ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԽՈՇՈՐ ԵՂՋԵՐԱՎՈՐՆԵՐԻ ԱՆԿՄԱՆ ԵՎ ԽՈՐՔԱՅԻՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ՍԿԶԲՆԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ
ԱՐՄԱՆ ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆ
Հայաստանի Դիվանագիտական հիմնադրամի նախագահ
Արտակարգ և Լիազոր դեսպան, քաղաքական գիտությունների թեկնածու, դոցենտ
Հայ-ռուսական (Սլավոնական) Համալսարանի համաշխարհային քաղաքականության և միջազգային հարաբերությունների ամբիոնի վարիչ, ԵՐԵՎԱՆ

աղբյուրը՝ «Հայկական ժամանակ»


(մաս 1-ին)


Թավշյա հեղափոխության երկրորդ փուլը կառավարությունը հիմնականում ուղղորդեց ամենաբարդ, իր համար ամենավտանգավոր խնդրի լուծմանը` կոռուպցիայի վերացմանը, որը քառորդ դար եղել է տապալված ռեժիմի հուսալի և փորձված զենքը, նրա Reson d'être, իմա` գոյության իմաստը և հիմքերի հիմքը։

Բոլոր ժամանակների հեղափոխությունների և դրանց հաջորդած հակահեղափոխությունների բախման կիզակետում եղել է նյութական արժեքների վերաբաշխման կռիվը։ Ընդ որում, տապալված ռեժիմի այն շերտն է համառորեն դիմադրում, որի ձեռքում կուտակված է մարդկանց շահագործումից անարդար ճանապարհով հափշտակած կապիտալը։ (Ապացուցված է, որ գողացածից բաժանվելն ավելի ցավալի է, քան արդար վաստակը կորցնելը)։

Ժողովրդական հուժկու շարժման ալիքի վրա եկած իշխանությունը պետք է քաջ գիտակցի այս պահերը և հույսեր չփայփայի, որ քրեաօլիգարխիկ կլանը կհաշտվի կատարվածի հետ և իր հռչակած տոլերանտությունն ու վենդետայից հրաժարվելու որոշումը կընդունի որպես ինդուլգենցիա` մեղքերի թողություն, ժողովրդի հանդեպ իր գործած անհատնում հանցանքների դիմաց։
Այդուհանդերձ, Փաշինյանի և նրա թիմի որդեգրած հակակոռուպցիոն քաղաքականությունը միակ ճիշտ ռազմավարությունն է, քանի որ լոկ այդ կերպ հնարավոր կլինի վերջնականապես կոտրել նախկին իշխանությունների ողնաշարը և զրկել նրան ռևերսի` վերականգնման, հնարավորությունից։

Պակաս կարևոր նշանակություն չունի իշխանությունների շրջանակներում ընթացող օպերատիվ գործողություններին զուգահեռ ոչ պետական, այսպես կոչված, գողական, զինված   խմբավորումների դեմ հայտարարված պայքարը։ Որպես կանոն, դրանք ծնունդ են պատերազմի, որը պարարտ հող է ստեղծում հանցագործ տարրերի համար, և, որի դեմ պայքարը որոշակի դժվարություն է ներկայացնում։ Հայրենական պատերազմից հետո բանդխմբավորումները մեծ գլխացավանք դարձան պետության համար և դրանց ոչնչացումը տարիներ տևեց։ Այդ տիպի կառուցվածքների առկայությունը որոշ երկրներում, այսօր էլ,  լուրջ, հաճախ անհաղթահարելի խնդիր է դառնում նրանց համար։ Դրա վառ օրինակը «Հըզբոլլահ» ռազմա-քաղաքական, կրոնական կազմակերպությունն է, որը պետություն է պետության մեջ` ստեղծված, զինված և ուղղորդված Իրանի կողմից։ Այն, մեծ հաշվով, թշնամական դիրքորոշում ունի լիբանանյան իշխանությունների նկատմամբ, և մշտական պատերազմի աղբյուր է հարևան երկրների հետ։

