«ՄԵՆՔ ԳՈՐԾ ՈՒՆԵՆՔ ՆԵՆԳ ՀԱԿԱՌԱԿՈՐԴԻ ՀԵՏ». ԴԵՍՊԱՆ
Երկու շաբաթ առաջ Irates.am-ի հետ հարցազրույցում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արման Նավասարդյանը հայտարարել էր, որ Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունում տեղի է ունենում թուրք-ադրբեջանական գործողությունների աշխուժացում։ Երկու պետությունների միջև կնքված ռազմական համաձայնագրի շրջանակներում Հայաստանից 60 կիլոմետր հեռավորության վրա տեղի է ունենում զինուժի և ռազմական տեխնիկայի կուտակում, անցկացվում են ռազմական զորավարժություններ, Նախիջևանում տեղադրված է ադրբեջանական տիեզերական արբանյակային երկու կայաններից մեկը, որն ունի ռազմահետախուզական գործառույթներ։ «Հայաստանի դեմ բացառված չէ ռազմական գործողությունների սանձազերծում երկու ճակատով»,- փաստել էր դեսպանը։

ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր, որ ապրիլի 7-8-ի գիշերը նախիջևանյան հատվածում ադրբեջանական զինված ուժերը մի քանի անգամ խախտել են հրադադարի ռեժիմը և կրակ արձակել հայկական զինված ուժերի ուղղությամբ՝ հիմնականում հրաձգային զենքերից: Փաստորեն, դեսպանի կանխատեսումները, ցավոք, իրականանում են: Մինչդեռ շատ քաղաքական գործիչներ մշտապես վստահեցնում են, թե Հայաստանին նման վտանգ չի սպառնում, և հարկ չկա դրամատիկական պատկերներ ներկայացնելու: ՊՆ հայտարարության մասին Irates.am-ը հարցազրույց է արել Արման Նավասարդյանի հետ:

-Ինչպե՞ս եք գնահատում նախիջևանյան վերջին միջադեպը:

-Նախ նշեմ, որ իմ կանխատեսումները հիմնված են կոնկրետ փաստերի, իսկ եզրահանգումները` ադրբեջանա-թուրքական արդի քաղաքականության փիլիսոփայության և գործելակերպի վրա։ Չեմ բացառում, որ ազերի-թուրքական (ես նրանց իրարից չեմ տարանջատում) այս գործողությունը «հարմարեցված» էր Հայաստանի նախագահական ինաուգուրացիային և կարող է կրկնվել մինչև ապրիլի 17-ն ընկած ժամանակահատվածում։ Այնպես որ, պետք լինել պատրաստ և զգոն։ Մենք գործ ունենք նենգ և անտրամաբանական վարքագծի տեր հակառակորդի հետ։

-Դուք կրկին այն կարծիքին եք, որ Նախիջևանից մեզ սպառնացող վտա՞նգ գոյություն ունի։

-Միանշանակ։ Վտանգ ոչ միայն Հայաստանի, այլև տարածաշրջանի երկրների և նրա սահմաններից դուրս գտնվող պետությունների համար։ Կրկնում եմ, մենք կանգնած ենք նեոօսմանական և պանթուրքական դոկտրինի իրագործման վտանգի դեմ հանդիման, և պետք է լայնորեն ահազանգել այս մասին միջազգային մասշտաբներով և բոլոր հնարավոր միջոցներով։
ԱՐՄԱՆ ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆ
621 reads | 12.04.2018
|
avatar

Մականուն:
Գաղտնաբառ:
Copyright © 2018 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com