | 31.08.2018
|
avatar

Մականուն:
Գաղտնաբառ:
Copyright © 2018 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com