ՄԱԿ-ՈՒՄ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ԵԼՈՒՅԹԻ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ՄԻ ՔԱՆԻ ԱՍՊԵԿՏՆԵՐԻ ՄԱՍԻՆ
ԱՐՄԱՆ ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆ
Արտակարգ և Լիազոր դեսպան, քաղաքական գիտությունների թեկնածու, դոցենտ
Հայ-ռուսական (Սլավոնական) Համալսարանի համաշխարհային քաղաքականության և միջազգային հարաբերությունների ամբիոնի վարիչ, ԵՐԵՎԱՆ





Արդի միջազգային հարաբերությունների խնդիրների վերաբերյալ բանավեճերի ու կարծիքների բախման շարքում հաճախ են շոշափվում Միավորված Ազգերի Կազմակերպության (ՄԱԿ) և նրա ինստիտուտների գործառնությունում տեղ գտած թերություններն ու վրիպումները, նրանց անզորությունը` կանխելու աշխարհի տարբեր ծագերում ծավալվող պատերազմներն ու արյունահեղությունները, կամ իրագործելու այն խնդիրներն ու ծրագրերը, որի համար էլ ծնունդ է առել այդ համաշխարհային կազմակերպությունը։

Այդ իսկ պատճառով միջազգային ամբիոններից հաճախ են հնչում առաջարկներ ու կարծիքներ նրա կատարելագործման, վերակազմավորման, անգամ՝ կազմաքանդման վերաբերյալ։

Այդուհանդերձ, ՄԱԿ-ը եղել և մնում է նորագույն պատմության միջազգային հարաբերությունների ամենաարդյունավետ և միակ մեխանիզմը, որի նշանակությունը դժվար է գերագնահատել։

Ավելին, ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեան այն ֆորումն է, որի ամբիոնից անդամ-պետությունների ղեկավարները ցուցադրում են իրենց տեսլականն ու մտքերն աշխարհի գործերի և վիճակի մասին, հանդես են գալիս իր տեսակի մեջ տարեկան հաշվետվությամբ և ծանոթացնում են գործընկերներին իրենց ծրագրերի և անելիք պլանների հետ։

Այդ իսկ պատճառով յուրաքանչյուր նախագահի ելույթը դառնում է համաշխարհային ուղեղային կենտրոնների (think tank) ուսումնասիրությունների ու վերլուծությունների թեմա, որոնց հիման վրա արվում են հետևություններ և գծվում ուղենիշեր` նրա երկրի նկատմամբ վարվելիք քաղաքականության համար։

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ելույթի դիվանագիտական վերլուծությունը, մեր կարծիքով, ներկայացնում է հետևյալ պատկերը`

1. Ելույթի առյուծի բաժինը հատկացված է Արցախի խնդրին։ Նշվում է, որ կոնֆլիկտը ոչ միայն քաղաքական է, տնտեսական կամ տարածքային։ Կոնկրետ փաստերի վրա ցուցադրվում և ապացուցվում է, որ Ադրբեջանը կիրառում է էթնիկական վիկտիմոլոգիայի և արմենոցիդի քաղաքականություն հայ ժողովրդի մի հատվածի նկատմամբ։ Եվ ոչ միայն։ Հայտնի է Ալիևի էքսպանսիոնիստական նկրտումներն Արցախից զատ՝ Հայաստանի հասցեին, որը նրա ֆաշիստական զառանցանքներում պատկերվում է՝ որպես «Ադրբեջանից խլված տարածք», և այն պետք է հետ վերադարձնել։

