ԵԿԱՎ, ՏԵՍԱՎ, ՊԱՐՏՎԵՑ. ԱՄՆ ՆԱԽԱԳԱՀ ԴՈՆԱԼԴ ԹՐԱՄՓԻ ԱՅՑԸ ՍԱՈՒԴՅԱՆ ԱՐԱԲԻԱ
ԱՐՄԱՆ ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆ
Արտակարգ և լիազոր դեսպան, ԵՐԵՎԱՆ

Եկա, տեսա, հաղթեցի
Veni, vidi, vici
Հուլիոս Կեսար


Դոնալդ Թրամպը հազիվ թե ծանոթ լինի Օտտո Բիսմարկի այն  դիպուկ խոսքերին, թե ամենից շատ ստում են պատերազմի ժամանակ, որսից հետո և ընտրություններից առաջ։ Սակայն նա երևի ինքնաբերաբար հաստատեց մեծ դիվանագետի մտքերը,  երբ ընտրություններից առաջ սարեր շուռ տալու խոստումներ տվեց, իսկ երդմնակալությունից հետո դրանք կամ  մոռացավ, կամ էլ սկսեց հակառակն անել։ Եվ այնպիսի մի շիլաշփոթ ստեղծեց տանը, որ գլխին կախվեց իմպիչմենտի դամոկլյան սուրը։ Եվ հավանաբար այնժամ նա որոշեց ներքաղաքական լարվածությունը կոծկել արտաքին քաղաքականության հաջողություններով։ (Սա հին և փորձված տրյուկ է դիվանագիտության զինանոցում, որից փայլուն կերպով օգտվել է Նապոլեոնի տաղանդավոր արտագործնախարար Մորիս Թալեյրանը)։

Իսկ ինչո՞ւ Թրամպը և նրա հմայիչ կինը ճամփա ընկան հենց դեպի Մերձավոր Արևելք։ Հավանաբար նրա խորհրդականները, որոնք պրոֆեսիոնալներ են, ուրեմն, իրենից ավելի խելացի են և փորձառու, հուշեցին, որ առաջին այցելությունը հարկ է կատարել հենց ա՛յդ երթուղով։  Դրդապատճառները երկուսն են`

ա/ վերջին շրջանում  Միացյալ Նահանգները  գրեթե «աչքաթող են արել» այդ գերկարևոր տարածաշրջանը, հատկապես, Օբամայի օրոք։ Հետևաբար անհրաժեշտ էր այնտեղ «կարգ ու կանոն»  հաստատել, ստուգել, թե պետություններից  որն  ինչով և ինչպես է «շնչում»։ Մի խոսքով` վերադառնալ «ի շրջանս յուր»,
բ/ և ամենակարևորը` Սպիտակ տանը չէին կարող անտեսել, որ Մերձավոր Արևելքում տեղի են ունենում տեկտոնիկ ցնցումներ, որոնք հղի են անկանխատեսելի հետևանքներով միջազգային ուժերի հարաբերակցության և համաշխարհային քաղաքականության   համար։  Ընդհուպ, Սաքս և Պիկոյի դեռևս անցյալ դարի 16 թվականին քանոնով գծված սահմանների փոփոխության, պետությունների անհետացման, և  կամ առաջացման հավանականությամբ։ Իսկ դուրս մնալ նման գործընթացներից, կնշանակի դադարել գերտերություն լինելուց և հայտնվել մեծ քաղաքականության հետնաբակում։  

Հասնելով Սաուդյան Արաբիա` Թրամփը զարմացրեց աշխարհին ֆինանսական գործարքների չափերով` 110 միլիարդ դոլարի ժամանակակից զենք ու զինամթերք ամենամոլեռանդ մուսուլմանական  վարչակարգ ունեցող երկրներից մեկին, հետո ևս 350 միլարդ դոլարի պայմանագրեր երկկողմ համագործակցության համար տասը տարվա ընթացքում։ Թրամփը հպարտությամբ հայտարարեց, թե «ԱՄՆ-ն կստանա միլիարդավոր դոլարների ներդրում, ինչպես նաև շատ-շատ աշխատատեղեր»։ Դրանով 45-րդ նախագահը փորձեց բարձրացնել իր երերացող  հեղինակությունը շարքային ամերիկացիների աչքում և մի փոքր էլ տրորել այն ընդդիմախոսների քթերը, որոնք ճգնում են նրան «գահընկեց» անել։ Սակայն անմիջապես հակահարված ստացավ։

