ԱՆՁԵՌՆՄԽԵԼԻՈՒԹՅՈՒՆԸ` ԴԻՎԱՆԱԳԵՏԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԵՐԱՇԽԻՔ
ԱՐՄԱՆ ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆ
Արտակարգ և Լիազոր դեսպան, քաղաքական գիտությունների թեկնածու, դոցենտ
Հայ-ռուսական (Սլավոնական) Համալսարանի համաշխարհային քաղաքականության և միջազգային հարաբերությունների ամբիոնի վարիչ, ԵՐԵՎԱՆ




Դիվանագետի անձեռնմխելիության կարգավիճակը ինստիտուցիոնալ ձևակերպում է ստացել և դարձել միջազգային իրավունքի նորմ  «Դիվանագիտական հարաբերությունների մասին» կոնվեցիայով, որն ընդունվել է   Վիեննայի 1961թվականի ապրիլի 18-ին։  Այն համարվում է  ժամանակակից դիվանագիտության  միակ և անսխալական ուղեցույցը` իր տեսակի  կատախեզիսը։

Սակայն դիվանագետի անձեռնմխելի լինելու անհրաժեշտությունը մարդիկ  գիտակցել են շատ հնուց։ Խնդրի կենսական անհրաժեշտությունը ծագել է դեռևս համայնատոհմական կարգերի ժամանակ, երբ հողերն ու որսատեղերը սահմանազատելիս ցեղերն իրար փոր էին թափում։ Եվ օրերից մի օր, երբ մեկ ցեղից մյուսին այցելած «պատգամավորի» վրա չհարձակվելու և չհոշոտելու հրահանգ չեղավ` սկիզբ դրվեց օտարի անձեռնմխելիության գործընթացը։ Չլիներ այդ դարակազմիկ «now how»-ն, մարդկությունը չէր գոյատևի։

Հետագայում ֆիզիկական անվտանգությունից բացի դիվանագետների ապահովությունը տարածվեց նաև նրանց ընտանիքի անդամների, կացարանների և աշխատատեղերի, ունեցվածքի, ինչքի, փաստաթղթերի և փոստի վրա։

Սակայն անձեռնմխելիության ինստիտուտն անցել է երկար և տատասկոտ ճանապարհ։   

…Ռամզես XI-ի  թագավորության օրոք, Քրիստոսից առաջ տասնմեկերորդ դարում, Ուեն Ամուն անունով եգիպտացի մի պաշտոնյա ուղևորվում էր Լիբանան՝ Ամուն-ռե թագավորի  բարկասի  համար փայտանույթ  ձեռք բերելու։ Բայց նրա առաքելության վրա երևի չար աչք կար։ Նեղոսի գետաբերանի «Ոսկե» նավահանգստում Ամունին ոտքից-գլուխ  թալանում են։ Սակայն նա շատ արագ կարողանում է  ձեռք գցել կորցրածի չափով արծաթ, վճարում է նավավարին  և հասնում  Սիրիայի Բիբլոս քաղաքը։ (Կաշառքը բոլոր ժամանակներում մթում լույս է տալիս)։


Բայց Բիբլոսից մեկնելու պահին նավավարը, որին Ուենը վճարել էր ճանապարհավարձը դիմում է  դատարան` պահանջելով ավելացնել վճարը։ Եգիպտացուն բանտարկում են։

Բիբլոսի  արքայազնը ողջ գիշեր աչք չի փակում, ծանր ու թեթև է անում իր կայացվելիք որոշումը։  

Հաջորդ առավոտ նա հրապարակում է իր վճիռը. «Քանի դեռ Ուեն Ամունը պաշտոնական  հյուր է` նա ենթակա չէ ազատազրկման»։ Եվ տրամադրելով նավ ու նավաստիներ՝  եգիպտացի հյուրին ճանապարհում է տուն։ Սակայն վերջինիս բախտը կրկին չի բերում։ Այս անգամ էլ նա ենթարկվում է ուժեղ փոթորկի և ափ է դուրս գալիս Կիպրոս կղզում, որտեղ  տեղաբնիկները ցանկանում են կոտորել կամ հոշոտել նավաբեկյալներին։

Այնժամ Ուենը, որն արդեն հմտացել էր վտանգներից խույս տալու և իշխանությունների պաշտպանությանն ապավինելու դիվանագիտական միջոցներին` դիմում է տեղի կառավարիչ Հաթիբին` հայտարարելով,  որ ինքն   անձեռնմխելի է և զգուշացնում է, որ իր և իր անձնակազմի սպանությունը կարող պատերազմական գործողությունների պատճառ դառնալ Բիլբոսի և Կիպրոսի միջև։

Սպառնալիքը ներգործում է։ Եվս մեկ անգամ Ուեն Ամունը խուսափում է մահվան սպառնալիքից և բռնում տան ճանփան։

Սա պատմությունից մեզ հասած առաջին դեպքն է, երբ օտարերկրացին ենթագիտակցորեն հղում է կատարում անձեռնմխելիության գաղափարին և փրկում է  կյանքը։ Այն էլ առանց գրավոր փաստաթղթի, որը հետագայում ստանում է հավատարմագիր անվանումը։ Օտարները  խուսափել են վտանգից մագաղաթի վրա արված` իրենց ինքնությունը փաստող  գրառության շնորհիվ։  Էլ-Ամառնի շրջանից սկսած հին Եգիպտոսի փարոնները (XIV—XIII դարեր Ք.ա.) հազարամյակներ շարունակ ակտիվորեն օգտվել են սուրհանդակների, դեսպանորդների և դեսպանների ծառայությունից` օժտելով  նրանց անձեռնմխելիությունը փաստող մագաղաթով։

Բոլոր հին քաղաքակրթությունները` Հնդկաստանը, Հին Հունաստանը, Ասորեստանը, Բաբելոնը, Միջին Արևելքը, բրոնզե դարաշրջանի Եվրոպան, անշուշտ, նաև Հայաստանը առևտուր են արել, կազմել և քանդել են միություններ, հարկեր և տուգանքներ են վճարել, հետևաբար ունեցել են  անձեռնմխելիության ստատուս։

Իսկ երբ մենք գանգատվում ենք, թե Հայաստանի դիվանագիտությունն անփորձ է  իր քսանհինգամյա տարիքի պատճառով, մոռանում ենք, որ   միջազգային հարաբերությունների հայկական գործառույթներն սկիզբ են առնում անտիկ ժամանակներից։ Հայաստանը կարևոր միջանցք է եղել Մետաքսի Ճանապարհով աշխահամասերն իրար հետ կապելու  գործում։ Պլուտարքոսը վկայում է, որ քաղաքամայր Արտաշատը եղել է առևտրատնտեսական կապերի խաչմերուկ դեռևս Ք.ա. I դարում։ Իսկ Ստրաբոնը և ուրիշ հին պատմաբաններ վկայում են հռոմեա-պարթևական առևտրական հարաբերություններում Հայաստանի խաղացած կարևոր դերի մասին։ Չինաստանից մինչև Սասանյան Իրան և Կոնստանդնուպոլիս ձգվող Մետաքսի ճանապարհն անցել է Հայաստանի վրայով։ (Ժամանակն է վերականգնելու հայկական պատմության այդ մոռացված փառապանծ էջերը)։

…Այնպես որ, դիվանագիտության անձեռնմխելիության ինստիտուտը  տարբեր ձևաչափերով Հայաստանի համար ունի հինգ հազար տարվա պատմություն։
ԱՐՄԱՆ ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆ
1125 reads | 14.01.2018
|
avatar

Մականուն:
Գաղտնաբառ:
Copyright © 2018 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com