«ԱՅՆ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԳՈՐԾԵԼԱԿԵՐՊԸ, ՈՐ ՓԱՇԻՆՅԱՆՆ ԸՆՏՐԵԼ Է՝ Ի ՏԱՐԲԵՐՈՒԹՅՈՒՆ ՆԱԽՈՐԴ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ՊԵՏՔ Է ԱՐԴՅՈՒՆՔ ՏԱ». ԴԵՍՊԱՆ
«Սա մեծ հաջողություն էր արտաքին քաղաքականության բնագավառում, քանի որ դրանից առաջ ռուսական վեկտորն էր գտնվում է ՀՀ արտաքին քաղաքականության կենտրոնում, հիմա ԵՄ-ն է՝ իր բոլոր պլյուսներով և մինուսներով։ Ինձ համար ամենակարևորը ՆԱՏՕ-ի շրջանակներում Փաշինյանի ունեցած հանդիպումներն են»,- այսօր լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց արտակարգ և լիազոր դեսպան Արման Նավասարդյանը։

Միջազգային հանրությունն ու Եվրոպայի առաջնորդները, ըստ դեսպանի՝ մեծ համակրանքով և հետաքրքրությամբ են վերաբերվում և՛ Հայաստանում տեղի ունեցած իրադարձություններին, և՛ Նիկոլ Փաշինյանի անձին. «Սա պատմական շանս է, որ Փաշինյանը բավական հաջող և ճկուն կերպով է օգտագործում»։

Նավասարդյանի համոզմամբ՝ սա չի բարդացնի հայ-ռուսական հարաբերությունները, թեպետ, ըստ նրա՝ Ռուսաստանում որոշ անձինք շահագրգռված են Հայաստանի և Ռուսաստանի հարաբերությունների վատթարացմամբ, շահագրգռված են Ռուսաստանի և Ադրբեջանի մերձեցմամբ։

«ՆԱՏՕ-ին Վրաստանի անդամակցության հարցում նախադրյալները կան, և խոստանում են, որ պետք է անդամակցի։ Դե ֆակտո նա արդեն գտնվում է այդ համագործակցության շրջանակներում՝ և՛ ռազմականացման, և՛ զենքերի առումով, և այլն։ Դա վտանգավո՞ր է մեզ համար, թե՞ ոչ, ես այդ հարցին միանշանակ չեմ պատասխանում, որովհետև դա կարող է և  դրական ազդեցություն ունենալ տարածաշրջանի վրա, քանի որ, եթե ՆԱՏՕ-ն մտավ այստեղ, իր պայմանագրի 5-րդ կետի շրջանակներում կարող է տարածաշրջանում խաղաղություն հաստատել, բայց եթե Վրաստանը դառնա ՆԱՏՕ-ի անդամ, Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ է, Ադրբեջանը՝ Թուրքիայի զինակից երկիր, և նրանց հարաբերությունները Վրաստանի հետ, արդյո՞ք չի լինի մի իրավիճակ, որ մեզ համար ստեղծվեն լրացուցիչ դժվարություններ։ Սրանք խնդիրներ են, որոնց շուրջ պետք է մեր դիվանագիտությունն ակտիվ աշխատի»,- ընդգծեց դեսպանը։

Հարցին՝ դեսպանը կարևորում է Փաշինյանի հանդիպումները, իսկ դրանցից ի՞նչ արդյունքներ ակնկալենք, նա այսպես պատասխանեց.

«Շատերն ասում են, որ Փաշինյանը Բրյուսելում քննադատեց, ասաց, որ մենք հայցվոր չենք, որ սա ամբողջ մեր քաղաքական փիլիսոփայությունն է, ես ենթադրում եմ, որ այն քաղաքական գործելակերպը, որ ընտրել է՝ ի տարբերություն նախորդ իշխանությունների, պետք է արդյունք տա։ Սա բոլորովին նոր մոդել է միջազգային հարաբերություններում, մանավանդ՝ այնպիսի երկրի կողմից, ինչպիսին Հայաստանն է։ Դա մի կողմից՝ զարմացնում է, մյուս կողմից՝ առաջացնում է հարգանք և դրական վերաբերմունք։

Պետք չէ առանձնապես հույսեր տածել և ասել, թե վաղը մեզ կտան արտոնություններ, բայց կարծում եմ, որ նախ լեգիտիմ լինելը իշխանությունը համար մեկ հաջողության գրավականն է, ժողովրդավար լինելը՝ երկրորդ։ Փաշինյանի քաղաքական կեցվածքը, ասում են՝ կոպիտ է, խիստ է, չի կարելի այդպես, ես ենթադրում եմ, որ խնդիրն այստեղ գնում է հավասարը հավասարի հետ խոսելու տրամաբանությամբ, և կարծում եմ, որ այս ուղղությամբ մենք կունենանք հաջողություններ։ Ինչ վերաբերում է ՆԱՏՕ-ի հետ համագործակցությանը, ապա լավ թե վատ ունենք որոշակի ծրագրեր, և բացառված չէ, որ կարող ենք գնալ մինչև այն գիծը, որը կոչվում է կարմիր գիծ, և դրանից այն կողմ Հայաստանը չի անցնի։ Մենք մնում ենք Ռուսաստանի դաշնակիցը, մնացածը մեզ համար գործընկերներ են»։



Աղբյուրը՝ 168.am
ԱՐՄԱՆ ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆ
268 reads | 16.07.2018
|
avatar

Մականուն:
Գաղտնաբառ:
Copyright © 2018 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com