ՀԱՅԿԱԿԱՆ ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐՆԵՐՆ ՈՒ ԽՆԴԻՐՆԵՐԸ ԱՆԿԱՐԱՅԻ ԳԱԳԱԹՆԱԺՈՂՈՎԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ
ԱՐՄԱՆ ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆ
Հայաստանի Դիվանագիտական հիմնադրամի նախագահ
Արտակարգ և Լիազոր դեսպան, քաղաքական գիտությունների թեկնածու, դոցենտ
Հայ-ռուսական (Սլավոնական) Համալսարանի համաշխարհային քաղաքականության և միջազգային հարաբերությունների ամբիոնի վարիչ, ԵՐԵՎԱՆ




Արևմուտք-Արևելք գլոբալ հակամարտության ծայրաստիճան լարվածության պայմաններում տարվա կարևոր իրադարձություններից մեկը կարելի է դիտարկել Պուտին-Էրդողան-Ռոհանի գագաթնաժողովն Անկարայում, որի հիմնական նպատակը, կողմերի երկկողմ հարաբերությունների քննարկումից զատ, սիրիական պատերազմում նրանց ստանձնած դերակատարությունն է և հետագա համագործակցությունը այդ տուրբուլենտային միջավայրում։     

(Կրկնվում է նույն քաղաքական–դիվանագիտական պարադոքսը, որն անմիջականաորոն  վերաբերում է մեզ` հայերիս։ 1921 թվականին Մոսկվայում քննարկվում էր Հայաստանի խնդիրը` առանց հայերի մասնակցության, այսօր քննարկվում է Արցախի  հիմնահարցը` առանց արցախցիների։ Անկարայի գագաթնաժողովում փորձում են լուծել Սիրիայի ճակատագիրը, իսկ լեգիտիմ նախագահ Ասադը չի մասնակցում)։

Որոշ վերլուծաբանների գնահատմամբ, այս ալյանսը նկրտումներ ունի դառնալու մեր օրերի «Յալթա 1945», ինչը, մեր կարծիքով, խիստ հեռու է այդ պատմական իրադարձությունից և՛ ձևով, և՛ բովանդակությամբ։

Ինչևէ , եռյակի  ղեկավարները փաստեցին ակտիվորոն համագործակցելու  իրենց պատրաստակամությունը` հասնելու  «հակամարտող կողմերի միջև կրակի դադարեցման և քաղաքական գործընթացի զարգացման, որը նախատեսված է ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդի 2254 որոշմամբ»։  

Գագաթնաժողովի սույն  հայտարարությունն իր մեջ պարունակում է երեք կարևոր ասպեկտ`
ա/ մասնակից պետությունների լիդերներն իրենց վրա են վերցնում մերձավորարևելյան արյունալի կոնլիֆիկտի կարգավորման գործառույթը,
բ/ Սիրիայում և նրա շուրջ, հետևաբար, նաև Մերձավոր Արևելքում խաղաղության  հաստատմանը նրանք փորձում են հասնել առանց ԱՄՆ մասնակցության (Եվրոպայի և Չինաստանի մասին ակնարկ անգամ չկա),
գ/ Ալյանսի յուրաքանչյուր անդամ, առաջնորդվելով անշուշտ իր շահերով, փորձում է միասնաբար գծել նոր Մերձավոր Արևելքի քարտեզը։

Եթե դեպքերը զարգանան այս սցենարով, միջազգային քաղաքականության ամենալարված, պայթունավտանգ  տարածաշրջանում կստեղծվի միանգամայն և կիրագործվեն երեք տերությունների` Ռուսաստանի,  Իրանի և Թուրքիայի կողմից։

Մի՞թե դա հնարավոր է։  ԱՄՆ-ն, որը հավակնում է գերակայություն ձեռք բերել ամենի և ամեն ինչի վրա, թելադրել իր կամքը, հանկարծ դո՞ւրս է մնում աշխարհաքաղաքական կարևորագույն խաղի վճռական պարտիայից, ինչն, իր հերթին, զգալի հարված է  Թրամփի այնքան սիրած America first կարգախոսին, և, հետևաբար կարևոր քայլ հատկապես  Պուտինի կողմից բազմաբևեռ աշխարհի կերտման ճանապարհին։