Ադրբեջանի նման քաղաքականության մերկացումը ՀՀ նախագահի կողմից արված է ճիշտ տեղում և ճիշտ ժամանակին՝ երկու առումով. ա) ՄԱԿ-ն այն հարթակն է, որտեղ մշակվել և  ընդունվել են մարդու իրավունքների, ազատությունների, ցեղասպանության դատապարտման և այլ բարձր արժեքներ ընդգրկող փաստաթղթեր, բ) աշխարհում ընթացող տուրբուլենտային իրադարձությունների շրջանում, որը բաժին է ընկել այս սերնդին, տեղի են ունենում արժեքային համակարգերի խորքային տեղաշարժեր։ Եթե 1975 թվականի Եվրոպայի անվտանգության և համագործակցության Հելսինկիի վերջնական փաստաթղթում հավասարության նշան էր դրվում պետությունների տարածքային ամբողջականության և ազգային ինքնորոշման սկզբունքների միջև, ապա այսօր  այդ կարծրատիպի դիմաց հարցական նշան է դրվում։ Ի՞նչ հավասարության մասին կարող է խոսք լինել, երբ հենց մեր քթի տակ` Մերձավոր Արևելքում, սրբագրվում են Սայքս-Պիկոյի` պետությունների քանոնով գծած սահմանները, և հեռու չէ այն օրը, երբ տարածաշրջանում ծնվելու են նոր պետություններ։ Արցախի կողքին հայտնվում են Աբխազիան, Օսիան, Քրդստանը, Կատալոնիան։ Շղթայական ռեակցիա, որը շարունակվելու է։ Դիվանագետ Ալիև էֆենդին չի ուզում տեսնել այս ամենը։

Ելույթում նշված Արցախի հիմնահարցի կարգավորման այս շեշտադրումները, ինքնորոշման գերակայությունը, միանգամայն այժմեական են և հարկ է դրանք զարգացնել հետայսու բոլոր ուղղություններով և հնարավոր միջոցներով։

ՀՀ նախագահը կոչ է անում ՄԱԿ-ին՝ իրականացնել Արցախի իրավական կարգավիճակը։ Ի դեպ` ավելացնենք, որ այստեղ Հայաստանն ունի միջազգային իրավունքի չօգտագործված ռեզերվներ ևս։ Օրինակ` ՄԱԿ-ի կողմից առաջադրված և ընդունված «remedial secession» բանաձևը, որն իրավունք է վերապահում ազգային փոքրամասնության անջատումը տվյալ պետությունից, եթե այդ փոքրամասնությունը վտանգված է տվյալ սուբյեկտի կողմից։

Իր էության մեջ նախագահի ելույթը խաղաղ ճանապարհով և միջազգային իրավունքի սահմաններում Արցախի հիմնախնդրի հանգուցալուծման տարբերակ է։ Սակայն պատկերել, թե սա պաստորական պացիֆիզմի կոչ է, կլիներ մոլորություն։ Հայկական դիրքորոշումը «փափուկ ուժի» (soft power) առաջարկ է, սակայն «կոշտ ուժի» (hard power) կիրառումը բացառված չէ։ «Ադրբեջանը պետք է ճանաչի և հարգի Արցախի ժողովրդի կողմից իր ապագան ազատ կամարտահայտությամբ որոշելու իրավունքը, իսկ արցախահայության անվտանգությունը պետք է երաշխավորված լինի բոլոր հնարավոր միջազգային և ներքին մեխանիզմներով»: Իմպերատիվ տոնով ասված այս խոսքերը լուրջ նախազգուշացում են հակառակ կողմին։ Սա արդի դիվանագիտության մեթոդաբանության ցուցադրում է, երբ նշված երկու ուժերը զուգակցվում են մեկ այլ` «խելացի ուժի» (smart power) ուղեկցությամբ։

2. Ելույթում շոշափվում են հայ-թուրքական հարաբերությունների զարգացման հնարավոր հեռանկարները։ «Հայաստանը, այնուամենայնիվ, շարունակում է համոզված լինել, որ յուրաքանչյուր երկու հանրապետություններ պարտավոր են հիմնել և վայելել կանոնավոր հարաբերություններ՝ իրենց միջև հնարավոր բոլոր տարաձայնությունները քննարկելու և դրանց լուծումները գտնելու նպատակով»: Հնչում է ԳԱ-ի ամբիոնից։ Եթե դիմելու լինենք դասական դիվանագիտությանը, ապա կարող ենք փաստել, որ բանակցելը միակ ճիշտ և արդարացված միջոցն է պետությունների հարաբերություններում։

