ԵՎՐՈՊԱՆ ԱՅՆՊԵՍ, ԻՆՉՊԵՍ ԵՂԵԼ Է ԵՎ ԿԱ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԵՏ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑԵԼՈՒ ՆԱԽՕՐԵԻՆ
ԱՐՄԱՆ ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆ
Արտակարգ և Լիազոր դեսպան, քաղաքական գիտությունների թեկնածու, դոցենտ
Հայ-ռուսական (Սլավոնական) Համալսարանի համաշխարհային քաղաքականության և միջազգային հարաբերությունների ամբիոնի վարիչ, ԵՐԵՎԱՆ





Հայաստանը կանգնած է կարևոր քաղաքական իրադարձության շեմին։ Մի քանի օրից Եվրամիության հետ նախատեսվում է ստորագրել Համապարփակ և ընդլայնված համագործակցության համաձայնագիր։

Գործընթացը գտնվում է հայ հասարակության ուշադրության կենտրոնում, ընթանում են բուռն քաղաքական բանավեճեր։

Հնչում են ամենատարբեր կարծիքներ, ընդհուպ մինչև Եվրասիական տնտեսական միության, նաև ՀԱՊԿ-ից դուրս գալու  կոչեր, ինչը նրա ջատագովների համոզմամբ նպաստելու է Եվրոպայի հետ մեր հարաբերությունների էլ ավելի ամրապնդմանն ու  խորացմանը։

Մի խոսքով, առաջ է քաշվում Հայաստանը դեպի Արևմուտք ուղղորդելու գաղափարը։ Մինչդեռ ներկա իշխանությունները, ընտրած լինելով  ՀԱՊԿ-ին և   և ԵԱՏՄ-ին անդամակցության պարադիգմը, փորձում են կիրառել բոլոր  երկրների և պետությունների հետ հարաբերությունների զարգացման  քաղաքականություն։ Հայաստանը ձգտում է  համագործակցել նաև բարիկադի մյուս կողմում կանգնած կառույցների` ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի հետ։ Առանց հակադրելու մեկը` մյուսին։ Դա լավ է և ճիշտ։

Ներկա ժամանակի և տարածության մեջ, ներկա աշխարհաքաղական իրադրությունում, ներկա տուրբուլենտային պայմաններում Հայաստանի որդեգրած քաղաքականությունը միակ ճիշտ և օպտիմալ տարբերակն է։ Այդ գծից շեղվելը հղի է անկանխատեսելի հետևանքներով պետակաև և ազգային շահերի համար։    

Ես չեմ անդրադառնա, «կամ-կամ»-ի քաղաքական փիլիսոփայության վտանգաշատությանը։ Այդ մասին շատ է խոսվել և գրվել։ Չեմ անդրադառնա նաև այն օգուտներին ու  դիվիդենտներին, որոնք կտա  մեզ Եվրամիությունը։ Դրանք անժխտելի են։

Իհարկե, պե՛տք է լայնորեն համագործակցել ԵՄ-ի հետ՝ համադրելով հնարավորություններն ու մեր շահերը բոլոր մյուս դաշինքների հետ։

Միայն կփորձեմ  ներկայացնել այսօրվա Եվրոպան, ինչպես որ ես եմ այն տեսնում, կամ ավելի ճիշտ, ինչպես այն կա։

…Երկրորդ Համաշխարհային պատերազմից հետո Եվրոպան ավերակներից բարձրացավ հիմնականում Մարշալի պլանի շնորհիվ։ Ամերիկան զարգացրեց, վերականգնեց Հին աշխարհամասի տնտեսությունը։  Հետո նրան առավ ՆԱՏՕ-ի  անվտանգության հովանոցի տակ։ Վաշինգոնը 30 միլիարդ  դոլար է հատկացնում Հյուսիսատլանտյան ալյանսի բյուջեին, իսկ եվրոպական անդամները չեն փակում իրենց անդավճարներն անգամ, որը կազմում է նրանց ՀՆԱ-ի ընդամենը 2%-ը, ինչն էլ առաջացնում է  Թրամփի արդարացի վրդովմունքը։

