ՏԱՍՆԱՄՅԱԿԻ ՎԱՂԵՄՈՒԹՅԱՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԻ ՄԱՍԻՆ
ԱՐՄԱՆ ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆ
Հայաստանի Դիվանագիտական հիմնադրամի նախագահ
Արտակարգ և Լիազոր դեսպան, քաղաքական գիտությունների թեկնածու, դոցենտ
Հայ-ռուսական (Սլավոնական) Համալսարանի համաշխարհային քաղաքականության և միջազգային հարաբերությունների ամբիոնի վարիչ, ԵՐԵՎԱՆ




Այս հոդվածաշարը հեղինակը հրապարակել է տասնմեկ տարի առաջ, նախագահական բուռն ընտրապայքարի օրերին։ Իրադրություն է փոխվել, ասօրվա Հայաստանն առաջվա Հայաստանը չէ։ Սակայն ամենևին չի փոխվել հոդվածի  անտիհերոսի էությունը, մտածելակերպն ու  փիլիսոփայությունը,  և չի էլ փոխվի։ Ժողովուրդն իզուր չի ասում. «Կարմիր կովը` կաշին չի փոխի»։ Հոդվածները տեղ են գտել նաև հեղինակի 2010 թվականին հրատարակված «Դիվանագիտություն» գրքում։  

ԶԵՆՔԸ՝ ՈՐՊԵՍ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՈՐԾԻՔ
Երբեք այնքան չեն ստում, որքան պատերազմի ժամանակ, որսից հետո և ընտրություններից առաջ:
                        Օտտո ֆոն Բիսմարկ

Ֆրանսիական «Ռոբեր» հանրագիտարանում զենք բառի դիմաց կարդում ենք. «Գործիք կամ սարքավորում, որը ծառայում է սպանելու կամ վիրավորելու համար»: Այդ բառը մոտավորապես նույն կերպ են մեկնաբանում հայկական, ռուսական և անգլիական բացատրական բառարանները: Բոլոր ժամանակներում, բոլոր ժողովուրդների մոտ զենքը եղել է պատերազմի, սպանդի, արյունահեղության և բռնության հոմանիշ: Պատահական չէ, որ իր հակապատերազմական հայտնի վեպը Հեմինգուեյն անվանել է ոչ այլ կերպ, քան «Հրաժեշտ զենքին»՝ այդ կերպ արտահայտելով իր վերաբերմունքն ատելի գործիքի նկատմամբ: Անգամ սառը պատերազմի տարիներին, երբ մեծ տերությունները հանդես էին գալիս ուժի և մկանների ցուցադրման դիրքերից, խուսափում էին իրենց զենքն ու զինամթերքը գովաբանելուց: Իսկ մեր սիրելի հայրենիքում, չգիտես ինչու, չգիտես ում օրհնությամբ, զենքը մուտք է գործում մարդկանց կենցաղ, տեղավորվում նրանց ուղեղներում և Աստված մի արասցե, եթե այն դառնա էթնոհոգեբանության բաղկացուցիչ: Այն ինչ կատարվում է այսօր ամենևին էլ ռազմահայրենասիրական գաղափարախոսության արտահայտություն չէ և միայն կարող է վնասել երկրի միջազգային հեղինակությունը, խաթարել երիտասարդ սերնդի հոգեբանությունն ու մենթալիտետը։ Սխալված չեմ լինի, եթե ասեմ, որ պատգամավորների և պաշտոնյաների համար անհրաժեշտություն է համարվում մեկից ավելի անվանական զենք կրելը, որը նրանք հաճախ նվեր են ստանում կառավարությունից (լավ կլիներ, եթե դրա փոխարեն նրանց բաժանեին Արարատ Ղարիբյանի հայոց լեզվի դասագիրքը): Հայաստանում վերականգնվում են 1917թ. հետհեղափոխական ավանդույթները, երբ կոմունիստական ակտիվը զինված էր՝ անհրաժեշտության դեպքում դասակարգային թշնամուն ջախջախիչ հակահարված տալու համար: Ընթերցողներից շատերը փողոցում կամ հասարակական վայրերում նկատած կլինեն ցուցադրաբար զենք կրող կիսաքրեական արտաքինով երիտասարդների, որոնց դեմքը, ինչպես ասում են, վաղուց կարոտ է աղյուսի: Հայֆիլհարմոնիայի մեծ դահլիճի առաջ տեղադրված «Հայ տղերք» խմբի գովազդից անցորդներին է նայում երգիչներից մեկի մեծադիր նկարը՝ աջ ձեռքին ատրճանակ: Մի փոքր այն կողմ «Choclate» վերտառությամբ պաստառից ձեզ է նայում երգչուհի Արմինկան՝ ձախ ձեռքին ատրճանակ: Սակայն այս ամենն անմեղ բիզնես է ռազմագովազդային այն զանգվածային գրոհի համեմատությամբ, որին անցնող տարում ենթարկվեցին երևանցիները և մայրաքաղաքի հյուրերը: Ընթերցողը հավանաբար հասկացավ, որ խոսքը վերաբերում է չափերով ահռելի, բովանդակությամբ տխմար, բայց և վտանգավոր, երկիմաստ գովազդներին, որոնց վրա պատկերված ազգի սերուցքը՝ անվանի գիտնականները, գրողները, երգահանները, դերասանները, անգամ հոգևորականները, անսքող հպարտությամբ ներկայացնում էին իրենց տաղանդները… զենքի միջոցով: Կատակասեր նախկին գիտնական ընկերներիցս մեկը, որը կապիտալիստական Հայաստանում աշխատում է որպես ձվի առաքիչ և լավ էլ վաստակում է, հարցրեց մի օր. «Ի՞նչ կարծիքի ես, չբռնե՞մ ապրանքս գովազդեմ որպես իմ զենքը»:

