ՎԱՐՉԱՊԵՏԻ ՄԱՄՈՒԼԻ ԱՍՈՒԼԻՍՈՒՄ ԱՐԱՐՈՂԱԿԱՐԳԱՅԻՆ ՄԻ ՔԱՆԻ ՍԱՅԹԱՔՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ
ԱՐՄԱՆ ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆ
Հայաստանի Դիվանագիտական հիմնադրամի նախագահ
Արտակարգ և Լիազոր դեսպան, քաղաքական գիտությունների թեկնածու, դոցենտ
Հայ-ռուսական (Սլավոնական) Համալսարանի համաշխարհային քաղաքականության և միջազգային հարաբերությունների ամբիոնի վարիչ, ԵՐԵՎԱՆ



ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հուլիսյան 2.5 ժամանոց մամուլի ասուլիսը, թեմաների հրատապությամբ և բազմազանությամբ ունեցավ քաղաքական հնչեղություն երկրում և արձագանք դրսում։ Այդ մասին շատ է գրվել, վերլուծվել և մեկնաբանվել։

Սակայն ես կցանկանայի որոշ մտքեր հայտնել այդ միջոցառման ձևաչափի և արտաքին տպավորության մասին։ Եվ այդ կապակցությամբ հիշել մի միջադեպի մասին մեր դիվանագիտության գրեթե երեսունամյա պատմության ակունքներից։

… Արտաքին գործերի նախարարության կազմավորման արշալույսին, տողերիս  հեղինակին` այն ժամանակ փոխարտգործնախարարին, պետնախարարներից մեկն առաջարկեց նոր ձևավորվող արարողակարգի պետ նշանակել…«Արմենիա» հյուրանոցի Պատրիկին, որը սուրճ էր մատուցում պաշտոնական ընդունելությունների ժամանակ։ Նախարարը վստահեցնում էր, որ Պատրիկը  հեշտությամբ կղեկավարի այդ ծառայությունը, «քանի որ քաջ  ծանոթ  է դիվանագետներին և  դիվանագիտական խոհանոցին»։ Երբ նախարարին բացատրվեց դիվանագիտական արարողակարգի (ցերոմոնիալի) էությունը, իմա` որ այն   խիստ մասնագիտական քաղաքական-միջազգային բնույթի գործառույթ է, նա, ի պատիվ իրեն, հասկացավ ինչ ինչոց է, և ԱԳՆ-ն փրկվեց հասարակական սննդի օբյեկտ դառնալու վտանգից։

Այդ ժամանակից շատ ջրեր են հոսել։ Արտաքին գերատեսչության ընդերքում կազմավորվել է  արարողակարգային վարչություն, որն հմտացել է պետական արարողակարգում  իր մեջ ներառնելով կառավարական և պետական համակարգերը։ Աճել են  արարողակարգային դիվանագետները, որոնք շնորհակալ աշխատանք են կատարում Հայաստանը միջազգային հարաբերություններում պատշաճ ներկայացնելու կարևոր գործում։

Ի դեպ,  նրանց աշխատանքն այնքան էլ հարթ չի ընթանցել։ Պետության առաջին դեմքերի իմիջը («իմիջմեյքեր») և համապատասխան հագուստը («դրես կոդ») նորմերի մեջ պահելն ու ներկայացնելը հատուկ ջանքեր է պահանջել։ Հասկացնել, օրինակ,  երկրի նախագահին, որ խոսելիս չի կարելի բերանը ծռել, քանի որը ժեստերի լեզվով դա ստախոսության ազդանշան է, և կամ վայելուչ չէ հագնել պիջակ, որի թևքերը գրեթե ծածկում են մատները, իսկ փողկապը` ծնկներից վար է, և կամ, ալ գույնի փոխկապով չեն գնում հոգեհանգստի, անգամ, եթե քո կոստյումը «Բրիոնի» ֆիրման  է ներկայացնում, իրոք, դյուրին գործ չէ։  Եվ շատ նման դրվագներ։

