ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ԿՈՐԵԱՅԻ ԵՎ ԱՄՆ ԵՐԿԽՈՍՈՒԹՅՈՒՆԸ ԴՐԱԿԱՆ ԿԱՆԴՐԱԴԱՌՆԱ ՆԱԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՎՐԱ

ԱՐՄԱՆ ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆ
Հայաստանի Դիվանագիտական հիմնադրամի նախագահ
Արտակարգ և Լիազոր դեսպան, քաղաքական գիտությունների թեկնածու, դոցենտ
Հայ-ռուսական (Սլավոնական) Համալսարանի համաշխարհային քաղաքականության և միջազգային հարաբերությունների ամբիոնի վարիչ, ԵՐԵՎԱՆ




Հունվարի սկզբին անդրադարձել էինք ամերիկյան հեղինակավոր աղբյուրների, այդ թվում ԿՎՀ տնօրեն Մայք Պոմպեոնի այն հայտարարություններին, որ 70%-ի  հավանականությամբ  «Մինչև 2018 թ. մարտի կեսերը ԱՄՆ-ը կհարձակվի Հյուսիսային Կորեայի վրա»։ Մենք մեջբերել էինք անվտանգության հարցերով նախագահի խորհրդական գեներալ ՄքՄասթերի կարծիքը ևս, թե Հյուսիսային Կորեայի վարչակարգն ն «անընդունելի է», հետևաբար, պետք է ոչնչանցվի, քանի որ «անպատասխանատվություն կլինի չհավատալ» ԱՄՆ-ին հարվածելու Հս. Կորեայի սպառնալիքներին։

Հյուսիսային Կորեա-ԱՄՆ հարաբերությունները և իրադրությունը տարածաշրջանում այն աստիճան էին լարվել, որ երկու տերությունների լիդերները, մի կողմ դնելով դիվանագիտության էթիկայի բոլոր կանոններն, անցել էին անձնական վիրավորանքների և ոչ նորմատիվ բառապաշարի օգտագործման. Դոնալդ Թրամփը Կիմ Չեն Ընին անվանեց «հրթիռավոր թզուկ» և սպառնաց արմագեդոն սարքել նրա գլխին, իսկ վերջինս հայտարարեց, որ Ամերիկայի նախագահը խելագար է, և ինքը կարող է միջուկային հարված հասցնել Միացյալ Նահանգների ցանկացած կետին։

Իսկ մարտի 6-ին Սպիտակ տանը ղեկավարն արեց հայտարարություն, որը հնչեց ինչպես  ամպրոպի ճայթուն  քաղաքական երկնակամարում։  Թրամփը The Wall Street Journal-ի միջոցով հայտնում է. «Ես շատ լավ հարաբերությունների մեջ եմ Կիմ Չեն Ընի հետ»։

Այնուհետև հանդես է գալիս Սպիտակ տան մամուլի խոսնակ Սարա Սանդերսը. «Ամերիկյան լիդերը կընդունի Կիմ Չեն Ընի հանդիպման առաջարկը այն տեղում և այն ժամանակ, որը կորոշվի լրացուցիչ։ Մենք անհամբերությամբ ենք սպասում Հյուսիսային Կորեայի դենուկլերիզացիային` ապամիջուկացմանը»։

Հետաքրքիրն այն  է, որ ապրիլին Թրամփի հետ հավանական հանդիպման միջնորդի դերը ստանձնում է Հարավային Կորեան, որի հետ Փհենյանը նույնպես  խոստանում է նորմալացնել հարաբերությունները։

Վաշինգտոնի և Փհենյանի կտրուկ շրջադարձն իրենց հարաբերությունների շրջանակներում զարմանք է պատճառում, մյուս կողմից` լավատեսություն է ներշնչում, որ միջազգային տեկտոնիկ կետերից մեկը կարող է հանդարտվել։

Հայաստանի Դիվանագիտական հիմնադրամը ողջունում է այս քայլը, և հույս ունենք, որ հաջողության դեպքում նման գործընթացը  կներառի ռուս ամերիկյան հարաբերությունների  ոչ պակաս և ոչ քիչ վտանգավոր ներկա իրավիճակը ևս, որի կարգավորումից կշահեն բոլոր պետությունները`այդ թվում նաև Հայաստանը։

ԱՐՄԱՆ ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆ
614 reads | 09.03.2018
|
avatar

Մականուն:
Գաղտնաբառ:
Copyright © 2018 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com