ՌՈՒՍ ՔԱՂԱՔԱԳԵՏԸ՝ ԱԶԵՐՊՐՈՊԻ ՕԲՅԵԿՏ. ԱՐՀԱՄԱՐՀԵ՞Լ, ԼՌԵ՞Լ, ԹԵ՞ ՊԱՏԱՍԽԱՆԵԼ
![]() Արտակարգ և լիազոր դեսպան, ԵՐԵՎԱՆ ![]() Լինելով Հայաստանի ռազմավարական դաշնակից և բարեկամ երկիր Ռուսաստանի քաղաքացի` Շևչենկոն արցախյան կոնֆլիկտում խաղաղարարի դերով հանդես գալու փոխարեն սերմանում է ազգամիջյան անհաշտություն, թշնամանք ու սադրանք։ Սույն «քաղաքագետը» երկար տարիներ հավատարմաբար ծառայում է «ազերպրոպին» և ստանալով իր «նավթադոլարները»` ըստ ամենայնի, դոլարները դնում է գրպանը, իսկ նավթը` լցնում հակամարտող կողմերի կրակին։ Վերահրապարակում ենք 2008-ի հոդվածը՝ առանց փոփոխությունների. ԱՐՀԱՄԱՐՀԵ՞Լ, ԼՌԵ՞Լ, ԹԵ՞ ՊԱՏԱՍԽԱՆԵԼ… 2008թ. սեպտեմբերի 15-ին Մաքսիմ Շևչենկոն հանդես եկավ հարցազրույցով, որի խորագիրն է «Ես գիտեմ, որ Շուշան սուրբ քաղաք է ադրբեջանցիների համար»։ Որ սա սադրանք և խոր վիրավորանք է պարունակում յուրաքանչյուր հայի զգացումների և ազգային արժանապատվության համար՝ երկու կարծիք լինել չի կարող: ![]() Հարցազրույցի առաջին մասում Շևչենկոն վերլուծում է վրաց-ռուսական հակամարտության օգոստոսյան դեպքերը և այդ կապակցությամբ Եվրախորհրդի գագաթնաժողովի որոշումը: Նա հայհոյում է վրացիներին, լեհերին, մերձբալթներին, փնովում ամերիկացիներին։ Ես չեմ մեկնաբանի նրա վերլուծությունները, չնայած, որպես ազատ քաղաքացի, այդ իրավունքն ունեմ: Քաղաքական կուլտուրայի հարց է. կոնֆլիկտի սուբյեկտներից մեկը՝ Ռուսաստանն, իմ երկրի ռազմավարական գործընկերն է. ռուսը մեր բարեկամն է, մյուսը՝ Վրաստանը, մեր դարավոր դրկիցն է: Պատասխանելով այն հարցին, թե ինչ կերպ կարտացոլվի Աբխազիայի և Օսիայի ճանաչումը Ղարաբաղի կոնֆլիկտի վրա, Շևչենկոն առանց աչքը թարթելու հայտարարում է. «Ինձ համար շատ դժվար է խոսել այդ թեմայով, որովհետև ես շատ եմ սիրում ադրբեջանական ժողովրդին և հարգանքով եմ վերաբերվում հայ ժողովրդին»: Չգիտեմ, թե բազային ինչ կրթություն է ստացել հարցազրույց տվողը, բայց պետք է որ իր զբաղեցրած պաշտոնն ու աշխատանքային փորձը հուշեին, որ սերը քաղաքական կատեգորիա չէ: Սիրո մասին խոսում են այլ տեղ և այլ պարագաներում: Համենայն դեպս, շնորհակալություն հայ ժողովրդի անունից, որ ինքը նրան գոնե չի ատում: Ըստ Շևչենկոյի՝ «Ռուսաստանում կան փորձագետներ, որոնք սիրում են դրոշ թափահարել Հայաստանի կամ Ռուսաստանի համար»: Պարզվում է, որ ինքը՝ Շևչենկոն, դրոշ թափահարողների թվին չի պատկանում: Այս հարցում մեր բախտը բերել է: Ուրեմն, նա հանդես չի գալու որպես անհատ-փորձագետ, այլ «պատմելու է այն դիրքորոշման մասին», որն «ինքն ունի որպես Ռուսաստանի Հասարակական պալատի անդամ»: Եվ այսպես՝ որպես պաշտոնական անձ, որպես այդ բարձր ատյանի անդամ՝ Շևչենկոն ազդարարում է. «Միանշանակ է, որ մինչև Լեռնային Ղարաբաղից արտաքսված բոլոր փախստականները չվերադառնան, մինչև մարդիկ, որոնք ապաստան են գտել Բաքվում, Գյանջայում, փոխհատուցում չստանան, անհնար է գտնել ղարաբաղյան