ՖՐԱՆՍԻԱԿԱՆ ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԴԻՎԱՆԱԳԵՏՆԵՐԻ ՄԻ ՔԱՆԻ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ
ԱՐՄԱՆ ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆ
Արտակարգ և Լիազոր դեսպան, քաղաքական գիտությունների թեկնածու, դոցենտ
Հայ-ռուսական (Սլավոնական) Համալսարանի համաշխարհային քաղաքականության և միջազգային հարաբերությունների ամբիոնի վարիչ, ԵՐԵՎԱՆ




Ֆրանսիական դիվանագիտությունը դիվանագիտությունների դիվանագիտությունն է: Ֆրանսիացիները կանգնած են նորագույն դիվանագիտության սկզբնավորման ակունքներում: Այդ նրանք էին, որ դիվանագիտությունը դասեցին գիտությունների և արվեստների շարքին:

Իզուր չէ, որ անգլիացիներն ասում են. «Ֆրանսիական դիվանագիտությունը կարելի է ատել, բայց չի կարելի չհիանալ»։

Ֆրանսիայի արտգործնախարարության (Quai d’Orsay) դիվանագիտական կազմը բացառիկ ուժեղ է` կազմված ամենաբարձր մակարդակի պրոֆեսիոնալներից։ Առանց սխալվելու հավանականության կարելի է ասել, որ դիլետանտիզմը և նեպոտիզմը բացառված են Ֆրանսիայի ԱԳՆ-ի  կադրային քաղաքականությունում։

Հատուկ հետաքրքրություն է ներկայացնում ֆրանսիական դեսպանների կորպուսը։ Այստեղ դեսպանը ինքնուրույն անձնավորություն է։ Թալեյրանը, օրինակ, բանի տեղ չէր դնում նախարարին։ Դեսպանները հազվագյուտ, հատուկ դեր են խաղում երկրի  արտաքին քաղաքականության մեջ։ Թերևս, դրանով է  պայմանավորվում նրանց անհավատալի սակավաթիվ լինելը նախարարության համակարգում։ Մինչև վերջերս Ֆրանսիայում հաշվվում էր ընդամենը… 5 դիվանագետ, որոնք ունեին արտակարգ և լիազոր դեսպանի աստիճան։ Սա կարող է տարօրինակ թվալ շատ երկրների, (այդ թվում Հայաստանի) համար։     

Ֆրանսիական դիվանագիտությունն անցել է երկար և փայլուն ուղի։ Նրա հիմնադիրներից է կարդինալ Ռիշելյեն՝ բոլոր ժամանակների և ժողովուրդների մեծագույն դիվանագետներից մեկը, որը 400 տարի առաջ հայտարարեց, որ դիվանագիտությունը չընդհատվող գործընթաց է, մշտական բանակցություններ երկրների միջև անգամ պատերազմական գործողությունների ժամանակ (կարևոր պարադիգմ ղարաբաղյան հիմնահարցի լուծման գործում)։  Դեռ նրա օրոք ֆրանսիացիներն  իրենց գործունեության կարևոր վեկտորներից մեկը համարել են քարոզչությունն ու ապաքարոզչությունը երկրի ներսում և արտասահմանում: Բայց, քանի որ արտաքին քաղաքականության դոմինանտը և բացարձակ արժեքը պետականության գաղափարն են` դիվանագետներն ապաքաղաքական և ապագաղափարական են։  

Այդ իսկ պատճառով Ֆրանսիական արտգործնախարության ղեկավարը, հիմնականում, քաղաքական-պետական  գործիչ է, բայց ոչ դիվանագետ։ Իսկ նախարարության ողջ աշխատանքը կենտրոնացված է գլխավոր քարտուղարի` առաջնակարգ պրոֆեսիոնալի ձեռքերում։

Ֆրանսիայի արտաքին քաղաքականությունը վաղուց  կայացած և բյուրեղացած է։ Այն կախված չէ երկրի նախագահի վոլյունտարիզմից կամ արկածախնդրությունից  (ինչպես Խրուշչովի կամ Ելցինի դեպքում էր):

Այդ է պատճառը, որ ֆրանսիացի դիվանագետներին  առանձնապես չի հուզում, թե ինչպես կընթանան օրենսդրական ընտրությունները երկրում, թե որ կուսակցությունները կհաղթեն կամ ով կընտրվի նախագահ:

Ֆրանսիացիները բանակցային դիվանագիտության գրոսմայստերներ են, հմուտ  բանակցողներ: Նրանք, օրինակ, կարող են ծայրահեղությունների միջև պահել հակասական հավասարակշռություն, ինչը քիչ բանակցողների է հաջողվում: Այդ տարբերակը նրանք փայլուն կիրառեցին Փարիզ-Երևան-Անկարա քաղաքական ֆորսմաժորային եռանկյունոմ, երբ վճռվում էր Հայկական  մեծ եղեռնի ժխտումը քրեականացնելու վերաբերյալ օրենքը։   

Ֆրանսիացիները մեծ ուշադրություն են դարձնում նախնական պայմանավորվածություններին, նախընտրում են նախօրոք քննարկել հարցերը, հաճախ, մաս առ մաս, որպեսզի հետո այն վճռեն վերջանականորեն։ Նրանք վերին աստիճանի հարգալից են, բարեհաճ, կատակասեր, սակայն լուրջ բանակցությունների ժամանակ չեն խուսափում առճակատումից։  

