ՆԱԽԻՋևԱՆՈՒՄ ԵՎ ՆՐԱ ՇՈՒՐՋ ԸՆԹԱՑՈՂ ՌԱԶՄԱ-ՔԱՂԱՔԱԿԱՆ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ
ԱՐՄԱՆ ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆ
Հայաստանի Դիվանագիտական հիմնադրամի նախագահ
Արտակարգ և Լիազոր դեսպան, քաղաքական գիտությունների թեկնածու, դոցենտ
Հայ-ռուսական (Սլավոնական) Համալսարանի համաշխարհային քաղաքականության և միջազգային հարաբերությունների ամբիոնի վարիչ, ԵՐԵՎԱՆ




Նեոօսմանիզմի և պանթյուրքիզմի տեսության վրա զարգացող Թուրքիայի արդի արտաքին քաղաքականությունը` հավելյալ Ադրբեջանի  էքսպանսիոնիստական նկրտումներին, ռեալ վտանգ են ներկայացնում տարածաշրջանի անվտանգության  և պետությունների տարածքային  ամբողջականության համար։

Թուրք-ադրբեջանական միլիտարիստական  քաղաքականությունը ներառում է Նախիջևանը, ինչը չի կարող լրջորեն չմտահոգել Հայաստանի իշխանություններին ու  հասարակությանը, և ոչ միայն։

Շահագրգիռ պետությունների և միջազգային կազմակերպությունների աչքի առաջ տեղի է ունենում Նախիջևանի կառավարման և ստատուս քվոյի կոպիտ խախտում՝ ոտնահարելով Մոսկվայի և Կարսի 1921 թվականի միջազգային   պայմանագրերը, որոնց համաձայն Ադրբեջանը հանդիսանում է ընդամենը Նախիջևանի խնամակալ (պրոտեկտոր), Բաքուն  մի կողմից այն մտցնում  է իր կազմի մեջ, մյուս կողմից հնարավորություն է ընձեռում Թուրքիային տնտեսական և ռազմական անեքսիայի ենթարկել  այդ ինքնավար հանրապետությունը։

2010 թվականին Ադրբեջանի և Թուրքիայի միջև ստորագրվել է «Ռազմավարական գործընկերության փոխօգնության պայմանագիր», որը մասնագետների գնահատմամբ թուրք-ադրբեջանական հարաբերությունները բարձրացնում է ռազմական դաշինքի մակարդակի, իսկ «երրորդ երկրի կողմից Թուրքիայի կամ Ադրբեջանի դեմ հարձակման դեպքում կողմերը կիրականացնեն միասնական անվտանգության միջոցառումներ և պաշտպանություն»։  

Վերջին երկու տարում Նախիջևանում տեղի են ունենում համատեղ զորավարժություններ, որոնց ժամանակ թուրք 5000 զինծառայողների թիվը գերազանցում է ադրբեջանականին։ Զորավարժություններում առանձնացվում են օդային ուժերի «Tur-Az Katali» և   «Tur-Az  Sahini» զորավարժությունները։

Նախիջևանում տեղակայված ադրբեջանական ռազմական ստորաբաժանումների և նրանց աջակցող թուրքական ԶՈՒ 3-րդ բանակային կորպուսի հաշվարկները հենվում են այն եզրահանգման վրա, որ Հայաստանի հետ ռազմական բախման դեպքում նրա ԶՈՒ-ին կպարտադրվի պատերազմական երկու ճակատ` ճնշման տակ պահելով հիմնական ճակատի թիկունքը։

Ավելացնենք, որ Նախիջևանում զարգացող դեպքերը սպառնում են ոչ միայն Հայաստանին, այլև տարածաշրջանի մյուս պետություններին, հատկապես Իրանին` առաջին հերթին այն տրամաբանության սահմաններում, որ  ապագա քրդական պետության կայացման դեպքում (եթե դա տեղի ունենա) Նախիջևանը կարող է  հայտնվել Իրանական Քրդստանի կազմում։

Չի կարելի բացառել, որ դեպքերի նման զարգացման դեպքում Իրանը փորձի հսկողություն սահմանել Նախիջևանի վրա։

Հարկ է նշել, որ թուրք-ադրբեջանական ագրեսիվ քաղաքականության վեկտորը Նախիջևանի ուղղությամբ ընդամենը շղթայի մի օղակն է։ Այդ քաղաքականությունը հղի է գլոբալ ապակայունացման հեռանկարներով և միտում ունի տարածվելու տարբեր ուղղություններով` Մեծ Մերձավոր Արևելք, Սաուդյան Արաբիա, Կարմիր ծով, Կովկաս, Ռուսաստանի մուսուլմանաբնակ շրջաններ, Միջին Ասիա, ընդհուպ մինչև չինական Ույղուրիա։

Այս սպառնալիքներն, ընդ որում, ուղեկցվում են Լոզանի պայմանագրի (1923 թ.) վերանայման  Ռեջեփ Էրդողանի համառ պահանջներով` վերականգնել Թուրքիայի իրավունքը Օսմանյան կայսրության կորցրած հողերի վրա։

Հայկական դիվանագիտության առաջնահերթ խնդիրներից մեկը պետք է լինի շուտափույթ կերպով իրագործել համակարգված միջոցառումներ` միջազգային կոնֆերանս, դեսպանությունների ուղղորդված գործողություններ, ինֆորմացիոն-պրոպագանդիստական և լրատվական կամպանիա, բացատրական միջոցառումներ և այլն, բացահատելու համար թուրք-ադրբեջանական միլիտարիստական  քաղաքականության դինամիկան Նախիջևանում, որը կարող է պատճառ դառնալ մերձավորարևելյան ևս մեկ ցունամիի առաջացման, որն այս անգամ կշարժվի դեպի Հյուսիս` Անդրկովկաս, և ավելի հեռու։
ԱՐՄԱՆ ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆ
2097 reads | 26.03.2018
|
avatar

Մականուն:
Գաղտնաբառ:
Copyright © 2018 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com