Հայաստանում, ընդհակառակը, իշխանությունները և ոչ պետական, բանդիտական կառույցները սիամյան երկվորյակներ են և գործում են ձեռք-ձեռքի տված։ Վերջիններս ռեժիմի կողմից օգտագործվում են քաղաքական, սոցիալ-տնտեսական ու հանրային նպատակների համար, հատկապես, ընտրությունների ժամանակ։ Հայկական բանդիտիզմը, բարեբախտաբար, արտերկրի արտադրանքը չէ, սակայն, բացառված չէ, որ ֆորս-մաժորային իրավիճակներում կարող է մանիպուլացվել դրսից` հենց նույն իշխանությունների կողմից համագործակցված։   (Հոկտեմբերի 27-ի հետ կապված այդպիսի կասկածներ կան առ այսօր)։

Այնպես որ, ներկա իշխանությունների վարած քաղաքականությունն այս երկու ուղղություններով միանգամայն արդարացված է, ճիշտ է, և ողջունվում է ժողովրդի կողմից։ Ի դեպ, Փաշինյանի հակակոռուպցիոն ծրագիրը նկատելիորեն ամրապնդեց նրա դիրքերը, բարձրացրեց ե՛ւ ժողովրդականությունը, ե՛ւ միջազգային հեղինակությունը։

Դրա կողքին, այսօր քննարկման առարկա է լրատվական միջոցներում շրջանառվող այն կարծիքը, թե կոռուպցիայի դեմ մղվող պայքարը պետք է դառնա համաժողովրդական։ Խոսվում է հանրային արժեհամակարգի, ընտանեկան դաստիարակության, հոգեբանական խնդիրների, ամոթի, թասիբի և բարոյակամային այլ հատկությունների մասին։

Անշուշտ, այդ բոլորը հնչում է հաճելի, բայց ռոմանտիզմի նվագակցությամբ։ Հետո, դրանք քաղաքական կատեգորիաներ չեն։ Նման անհաջող փորձեր եղել են նախկինում։ Հիշեք ժողովրդական դրուժինաները 60-ական թվականների Խորհրդային Միությունում։ Բացի այդ, հանցագործությունների և իրավախախտումների դեմ պայքարին համաժողովրդական բնույթ տալն ունի մեդալի հակառակ երեսը։ Դրանից 37 թվի հոտ կարող է փչել։

Աքսիոմատիկ տեսություն է, որ հասարակության հիմնական քաղաքական ինստիտուտը պետությունն է, որն իր ձեռքում կենտրոնացնում է ավելի մեծ իշխանություն, քան տվյալ հասարակության մյուս սոցիալական խմբերն ու կազմակերպությունները միասին վերցրած։ Պետական իշխանությունը օբյեկտիվացնում` դարձնում է օբյեկտ մի ամբողջ շարք պետական օրգաններ, այդ թվում իրավական մարմիններն ու հատուկ ծառայությունները։ Ուրեմն, թողնենք, որ պետությունն անի այն, ինչը որ անում է, և կարծես թե, վատ չի անում։

Կա մի գերկարևոր հանգամանք ևս։ Պետական իշխանությունը Հայաստանում տարիներ ի վեր իր տեսակի մեջ, մեղմ ասած, եղել է «անօրինական»։  Հիմա այն լիգիտիմ է, հաստատված ժողովրդի կողմից, ժողովրդի կամոք, ինչը նրան օժտում է իրավական, նաև բարոյական լայն հնարավորություններով` իր գործունեության  դաշտում։

…Երբ Սերժ Սարգսյանը հանրապետության կառավարման համակարգը իր համար նախագահականից ձևափոխում էր պառլամենտականի, կմտածե՞ր արդյոք, որ իր հոգեզավակ կոռուպցիոն մոնստրի ճակատագիրը դնում է մի մարդու ձեռքերի մեջ, որն, ինչպես պարզվում է, դրա երդվյալ թշնամին է, և որի կյանքի նպատակն այն ոչնչացնելն  է։

Մնում է մաղթել, որ Սերժ Սարգսյանի սուպերվարչապետության գաղափարն իրականանա Նիկոլ Փաշինյանի կառավարման օրոք։
ԱՐՄԱՆ ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆ
333 reads | 27.06.2018
|
avatar

Մականուն:
Գաղտնաբառ:
Copyright © 2018 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com