«Վաշինգթոն փոստը» սևով սպիտակի վրա գրեց, որ 110 միլիարդը առայժմ թղթի վրա է, և որ այդ ծրագիրը մշակված է դեռևս Օբամայի կողմից և կյանքի չկոչվեց տարբեր դեպքերի բերումով։ Բացի այդ, «շատ ու շատ  աշխատատեղերը» լինելու են միայն ռազմական արդյունաբերության ոլորտում։ Եվ այսպես, Թրամփին հերթական անգամ բռնեցին  ստի մեջ։ (Քաղաքական լիդերի սուտը կործանարար է նրա համար` առավել ևս Նահանգներում։ Ամերիկացին կարող է ներել նախագահի սխալը, բայց սուտը` երբեք։ Արդյունքում, եթե մինչև Սաուդյան Արաբիա գալը Թրամփի դեմ հանդես էին գալիս ամերիկացիների 47%-ը ապա մի երկու օրում այդ թիվը մոտեցավ գրեթե 50%-ի)։

Եթե Թրամփի ֆինանսա-տնտեսական ձեռնարկները Միջին Արևելքում վիճահարույց են,  ապա այստեղ նրա քաղաքական-ռազմավարական քայլերն ու ծրագրերն ընդհանուր առմամբ տարակուսանք են պատճառում, իսկ դրանց ապագան ուրվագծվում  է մշուշում և կասկածանք  հարուցում քաղաքականության «Ա»-ն «Բ»-ից ջոկողների ուղեղներում։

Այսպես, Էր Ռիադում հավաքվեցին մուսուլմանական աշխարհի 55 ղեկավարներ, ծափահարեցին Թրամփի որոշումը «մինի» կամ «արաբական ՆԱՏՕ» ստեղծելու վերաբերյալ, երդվեցին միահամուռ կերպով վերջ դնել իսլամական ահաբեկչությանը։

Ցավոք, այդ, իրոք, ազնիվ գործի  իրականացման  հավանականության տոկոսը շատ ցածր է։ Խնդիրն այն է, որ նորաթուխ «ՆԱՏՕ»-ի առանցքային անդամների համար ահաբեկչություն հասկացողությունը խիստ տարբեր է, հետևաբար տարբեր են նաև նրանց նպատակներն ու նկրտումները։  

Նախ` Սաուդյան Արաբիայի համար, որը հանդիսանալու է այդ կառույցի ղեկավարը,  ԻԼԻՊ-ի (ԴԱԵՇ) ահաբեկչությունը ներկայանում է Բաշար Ասադի, Իրանի և  նրա ռազմականացված կազմակերպության Հըզբոլլայի տեսքով։ Բացի այդ, անհասկանալի է, թե ինչպես է Էր Ռիադը պայքարելու նույն ԴԱԵՇ-ի դեմ, որի ստեղծման և  ամրապնդման գործում եղել է առաջիններից մեկը, այսօր էլ շարունակում է մնալ իսլամական ահաբեկիչների ստնտու մայրը, նրան ֆինանսավորողը և զինողը (բոլորովին վերջերս Մոսուլում հայտնաբերեցին Սաուդյան Արաբիայից ստացված զենքեր)։

Գալով Թուրքիայի. նա  ևս քիչ  չի աշխատել արմատական իսլամիզմի կայացման և հաստատման համար։ Հարելով հակաահաբեկչական կոալիցիային` Անկարան  ավելի ձևացնելու  է, քան մասնակցելու ԴԱԵՇ-ի դեմ ռազմական գործողություններին։ Նրա հիմնական նպատակը եղել և մնում է անհաշտ պայքարը քրդական շարժման դեմ ամենուր` Թուրքիայում, Սիրիայում, Իրաքում։
Ահաբեկչության դեմ պայքարելու և այն արմատախիլ անելու գործում հազիվ թե կարողանան օգտակար լինել նաև Քաթարը, Արաբական Միացյալ Էմիրությունները, Քուվեյթը և Ծոցի մյուս երկրները։

Միայն Ռուսաստանը, Իրանը և Սիրիայի կառավարությունն են իրական պայքար մղողը ԴԱԵՇ-ի` իսլամական արմատականության ու ջիհադի զինյալների դեմ։

Այսպիով, ամերիկացները փորձում են համատեղել անհամատեղելին՝ հավանաբար մոռանալով, որ նորագույն պատմությանը հայտնի չեն արաբական երկրների համատեղ պայքարի օրինակներ։ Արաբների քաղաքական միասնականությունը կառուցված է սահարական ավազի վրա։

