ԿՈՉ ՕԳՈՍՏՈՍԻ 17-Ի ՀԱՆՐԱՀԱՎԱՔԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ
Սիրելի հայրենակիցներ,

100 օր է անցել այն պատմական պահից, երբ դուք  ոտքի կանգնեցիք և տապալեցիք ժողովրդի վզին փաթաթված ատելի ռեժիմը։ Ձեր շնորհիվ հիմնակործան եղավ  երեսուն տարի մեզ պարտադրված  քրեաօլիգարխիկ, մաֆիոզ պիրամիդը։ Դա արվեց առանց մի կաթիլ իսկ արյուն թափելու, ինչը կրկին վկայեց մեր ժողովրդի ազնվագույն, բացառիկ  բարոյակամային հատկանիշների մասին, հատկանիշներ, որոնց ծափարեց քաղաքակիրթ աշխարհը։

Ի՞նչ ունենք  այսօր և  ի՞նչ սպասելիքներ  կան առջևում։ Հարցին ճիշտ պատասխանելու համար հաշվի առնենք երկու առանցքային հանգամանք։ Նախ` այսօրվա իշխանությունների ժառանգություն ստացած քաղաքական, սոցիալական  և որոշ առումով տնտեսական ավերակները, որի վրա պետք է կառուցվի պետության նոր շենքը։  Պատկերացրեք, թե ինչ դժվար խնդիր է կանգնած իշխանությունների համար։

Երկրորդը հեղափոխության հետագա զարգացումն է։  Այս հեղափոխության, ինչպես բոլոր հեղափոխությունների որովայնում թաքնված է հակահեղափոխության հիդրան։ Հիշենք Ֆրանսիական Մեծ հեղափոխության տապալման պատճառ «Տերմիդորի 9-ը»։ Զգուշանանք նման օրինակից;։

Իրադարձությունների ընթացքը գալիս է ապացուցելու, որ թավշյա հեղափոխության ոչ բոլոր խնդիրներն են, դժբախտաբար, լուծվում թավշյա ձեռնոցներով։   Իսկ անկյուն քշված  վիրավոր հակառակորդը դեմ առ դեմ կանգնածից վտանգավոր է:

Այնպես որ, համերաշխության և սիրո մասին հռչակված բանախոսությունները լավ են, քանի դեռ դրանք չեն նմանվել  ալտրուիզմի` կույր մարդասիրության։ Վենդետան չի կարելի վերածել պանացեայի` համադարմանի։ Այն կործանարար է։

Չմոռանանք, որ հեղափոխությունների հիմքում ընկած է արժեքների վերաբաշխումը։ Ես մի առիթով ասել եմ` գողացվածն ավելի կատաղի է պաշտպանվում, մանավանդ, գողականների շայկայում։ Նրանք հոժարակամ չեն բաժանվի դիզված հարստությունից, եթե անգամ իրավունք չունեին այն տնօրինելու։

Իսկ այն, որ 45 ընդդիմադիրների հայտնությունը ներկայացվում է որպես հասարակության տրոհվածության և հեղափոխության դիմադրության ապացույց` ինֆորմացիոն բլեֆ է, ինչպես հիմա են  ասում` ֆեյք։ Սակայն  բլեֆ չէ, այլ ճշմարտություն է այն, որ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի և մյուս ազգային «ջոջերի» պաշտպանները դույզն իսկ մտահոգված չեն նրանց ճակատագրով։ Այստեղ ամեն մեկը փորձում է փրկել իր կաշին, իր պաշտոնը, իր ապարանքը,  իր օֆշորային հաշիվները։

Պատմությունը լավ ուսուցիչ է։ Հետպատերազմյա Գերմանիայի փլատակների ֆոնին առաջին կանցլեր Կոնրադ Ադենաուերն ասաց. «Չեմ խոստանում հաց ու կարագ, աշխատեք, և ունեցեք դրանք»։ Գերմանացիներն ականջալուր եղան և շատ արագ կերտեցին աշխարհի լավագույն երկրներից մեկը։ Կարո՞ղ ենք նույնն անել մենք։ Կարող ենք, քանի որ արդար աշխատելուն և արդար ապրելուն այսօր խանգարողներ, մեծ հաշվով, չկան։

Եվ մեկ էլ շատ կարևոր է, որ ամեն մարդ Հայաստանում զբաղվի իր գործով։ Բժիշկը` բուժի, ինժեները` կառուցի, կոշկակարը` կոշիկ կարի, իսկ գողը նստի բանտում։ Անպայման։  

Ուրեմն, իշխանությունների «ճանապարհային քարտեզի» մեջ հարկ է առանձնացնել երկու կետ
ա/ շարունակել ավգյան ախոռների ախտահանումը,
բ/ վերադարձնել թալանված միլիարդները ժողովրդին։

Այս և մյուս բոլոր խնդիրների լուծման համար կա մեկ հիմնական միջոց` լինել միասնական, միակուռ և համերաշխ։

Այնպես որ, սիրելի հայրենակիցներ, օգոստոսի 17-ին լինենք միասին, մեկտեղվենք, հավաքվենք  Հանրապետության հրապարակում։ Ապացուցենք, որ Մեծ ժողովրդի զավակներն ենք, որ արժանի ենք ապրելու ազատ, արժանապատիվ  ու  անամպ երկրում, որ այդպիսի Հայաստան  ենք ուզում թողնել սերունդներին։

Բոլորս դեպի Հանրապետության հրապարակ։

Կեցցե հայկական թավշյա հեղափոխությունը։
Կեցցեն այն իրականացնողները։
Աստված մեզ հետ է։

Արման Նավասարդյան
Հայաստանի դիվանագիտական հիմնադրամի նախագահ
Արտակարգ և Լիազոր դեսպան
ԱՐՄԱՆ ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆ
320 reads | 07.08.2018
|
avatar

Մականուն:
Գաղտնաբառ:
Copyright © 2018 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com