հարցի լուծումը»: Այսպես է խոսել Շևչենկոն: Եվ սա գրված է սևով սպիտակի վրա: Այնպես որ, պարոն Տիգրան Սարգսյան, պատրաստեք կոնտրիբուցիան՝ ռազմատուգանքը: Միայն թե փողը փոխանցելիս չմոռանաք Ռուսաստանի Հասարակական պալատին հարցնել, թե ինչպես է լուծվելու Բաքվից և Ադրբեջանի մյուս բնակավայրերից մազապուրծ եղած հայ փախստականների վնասի փոխհատուցման հարցը: Իսկ ադրբեջանցի փախստականների հարցը Շևչենկոյի համար, ըստ երևույթին, իդեա ֆիքս՝ սևեռուն մտատանջանք է, քանի որ նա կրկին է անդրադառնում խնդրին՝ կոչ անելով Ադրբեջանին հարցը «դնել ամենայն սրությամբ», և հույս հայտնում, որ «Ռուսաստանն ըմբռնումով կմոտենա դրան»: ![]() Եվ վերջում Շևչենկոն խփում է հարցազրույցի գլխավոր մեխը, որը կամ քաղաքական դեմագոգիա է, կամ էլ որոշակի քաղաքական պատվեր: «Ռուսաստանն այնքան էլ ճիշտ չի հայտարարել, որ Հայաստանն իր միակ ռազմավարական դաշնակիցն է Անդրկովկասում, այդ դիրքորոշման նկատմամբ Ռուսաստանում գոյություն ունեն այլ մոտեցումներ», ազդարարում է Հասարակական պալատի անդամը և այն միտքն է հայտնում, որ ռուսական տարբեր քաղաքական խմբավորումներ և ուժեր ներկայումս տեսակավորում են Հարավային Կովկասում իրենց բարեկամ, թշնամի և չեզոք երկրները: Կրկին շեշտելով, որ Ռուսաստանը տարածաշրջանը դիտում է որպես շահերի գոտի, նա հիշեցնում է, որ Անդրկովկասի քարտեզի վրա հայտնվել են երկու նոր պետություններ՝ Հարավային Օսիան և Աբխազիան, անկախ այն հանգամանքից՝ բոլո՞րն են ընդունում այդ փաստը, թե՝ ոչ: Ահա այսպիսի հարցազրույց է մեզ հրամցնում ադրբեջանական 1st News.Az-ը: Ի՞նչ անել՝ արհամարհե՞լ, լռե՞լ, պատասխանե՞լ: Միջազգային հարաբերություններում, մասնավորապես՝ դիվանագիտական պրակտիկայում, գոյություն ունի հնուց եկող չգրված օրենք. երբեք կուլ չտալ այն դառը հաբը, որը պարունակում է պետությանդ հեղինակությունն ու արժանապատվությունը վիրավորող փոքր ակնարկ անգամ: Կարևոր չէ, թե որտեղից և ումից է գալիս այդ վիրավորանքը, մեծ, թե փոքր պետությունից, դաշնակցից, թշնամուց, թե չեզոք հարևանից: Դա առաջին հերթին քո պետության, քո տիրույթի նկատմամբ հարգանքի և ակնածանքի կրեդոն է, քո դիվանագիտության անկախության և հաջողության կարևոր գրավականներից մեկը: Հարգիր ինքդ քեզ, որ քեզ հարգեն: Այս այբուբենական խրատն առ այսօր, ցավոք սրտի, օտարված է հայկական դիվանագիտության զինանոցից: Ժամանակն է ուշքի գալ, և որդեգրել իրավիճակին համահունչ մտածելակերպ և գործելակերպ, գոնե հիմա, երբ հանրապետությունը կանգնած է լուրջ մարտահրավերների առջև: 2008թ. Հ.Գ. Շևչենկոյի վերջին քաղաքական պեռլին` մարգարիտին անդրադարձել է ճանաչված լրագրող Մարինա Գրիգորյանը՝ իր մերկացնող, փայլուն հոդվածում, որը խորհուրդ կտայինք կարդալ։ («Флаг Арцаха и вокруг него», «Голос Армении», 16 марта 2017 года) | |
ԱՐՄԱՆ ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆ | |
3305 reads | 20.05.2017
| |