ԻՆՉ Է ԿԱՏԱՐՎՈՒՄ, ԵՐԲ ԹԱԳԱՎՈՐԸ ՄԵՐԿ Է
ԱՐՄԱՆ ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆ
Արտակարգ և լիազոր դեսպան, ԵՐԵՎԱՆ






Պետության լիդերը ժողովրդական մասսաներից պետք է թաքցնի անձնական կյանքը, զգացմունքները, առօրյան ու սովորույթները։

Այս պոստուլատի բացարձակ ճշմարտությունը գալիս է դարերի խորքից, որին հետևել և ճշգրտությամբ կիրառել են Մեսոպոտամիի, Եգիպտոսի, Էլլադայի և հին Հռոմի առաջնորդները։

Սեփականն ու ինտիմը  հասարակական կյանքից սահմանազատելը  և քողարկելը համարվել է բարեկիրթ վարվեցողության պարտադիր պայման ֆրանսիական արքունիքներում` հատկապես Լյուդովիկոս   XIV-ի և նրա հաջորդի`Լյուդովիկոս XV-ի սիրուհի (ֆավորիտ) մարկիզուհի Պոմպադուրի օրոք։

Անձնական կյանքի և ապրելակերպի թանձր շղարշումը շրջապատից ժամանակին դարձել է ֆրանսիական քաղաքական  մշակույթի անքակտելի գործոնը, որը զարգացել, հղկվել  և հասել է մինչև մեր օրերը։

Սակայն լիդերի շուրջ խորհրդավոր մթնոլորտի ստեղծումը դրանով չի սահմանափակվում։  Առաջանում է վարքագծի, արտաքին տեսքի, հագնվելու (dress code), կեցվածքի և արարողակարգային բազմաթիվ մեծ ու փոքր, գրված և չգրված կանոնների մի ամբողջական համակարգ, որը ԷԹԻԿԵՏ անվան տակ դառնում է ղեկավարի անբաժան ուղեկիցը, ինչի անտեսումը  կամ  դրանից հրաժարումը խիստ թանկ է նստում  նրա վրա։

Շատ մասնագետներ  այն կարծիքին են, որ աշխարհաքաղաքական խորը տեղաշարժերի և լայնամասշտաբ ինտեգարցիոն գործընթացների պայմաններում տեղի է ունենում քաղաքական գործիչների և դիվանագետների արարողակարգի և ցերեմոնիալի նկատելի փոփոխություն` հատկապես դրանց պարզեցում։

Նման վարկածը ճիշտ է մասնակիորեն։ Ընդհակառակը` անցյալ դարի 60-ական թվականներից հետո քաղաքական մշակույթի մեկընդմիշտ մաս դարձած ոչ խոսքային` ոչ վերբալ հաղորդակցությունը (Ալբեր Մեհրաբյանի տեսությունը), լիդերների կյանքը շատ ավելի է բարդացնում։ Այսօր աշխարհի մեծերը ստիպված են ոչ միայն թաքցնել սեփական սովորույթներն ու զգացմունքները, այլև խստորեն հետևել իրենց  դիմախաղին, քայլվածքին, ժեստերին, հայացքին և այլն։ Այդ իսկ նպատակով նախագահներն ունեն ոչ միայն ճառեր գրող օգնականներ (speech writer), այլև ժեստերի լեզվի (body language) խորհրդականներ։ Նրանք  հուշում են «շեֆին», ինչպես պահել իրեն տեսախցիկի կամ ժողովրդի առաջ: Նպատա՞կը։ Երևալ մարդկանց կարիքները հոգացող, ազնիվ, անկեղծ, խելացի և այլ բարեմասնություններով օժտված անձնավորություն, անգամ, եթե նա զրկված է դրանցից։

Շնորհիվ նման հնարքների են  թագավորի հպատակները և նախագահի համաքաղաքացիները դատում նրանց անհատականության և բարոյակամային  հատկանիշների մասին` ապահովելով բարձր հեղինակություն և լեգիտիմություն։

Սակայն երբ լիդերը, այնուամենայնիվ, իրեն «սխալ է պահում» և   ժողովրդից «ոչինչ չի թաքցնում»` կնքում է իր քաղաքական մահկանացուն։  Շատերն են հիշում 90-ական թվականների Ռուսաստանի նախագահին։  «Հարբեցող, ծաղրածու, հիմար», որը «չի կարողանում իրեն պահել հասարակության մեջ և պաշտոնական միջոցառումների ժամանակ»։  Սրանք ոչ միայն արևմտյան դիտորդների,  այլ  հենց ռուսների գնահատականներն են, որոնք իրենց նվաստացած էին զգում «հիվանդ և անհեթեթ» լիդերի պատճառով։