Այսօր Եվրոպան կանգնած է մեծ դժվարությունների առաջ և ի վիճակի չէ ապահովել իր  զարգացումը։ Նա կրկին օգնություն է հայցում ավագ ընկերոջից։ Իսկ քանի որ ինքը` Ամերիկան, ֆինանսապես լավ օրեր չի ապրում  և, դրանից զատ, եվրոպական առանցքային երկրների հետ ունի որոշ քաղաքական խնդիրներ, ապա Եվրոպան հայացքն ուղղում է դեպի Արևելք, ավելի կոնկրետ` դեպի Չինաստան։  

Եվրոպայի քաղաքական այս միտումները լրջորեն անհանգստացնում են Վաշինգտոնին, մանավանդ որ հորիզոնում նկատվում է Հյուսիսային ծովային  ճանապարհի ուրվագիծը, որը բեռնափոխադրումների արժեքը կրճատելու է 40 %-ով, չհաշված ժամանակի խնայողությունը։ Իսկ եթե կառուցվի Մետաքսի ճանապարհը Պեկին-Բեռլին գերարագ երկաթուղագծով հանդերձ, ապա ԱՄՆ-Եվրոպա ֆինանսա-տնտեսական հարաբերությունների վրա  կկախվի լուրջ սպառնալիք։ Վաշինգտոնն զգուշանում է ոչ միայն Եվրոպայում տնտեսական շահերի նվազումից։ Ամերիկան  վախենում է նաև կորցնել  Ռուսաստանի դեմ ՆԱՏՕ-ի օգտագործման   հնարավորությունները, որը նրա  ռազմական դոկտրինայի բուն էությունն է` այն է՝ կրակից շագանակ հանել ուրիշի` տվյալ պարագային, Եվրոպայի ձեռքերով։  

Բացի ԱՄՆ-Եվրոպա հակասություններից ու դժվարություններից, լուրջ խնդիրներ են ծագում Եվրամիության ներսում։ Երբ սկզբում ստեղծվեց Եվրոպական ածուխի և պողպատի միությունը կամ Ընդհանուր շուկան, նրա անդամների տնտեսությունները  հավասարազոր էին և լրացնում էին մեկմեկու։  Գործում էին համապատասխան օրենքներ և  ընդհանուր արտադրանքը շատ ավելի որակյալ էր, քան առանձին անդամներինը։ Իսկ երբ մի ամանի մեջ լցվեցին զանազան մշակույթներ, սովորույթներ, մենթալիտետներ` տարբեր ֆինանսա-տնտեսական հնարավորություններով հանդերձ, ապա ստացվեց ասիմետրիկ, ոչ հոմոգեն մի կոնգլոմերատ։   

Նման հավասարեցումը միշտ էլ վատ է աշխատում։ Օրինակ` ԽՍՀՄ-ն կամ Ազգերի Բրիտանական համագործակցությունը։ Եվրամիության շրջանակներում Ռումինիան կամ Բուլղարիան Գերմանիայի ու Ավստրիայի կողքին չդարձան նրանց նման  տնտեսապես հզոր երկրներ։ Ընդհանուր դրամական արժեքի ստեղծումը չօգնեց միության անդամներին։ Լատվիան, օրինակ, կորցրեց բնակչության մեկ երրորդը։ Մեկ միլիոն մարդ։  Նախքան ԽՍՀՄ-ի միանալը նա հետամնաց ագրարային երկիր էր։ Խորհրդային տարիներին դարձավ առաջավոր տեխնոլոգիական պետություն։ Այսօր նրան կերակրում է Եվրամիությունը, իսկ Էստոնիային` Ֆինլանդիան։ Նույն վիճակում է Լիտվան։ Չեխիան ժամանակին բաժանվեց Ավստրո-Հունգարական կայսրությունից, իսկ այժմ կամավոր վերադարձավ Գերմանիայի գիրկը և մաս է կազմում նրա տնտեսությանը։ Իսկ Լեհաստա՞նը։ Քանի՞ միլիոն լեհ է լքել երկիրը։

