ԵՐԲ ԱՍՈՒՄ ԷԻՐ՝ ԲԱՅՑ ԴՈՒՔ ՉԵՔ ԿԱՐՈՂ ԱՇԽԱՏԵԼ, ՊԱՏԱՍԽԱՆՈՒՄ ԷՐ՝ ԴԵ ԿՍՈՎՈՐԵՄ. ԱՐՄԱՆ ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆԸ՝ ԴԵՍՊԱՆՆԵՐԻ ՓՈՓՈԽՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի կադրային փոփոխությունները հասել են դիվանագիտական ոլորտին, մեկը մյուսի հետեւից աշխատանքից ազատվում են ՀՀ դեսպաններ: Այսպես, վարչապետի առաջարկությամբ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը Օլեգ Եսայանին ազատեց Բելառուսում ՀՀ դեսպանի պաշտոնից և նրա փոխարեն նշանակեց Արմեն Ղեւոնդյանին: Օլեգ Եսայանը 2006 թվականին նշանակվել է Բելառուսում ՀՀ դեսպան եւ այդ օրվանից դեսպանի պաշտոն է զբաղեցրել մեկ ՌԴ-ում, մեկ Բելառուսում: Այսինքն` 12 տարի շարունակ նա այդպիսի պաշտոններ է զբաղեցնում, իսկ մինչ այդ՝ 1992 թվականին, մի քանի ամիս եղել է ԼՂՀ վարչապետ: Օլեգ Եսայանի փոփոխությունն առաջինն էր, նրան հաջորդեց Ուկրաինայում ՀՀ դեսպան Անդրանիկ Մանուկյանի ազատումը, մամուլում արդեն նոր հեռացողների անուններ եւս կան, հետեւաբար՝ դիվանագիտական կորպուսի փոփոխությունը շարունակական կլինի:

Այս թեմայով Primenews.am-ը զրուցել է արտակարգ և լիազոր դեսպան Արման Նավասարդյանի հետ:

«Այն փոփոխությունները, որ եղան Հայաստանում «Թավշյա հեղափոխության» հետ կապված, բնականաբար պետք է իրենց արտահայտությունը գտնեին նաև արտաքին քաղաքականությունում: Խոսքը վերաբերում է ոչ թե արտաքին քաղաքականության կամ միջազգային հարաբերությունների կոնցեպտի փոփոխմանը, որովհետև դա փաստորեն մնում է մեզ մոտ անփոփոխ, այլ գործիքակազմի փոփոխությանը: 20-25 տարվա ընթացքում մեր դիվանագիտական կորպուսը, կոպիտ ասած, իհարկե որոշակի հաջողությունների հասել է, բայց ես միշտ ասել եմ և նորից կարող եմ ասել, որ դիվանագիտական դպրոցի կայացում մեզ մոտ տեղի չի ունեցել: Ես սա բացատրում եմ հատկապես նրանով, որ վերջին տարիներին կատարվեց դիվանագիտական բոլոր կանոնների խախտում Հայաստանի արտաքին քաղաքականության այդ ուղղությամբ: Սկսեցին դիվանագետներ նշանակվել, մասնավորապես դեսպաններ, մասնագետներ, որոնք մասնագետ չեն: Դիվանագիտության մեջ կա շատ խիստ օրենք՝ կա պրոֆեսիոնալիզմ և դիլետանտիզմ: Վերջինս, ինչպես շատ բնագավառներում, դիվանագիտության մեջ ևս ընդունելի չէ: Մեզ մոտ վերջին 10 տարիների ընթացքում նման տենդենց գոյություն ուներ, որը, կարծում եմ, խանգարում էր մեր արտաքին քաղաքականությանը: Տեղի էին ունենում ոչ ճիշտ նշանակումներ, պրոֆեսիոնալիզմի անտեսում, դեսպան էին նշանակում այնպիսի մարդկանց, ովքեր առաջին անգամ էին դեսպանատուն ոտք դնում: Երբ ասում էիր՝ բայց դուք չեք կարող աշխատել, պատասխանում էր՝ դե կսովորեմ: Եվ իհարկե չէր սովորում: Վերջին տարիներին ծաղկում էր խնամիակալությունը»:


Արտակարգ և լիազոր դեսպանը կարծում է, որ հիմա նոր իշխանությունները փորձում են շտկել այդ վիճակը. «Ոչ միայն համամիտ եմ, այլև ողջունում ու ծափահարում եմ կատարվող փոփոխություններին: Սակայն կարևոր է, թե ինչքանով ճիշտ կկատարվի դա: Հուսանք, որ այդ փոփոխությունները կիրագործվեն խելացի կերպով, առանց կորուստների, և դրանից կշահի մեր դիվանագիտական ծառայությունը»:

Նյութի աղբյուրը՝ https://primenews.am/?p=5923&l=am
ԱՐՄԱՆ ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆ
1184 reads | 26.08.2018
|
ComForm">
avatar

Մուտքանուն:
Գաղտնաբառ:
Copyright © 2023 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com