Բանակցությունների ընթացքում երբեք չեն թերագնահատում դիմացինի ուժը, սակայն ամեն կերպ պահում են անկախությունը և չեն նահանջում։ Նրանք չեն ընկրկում և, որպես կանոն, չունեն պահուստային տարբերակ, քանի որ իրենց հաշվարկներում կանխատեսում են միայն հաղթանակ։ Այդ կապակցությամբ ֆրանսիացի դիվանագետները սիրում են հղում կատարել Նապոլեոնին։ Նրան մի առիթով հարցնում են, թե ինչպես է, որ նա միշտ հաղթանակ է տանում գերմանացի ֆեդմարշալ Բլյուխերի դեմ։ Զորավարը պատասխանում է. «Որովհետև Բլյուխերը կառուցում է իր ռազմավարական պլանները` ելնելով այն  հաշվարկից, որ իր դեմ Բլյուխերն է, իսկ ես իմ դեմ պատկերացնում եմ Նապոլեոնին»։

Ֆրանսիական դիվանագիտությանն առանձնացնում է շարմը և հմայքը։ Նրա ներկայացուցիչները բնավորությամբ կենսախինդ են,  գալանտ, անգամ նրբագեղ: Նրանք  իրենց համարում են դիվանագիտության էլիտար թիմ։ Նման կարծիքը գոյության իրավունք ունի։ Այն հիմնված է Ֆրանսիական գիտության և մշակույթի նվաճումների, գեղանկարչության, գրականության, փիլիսոփայության բարձր արժեքների վրա։  Տարբեր ժամանակներում Ֆրանսիայի ԱԳՆ-ում աշխատել են Վոլտերը, Ֆրանսու Ռենե Շատոբիրանը, Ստենդալը, Ալֆոնս Լամարտինը, Պոլ Կլոդելը, Ալեքսիս Լեժերը, Բուրբոն Բասետը և ուրիշներ։ (Միայն Ռուսաստանն է նման թվով գրողներ ներգրավել դիվանագիտական ծառայության մեջ)։

Սակայն ֆրանսիացի դիվանագետներին ֆետիշացնելը սխալ կլիներ։ Իրենց բոլոր բարեմասնությունների կողքին նրանք կարող են լինել գծուծ, խորամանկ,  անմատչելի և սնոբ։  Նրանք հարգանքով են վերաբերվում այլազգիներին, սակայն ֆրանսիացին նուրբ նացիոնալիստ  է:

Նրանց դիվանագետները չափազանցության մեջ են ընկնում գործընկերների կարգավիճակի հաշվով, այսինքն խիստ կարևորում են այլ երկրի դիվանագետների աստիճանը,  ավելի  քան, օրինակ, ամերիկացիները, իտալացիները կամ իսպանացիները։ Ընդհանրապես ֆրանսիացին բծախնդիր է կապերի նկատմամբ։ Եթե, դուք իրեն պետք եք, նա սիրով կշփվի ձեզ հետ, եթե հետաքրքրությունը վերանա, ձեզ կարող է չճանաչել։   

Ֆրանսիացի դիվանագետը չի սիրում գործընկերոջը տուն հրավիրել։ Բացառություններ լինում են բարձրաստիճան անձանց (դեսպանի) պարագաում։ Նա նախընտրում է հանդիպումները դեսպանությունում կամ դրսում։ Ժամադրության  առումով այնքան էլ ճշտապահ չէ։ Կարող է ուշանալ, իսկ եթե դուք եք դա թույլ տվել, անպայման կնկատի։   

Ֆրանսիացիները կապերը հիմնականում հաստատում են սեղանի շուրջ։ Մեծամասնության մեջ նրանք, ինչպես ասում են, «bon vivant» են (մոտավոր թարգմանությունը` կյանքը սիրող, այն գնահատող)։ Նրանց մեջ գուրմանները շատ են։ Ֆրանսիացի դիվանագետները վերին աստիճանի ուշադիր են ուտեստների և խմիչքի նկատմամբ։ Հարկ է զգույշ լինել այդ առիթով  կարծիք հայտնելիս կամ  գնահատական տալիս։ Իսկ եթե գովեք ձեզ հյուրասիրողի ընտրած գինին, կարող եք վստահ լինել, որ ձեր հարաբերությունների շարունակությունը ապահովված է։

(…Ֆրանսիացիները միշտ լավ են վերաբերվել հայերին և բարձր են գնահատել նրանց աշխատասիրությունը, ազնվությունն ու նվիրվածությունը իրենց ընդունած և ապաստան տված երկրին)։

Գալով հոդվածի թեմային` մեր կարծիքով, Հայաստանի դիվանագետները շատ բան ունեն սովորելու Ֆրանսիական դիվանագիտությունից, որը հնագույններից և լավագույններից մեկն է աշխարհում։ Դրա խորը ուսումնասիրությունը և ստեղծագործաբար  կիրառումը կարող է մեծապես նպաստել հայկական դիվանագիտության կատարելագործման և զարգացման գործին։
ԱՐՄԱՆ ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆ
426 reads | 09.10.2017
|
avatar

Մականուն:
Գաղտնաբառ:
Copyright © 2017 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com