Գդանսկի հսկա նավահանգստային համալիրը մատնված է անգործության։ Տնտեսական և քաղաքական ճգնաժամ կամ խորը դժվարություններ են ապրում Իտալիան, Հունաստանը, Ֆրանսիան, Պորտուգալիան, Իսպանիան։ Լատվիան, Էստոնիան, Լիտվան, Ռումինիան, Բուլղարիան և Սլովակիան սնանկ են և տնտեսապես ինքնուրյուն չեն կարողանում գոյատևել։ Եվ որքան էլ արևմտյան պրոպագանդիստական մեքենան այս քաոսի մեղավոր է համարում Ռուսաստանին, Մոսկվան այստեղ ոչ մի մեղք չունի։

Այսօր  ինքնաբավ պետություն Արևելյան Եվրոպայում քիչ կա։ Նրանք Արևմտյան Եվրոպայում են։ Եղածների բարեկեցությունն էլ հարաբերական է։

Եվրոպան դասեր չի քաղում այն ուղղահայաց և գերկենտրոնացված կառավարումից, որը գոյություն ուներ ԽՍՀՄ-ում։ Եվրամիության անդամ երկրները տքնում են բազմաթիվ հրահանգների և կանոնադրությունների բեռան տակ, որոնք տպագրում է Բրյուսելը և պարտադրում նրանց։ Կենտրոնն է որոշում, օրինակ,  թե ինչ տեսակի գյուղատնտեսական կուլտուրա պետք է ցանեն այս կամ այն երկրում` առանց հաշվի առնելու դարերով գոյություն ունեցող պրակտիկան։ Թելադրվում է, թե  ինչ աստիճանի տակ պետք է պատրաստեն պիցցան Իտալիայում, որտեղ բոլորովին այլ տեխնոլոգիաներ և ավանդույթներ կան։ Սա հիշեցնում է խրուշչովյան պրակտիկան, երբ ամբողջ երկրով մեկ,  այդ թվում Հայաստանում պարտադրվում էր աճեցնել, կոնկրետ սորտի եգիպտացորեն…   

Մենք մանկուց գիտենք,  սիրում և ընդօրինակում ենք եվրոպական արժեքները, բարձր ենք գնահատում այնտեղ ծնված լիբերալիզմի, հումանիզմի, մարդու ազատությունների և դեմոկրատիայի վեհ գաղափարները։ «Ազատություն, հավասարություն և եղբայրություն»։  Սակայն իրավունք ունե՞նք մոռանալու նրա գաղութատիրական անցյալը։

Անգլիան, Ֆրանսիան, Գերմանիան, Նիդեռլանդները, Իտալիան, Իսպանիան Պորտուգալիան եղել են գաղութարարներ և անողոքաբար շահագործել են ժողովուրդներին։ Առաջին համակենտրոնացման ճամբարները ստեղծել են անգլիացիները բուրերի համար, որոնց  բանտարկյալների կեսից ավելին ոչնչացվել են։ Հոլանդացիների գազանությունները Ինդոնեզիայում և Սուրինամում իրենց հավասարը չեն ունեցել։ Իսկ Ուգանդայի հուտու և թութսի ժողովուրդների կոտորածը տեղի է ունեցել ֆրանսիացիների և բելգիացիների պասիվ կամ ակտիվ մասնակցությամբ։ Եվ վերջին հաշվով, ի՞նչ է արել քաղաքակիրթ Եվրոպան (մատների վրա չհաշված  անհատների) հայկական կոտորածները կասեցնելու համար։ Մեծ հաշվով` ոչինչ։

Չմոռանանք նաև, որ ֆաշիզմը ծնունդ է քաղաքակիրթ Եվրոպայի։ Անտոնեսկու, Խորտի, Մուսոլինի, Սալազար, Ֆրանկո, Պիլսուդսկի, Հիտլեր, Բանդերա։ Պոգրոմներ, գազակամերաներ, համակենտրոնացման ճամբարներ, գնչուների ստերիլիզացիա, տարբեր տիպի կոտորածներ, այս ամենը նույնպես եվրոպական արժեքների ժառանգությունն է։   

Աշխարհաքաղաքական խորքային գործընթացները, որոնք սպառնում են հիմնահատակ վերաձևել Մեծ Մերձավոր Արևելքը, աստիճանաբար տարածվում են նաև Եվրոպական մայրցամաքի վրա։ Ամերիկացիների թեթև ձեռքով Հարավսլավիայի փլուզումից հետո ողջ աշխարհամասով մեկ սկիզբ է առնում սեպարատիզմի` անջատականության կամ ազգային ինքնորոշման (անվանեք, ինչպես կուզեք) անկասելի շարժումը։ Իսպանիա, Իտալիա,  Շոտլանդիա, Հարավային Տիրոլ, Ֆլանդրիա, Ալանդյան կղզիներ։  Սա ըստ երևույթին, նախերգանքն է քաղաքական տեկտոնիկ տեղաշարժերի։