Դեռ չորս հարյուր տարի առաջ բոլոր ժամանակների մեծագույն դիվանագետ կարդինալ Արման Ռիշելյեն ասել է, որ պետք է բանակցել անգամ, եթե պետությունները պատերազմում են` անվանելով դա «մշտական բանակցությունների» (les n’egotiations permanents) բանաձև։ Հայկական կողմի պատրաստակամությունը՝ բանակցել Անկարայի հետ, միանշանակ կբարձրացնի նրա հեղինակությունը միջազգային գետնի վրա։

3. Նշելով, որ Հայաստանը ծրագրում է նոյեմբեր ամսին Եվրամիության հետ ստորագրել Համաձայնագիր համապարփակ և ընդլայնված գործընկերության մասին` նախագահը համոզմունք հայտնեց, որ դա «նոր թափ կհաղորդի երկրում իրականացվող ինստիտուցիոնալ բարեփոխումներին»: Սա, բացի կառավարական ծրագիր լինելուց, նաև պատասխան է «Ելք» խմբակցության սկսած կամպանիային` Եվրասիական կազմակերպությունից դուրս գալու վերաբերյալ։ Եզրակացություն. ՀՀ վարելու է ԵՄ և ԵվրԱզԵսին անդամակցելու քաղաքականություն։ Այսինքն որդեգրելու է «և-և»-ի, այլ ոչ թե «Կամ-կամ»-ի պարադիգմ։

4. Նախագահը չէր կարող չխոսել սիրիական ճգնաժամի մասին։ Սիրիայի ժողովրդի տառապանքներին նեցուկ կանգնելու պատրաստակամության մասին  նրա խոսքերի տակ մենք հասկանում ենք նաև ականազերծման աշխատանքներին հայ մասնագետների հնարավոր մասնակցությունը։ Այս կապակցությամբ կցանկանայինք նշել, որ որոշ լրատվամիջոցների արտահայտած մտավախությունը, թե նման քայլը կդիտվի՝ որպես սիրիական պատերազմին մասնակցություն, և Հայաստանի դեմ կհարուցի ԴԱԵՇ-ի վրեժխնդրությունը` զուրկ է տրամաբանությունից։ 1) Ականազերծումը ականապատում չէ և ողջ աշխարհում ընկալվում է՝ որպես հումանիտար, այլ ոչ թե՝ ռազմական գործողություն։ 2) Հավանական չէ, որ հայկական չեզոքությունն իսլամական ֆունդամենտալիստների մեջ ծնի բարեկամական զգացումներ քրիստոնյա հայերի նկատմամբ։ Համենայն դեպս, մեր դեմ թշնամական գործողություններ ծրագրելու դեպքում, նրանք հազիվ թե հաշվի առնեն կամ չառնեն հայ սակրավորի մասնակցությունն այդ գործին։

5. Մենք ողջունում և բարձր ենք գնահատում նախագահ Սերժ Սարգսյանի ելույթի՝ հայերենով հնչելու հանգամանքը։ Սա կարևոր դիվանագիտական-քաղաքական քայլ է։ Ոչ այնքան արտաքին աշխարհի համար, այնտեղ մայրենի լեզվի օգտագործումը բնական քայլ է` միջազգային նորմերի սահմաններում։ ՄԱԿ-ում հայերեն լեզվի օգտագործումը՝ պետության նախագահի կողմից, կարելի է դիտել՝ որպես պատասխան Հայաստանի այն քաղաքական ուժերին, որոնք փոթորիկ են բարձրացրել մեկ բաժակ ջրում, թե հայոց լեզուն ճնշվում և կործանվում է դրսի ուժերի կողմից։

6. Եվ վերջինը։ Մեր գնահատմամբ՝ Սերժ Սարգսյանի հավասարակշռված և ճիշտ հաշվարկված ելույթն ավելի շահեց Ալիևի միլիտարիստական, պատերազմական ոգով անգլերենով հնչեցրած խոսքի ֆոնին, չհաշված նրա ընտանիքի անդամների կեցվածքը նիստերի դահլիճում, երբ դուստրը սելֆի նկարահանումով էր զբաղված, որը, չգիտես ինչու, ինձ հիշեցրեց էժանագին ստրիպտիզի սցենար։

Սկզբնաղբյուրը՝ 168.am
ԱՐՄԱՆ ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆ
466 reads | 02.10.2017
|
avatar

Մականուն:
Գաղտնաբառ:
Copyright © 2017 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com