Ի՞ՆՉ ԵՆ ՓՆՏՐՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԸ ԵՎ ԱԴՐԲԵՋԱՆԸ ՄԵՐՁԱՎՈՐ ԱՐԵՎԵԼՔԻ ԽԱՌՆԱՐԱՆՈՒՄ
ԱՐՄԱՆ ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆ
Արտակարգ և լիազոր դեսպան, ԵՐԵՎԱՆ






Հինգ տարուց ավելի Սիրիայում մոլեգնող պատերազմի բոցը սպառնում է «դուրս ժայթքել շառավղից» և  տարածվել տարածաշրջանով մեկ։  

Այդ առիթով ամերիկյան հեղինակավոր «Foreign Policy» ամսագիրը չարագուշակ կանխատեսում է անում`  համեմատելով 1914-ի Սարայեվոն 2017-ի Դոհայի հետ։ «Մենք ավստրո-հունգարական գահաժառանգի սպանության պատմական պահի ականատեսն ենք եղել, որը հանգեցրեց Առաջին համաշխարհային պատերազմին»,- գրում է պարբերականը և պարզապես վախեցնում առանց այն էլ քիչ սարսափներ չտեսած մարդկանց, թե «այս անգամ բախումը կարող է սկսվել մի կողմից Սաուդյան Արաբիայի, Արաբական Միացյալ Էմիրատների զինված  ուժերի,  մյուս կողմից` Իրանի բանակի միջև»։ Եվ կոչ է անում «Վաշինգտոնին գործել շատ արագ, որպեսզի կասեցվի պատերազմը։  Չսպասել արյունալի նախճիրի բռնկմանը»։

Իրո՞ք քաղաքական իրադրությունը տարածաշրջանում այդ աստիճան պայթունավտանգ է։  Եվ ինչո՞ւ հենց հիմա այնտեղ բնակվող ժողովուրդների վրա կախվեց պատերազմի ռեալ վտանգը։ Չէ՞ որ տնտեսական, ռազմաքաղաքական և կրոնական հակասությունները Մերձավոր Արևելքի մեծ և փոքր պետությունների անբաժան ուղեկիցներն են եղել  բոլոր ժամանակներում` և՛ սառը պատերազմի տարիներին, և՛ դրանից հետո։  Մրցակցությունը,  թշնամանքը, բախումներն ու սադրանքները  անպակաս են եղել աշխարհի  ածխաջրերով գերհրարուստ այս անկյունում, որտեղ  մեծ տերությունները մշտապես դավեր են նյութել, «բաժանել և տիրել են» («divide et impera»)։

2003 թվականին Իրաքը քարուքանդ անելուց հետո Միացյալ Նահանգները կարծես թե պաուզա էին վերցրել մերձավորարևելյան խիստ ակտիվ ռազմաքաղաքական իրենց գործառույթներում։ Վաշինգտոնի ներկա վերադարձը տարածաշրջան կարող է  փոխել իրադրությունը, ուժերի հարաբերակցությունը, խաղացողների գործելակերպը և աշխարհաքաղաքական  պատկերը։

Ահաբեկչության դեմ պայքարի նպատակով  «արաբական ՆԱՏՕ-ի» ստեղծման Սպիտակ տան ծրագիրը, իհարկե, ողջունելի է։ Սակայն  Ռիադում նրա  շնորհանդեսից ընդամենը մի քանի օր անց պարզ դարձավ, որ հույսերը սին  են, իսկ վտանգները` բազմաթիվ և ռեալ։

Նոր «ՆԱՏՕ-ի» հիմքում դրված է Իրանի դեմ արաբական պետությունների համախմբման և պայքարի պարադիգման, որը կարող է այնպիսի պատերազմի պատճառ դառնալ, որի համեմատ սիրիական  ռազմական գործողությունները կթվան մանկական «կռիվ-կռիվ»։