Սակայն ողջ ինտրիգը կայանում է նրանում, որ Անկարայի գագաթնաժողովի բառացիորեն նախօրեին ամերիկյան լիդերը Սպիտակ տանը Մերձբալթյան ղեկավարների ներկայությամբ իրեն հատուկ թատերական դրամատիզմի ոճով հայտարարեց. «Ես ցանկանում եմ հեռանալ այդտեղից (Սիրիայից Ա.Ն.), ես ցանկանում եմ զինվորներին տուն բերել, ես ցանկանում եմ վերականգնել մեր երկիրը։ Հետո նա խոսեց այն մասին, որ իր երկիրը վերջին 17 տարում Մերձավոր Արևելքում վատնել է 7 տրիլիոն դոլար՝ «փոխարենը չստանալով ոչինչ, բացի «զոհերից և ավերածությունից»։ «Եկել է պահը,-ասում է Թրամփը։- Մենք շատ հաջող գործել ենք ԻՊ-ի դեմ, մենք ցանկացածին կարող ենք գերազանցել ռազմական առումով, սակայն երբեմն գալիս է տունդարձի ժամանակը, և մենք շատ լուրջ մտածում ենք այդ մասին»։

Ի՞նչ է սա։ Իրո՞ք Միացյալ Նահանագները հեռանում են տարածաշրջանից, որտեղ մնալու և գործելու անհրաժեշտության մասին խոսել են ամերիկյան շատ քաղաքագետներ,  այդ թվում՝ Բզեժինսկին և Քիսինջերը։ Թե՞ սա պարզապես ներկա նախագահի հերթական քաղաքական պիրուետներից մեկն է, և վաղը նա  կարող է միանգամայն այլ բան ասել։ Ի դեպ, գագաթնաժողովի օրը ստացվեց  հաղորդագրություն այն մասին, որ Ազգային անվտանգության խորհրդում Թրամփն ընդունել է որոշում` հետաձգել զորքերի շուտափույթ դուրսբերումը Սիրիայից։ Ավելին, Թրամփը դիմում է սաուդիտներին. եթե  շատ եք ուզում, որ իմ զինվորները մնան Սիրիայում` վճարեք ծախսերը։    Այնպես որ, Աստված գիտե, թե վաղն ինչպես կդասավորվեն աստղերը սիրիական երկնակամարում։

Հավանաբար, Թրամփն իր սովորության համաձայն դիմում է հերթական բլեֆի։ Փորձագետների կարծիքով, ԱՄՆ Սիրիայում իրականացնում է «քողարկված պատերազմ»։ Քաղաքական առումով Վաշինգտոնը ոչ մի տեղ չկա, իսկ ռազմական առումով ամենուր է։ Ստեղծել է ռազմական բազաներ Եփրատի երկու ափին, Մանբիջի հյուսիսում, Հորդանանի սահմանի մոտ։

Անգամ եթե Վաշինգտոնը հեռանա Մերձավոր Արևելքից, ինչը քիչ է հավանական, կիրականանա Էրդողանի թաքուն փայփայած այն միտքը, որ Վաշինգտոնը նման քայլով   ցանկանում է  չկորցնել Թուրքիային։  

Իսկ եթե հեռանա, կթողնի իր տեղապահներին։ Դրանցից առաջինն, իհարկե, Սաուդյան Արաբիան է, որի հետ Վաշինգտոնը կապված է ռազմաքաղաքական ամուր կապերով, իսկ սա իր հերթին բարեկամություն է զարգացնում Իսրայելի հետ։ (Ո՞վ կարող էր նման բան պատկերացնել)։

Հետո, թատերաբեմ է մտնում, նոր և լուրջ խաղացող` Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, որ խոստանում է գալ և «տեր կանգնել» սիրիական  քրդերին։