Սառը պատերազմի ավարտը փշրեց սափորը և ազատ արձակեց ազգայնականության ջինը, որն սկսել է շրջել Եվրոպայով, Մերձավոր Արևելքով և խորհրդային նախկին կայսության տարածքներով մեկ։  

Սա մի  կողմից։ Իսկ մյուս կողմից Եվրոպայի վրա կախված է միգրացիայի ահագնացող վտանգը։ Սա դեռ նախաբանն է այն բարձրացող ալիքի, որն իր հետ բերում է  փախստականներ Սիրիայից, արաբական մյուս երկրներից,  Հյուսիսային Աֆրիկայից, Պակիստանից, Հնդկաստանից, Աֆղանստանից,  Միջին Ասիայից։ Եվրոպայում կլինի աննախադեպ հոսք ողջ աֆրիկյան մայրցամաքից։

Արդյունքը կլինի Եվրոպայի ժողովրդագրության կտրուկ փոփոխությունը, որը գործնականում կապացուցի Սամուել Հանթիկտոնի «Քաղաքակրթությունների առճակատման» կանխատեսումը։

Այսպես, ներկայումս Եվրամիության 31 պետություններում ծնելիության գործակիցը միջին հաշվով 1,38 է, այսինքն՝ մեկ ընտանիքին բաժին է ընկնում 1,38 երեխա: Պատմական փաստերը հուշում են, որ այս թիվը հնարավոր չէ մեծացնել:

Տարիների ընթացքում այն Եվրոպան, որին մենք հիմա ծանոթ ենք և  գիտենք, կդադարի այդպիսին լինելուց: Սակայն Եվրոպայի բնակչությունը չի  նվազում, իսկ աճը 90 %-ով տեղի է ունենում իսլամական միգրացիայի հաշվին:

Ֆրանսիայում մինչև 20 տարեկան երեխաների  30%-ը մուսուլման է: Նիցցայում, Փարիզում, Մարսելում և մյուս մեծ քաղաքներում այդ թիվը հասնում է մինչև  45%-ի:

2027 թվականին յուրաքանչյուր 5-րդ ֆրանսիացին կլինի մուսուլման: Վերջին 30 տարիների ընթացքում Անգլիայում ասիական բնակչություն աճել է 30 անգամ`  82.000-ից  դարձել է 250.000: Երկրում կա ավելի քան 1000 մզկիթ՝ որոնք մեծամասնությամբ նախկինում եղել են եկեղեցիներ: Հոլանդիայում նորածինների 50%-ը մուսուլման արաբներ  է։

15 տարի հետո հոլանդացիների կեսը կլինի մուսուլման: Բելգիայում բնակչության 25%-ը և նորածինների 50%-ը մուսուլման է: Կառավարությունն այստեղ հաստատում է, որ 2025թ Եվրոպայի երեխաների 1/3-ը կլինի մուսուլման: Գերմանիայի կառավարությունը խոստովանում է, որ գերմանացիների ծնելիության նվազումն անշրջելի գործընթաց  է: Որոշ փորձագետների կարծիքով՝ 2025թ Գերմանիան կվերածվի մուսուլմանական պետության:

Նույն մուսուլմանների զոհ դարձած Մուամար Քադդաֆին ասել է. «Մեր հաղթանակը  Եվրոպայի դեմ Ալլահը  մեզ կբերի առանց սրերի, զենքի և նվաճման: Հարկավոր չեն ո՛չ ահաբեկիչներ, ո՛չ մահապարտներ: Ընդամենը մի քանի տասնամյակ անց Եվրոպայում կլինի 50 մլն-ից ավելի արաբ, որոնք այն կվերածեն մուսուլմանական աշխարհի»:
ԱՐՄԱՆ ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆ
498 reads | 31.10.2017
|
avatar

Մականուն:
Գաղտնաբառ:
Copyright © 2017 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com