ԻՐՈ՞Ք ՄԻՆՉԵՎ ՄԱՐՏ ԱՄՆ-Ն ՀԱՐՁԱԿՎԵԼՈՒ Է ՀՍ ԿՈՐԵԱՅԻ ՎՐԱ
ԱՐՄԱՆ ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆ
Արտակարգ և Լիազոր դեսպան, քաղաքական գիտությունների թեկնածու, դոցենտ
Հայ-ռուսական (Սլավոնական) Համալսարանի համաշխարհային քաղաքականության և միջազգային հարաբերությունների ամբիոնի վարիչ, ԵՐԵՎԱՆ





Ընդունված կարգ է, որ երկրների ղեկավարները տարեմուտին բարության,  երջանկության  և խաղաղության մաղթանքներ են հղում իրենց ժողովրդին ու համայն մարդկությանը։ Մինչդեռ հյուսիսկորեական լիդեր Կիմ Չեն Ընը նոր տարվա ուղերձում ահագուժեց ի լուր աշխարհի, որ իր երկիրը 2017 թվականին ավարտել է միջուկային ուժերի ստեղծման ծրագիրը։ Սա չարագուշակ բոթ էր հնարավոր ապոկալիպսիսից սարսափող միջազգային հասարակության համար։

Պարծանքով հայտարարելով, որ «միջուկային կոճակն իմ սեղանին է»,  Կիմը հավաստիացրեց, որ Փհենյանը ավարտական փուլին է հասցնում  միջմայրցամաքային բալիստիկ հրթիռների փորձարկումը (ՄԲՀ)։ Միաժամանակ Կորեայի կենտրոնական հեռագրային գործակալությունը հայտնեց, որ ՀԿԴՀ ստեղծել է ջրածնային ռումբ, որը հնարավոր է տեղադրել  ՄԲՀ-ի գլխամասում։ Այդ ամենը,  համաձայն Կիմի տրամաբանության, նշանակում է, որ Միացյալ Նահանգների ողջ տարածքն «ընկնում է հարվածի տակ»։   

Սա դեռ 2017թ. սեպտեմբերին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի`  Կիմին  հասցրած անձնական վիրավորանքի պատասխանն էր, երբ նա վերջինիս անվանեց «հրթիռավոր թզուկ», իսկ սա սպառնաց, որ ԱՄՆ «անսպասելիորեն» հասցնելու է «աներևակայելի հարված»։ Նշենք, որ սովորական միջուկային ռումբերը խիստ ծանր են և այն կրող  ինքնաթիռը հոյակապ թիրախ է հակաօդային պաշտպանության համար։ Շատ ավելի դժվար է, կամ գրեթե անհնար, հետևել  ՄԲՀ-ին, որը կրում է  կոմպակտ ջրածնային միջուկ։ Այդ իսկ պատճառով Փհենյանի  հայտարարությունը ջրածնային ռումբի ստեղծման վերաբերյալ ծայրաստիճան անհանգստացրեց համաշխարհային հասարակությանը։  

Հյուսիսային Կորեայից եկող միջուկային սպառնալիքի դեմ-հանդիման ամերիկյան քաղաքական իսթեբլիշմենտը որդեգրել է քաղաքական-դիվանագիտական վեկտոր, որը նոր ձև և բովանդակություն է ստանում Դոնալդ Թրամփի իշխանության գալուց հետո։ Իհարկե, այդ վեկտորը բացի ռազմական խորը հաշվարկներից կրում է նաև նորընտիր նախագահի էմոցիոնալ-իմպուլսիվ բնավորության կնիքը։ Դրա վկայություններից մեկը Կիմի միջուկային կոճակի վերաբերյալ հայտարարության նրա պատասխանն է, թե ինքն ունի ավելի հզոր, ավելի կատարյալ  կոճակ։  Կատարյալ տղայական խոսքակռիվ։

