ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔԸ ՀՀ ՆՈՐԸՆՏԻՐ ՆԱԽԱԳԱՀ ԱՐՄԵՆ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ
Կիսանախագահական կառավարման համակարգից խորհրդարանական համակարգին անցումը ՀՀ համար կարևոր գործընթաց է, որով ավելի շեշտված են դառնում իշխանության տարբեր օղակների, այդ թվում նախագահի ինստիտուտի իրավունքներն ու պարտականությունները:

2018թ. ապրիլի 9-ին ՀՀ 4-րդ նախագահի պարտականությունները ստանձնելով՝ Արմեն Սարգսյանը խոստացավ ուշադրության կենտրոնում պահել համազգային ու համապետական նշանակության այնպիսի հարցեր, ինչպիսիք են Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը, Արցախյան հակամարտության խաղաղ և արդարացի լուծումը, Հայաստանի բնակչության սոցիալ-տնտեսական վիճակի բարելավումը և արտագաղթի կասեցումը:

Սրանք խնդիրներ են, որոնք ավելի քան 25 տարի մեր պետականության մարտահրավերներն են, սակայն դեռևս հեռու են վերջնական լուծում ստանալուց:

Հաշվի առնելով այն վիթխարի գիտական, քաղաքական ու դիվանագիտական փորձն ու հմտությունները, որ տարիների ընթացքում  ձեռք է բերել Արմեն Սարգսյանը, մենք վստահ ենք, որ նա կկարողանա հաղթահարել դժվարություններն ու ամրացնել  մեր պետականության հիմքերը: Արմեն Սարգսյանի քաղաքակրթական աշխարհընկալումն ու արժեհամակարգը հնարավորություն են տալիս Հայաստանը ներկայանալի դարձնել զարգացած քաղաքական և  մշակութային ավանդույթներ ունեցող երկրների կողքին:

Հայաստանի Դիվանագիտական հիմնադրամը շնորհավորում է մեծարգո նախագահ Արմեն Սարգսյանին՝ ՀՀ նախագահի պաշտոնն ստանձնելու կապակցությամբ և պատրաստակամություն հայտնում իր ունեցած հնարավորությունների չափով աջակից լինել պարոն նախագահի պետական ծրագրերի իրականացման գործում:
ԱՐՄԱՆ ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆ
403 reads | 10.04.2018
|
avatar

Մականուն:
Գաղտնաբառ:
Copyright © 2018 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com