Ելցինին հաջորդող Վլադիմիր Պուտինը ամեն առումով` և՛ քաղաքական, և՛ բարոյահոգեբանական,  և՛ ֆիզիկական նրա հակապատկերն է։ Նա բարձրացրեց նվաստացած և թուլացած Ռուսաստանը` «չբացահայտելով» անձնական կյանքը և սովորույթները, դրանով իսկ հնարավորություն ընձեռելով համաշխարհային ԶԼՄ-երին հորինել իր կյանքի մասին ռեալ կամ մտածածին դրվագներ։

Գալով ամերիկացիներին` նրանք ևս  պակաս նվաստացում և ֆրուստրացիա չապրեցին, երբ 1998 թվականին իրենց նախագահը մազապուրծ եղավ  իմպիչմենտից, սակայն պետական հանձնախմբին մանրամասն նկարագրեց Մոնիկա Լեվինսկու հետ պոռնոգրաֆիայի ժանրի սցենարներ, և ընդամենը երկու ձայնի տարբերությամբ հանձնաժողովը խնայեց նախագահին` նրան ավելի նվաստացուցիչ ստուգման չենթարկելու համար։

Ռուսներից և ամերիկացներից հետ չեն մնում ֆրանսիացիները, որոնց լիդերները հաճախ են հայտվում իրենց իսկ ստեղծած կանոնների ծուղակում։ Եթե ներկա նախագահ Ֆրանսուա Օլանդն այսօր վայելում է իր ընտրողների  վստահության ընդամենը 4%-ը, և հրաժարվել է վերընտրվելուց, ապա դիտորդների կարծիքով, պարտական է իր 2016 թվականին գրած «Նախագահը չպետք է դա ասի» գրքին, որի էջերում նա ծայրաստիճան անկեղծանում է համաքաղաքացիների առաջ` «մերկանալով ոտքից  մինչև գլուխ»։   

Իսկ մեկ ուրիշ լիդերի` Նիկոլա Սարկոզի «երգը երգվեց»,   երբ  2008 թվականին մամուլի ասուլիսի ժամանակ նա հայտարարեց. «Կառլայի (Սարկոզիի կինը, Ա.Ն.) հետ մենք լավ հարաբերությունների մեջ ենք»։ Ստացվում է, որ 600 լրագրողների առաջ նա «մերկանում է»` ի ցույց դնելով անձնական կյանքը  և հիասթափեցնելով  իր քաղաքացիներին։

Եվ հակառակը` Ֆրանսու Միտերանը վայելում էր համաքաղաքացիների հարգանքն ու համակրանքը, թեկուզ  այն բանի համար,  որ մինչև իր նախագահական ժամկետի վերջը կարողացավ թաքցնել ամուսնությունից դուրս ունեցած աղջկա գոյությունը։

Պետության լիդերը սովորական մահկանացու չէ, նրա կինը` նույնպես։   Իզուր չի ասված, «Կեսարի կինը պետք է կասկածից դուրս լինի»։

Հետևաբար լիդերը չի կարող ապրել զուտ իր համար, իր կյանքով, իր հոգսերով։ Այդ ամենը քաղաքական մշակույթում պայմանավորված է քաղաքացիների կամ հպատակների սպասումներով։ Լիդերը պետք է ունենա որոշակի վարքագիծ և իմիջ։ Իսկ նրա կարգավիճակը համակարգված է կարծրատիպերով, որոնք լեգիտիմության և հուսալիության նախապայմաններն են և սկիզբ են առնում մարդկության արշալույսից։  

Եվ եթե թագավորը ինչ-որ մի օր մերկ դուրս է գալիս փողոց, իսկ  շքախումբը ձևացնում է, թե չի տեսնում մերկությունը, դա դեռ չի նշանակում, որ նա հագնված է։

Հետո, երբ  երեխան բացականչում է «Բայց, թագավորը մե՜րկ է»,  բոլորն էլ «նկատում» են, որ նա, իրո՛ք,  մերկ է։
ԱՐՄԱՆ ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆ
1595 reads | 25.04.2017
|
avatar

Copyright © 2017 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com