ԻՆՉ ԷԻՆ ՆՇԱՆԱԿՈՒՄ ՓԱՇԻՆՅԱՆԻ ԵՎ ՄԱԿՐՈՆԻ ԺԵՍՏԵՐԸ. ՄԵԿՆԱԲԱՆՈՒՄ Է ԱՐՏԱԿԱՐԳ ԵՎ ԼԻԱԶՈՐ ԴԵՍՊԱՆԸ
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի բրյուսելյան հանդիպման ժամանակ նրանց ժեստերը բավական ընդգծված ու արտահայտիչ էին: Հրապարակված տեսանյութում ձեռքսեղմումից առաջ Մակրոնը թեթև խփում է Փաշինյանի բազկին: Նույնկերպ պատասխանում է Հայաստանի վարչապետը: Հետո՝ լայն ժպիտներ: Իսկ արդեն հրաժեշտից առաջ ձեռքսեղմումի ժամանակ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը մյուս ձեռքը դնում է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինանի ուսին: Փաշինյանը արձագանքում է նույն ժեստով:

Այդ շարժումները, որպես կանոն, ունենում են այս կամ այն նշանակությունը և հնարավորություն են տալիս պատկերացում կազմել կողմերի գիտակցված կամ ենթագիտակցական մտադրությունների ու տրամադրվածության մասին:

Արտակարգ և լիազոր դեսպան, Հայաստանի դիվանագիտական հիմնադրամի նախագահ Արման Նավասարդյանը, «Հայկական ժամանակ» թերթի հետ զրույցում մեկնաբանելով նշված երկու գործիչների ժեստերը, ասել է. «Ժեստերի լեզվի մեջ կա մի շատ հետաքրքիր երևույթ, որը կոչվում է հպման ֆենոմեն, անգլերեն ասում են՝ «թաչինգ»: Ապացուցված է, որ հաղորդակցության ժամանակ աննշան արված ամեն մի հպում ունի դրական նշանակություն և դրական հետևանք՝ հարաբերությունների պահպանման և հետագա զարգացման համար: Սա հաճախ կատարվում է ենթագիտակցական մակարդակում, որովհետև ժեստերի լեզուն սկզբում ենթագիտակցական մակարդակով է առաջանում, հետո նոր արտահայտվում է խոսքերով: Եվ եթե հարաբերությունները, այսպես ասած, ընթանում են դրական, լավ մթնոլորտում, ինքնաբերաբար նման թեթև հպումներ կատարվում են»:  

Նա նշել է, որ ուշադիր հետևել է Մակրոնի ժեստերին, և բացարձակապես որևէ շինծու բան դրանցում չի տեսել: «Եթե նա դա արել է ենթագիտակցական մակարդակում, նշանակում է համակրանք ունի դեպի Փաշինյանը, ինչը ես մտածում եմ, որ այդպես էլ կա: Եթե արել է գիտակցաբար, դա էլ լավ է: Դա ցույց է տալիս իր տրամադրությունը, իր դրական էմոցիաները, ինչը գրավական է նաև հետագա հաջող հարաբերությունների համար: Իսկ այն, որ Նիկոլ Փաշինյանը պատասխանեց, նույնպես շատ լավ արեց: Անպայմանորեն պետք է պատասխանը լինի: Եթե Մակրոնի այդ հպումները ոչ ենթագիտակցորեն էին, և նա պատասխան չստանար, չէր հասկանա, դրական էմոցիա չէր առաջանա»,- նկատել է դեսպանը:

Բայց օրինակ, եթե կողմերից մեկը թփթփացնում է մյուսի թիկունքին կամ ձեռքսեղմման ժամանակ մյուս ձեռքով բռնում է դիմացինի արմունկը, դա ընկալվում է որպես սեփական գերակայությունը մյուսի նկատմամբ ընդգծելու փորձ: Արդյո՞ք ձեռքը ուսին դնելը նույնպես գրեթե նույնը չի նշանակում, ինչն արեց Մակրոնը և ինչին պատասխանեց Փաշինյանը:

Արման Նավասարդյանն այս առնչությամբ ասել է, որ տվյալ դեպքում որոշիչ են հարակից այլ գործոններ, որոնց առկայությունը նման կերպ մտածելու հիմք չի տալիս:

«Ձեռքը ուսին դնելու ժեստի մեջ հովանավորության մի փոքր տարր կա: Բայց նայած թե դրան ինչ է նախորդել: Եթե դա առաջին հանդիպումն է, եթե կա դրական, այսպես ասած, ինֆորմացիա, այնտեղ չի եղել բանակցային գործընթաց, երբ մեկը չի կարողացել բանակցությունը տանել անհրաժեշտ մակարդակով, դա չի դիտվում որպես տիրական ժեստ: Երբ դա կատարվում է այս մակարդակում, պետք է նայել՝ ինչ ենթատեքստում է արվում և ովքեր են դա անողը: Ես կարծում եմ, որ այստեղ լրիվ հավասարության ու բարության մթնոլորտ էր: Հետո՝ Մակրոնի ժպիտը: Ժպիտը շատ անկեղծ էր»,- արձանագրել է արտակարգ և լիազոր դեսպան Արման Նավասարդյանը:

ԱՐՄԱՆ ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆ
345 reads | 16.07.2018
|
avatar

Մականուն:
Գաղտնաբառ:
Copyright © 2018 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com