ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ԲԱՆԱԿՑՈՒԹՅԱՆ ԱՐՎԵՍՏԸ ԱՆԳԱՄ ՊԱՏԵՐԱԶՄԻ ԺԱՄԱՆԱԿ
![]() Արտակարգ և լիազոր դեսպան, ԵՐԵՎԱՆ (Դիվանագիտության սոցիալ-հոգեբանական և էթնոհոգեբանական մի քանի ասպեկտներ) Մաս առաջին Ի՞նչ է դիվանագիտությունը Դիվանագիտությունն անցել է դարավոր ուղի, սակայն այսօր էլ նրա գիտական սահմանումը ամբողջացված չէ։ Մի շարք անվանի տեսաբաններ և պրոֆեսիոնալ դիվանագետներ «դիվանագիտություն» եզրի շրջանակներում առանձնացնում են բանակցային գործընթացները միջազգային և միջպետական հարաբերություններում։ ![]() Արևմտյան և ռուս, նաև խորհրդային հեղինակավոր մասնագետներ (Ֆրանսու դը Կալիներ, Ժյուլ Կամբոն, Էդուարդ Սատոու, Վիկտոր Պոպով և ուրիշներ) դիվանագիտության վերլուծությունում նույնպես շեշտում են բանակցութունների առաջնայնությունը` չմոռանալով նրա մյուս սեգմենտների կարևորությունը միջազգային հարաբերություններում։ Չնայած դիվանագիտության սահմանման գործում գոյություն ունեցող իրարից որոշ առումով տարբերվող մեկնաբանություններին, անգլիական, ամերիկյան, ֆրանսիական և ռուսական գրականությունում նշվում է մի ընդհանուր և կարևոր բնորոշում. դիվանագիտությունը պետական քաղաքականություն է միջազգային գետնի վրա և երկրների միջև, որով զբաղվում են դեսպանները, դեսպանորդները և հյուպատոսները։ ![]() Մեր կարծիքով, դիվանագիտությունը պետության արտաքին քաղաքականության իրականացման գործիք լինելուց զատ, հանդիսանում է քաղաքագիտության բաղադրիչ։ Ավելի կոնկրետ. դիվանագիտությունը արտաքին քաղաքականության գիտության սեգմենտ է (եթե նման գիտություն գոյություն ունի)։ Եթե վերոնշյալը վիճահարույց է և կարիք ունի մշակման, բոլոր դեպքերում այն տեղավորվում է տրամաբանության շրջանակներում և գոյության իրավունք ունի։ Այդուհանդերձ, քանի որ դիվանագիությունը մարդկային գործունեության ամենաբարդ ոլորտներից է, դժվար է, եթե ոչ անհնար, որոշել նրա սպառիչ սահմանումը։ Դրա համար անհրաժեշտ է գտնել դիվանագիտության թեկուզ ընդհանուր, էական և ամենակաևորը` դիվանագետի հմտության գիտական և «արվեստագիտական» մասնաչափերը։ Միայն այս դեպքում կարելի կլինի ճշգրտել դիվանագետի կարողություններն ու պրոֆեսիոնալ մակարդակը։ ![]() Մեզ համար այստեղ հարց է ծագում՝ եթե դիվանագիտությունը միջազգային հարաբերություններում առողջ բանականության առկայություն է նշանակում, միայն այդ տեսակետից, կարելի՞ է պնդել, թե այն (դիվանագիտությունը) գիտություն է։ Կամ, կարելի՞ է ասել, որ գիտությունը ստեղծվում է միայն առողջ բանականության օգնությամբ, ինչպես նշում է մեծարգո հեղինակը, առանց հաշվի առնելու այն մյուս բաղադրիչները, որոնք դիվանագիտությունը վերածում են գիտության։ Հազիվ թե։ Նշենք, որ բյուզանդական դիվանագիտությունն իր ախտաշատ հետքը թողեց միջազգային հարաբերությունների, հատկապես եվրոպական դիվանագիտության և դիվանագետների վրա։ Կաշառակերություն, սադրանք, կեղծիք, խաբեություն, լրտեսություն, այս և նման այլ հատկանիշներ համարվել են բյուզանդացի դիվանագետների «ջենտլմենական հավաքածուն»։ Այդ շրջանի դեսպանները իրենց համարում էին «պատվավոր լրտեսներ»։ Նրանք խորապես համոզված էին, որ անձնական բարոյականությունը` հասարակական բարոյականությունից անկախ ինչ-որ բան է։ Նրանց կարծիքով, պաշտոնական սուտը քիչ ընդհանրություն ունի առանձին վերցրած անձնավորության ստի հետ։ Հետևաբար անպատվաբեր և անազնիվ չէ օտարերկրյա կառավարություններին խաբելը և մոլորության մատնելը` աղավաղելով փաստերն ու ճշմարտությունը։ Դիվանագիտական պրակտիկայի նմանօրինակ նկարագրությունները կարևոր են այն տեսանկյունից, որ դրանց բացահայտումը և ըմբռնումը հնարավորություն է ընձեռում լավ հասկանալ անազնիվ դիվանագետների տրամաբանության հիմնական սխեման։ Այն դիվանագետները, որոնք կարծում են, որ իրենց արատավոր արարաքներն ու վարքագիծը անձնական գործ է և ազդեցություն չի գործում իրենց ներկայացնող պետության իմիջի և հեղինակության վրա, չարաչար սխալվում են։ Դիվանագետի վարքագիծը ոչ թե միայն իր անձի, այլ նրան ներկայացնող հասարակության բարոյականության արտահայտությունն է։ Եթե կազմելու լինենք նման դիվանագետների ընդհանուր հոգեբանական մոդելը, այն հավանաբար կհնչի այսպես. «Իմ սխալները և հակասոցիալական արարքներ ոչինչ չեն փոխի իմ և դեսպանընկալ երկրների հարաբերություններում»։ Սա իռացիոնալ հոգեբանություն է, իսկ հետևանքը արժեքների փոխակերպումն է հակաարժեքների։ ![]() Այսօր էլ, դժբախտաբար, շատ երկրների դիվանագետներ գործում են լրտեսության, խաբեության, կեղծիքի, կոռուպցիայի դաշտում։ Համեմատաբար երիտասարդ հայկական դիվանագիտության սրբազան պարտքը պետք է լինի խուսափել այդ դաշտում լարված որոգայթներից։ Դրանք կործանարար են նախ առանձին վերցրած դիվանագետի, ապա և պետական շահերի ու ազգային անվտանգության համար։ | |
ԱՐՄԱՆ ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆ | |
3222 reads | 12.05.2017
| |