Ամերիկացիները  համեմատում են սառը պատերազմի շրջանում  իրենց համար Խորհրդային Միությունից և Չինաստանից սպառնացող միջուկային վտանգը Կորեական վտանգի հետ և գալիս են եզրահանգման, որ վերջինս շատ ավելի վտանգավոր է իրենց համար։ Ոչ մի այլ միջուկային տերություն երբևէ չի սպառնացել հարձակվել Միացյալ Նահանգների վրա։ Մինչդեռ Կիմը «առանց աչքը թարթելու» բազմիցս հայտարարել է, որ «ոչնչացնելու է ԱՄՆ-ն»։ Հետո, միջուկային պատերազմից խուսափելու համար նախկինում  Վաշինգտոնը հենվում էր միջազգային պայմանագրերի, հետևաբար դիվանագիտական, կանխարգելման և սահմանափակման մի շարք մեխանիզմների վրա, ինչը գոյություն չունի Փհենյանի պարագային։ Հավանաբար, այս հանգամանքով են պայմանավորված նախագահի Ազգային անվտանգության հարցերով խորհրդական գեներալ ՄքՄասթերի այն խոսքերը, թե Հյուսիսային Կորեան «անընդունելի է» (կարդա, նրա վարչակարգը ենթակա է ոչնչացման)։ Նույն գեներալը պնդում է, որ եթե Կիմն ասում է՝ հարձակվելու է  Միացյալ Նահանգների վրա, ապա «անպատասխանատվություն կլինի նրան չհավատալը»:

Վաշինգտոնի ուղեղային կենտրոնների հաշվարկներով, Հյուսիսային Կորեայի միջուկային տերություն դառնալը կհանգեցնի նրան, որ վեց այլ երկրներ,  (առաջին հերթին  Սաուդյան Արաբիան, Թուրքիան և Եգիպտոսը), որոնցից շատերը թշնամաբար են տրամադրված միմյանց և ԱՄՆ հանդեպ,  նույնպես ունենան միջուկային զենք։ Զենքի նման տարածումը էապես կմեծացնի մոտ ապագայում այդ երկրներից մեկի կամ մի քանիսի մասնակցությամբ միջուկային պատերազմի հավանականությունը:

Եզրակացություն պետական մակարդակով.  թույլ չտալ Հյուսիսային Կորեայի  միջուկային սպառազինումը։ Ավելին,  Վաշինգտոնում  հավանաբար մտաբերել են   հռոմեացի զորավար Մարկ Կատոն Ավագի չարագուշակ  խոսքերը. «Կարթագենը պետք է կործանվի»։


Հետաքրքրություն է ներկայացնում ամերիկյան հետախուզական համակարգի կազմած Կիմի քաղաքական դիմանկարը։ Ըստ այդ վերլուծության՝ նա շատ հեռու է խելացնոր լինելուց, ինչը հաճախ է լսվում նրան բնութագրողների կողմից։ ԿՀՎ կարծիքով, հյուսիսկորեական լիդերը խելամիտ և ռացիոնալ քաղաքական գործիչ է` իր «տեսլականի սահմանափակ տիրությում»։ Նա լավ է սերտել պատմության դասերը։   Քադդաֆին հրաժարվեց միջուկային զենքից`  ՆԱՏՕ-ն  գրավեց Լիբիան և նա սպանվեց։ Սադդամ Հուսեյնը միջուկային զենքի ծրագիր ուներ, որից հետ կանգնեց` ԱՄՆ ղեկավարած կոալիցիան գրավեց Իրաքը, և նրան կախեցին։  Ուկրաինան հրաժարվեց նախկին Խորհրդային Միության փլուզումից հետո իր ունեցած միջուկային զենքից` Ռուսաստանն անեքսիայի ենթարկեց Ղրիմը և գրավեց Արևելյան Ուկրաինայի որոշ հատվածներ: Իրանն ունի միջուկային ծրագիր, որից դեռ չի հրաժարվել, երկիրը ղեկավարող մոլլաները դեռ համառում են, արդյունքում` Վաշինգտոնը Թեհրանին հայտարարել է ռևիզիոնիստ-թշնամի: Դասերը պարզ են  Կիմի համար: Հրաժարվեցիր  միջուկային զենքից, Արևմուտքը կհարձակվի և կսպանի քեզ: Պահեցիր այն, Արևմուտքը քեզ հանգիստ կթողնի: Այդ իսկ պատճառով նա իրեն ավելի ապահով է զգում միջուկային զենք ունենալով, քան առանց դրա: Սա խելագարություն չէ, այլ առաջին հերթին (prima facie) այդ ապացույցների վրա հիմնված խելամտություն: Այնպես որ, Կիմը կշարունակի իր միջուկային ծրագրերը: Համաձայնենք, որ ամերիկյան հետախույզների վերլուծության հիմքում անժխտելի փաստեր են, և այն կարելի է դասել քաղաքական-դիվանագիտական կատեգորյաների շարքին։  