Այն, որ Սաուդյան Արաբիան ԱՄՆ-ի ադեպն է տարածաշրջանում` նորություն չէ։ Սակայն հետաքրքիր է Մակրոնի հայտնությունն այստեղ։ Արդյո՞ք նա զուտ իր քաղաքական հաշիվներն է հետապնդում, թե՞ հանդես է գալիս նաև Վաշինգտոնի հետաքրքրությունների պաշտպանությամբ՝ ջերմություն հաղորդելու համար ֆրանս-ամերիկյան ոչ այնքան գերազանց հարաբերություններին։  Ցույց կտա դեպքերի զարգացումը։ Չմոռանանք, որ այս երկու «պրոքսի խաղացողներն» ունեն մի մեծ առավելություն` ֆինանսներ։ Մեկը սաուդցիների փողերն են, մյուսը էմիրաթներինը, որոնց շատ մոտ է կանգնած Մակրոնը։ Մինչդեռ վերոնշյալ եռյակը չունի այդ  կարևոր լծակը, հետևաբար Սիրիայի վերականգնողական ծրագրերը, որոնց մասին խոսվեց Անկարայում, վեր է նրանց հնարավորություններից։

Անկարայի գագաթնաժողովի շուրջ լավատեսական գնահատականները չեն կարող սքողել այն խնդիրները և հակասությունները, որոնք այս կամ այն ձևով ուրվագծվում են եռյակի հարաբերություններում։ Դրանց ավելանում են ներսիրիական խնդիրները և, առաջին հերթին, քրդական  հիմնահարցը։ Չմոռանանք մի շատ կարևոր հանգամանք ևս։ Ասվում է, որ մեծ պատերազմը Սիրիայում ավարտված է։  Սակայն իսլամիստական ահաբեկչությունն ապացուցում է, որ «իր մահվան մասին լուրերը չափազանցված են»։ Արդյունքում այստեղ բոլորը կռվում են բոլորի դեմ։

Անկարայի գագաթնաժողովը պատմության մեջ կմտի որպես բյուզանադական-օսմանյան սատանայական դիվանագիտության փայլուն Master class, որը ցուցադրեց Էրդողանը միջազգային հանրությանը։ Նա կարողացավ մի կողմից ստորագրել համատեղ հայտարարություն Սիրիայի տարածքային ամբողջականության պահպանման վերաբերյալ, մյուս կողմից գրավել այդ երկրի տարածքները և միակցել իր հողերին։ Ձևացնել Ռուսաստանի «մեծ և անկեղծ բարեկամ», մտնել նրա հետ իր համար օգտաշատ առևտրական և ռազմատեխնիկան գործարքի մեջ, միաժամանակ  զուգահեռաբար սարքել արհեստական հակասություն թուրք-ամերիկյան  ու թուրք-իսրայելյան հարաբերություններում, կարող է միայն ի վերուստ օժտված  քաղաքական գործիչը։

Սակայն քաղաքականության մեջ միայն միամիտ մարդը չի նկատի, որ հենց գագաթնաժողովի ընթացքում Ռուսաստանի և Իրանի կողմից Սիրիայում հսկվող տարածքները միաձուլվում և նկատելիորեն կրճատվում են թուրքական էքսպանսիոնիստական քաղաքականության համեմատությամբ:   

Էրդողանն այն կարգի գործիչներից է, որը խորամանկությունը զուգակցում է ցինիզմի և հաշվենկատության հետ։ Շարունակելով սիրախաղը Պուտինի և Ռոհանիի հետ` նա օրերս հայտարարեց Եվրոպայի հետ ինտեգրացիոն գործընթացը վերսկսելու ցանկության մասին և գագաթնաժողովը չվերածեց հակամերիկյան կամ հակաարևմտյան կամպանիայի։