Այս ամենը, անշուշտ, արարողակարգի դիվանագետները նկատում էին, սակայն հազիվ թե համարձակություն ունենային ուղղել «շեֆին»։ Դրա համար պակասում էր ավանդույթները, դեմոկրատիան և քաղաքական կուլտուրան մեր իրականությունում, հետո նման հանդգնությունը կարող էր պարզապես վերջ դնել  նրանց կարյերային։

Սակայն իրադրություն և ժամանակներ են փոխվել։ Դեմոկրատիայի և ժողովրդավարության մուտքը երկիր բացում են նոր հորիզոններ մարդկային հարաբերությունների բոլոր ոլորտների, այդ թվում դիվանագիտության  համար։

Փոփոխությունների ու պարզեցման է ենթարկվում, (հատկապես ամերիկացիների ջանքերով), դիվանագիտական արվեստի  ամենապահպանողական և ավանադապահական ճյուղերից մեկը` արարողակարգը։

Հայաստանում նույնպես, իմ կարծիքով, կան  դիվանագիտական արարողակարգի օպտիմալացման բոլոր հնարավորությունները, առաջին հերթին շնորհիվ այն բանի, որ անմիջականության, պարզության և շիտակության  թարմ շունչը տարածվում է պետական և հասարակական կյանքի բոլոր  ասպարեզների, այդ թվում նաև դիվանագիտության վրա։

Այդուհանդերձ,  կան դարերով մշակված և միջազգային նորմերով ընդունված էթիկայի կանոններ, որոնք ոչ մի դեպքում ենթակա չեն  փոփոխման ու վերաձևման և դիտվում են որպես աքսիոմատիկ դոգմաներ։

Այս ենթատեքստում, վերադառնալով վարչապետի վերոհիշյալ մամուլի ասուլիսին` ցանկանում եմ  նշել, որ միջոցառման բովանդակությունը և լրագրողների մասնակցության ձևաչափը ասիմետրիկ էին և աչքի էին ընկնում քաղաքական-դիվանագիտական էթիկայի, մեղմ ասած, կոպիտ խախտումով։

Խոսքս առաջին հերթին ասուլիսին վարչապետի առաջ մերկ ուսերով լրագրողի ներկայությունն էր, որը  ադեկվատ չէ նման միջոցառմանը։ Եվ ընդհանրապես, մյուս մասնակիցների «դրես կոդը» ևս, կանաց ու տղամարդկանց,   չի դիմանում որևէ քննադատության։

Տհաճ տպավորություն էր թողնում մի քանի լրագրողների կողմից  հարցերի պատասխան ստանալու համառությունը, երբ վարչապետը ցանկանում էր վերջացնել ասուլիսը։ Խելացի և կշռադատված հարցերի կողքին կային դատարկ հարցադրումներ ու կրկնություններ։ Հարցերին հաճախ նախորդում էին լայնաշունչ ելույթներ և «փայլուն» դատողություններ, ինչը շատ բնորոշ է որոշ լրագրողներին։

Իրոք, դեմոկրատիան մեր երկրի և հասարակության բաղձալի երազանքն է եղել, որին կարծես թե հայ  ժողովուրդը վերջապես արժանացել է, սակայն  ամեն ինչ լավ է չափի և տակտի մեջ, մանավանդ, երբ գործ ունենք պետականությանն առանչվող երևույթների հետ

Իսկ երկրի ղեկավարի  հետ ցանկացած հանդիպում պետական միջոցառում է, քաղաքական կամքի արտահայտություն և ցուցադրում, որին պետք է խնամքով պատրաստվել և մոտենալ վերին աստիճանի բծախնդրությամբ ու պատասխանատվությամբ։

Մեզ հիմա նայում և հետևում է ողջ աշխարհը, ինչպես բարեկամները, այնպես էլ չարակամները։ Այդ մասին չմոռանանք։
ԱՐՄԱՆ ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆ
533 reads | 04.08.2018
|
avatar

Մականուն:
Գաղտնաբառ:
Copyright © 2018 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com