Նախ, տեղի ունեցավ մուսուլմանական համերաշխության  «միջնաբերդի»  (եթե, իհարկե, այդպիսին կար) փլուզում։ Յոթից ավելի «եղբայրական» երկրներ խզեցին դիվանագիտական հարաբերությունները Քաթարի հետ և կատարյալ աբստրուկցիայի ենթարկեցին նրան` մեղադրելով «ահաբեկչության և արաբական աշխարհի անվտանգությանը սպառնալու մեջ»։ Դրան անմիջապես հաջորդեց ահաբեկչական գործողությունների շարք Թեհրանում։ (Իրանի դեմ նման գործողություններ կիրառողները մոռանում են, կամ չգիտեն մի բան, որ Իրանը ոչ Բահրեյն է, ոչ էլ Քուվեյթ, իսկ այսօրվա պարսիկները սասանյանների հետներդներն են)։  

«Արաբական ՆԱՏՕ»-ի հակաիրանական գիծը եթե հարատևի, վերջին հաշվով ունենալու է նաև հակառուսական ուղղվածություն։

…Իսկ ի՞նչ գործ ունեն այդ կողմերում և այդ ամենում Ադրբեջանն ու մենք։  

Մեր հարևանի քաղաքական և դիվանագիտական մտքի թռիչքը հասկանալու համար առանձին խելք պետք չէ ունենալ։ Բաքուն փորձելով մանևերել Մոսկվա-Անկարա-Վաշինգտոն-Թեհրան քառանկյունում` հնարավորինս ձգտում է մոտենալ  մուսուլմանական աշխարհի, հատկապես, պահպանողական թևին` ակնկալելով ֆինանսա-տնտեսական, ռազմական և քաղաքական-դիվանագիտական դիվիդենտներ։

Հետո,  «արաբական ՆԱՏՕ»-ի շրջանակներում Ադրբեջանը փորձելու է շահարկել մուսուլմանական երկրների, առաջին հերթին, Պակիստանի և Սաուդյան Արաբիայի հնարավորությունները հակահայկական, հակաարցախյան գործունեություն ծավալելու համար։ Արաբական-մուսուլմանական  ֆորումներում Բաքուն ջանք չի խնայելու արցախյան հիմնահարցին կրոնական բնույթ հաղորդել։

Նման դիվանագիտության հետևանքը կարող է լինել այն, որ Ադրբեջանը, վերջիվերջո, կհայտնվի հակառուսական և հակաիրանական ալյանսում։

ՀՀ դիվանագիտության խնդիրներից մեկը պետք է լինի Մոսկվայի և Թեհրանի առաջ ադրբեջանական նման ավանտյուրիստական քաղաքականության մերկացումն ու վարկաբեկումը։

Իսկ հայ-քաթարական հարաբերությունների առումով կարելի է ասել հետևյալը։ Որոշ քաղաքական գործիչներ այն միտքն են հայտնում, որ այդ երկրի հետ վերջերս վիզային ռեժիմի վերացումը վտանգներ է պարունակում հանրապետության ազգային շահերի,  Հայաստանի քաղաքացիների և ֆիզիկական անձանց   համար, և առաջարկում են   չեղյալ հայտարարել այդ օրենքը։

Բացի այդ, առաջարկվում  է  սառեցնել  երկկողմ հարաբերությունները Քաթարի հետ` ելնելով հանգամանքից, որ մի շարք երկրներ խզել են  նրա հետ դիվանագիտական հարաբերությունները։

Մեր խորին համոզմամբ, նման դատողությունները զուրկ են քաղաքական տրամաբանությունից  և չեն բխում հանրապետության շահերից։

Ընդհակառակը։ Մեր ռազմավարական դաշնակից Ռուսաստանի և բարեկամ Իրանի կողմից ճանաչվող Քաթարի  հետ հարաբերությունների խորացումն ու զարգացումը կարող է բարձրացնել  մեր հեղինակությունը արաբական աշխարհում։

Լինելով  ՀԱՊԿ-ի և ԵԱՏՄ-ի անդամ` Հայաստանը որդեգրել է այդ կազմակերպությունների և այլ քաղաքական  ուղղվածություն ունեցող երկրների միջև համագործակցության  կապող օղակի և կամուրջի դեր խաղալու առաքելությունը։   

Սա այն լավագույն առիթներից մեկն է ապացուցելու համար  նման ընտրության կենսունակությունն ու հեռանկարայնությունը։
ԱՐՄԱՆ ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆ
607 reads | 10.06.2017
|
avatar

Մականուն:
Գաղտնաբառ:
Copyright © 2017 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com