Այդ ամենով հանդերձ, առանց սխալվելու դյուզն իսկ հավանականության, կարելի է ասել, որ Ռուսաստանի և Իրանի հետ Թուրքիայի բարեկամությունը կրում է իրադարձային բնույթ։ Եվ երբեք չի դառնա ռազմավարական-դաշնակցային, ինչի մասին ամպագորգոռ ավետում է Էրդողանը։ Թուրքիան  կմնա ՆԱՏՕ-ի և ԵՄ-ի մաքսային միության անդամ։ Ի լրացումն այդ ամենի, վաշինգոնյան վարչակազմում հայտնվել է մի այնպիսի գործիչ` Թրամփի անվտանգության գծով խորհրդական Ջոն Բոլթոնը, որը նպատակադրվել է կանոնակարգել և վերականգնել թուրք-ամերիկյան հարաբերությունները։ Այնպես որ, գուշակելի ապագայում Էրդողանը չի պոկվի քեռի Սեմից։

Գալով եռյակում Իրանի դիրքորոշմանը` ապա այն տարբերվում է թուրքականից մի շարք հարցերում։ Իրանը նախ դեմ է Թուրքիայի՝ Սիրիայում մնալուն և ամրանալուն։ Անկարան  ձգտում է, որ Ասադը հեռանա, իսկ Թեհրանը`ոչ։ Վերջինիս կարծիքով,ալավիների իշխանությունը կնպաստի Իրանի դիրքերի ամրապնդմանը Սիրիայում, ինչը կապահովի նրա հսկողությունը Իսրայելի նկատմամբ, ինչպես նաև կամրապնդի շիիզմի դիրքերը Իրան-Միջերկրական ծով, Իրան-արաբական երկրներ աղեղով։

Ի դեպ, վերոնշյալ Ջոն  Բոլթոնի և նրանից ոչ պակաս ագրեսիվ խառնվածքի տեր պետքարտուղար Մայք Պոմպեոյի  միջոցով Թրամփը ծրագրում է ջախջախիչ հարված հասցնել Իրանի ռազմաքաղաքական ներուժին։ Նման զարգացումների դեպքում, առանձնապես կասկածել պետք չէ, որ հարձակվողի կողքին կլինի Թուրքիան, որի համար Իրանը մեծ հաշվով ախոյան է Մերձավոր Արևելքի աշխարահաքաղաքական գործընթացներում։ Այնպես որ, այս տեսակետից ևս, թուրք-իրանական հարաբերություններն իրարամերժ են և հակոտնյա` անգամ թշնամական։

Գալով ալյանսի որոշիչ անդամին` Ռուսաստանին, ապա նրա լիդեր Պուտինը, ինչպես նշում  է թուրք մեկնաբաններից մեկը, ի հեճուկս Արևմուտքի  «երկիրը վերադարձրեց աշխարհի քարտեզ»։ Ռուսաստանն, իրոք, այսօր վճռական դերակատարություն  ունի Մեծ Մերձավոր Արևելքում։ Այնպես որ, աշխարհաքաղաքական հետագա զարգացումները կընթանան նրա ակտիվ մասնակցությամբ և ուղղորդմամբ։  

Եզրակացություն

ՀՀ շահերի և հետաքրքրությունների տեսանկյունից.

1. Ռուսաստան-Իրան-Թուրքիա միության շրջանակներում Էրդողանի ռեժիմը իրականացնում է ծրագրավորված ագրեսիվ քաղաքականություն հարևան պետության՝ Սիրիայի նկատմամբ։ Քրդերի դեմ պայքարի քողի տակ Անկարան զավթողական պատերազմ է մղում միջազգային իրավունքի սուբյեկտ սուվերեն պետության դեմ։

2. Սիրիական Աֆրին քաղաքի գրավումը և այդ երկրի  նոր տարածքներ բռնագրավելու ռեալ սպառնալիքը կազմում է  արդի թուրքական նեոօսմանիզմի և պանքյուրքիզմի քաղաքականության անքակտելի բաղադրիչը, որն ընդգրկում է Մեծ Մերձավոր Արևելքի հսկայական տարածքներ։  

3. Չհանդիպելով մեծ տերությունների և միջազգային հանրության լուրջ  դիմադրությանը՝  1974 թվականին Կիպրոսի տարածքի 38%-ը գրավելուց ի վեր  Թուրքիան  խոսքով ու գործով իրագործում  ագրեսիվ քաղաքականություն տարածաշրջանում։ Հերթն այժմ Սիրիայինն է։ Էրդողանը պահանջում է վերանայել և չեղյալ հայտարարել 1923 թվականին ստորագրված Լոզանի պայմանագիրը, որի պատճառով Թուրքիան իբր կորցրել է հսկողությունը Օսմանյան կայսրության երբեմնի տարածքների վրա։

