«Տարածքների հանձնման հարցը պետք է բացարձակապես դուրս գա մեջտեղից». Արման Նավասարդյան
«Արցախը բանակցային սեղան վերադարձնելու հարցը նոր չէ։ Ես եղել եմ ԵԱՀԿ-ում Հայաստանի առաջին ներկայացուցիչը, և այն ժամանակ արցախյան կողմի մասնակցությունը միշտ օրակարգում եղել է։ 1998թ. դա չեղյալ հայտարարվեց»,- «Մեդիա կենտրոնում» կազմակերպված քննարկման ժամանակ այս մասին ասաց արտակարգ և լիազոր դեսպան Արման Նավասարդյանը՝ ընդգծելով, որ Արկադի Ղուկասյանը այն ժամանակ հաճախ էր լինում Վիեննայում, մասնակցում էր ոչ պաշտոնական նիստերին, կուլիսային հարաբերություններ և կապեր էր պահում նաև մեծ տերությունների ներկայացուցիչների հետ։

«Հիմա, ինչ ասաց Նիկոլ Փաշինյանը, իհարկե, հետաքրքիր մոտեցում էր, թե դա ինչ զարգացում կստանա, ես դժվարանում եմ ասել, բայց ինձ մի ուրիշ հարց է այստեղ հետաքրքրում, նա այսպիսի բան ասաց՝ ինչպես լինի բանակցություն, եթե տարածքների հանձնման հարց կա։ Տարածքների հանձնման հարցը պետք է բացարձակապես դուրս գա մեջտեղից։ Մադրիդյան սկզբունքները մեր դիվանագիտության խայտառակ էջերից մեկն է, էլ չեմ ասում՝ Կազանի փաստաթուղթը։ Խոսքը տարածքների հանձնման մասին չէ, խոսքն ինքնորոշման մասին չէ, խոսքը հայկականության դեմ ուղղված գենոցիդի մասին է։ Հայաստանը պետք է հասնի նրան, որ ամբողջ աշխարհին սա հայտնի դառնա, և այդ ժամանակ գուցե մոտեցումները փոխվեն, Արցախը՝ որպես անկախ միավոր, մասնակցի այդ գործընթացին»,- պարզաբանեց դեսպանը։

Արման Նավասարդյանը չի կարծում, թե Բաքուն ընդառաջ կգնա այդ հարցում.

«Համենայնդեպս, պետք է ամեն ինչ անել, ոչ ստանդարտ միջոցներ ձեռնարկել՝ նման արդյունքների հասնելու համար։ Բայց ամենակարևորը՝ ամբողջը կախված է մեր հետագա հզորությունից։ Եթե այն, ինչ հիմա նախատեսվում է՝ քրեաօլիգարխիկ այդ համակարգը փլուզվի, այդ հարցում մեր նկատմամբ միջազգային հանրության բարյացակամությունն ավելի կմեծանա։

Համենայնդեպս, այսօր Ադրբեջանը կա մի բևեռում՝ որպես ավտորիտար պետություն, և հանկարծ Կովկասում հայտնվել է մի պետություն, որը խոսում է դեմոկրատիայից, ներողամտությունից, մարդկային արժեքներից և այլն։ Այն, ինչ կատարվում է ներքին քաղաքականության մեջ, պետք է շատ արագ և շատ հաստատական կերպով տեղ գտնի արտաքին քաղաքականության բոլոր վեկտորներում»։

168.am
ԱՐՄԱՆ ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆ
297 reads | 12.05.2018
|
avatar

Մականուն:
Գաղտնաբառ:
Copyright © 2018 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com