Իսկ Հետախուզական կենտրոնական վարչության նախկին աշխատակից (նախկին հետախուզներ չեն լինում) Ջեյմս Ռիկարդսը, որը փայլուն քաղաքական մեկնաբան է և աշխատակցում է Financial Times, Australian Financial Review, Evening Standard, New York Times, The Telegraph, and Washington Post, BBC, RTE Irish National Radio, CNN, NPR, CSPAN, CNBC, Bloomberg, Fox, and The Wall Street Journal լրատվական միջոցներին, օրերս հայտնեց. «2017 թ. հոկտեմբերի 20-ին Վաշինգտոնում կայացած փակ մի   հավաքի ժամանակ ԿՀՎ տնօրեն Մայք Պոմպեոն think tank  մի փոքր խմբի (այդ թվում և ինձ) ասաց, որ խելամիտ կլիներ ենթադրել, թե Հյուսիսային Կորեան ընդամենը հինգ ամիս անց կունենա միջուկային միջմայրցամաքային բալիստիկ հրթիռների հուսալի արսենալ: Դրանք հնարավորություն կտան հարվածելու ԱՄՆ քաղաքներին և սպանելու միլիոնավոր ամերիկացիների»։  

Այնուհետև Ջեյս Ռիկարդսը անում է հետևյալ սենսացիոն հայտարարությունը՝ «2017 թ. հոկտեմբերի 20-ից մինչև 2018 թ. մարտի 20-ը հինգ ամիս է: Մինչև 2018 թ. մարտի կեսերը ԱՄՆ-ը կհարձակվի Հյուսիսային Կորեայի վրա։» Միացյալ Նահանգների ռազմական գործողության հավանականությունը, ըստ նրա, 70% է։   

Տեղեկատվական. Այսօր ջրածնային ռումբ ունեն Ռուսաստանը, ԱՄՆ, Չինաստանը, Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան, իսկ միջուկային զենք` Հնդկաստանը, Պակիստանը և Իսրայելը։  Դրա ստեղծման տեխնոլոգիա գոյություն ունեն Հարավ-աֆրիկյան հանրապետությունը և Իրանը։ Մասնագետների կարծիքով, ներկայումս միջուկային զենքի պատրաստման տեխնոլոգիական հնարավորություն ունեն, մոտավորապես, քառասուն երկիր։ Նման տեխնոլոգիայի արդեն տիրապետում է Գերմանիան, իսկ Ճապոնիային բավական է երեքից չորս շաբաթ այն ունենալու համար։ Միջուկային զենք կարող են ստեղծել Հարավային Կորեան և  Թայվանը, սակայն ԱՄՆ հետ է պահում նրանց այդ քայլից` պատճառաբանելով, որ նրանք գտնվում են իր պաշտպանական հովանոցի տակ։ Նույնը Վաշինգտոնը փորձում է անել Սաուդյան Արաբիայի հետ, սակայն  վերջինս ձգտում է ունենալ սեփական ռումբեր և այդ ուղղությամբ համագործակցում է Պակիստանի հետ։

ԱՐՄԱՆ ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆ
946 reads | 05.01.2018
|
avatar

Մականուն:
Գաղտնաբառ:
Copyright © 2018 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com