Սերը զենքի նկատմամբ կարելի է մի կերպ հասկանալ՝ այն համարելով նորելուկ պետության «մանկական ձախ» հիվանդություն: Սակայն դրությունը փոխվում է՝ սպառնալով փոխել նաև երկրի իմիջը միջազգային ասպարեզում, երբ «կռիվ-կռիվ» խաղերում ներգրավվում է ազգի առաջին դեմքը՝ երկրի նախագահ Ռ.Քոչարյանը: Ահա, նա դպրոցում բացում է հրաձգարան: Ուշադրություն դարձրեք, ո՛չ գրադարան, ո՛չ թանգարան և ո՛չ էլ ցուցահանդես: Այլ հրաձգարան, մի խոսքով՝ տիր: Հետո կրակում է 10-ին՝ ապացուցելով, որ հայերը պակաս չեն վորոշիլովյան հրաձիգներից, ապա ԶԼՄ-ների խողովակով հրացանը ձեռին ներկայանում է հասարակությանը: Ծանոթ տեսարան է, չէ՞: Հիշո՞ւմ եք, թե մի քանի տարի առաջ արաբական երկրներից մեկի լիդերը ի՜նչ վարպետությամբ էր մի ձեռքով կրակում Կալաշնիկովից: Վերջաբանն էլ եք, անշուշտ, հիշում: Այս սարսափազդու տեսարանն ի ցույց դնելուց զատ՝ լրատվամիջոցները չեն մոռանում հայտնել, որ դիպուկ կրակելուց առաջ գործող նախագահը լրիվ դիմակազերծել է նախկին նախագահին, նրա լարած որոգայթներն իր ծաղկեցրած երկիրը թալանելու և ազատագրած Ղարաբաղն ազերներին ծախելու ուղղությամբ: Հասկացաք, չէ՞, թե ինչ է կատարվում: Դրված է երկու նպատակ, նախ՝ հոգեբանական ճնշում գործադրել էլեկտորատի վրա, հետո՝ ձեռքի հետ լուծել դիվանագիտական խնդիր՝ հակահարված տալ արտաքին թշնամու ռազմատենչ նկրտումներին:
Ահա այսպիսի սարսափներ: Պատմությունը փաստում է, որ թագավորի կերպարը ոգեշնչության և խիզախումների աղբյուր է նազիր-վեզիրների համար: Օրինա՞կ, խնդրեմ: Պառլամենտում մեծամասնական կուսակցությունը ներկայացնող պատգամավորը, Թուրքիայի կողմից Հայաստանի օդային սահմանը փակելու կապակցությամբ հանկարծ որոշում է ի լուր աշխարհի հայտարարել. «Եթե պետք է՝ տեռոր անենք»: Ավելորդ է նշել նման արտահայտությունների միջազգայնորեն վտանգավորությունը երկրի շահերի համար:
 