Հետաքրքիր է նշել, որ «արաբական  ՆԱՏՕ»-ի կնքահայրը անմիջականորեն մասնակցություն չի բերելու նրա գործառույթներին և հավատարիմ իրաքյան պատերազմից քաղած դառը դասերին` չուղարկել  ամերիկյան  զինվորին օտար ափերում կռվելու,  քեռի Սեմը փորձում է շագանակներն ուրիշի ձեռքերով հանել կրակից։ Ավելի էժան է,  ավելի անվտանգ։

Թրամփին հաջողվեց Բրյուսելում ընդամենը ստանալ Սթոլթենբերգի հավաստիացումը, որ ՆԱՏՕ-ն միանալու է իր նորածին եղբորը` «արաբական ՆԱՏՕ-ին։ Բայց ի՞նչ կերպ։ Զինվորական խորհրդականներ, օդանավերի թռիչքներից ստացվող նյութեր, վարժական ծրագրեր։ Ընդամենը սա է լինելու ալյանսի մասնակցությունը կոալիցիային։ Նա  չի պատրաստվում կռվել ահաբեկիչների դեմ։ Չհամոզեց նույնիսկ Թրամփի հուզական խնկարկումը Մանչեստրի ողբերգության անմեղ զոհերի հիշատակին։
Ավելին։ Ստերջ մնացին Թրամփի ջանքերը կոալիցիայի հետ նույն տանիքի տակ տեսնելու տարածաշրջանային իր ռազմավարական ամենահավատարիմ դաշնակցին` Իսրայելին։ Թրամփի այցելությունը Իսրայել դիվանագիտական ժարգոնով անվանվում է քաղաքական «կուլբիտ», որի արդյունքը Օ է։ Իսրայելի և Սաուդյան Արաբիայի միջև  չստեղծվեցին շփման կետեր անգամ։

Մեզ համար հատուկ հետաքրքրություն է ներկայացնում Ադրբեջանի մասնակցությունը սաուդյան հավաքին։ Ալիևի վոյաժը ամենայն հավանականությամբ մշակված  և համաձայնեցված էր Էրդողանի հետ, որը Վաշինգտոնի կողմից նկատելի շնորհազրկվածության պատճառով առաջ է հրում կրտսեր գործընկերոջը, որպեսզի նա պաշտպանի և՛ իր, և՛ Անկարայի շահերը։ Թե ինչ կտա Բաքվի սիրախաղը «մուսուլման եղբայրների» հետ, ինչպես նաև նրանց օգնությամբ Թրամփի բարձր հայացքին արժանանալը, ցույց կտա ժամանակը։ Բայց կարելի է չկասկածել, որ Ադրբեջանի անկախության օրվա  կապակցությամբ Թրամփի խիստ ջերմ շնորհավորանքը Ալիևին գրվել է  հե՛նց սաուդյան հավաքի ժամանակ, իհարկե, ոչ առանց շահագրգիռ ուժերի ջանքերի։ (Չնկատել Ալիևի քաղաքական հոտառությունը և դիվանագիտական համառությունը, սխալ կլիներ)։

