ՀԱՅԱՍՏԱՆԸ ՎԱՇԻՆԳՏՈՆԻ ԵՎ ՄՈՍԿՎԱՅԻ ԽԱՉՄԵՐՈՒԿՈՒՄ
ԱՐՄԱՆ ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆ
Հայաստանի Դիվանագիտական հիմնադրամի նախագահ
Արտակարգ և Լիազոր դեսպան, քաղաքական գիտությունների թեկնածու, դոցենտ
Հայ-ռուսական (Սլավոնական) Համալսարանի համաշխարհային քաղաքականության և միջազգային հարաբերությունների ամբիոնի վարիչ, ԵՐԵՎԱՆ

աղբյուրը՝ «Հայկական ժամանակ»


(մաս 3)

Բոլոր ժամանակների և ժողովուրդների տաղանդավոր դիվանագետ կարդինալ Ռիշելյեի հայտնած բազմաթիվ արժեքավոր մտքերի մեջ կա մեկը, որը հնչում է որպես քաղաքական անքննելի կատեգորիա, որպես անանց պատգամ իրենից հետո եկող սերունդներին, այն է` «Բանակցել անգամ այն ժամանակ, երբ պետությունները պատերազմում են» (les n՛egotiations permanents). Հայկական դիվանագիտությունն ի սկզբանե որդեգրել է այս պոստուլատը, իսկ ադրբեջանականը` ոչ, ինչն էլ արգելակում է ղարաբաղյան կոնֆլիկտի փակուղուց դուրս գալուն։

Հավանաբար՝ նույն տրամաբանությամբ են առաջնորդվում այս աշխարհի ուժեղներ Պուտինն ու Թրամփը, որոնց պետությունները մտել են սառը պատերազմի հորձանուտ, և, իրենց իսկ խոստովանությամբ, հավասարակշռում են Երրորդ համաշխարհայինի եզրին։ Այնպես որ նրանց գագաթնաժողովն անկախ կոնկրետ արդյունքներից ողջունելի է և հուսադրող։

Քաղաքական գործընթացներում որպես կանոն գործում է հաջորդականության և համեմատության գործոնը։ Պուտին-Թրամփ գագաթնաժողովը մարդկանց հիշողության և ուղեղների մեջ ասոցացվում է Յալթայի 1945 թվականի Ստալին-Չերչիլ-Ռուզվելտ հանդիպման հետ, որտեղ փորձ արվեց կանխորոշել  համաշխարհային պատերազմին հաջորդող աշխարհակարգը, ինչպես նաև 1975 թվականին Հելսինկիում կայացած «Եվրոպայի անվտանգության և համագործակցության» համաժողովը` պետությունների տարածքային ամբողջականության և ժողովրդների ինքնորոշման վերաբերյալ հռչակած սկզբունքներով, որի վրա կառուցվում է (կամ պետք է կառուցվի) հայ-ադրբեջանական քառորդ դար մխացող կիսապատերազմի խաղաղ կարգավորումը։

43 տարի անց հելսինկյան ներկա հանդիպումը կարևորվում է նաև այն պարզ պատճառով, որ Ռուսաստանի և Ամերիկայի լիդերները, տարբեր մոտիվացիաներով առճակատվում են և անցած երկու տարում ընդամենը հպանցիկ կոնտակտներ են ունեցել տարբեր ֆորումների լուսանցքներում։

Այնպես որ, ներկա գագաթնաժողովը, ինչ կողմից էլ որ մոտենալու լինենք, ունի անանց նշանակություն համաշխարհային քաղաքականության, միջազգային հարաբերությունների և աշխարհաքաղաքական հետագա զարգացումների համար։
Իսկ ի՞նչ կտա այդ հանդիպումը Հայաստանին։ Բնական հարց, որը հետաքրքրում է հայ քաղաքացուն, որն ի դեպ, իմ դիտարկումներով, խիստ քաղաքականացված է և միևնույն ժամանակ գտնվում է տարբեր քաղաքական մեկնաբանությունների հատման կիզակետում։

Դատելով հանդիպման օրակարգից` կարող ենք ասել, որ հայերի ու ամբողջ մարդկության համար կարևորագույն խնդիրը Հելսինկիում եղել է խաղաղության պահպանման, սպառազինությունների մրցավազքի կասեցման և պատերազմի արգելման խնդիրը։ Հատկապես քննարկվել է «Ստրատեգիական հարձակողական զենքի» պայմանագիրը, որի գործունեության ժամկետն ավարտվում է 2021 թվականին։ Ըստ պաշտոնական հաղորդագրության, որևէ հատուկ նորություն, համաձայնություն կամ իրադրության սրում չկա, ինչը վատ նորությունից լավ է։