«ԳԵՐՄԱՐԴՈՒ» ՄՈՒՏՔԸ ՀԱՅԿԱԿԱՆ ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Քոչարյանի քաղաքական տեխնոլոգներն ուրիշ հնարքներ էլ ունեն: Հավանաբար, Նիցշեի փիլիսոփայությունից փոխ առնելով «սուպերմենի»՝ «գերմարդու» վերաբերյալ պոստուլատները՝ փորձում են դրանք պատվաստել նախագահի իմիջին: Բայց նրանք մոռանում են, որ նիցշեական «գերմարդը», որի պաշտամունքը բիրտ ուժն էր, իսկ սկզբունքները՝ ամենաթողությունը, կամայականությունը և դաժանությունը, ուղղակի օգտագործվել են ֆաշիզմի գաղափարախոսության մեջ, իսկ քաղաքակիրթ աշխարհը վաղուց է դրանք դատափետել ու նետել պատմության աղբանոցը: (Հիշենք Ջեկ Լոնդոնի «Ծովային գայլը» վեպը): Ահա այս «գերմարդու» խորապատկերին իշխանամետ ԶԼՄ-ները նկարագրում են, թե ինչպես նախկին նախագահի ավերած երկիրն ընդունելուց հետո ներկա նախագահը ցուցաբերեց «ամրություն, իմունիտետ, անհրաժեշտության դեպքում՝ մեծ ուժ» և նման բաներ՝ երկիրը քաոսից փրկելու համար: Իսկ «Հայլուրը», բարոյակամային հատկություններից անցնելով ֆիզիկականին, ազդարարում է, որ Քոչարյանը մեն-մենակ կարող է պաշտպանել իր ողջ թիկնազորին: Զուգահեռաբար արիության և խիզախումների մթնոլորտն ամբողջացնելու համար ձյուդոիստների ուժի ցուցադրում է տեղի ունենում արվեստի տաճար օպերայում՝ նախագահի բարձր ներկայությամբ: Գլխումդ ակամայից սկսում է պտտվել շատ վաղուց հետպատերազմյան ինչ-որ ֆիլմից լսած լեգեոներների քայլերգը. «Մենք քաջ ենք, մենք հզոր ենք, մենք անվախ… Յուպի յա՜, յա՜, յուպի-յուպի յա՜…»:
Բնական է, եթե շեֆն ընտրել է մի ուղեգիծ, նրա հետևից պետք է գնան իշխանության ղեկի մոտ ի պաշտոնե կանգնածները և էրզաց ընդդիմադիրները, որոնք այս խառը ժամանակներում ակնկալում են՝ մեկը՝ մեծ դիվիդենդներ, մյուսը՝ գոնե 30 արծաթե դրամ: Անդրադառնալ եթերից այդ մարդկանց սփռած մտագարային անհեթեթություններին՝ կնշանակի խախտել «Բանավեճի» առաջին օրենքը, համաձայն որի՝ երբեք չպետք է վիճել հիմարի հետ, քանի որ մարդիկ կարող են չնկատել ձեր միջև եղած տարբերությունը: Չես էլ կարող բանավիճել, բոլոր արենաները փակ են, և դրա հավանականությունը զրոյական է: Երկխոսություն չկա, կա մենախոսություն, որը, որպես կանոն, սկսվում և ավարտվում է սպառնալիքով: Մի՞թե կրկնվում է 1937-ը, կամ Հայաստանում ստեղծվում են այնպիսի կարգեր, ինչպիսիք նկարագրված են Օրուելի «1984» վեպ-անտիուտոպիայում, որոնց համեմատությամբ ստալինյան բռնապետությունը երկրային եդեմ է։ Իսկ բավական բարձրաստիճան պետական ծառայողներից մեկի սպառնալիքն այնքան է ահագնանում, որ ի վերջո ավարտվում է զավեշտական նոտայով. «Ես երբևէ իրենց չեմ սիրել»: Եղբա՛յր, իսկ դու ինչո՞ւ պետք է ուրիշին սիրես կամ չսիրես: Գիտե՞ս, թե ինչպես են ապրում իտալացիները, և քեզանից էլ վատ չեն ապրում: Նրանք հարգում են կնոջը, երես են տալիս սիրուհուն, բայց սիրում են մամային: Այստեղից՝ բարոյախոսություն. օրինակելի քաղաքացին պարտավոր չէ սիրել ում և ինչ պատահի, բայց քանի որ երկրի նախագահը՝ լինի առաջինը կամ թե չգիտեմ որերորդը, պետականության խորհրդանիշ է և արժանի է նվազագույն հարգանքի: Համաշխարհային գրականության հսկաներից Դոստոևսկին է ասել. «Ով հակված է դյուրությամբ կորցնելու հարգանքն այլոց նկատմամբ, նա ամենից առաջ չի հարգում իրեն»: Իրականում հարգանքը, բացի ամեն ինչից, նաև քաղաքական կուլտուրա է, որի մուտքը հայկական իրականություն երևի պայմանավորված է սերնդափոխությամբ: Իսկ հայկական քաղաքական կուլտուրան այսօր, դժբախտաբար, անգամ սաղմնային վիճակում չէ, նույնիսկ իշխանության կուլուարներում:

ՔԱՂԱՔԱԿԱՆ ՏԵԽՆՈԼՈԳՆԵՐԻ ՎՐԻՊՈՒՄՆԵՐԸ

Երբ վերլուծում ես նախընտրական կամպանիայի դինամիկան, գալիս ես այն եզրակացության, որ Քոչարյանին փորձում են անվանարկել: Սա ես ասում եմ ամենայն լրջությամբ: Այդ են վկայում նրա անձը շոշափող վերոհիշյալ երկու ոչ լուրջ քարոզչական ակցիաները՝ կապված զենքի շառաչյունի և «գերմարդու» արարման հետ: Նման ակցիաները շատ են և շարունակվում են: Մյուս կողմից՝ իշխանությունների քաղաքական տեխնոլոգները կարծես թե գործում են ընտրապայքարի ընդունված կանոնների համաձայն: Այստեղ կա և՛ սև քարոզչություն, և՛ «ճակատային հարձակում», և՛ «պարտիզանական հարձակում», և՛ ոստիկանական ուժերի միջամտություն, և՛ մանր պրովոկացիաներ, երբ հրապարակ նետված կոմպրոմատի և ակցիայի հեղինակի կապը չի երևում: Լայնորեն, մանավանդ մոնոպոլացված հեռուստատեսությամբ, օգտագործվում են ժամանակակից սև քարոզչության վեց հիմնական մեթոդները՝ փաստերի և իրադարձությունների անտեսում, սելեկցիա, խեղաթյուրում, աղավաղում, նենգափոխում, հորինում: Մեր քաղաքական տեխնոլոգները մոռանում են Ուինստոն Չերչիլի խրատը. «Եթե ներկան կռվեցնենք անցյալի հետ, կկորցնենք ապագան»։ Դասական առումով՝ նախընտրական պայքարում սուտը կիրառելի է։ Բայց նրանք ստում են անտրամաբանորեն, հետո գայթակղվելով՝ կտրում են աբսուրդի սահմանագիծը, որի հետևանքով սկսում է գործել հետհարվածի և կամ բումերանգի օրինաչափությունը: Այստեղ փորձ է արվում օգտագործել գեբելսյան պրոպագանդայի ձևերն ու մեթոդները ևս, որոնք, ի դեպ, արդեն պատմություն են: «Սուտը որքան մեծ է, դրան այնքան հեշտ են հավատում» Ֆյուրերի հանրածանոթ դրույթն այսօր չի գործում:
2007թ.

Հ.Գ. Գիրքն իջեցվում էր տպարան, երբ լրատվամիջոցները կրկին փաստեցին Քոչարյանի հատուկ սերը զենքի նկատմամբ՝ տպագրելով նրա լուսանկարները, Տանզանիայում՝ որսի ժամանակ սպանած կենդանիների հետ։
ԱՐՄԱՆ ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆ
407 reads | 02.08.2018
|
avatar

Մականուն:
Գաղտնաբառ:
Copyright © 2018 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com