4.Թուրքիայի ագրեսիվ քաղաքականությունը իրենից լուրջ վտանգ է ներկայացնում միջազգային անվտանգության, պետությունների ապակայունացման  և աշխարհաքաղաքական մասշտաբային կոնֆլիկտերի սերմանման առումով Բալկաններից մինչև Չինաստան, Ռուսաստանից մինչև Մերձավոր Արևելք։

5. Թուրքիայի էքսպանսիոնիստական քաղաքականությունը ռեալ վտանգ է ներկայացնում Հարավային Կովկասի, առաջին հերթին Հայաստանի համար, քանի որ այդ քաղաքականությունը օրգանապես միահյուսվում և մեկ ամբողջականություն է կազմում ադրբեջանական միլիտարիզմի հետ` ուղղված հայկական երկու պետությունների ֆիզիկական անվտանգության դեմ։ Բաքվի վերջերս արված հայտարարությունները Երևանը, Սևանը և Զանգեզուրը Ադրբեջանին վերադարձնելու վերաբերյալ, ոչ այլ ինչ են, եթե ոչ թուրք-ադրբեջանական հայասպան քաղաքականության սցենարի ընդամենը մի

6. Ադրբեջանա-պանթուրքական-նեօսմանական պլանների մեջ առանձին տեղ է գրավում Նախիջևանը, որն այսօր լրիվ հայաթափված քաղաքական միավոր է, ուր խախտելով միջազգային իրավունքի բոլոր կանոնները և գոյություն ունեցող միջպետական փաստաթղթերը՝ արագացված տեմպերով տեղի է ունենում միլիտարիստական անեքսիա Ադրբեջանի և Թուրքիայի կողմից։ Նախիջևանում մշակվում են Հայաստանին երկու ճակատով պատերազմ պարտադրելու  պլաններ։ Եվ ոչ միայն։

Առաջարկություն

Մենք արդեն նշել ենք մեր հրապարակումներում, որ հայկական դիվանագիտության առաջ ծառացած են առաջնահերթ խնդիրներ։  Հարկ է շուտափույթ կերպով իրագործել համակարգված միջոցառումներ` միջազգային կոնֆերանս, դեսպանությունների ուղղորդված գործողություններ, ինֆորմացիոն-պրոպագանդիստական և լրատվական կամպանիա, հանրային դիվանագիտության «փափուկի ուժի» բոլոր դերակատարների մոբիլիզացում, բացատրական միջոցառումների իրականացում և այլն, բացահատելու համար թուրք-ադրբեջանական միլիտարիստական  քաղաքականության դինամիկան Նախիջևանում, որը կարող է պատճառ դառնալ մերձավորարևելյան ևս մեկ պատերազմական օջախի առաջացման, որի բոցերը կտարածվեն դեպի Հյուսիս` Կովկաս, և ավելի հեռու։

Հ.Գ. Հոդվածը դեռ չէր տպագրվել, երբ ՀՀ ՊՆ տարածեց հետևյալ հաղորդագրությունը.  «Ապրիլի 7-ին և ապրիլի 7-8-ի գիշերը Նախիջևանյան հատվածում ադրբեջանական զինված ուժերը մի քանի անգամ խախտել են հրադադարի ռեժիմը և կրակ արձակել հայկական զինված ուժերի ուղղությամբ՝ հիմնականում հրաձգային զենքերից: ՀՀ զինված ուժերը պատասխան գործողություններով լռեցրել են հակառակորդին։ ՀՀ ՊՆ կոչ է անում ադրբեջանական զինված ուժերին զերծ մնալ հետագա սադրանքներից և զգուշացնում, որ ոչ մի քայլ անպատասխան չի մնա»։
ԱՐՄԱՆ ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆ
643 reads | 10.04.2018
|
avatar

Մականուն:
Գաղտնաբառ:
Copyright © 2018 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com