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

1.ԱՄՆ փորձում է նոր թափ հաղորդել իսլամական ահաբեկչության դեմ միջազգային պայքարին։ Սակայն նրա ստեղծած ամերիկյան-արաբական-իսլամական կոալիցիայի  հաջողությունն այդ ուղղությամբ, օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներով, լավատեսական հույսեր չեն ներշնչում։
2.Արաբների ձեռքերով Իրանին չեզոքացնելու Թրամփի նկրտումները հղի են լուրջ վտանգներով, որոնք կարող են քաոսային իրավիճակ ստեղծել Մեծ Մերձավոր Արևելքում և կրոնական պատերազմ հրահրել 300 միլիոն շիաների ու 1 միլիարդ սուննիների միջև։
3.Իրանի նկատմամբ Թրամփի որդեգրած թշնամական քաղաքականությունը տարածվում է նաև  նրա ռազմա-քաղաքական կազմակերպության` Հըզբոլլայի վրա։ Նման կուրսի խորացումը` գումարած Սաուդյան Արաբիայի և Իսրայելի դասական   թշնամանքը Թեհրանի նկատմամբ, կարող են հարվածի տակ դնել Հըզբոլլային «հյուրնկալած» Լիբանանը, ներառյալ բազմահազարանոց հայ համայնքը։
4. Թուրք-ամերիկյան հարաբերությունների նկատելի տեղատվությունը կարող է էլ ավելի զարգանալ, որի պատճառներից մեկը ամերիկա-սաուդյան սկսված «սիրախաղն» է։ Դեպքերի դինամիկան գալիս է հուշելու, որ ԱՄՆ-ն Թուրքիային փոխարինելու է Սաուդյան Արաբիայով` կարգելով վերջինիս որպես «տեղապահ» տարածաշրջանում։
5.ԱՄՆ-ի մերձավորարևելյան և եվրոպական վեկտորների արդի քաղաքականությունը կարող է հանգեցնել Ռուսաստան-Թուրքիա-Իրան ալյանսի ստեղծմանը, որին, բացառված չէ,  կհարի նաև Իսրայելը։
6.Խաղալով աշխարհաքաղաքական տարբեր ուղղության  լարերի վրա` Ադրբեջանը ձգտում  է հնարավորինս մերձենալ մուսուլմանական ռադիկալ պետություններին,  ինչը կխորացնի Ռուսաստանի և Ադրբեջանի միջև նկատվող ճեղքվածը և, բացառված չէ, որ  հանգեցնի Բաքվի` հակառուսական դաշինքի մեջ հայտնվելուն։
7.Անդամագրվելով սաուդյան կազմակերպությանը` Ադրբեջանը ջանք չի խնայելու հակահայաստանյան և հակաարցախյան նպատակադրված աշխատանք տանելու համար։ Բացի քաղաքական ուղղվածությունից, նա իր գործողություններին հաղորդելու է նաև կրոնական երանգ` արցախյան հիմնահարցը ներկայացնելով որպես հակամուսուլմանական շարժում։

ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ

1. Պակիստանի և Սաուդյան Արաբիայի կողմից ՀՀ ճանաչումը և դրանց հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատումը հայկական դիվանագիտության կարևոր խնդիրներից մեկը պետք է դառնա։ Պակիստանի դեպքում նպատակահարմար է օգտագործել  Իրանի, նաև Չինաստանի հնարավորությունները, իսկ Սաուդյան Արաբիայի պարագայում` Ծոցի երկրների հետ մեր բարեկամական հարաբերությունները։
2 . Ալիևի վոյաժը Սաուդյան Արաբիա կարոտ է մանրակրկիտ ուսումնասիրության` մոտիվները, հնարավոր զարգացումներն ու  հետևանքները հստակ պատկերացնելու և դրանց  հակազդելու համար։
3. Անհրաժեշտ է հատուկ աշխատանք տանել իրանական ուղղությամբ Ադրբեջանի հետ նրա հարաբերությունների խաթարման նպատակով` օգտագործելով Բաքվի արտաքին և ներքին քաղաքական գործառույթները, որոնք հակասում են Իրանի շահերին ու հետաքրքություններին։ (Դրանք մեկից ավելի են)։
4.  Քայլեր ձեռնարկել Իսրայելի հետ հարաբերությունները բարելավելու և երկու երկրներում դեսպանություններ բացելու նպատակով։
5.Ուսումնասիրել Իսրայել-Իրան հարաբերություններում Հայաստանի միջնորդական առաքելության հնարավորություններն ու նպատակահարմարությունը։ Իսրայելում և Իրանում կան գործիչներ, որոնք ընդառաջ կգնան նման ձեռնարկին։
6. ՀՀ-ն կորցնում է Մերձավոր Արևելքում  հայկական համայնքների ներուժը` հատկապես սիրիական պատերազմի հետևանքով։ Դա իր հետ բերում է հանրապետության քաղաքական-դիվանագիտական  հնարավորությունների նվազում արաբական աշխարհում։ Պահանջվում են հրատապ միջոցներ այդ գործընթացը կանխելու և իրադրությունը շտկելու համար։

ՀՀ պետական և ազգային շահերը շոշափող վերոնշյալ  առաջարկների իրականացումը, մեր կարծիքով, հնարավոր կլինի միայն այն դեպքում, եթե այդ գործընթացին ակտիվորեն մասնակցեն հանրապետության շահագրգիռ պետական կառույցները, ինչպես նաև հանրային դիվանագիտության գործունյա օղակներն ու փափուկ ուժի միջոցները։ Այդ գործընթացում հարկ է լայնորեն ներգրավել սփյուռքի կազմակերպությունները, եկեղեցին, կուսակցությունները, անհատներին, ինչպես նաև բարեկամ երկրների դիվանագիտական կորպուսները։
ԱՐՄԱՆ ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆ
4704 reads | 29.05.2017
|
avatar

Մականուն:
Գաղտնաբառ:
Copyright © 2017 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com