Եթե համագործակցության այս ոլորտում բանակցությունները  եղել են փակ ռեժիմով (տետ ա տետ) ապա մյուս հարցերի շուրջ`  Ուկրաինա, Սիրիա, Իրան, ինֆորմացիան քիչ թե շատ հայտնի է հասարակությանը և կարելի է գալ հետևյալ եզրակացության. դրական ճեղքում ռուս-ամերիկյան հարաբերություններում չի գրանցվել, սակայն բացարձակ անհաջողություն նույնպես չկա։ Հելսինկին փաստեց, որ Պուտինն ու Թրամփը շարունակելու են հաղորդակցությունը։ Թրամփն այսօր արդեն հրավիրել է Պուտինին այցելել ԱՄՆ։ (Իսկական կովբոյ, որը թքած ունի հատուկ ծառայությունների և զինվորականների վրա)։

Սակայն, մեզ համար հարցերի հարցը հետևյալն է. նախագահներն արդյոք խոսե՞լ են ԼՂ-ի վերաբերյալ ուղղակիորեն, հազիվ թե։ Սակայն յուրաքանչյուր տեղաշարժ գերտերությունների հարաբերություններում, հատկապես, ռազմական և ջերմամիջուկային ուղղությամբ, միջնորդված, անդրադառնում են տարածաշրջանի, հետևաբար ԼՂ-ի հիմնահարցի վրա։ Այսպիսին է միջազգային հարաբերությունների արդի իրողությունն ու առանձնահատկությունը։

Իսկ ռուս-ամերիկյան հարաբերությունների դինամիկան կարևոր է մեզ համար։ Հայաստանը մնում է Մոսկվայի ռազմավարական դաշնակիցը և փորձում է զարգացնել բազմակողմ հարաբերություններ Վաշինգտոնի հետ, որոնք նախկին իշխանությունների օրոք գտնվել են ցածր, խիստ ցածր, աննշան  մակարդակի վրա։ Չմտնելով նման փաստի պատճառների նրբությունների մեջ, ասենք, որ ներկա իշխանություններն ունեն բոլոր հնարավոր պայմաններն ու միջոցները այդ վիճակը շտկելու, հայ-ամերիկյան հարաբերություններին նոր շունչ և պատշաճ բովանդակություն հաղորդելու համար։

Եվ հակառակը, անգամ եթե Ռուսաստանի և ԱՄՆ-ի հարաբերությունները մնան ստագնացիոն վիճակում կամ գնան վատթարացման ճանապարհով, Հայաստանը որպես այդ երկուսի հետ բարեկամ երկիր, առաքելություն ունի նպաստելու իրավիճակի շտկմանը։ Ի տարբերություն տարածաշրջանի մյուս պետությունների Հայաստանը միակ անհրաժեշտ ստատուս-քվո ունեցող երկիրն է, որն ի զորու է դրան։

Բացի այդ թավշյա հեղափոխության հաղթանակը, ներքին քաղաքականության կտրուկ փոփոխությունը, հասարակության դեմոկրատացման գործընթացները, անհաշտ պայքարը կոռումպիայի և քրեօլիգարխիկ համակարգի դեմ Ամերիկայի հետ նոր տիպի համագործակցություն սկսելու ամենահուսալի կռվաններն են։

Սակայն այս քաղաքական կուրսի իրացումը պահանջում է լավ հղկված, ճկուն և ժամանակակից դիվանագիտական հմտություն։
Հարկ է նոր մոտեցումներ որդեգրել ամերիկյան դիվանագիտության ուղղությամբ։ Ուղիղ, հորիզոնական կապերի հաստատում ամերիկյան ղեկավարության և քաղաքական ողջ համակարգի հետ։ Միայն Մինսկի համանախագահների ամերիկյան ներկայացուցչի հետ համագործակցությունը բավարար չէ և չի ընդգրկում երկկողմ հարաբերությունների անհրաժեշտ շրջանակը։ Մեր կարծիքով, իր մեջ թերություն է պարունակում նաև ամերիկահայության ողջ պոտենցիալը Վաշինգտոնի կողմից Հայկական ցեղասպանության ճանաչման խնդրի տակ դնելը։ Ամենևին չժխտելով այդ խնդրի բարոյա-քաղաքական կարևորությունը` հատկապես սփյուռքի  համար, ժամանակն է հրաժարվել գործողության նման ձևաչափից, որն, ինչպես ցույց է տալիս ժամանակը, մեղմ ասած չի արդարացնում իրեն։

Հայկական արտաքին քաղաքականության հայեցակարգ մշակելու դեպքում, ինչի հրամայականը հիմա դառնում է անհետաձգելի, հուսով ենք, որ ամերիկյան քաղաքականության վեկտորը հատուկ տեղ կգրավի այդ փաստաթղթում։

Իսկ վարչապետ Նիկոլ Փաշինյանի սպասվող մասնակցությունը ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեային հուսով ենք, որ առիթ կհանդիսանա ամերիկյան ղեկավարության հետ շփվելու և աշխատելու համար։ Սա արդեն ԱԳՆ-ի, դեսպանության և սփյուռքի համար մեկ խնդիրը պետք է լինի։ Երևի, այդպես էլ կա։
ԱՐՄԱՆ ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆ
148 reads | 28.07.2018
|
avatar

Մականուն:
Գաղտնաբառ:
Copyright © 2018 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com