ՀԱՅԿԱԿԱՆ ԻՆՏԵԳՐԱՑԻԱՅԻ ԱՌԱՎԵԼՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՍՏՈՐՋՐՅԱ ԽՈՒԹԵՐԻ ՄԱՍԻՆ
ԱՐՄԱՆ ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆ
Արտակարգ և լիազոր դեսպան, ԵՐԵՎԱՆ






Գոյատևման բնազդը` միավորվելու դրդապատճառ

Մարդու բնածին բնազդների մեջ առանձնանում է ինքնապաշտպանական կամ գոյատևման բնազդը (Primal Survivor). Ներազդելով անձի ինտուիտիվ, ենթագիտակցական մակարդակի վրա` այդ բնազդը ավտոմատ կերպով ի հայտ է գալիս, երբ անձին վտանգ է սպառնում, և նա ինքնապաշտպանվում է։ Նույն բնազդը, էմպիրիկ ճանապարհով, մարդուն հուշում է, որ ավելի հուսալի և անվտանգ է կյանքը և ինչքը խմբակային, կոլեկտիվ կերպով պաշտպանելը։ Եվ եթե վայրի կենդանինները, առաջնորդվելով նույն այդ բնազդով, կազմում են ոհմակներ գոյատևելու և հարձակվելու համար, ապա մարդ արարածը (homo sapiens) ստեղծում է կոլեկտիվ անվտանգության մեխանիզմներ, որը վերջին հաշվով նույն նպատակն է հետապնդում։

Անտիկ դարերից առ այսօր պետությունները ստեղծել և շարունակում են ստեղծել քաղաքական, տնտեսական և ռազմական դաշինքներ` մեկտեղելով իրենց ուժերը յուրաքանչյուրն իր խնդիրները առավելագույնս հաջողությամբ լուծելու համար։ Պելոպոնոսյան միությունից մինչև ՆԱՏՕ, Սրբազան միությունից մինչև Եվրամիություն բոլոր դաշինքները, ալյանսները կոալիցիաներն անխտիր հետամուտ են եղել այս բաղձալի նպատակին։

Դրականը և բացասականը դաշինքների անդամ-պետությունների համար

Բոլոր ժամանակներում և բոլոր հասարակարգերում, երբ պետությունները միավորվում են այս կամ այն դաշնությունում, առաջին հերթին հետաքրքրվում են. ինչ են շահում կամ ինչ են կորցնում։ Նրանց համար պարզ է մի բան՝ համագործակցելով ռազմաքաղաքական և տնտեսական կառույցում, իրենք կորցնում են քաղաքական անկախության որոշակի մասը, քանի որ ինքնիշխանության գործառույթների մի մասը փոխանցում են տվյալ դաշինքի տնoրինությանը։ Դա հիմնականում վերաբերում է արտաքին քաղաքականությանը։ Իսկ անդամ-պետության մասնակցության չափաբաժինը դաշինքին պայմանավորված է նրա քաղաքական հայեցակարգով, նպատակներով, կառուցվածքով, մյուս մասնակիցների ռազմական և տնտեսական հզորությամբ, միմյանց հետ ունեցած հարաբերություններով, այլ դաշինքներին նրանց մասնակցության հանգամանքով և այլն։ Կոլեկտիվ միավորումների կանոնադրությունների ընտրովի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ դրանցում անխտիր կերպով հավասարության նշան է դրված անդամ-պետությունների միջև։ Նրանք, որպես կանոն, օժտված են միևնույն պարտականություններով և իրավունքներով (բացառություն են կազմում ֆինանսական պարտավորությունները` կախված նրանց կարողություններից ու մասշտաբներից)։ Մինչդեռ իրականում պատկերը միանգամայն այլ է։ Ցանկացած դաշինք կառավարվում է նրա մաս կազմող գերտերության կամ ամենահզոր պետության կողմից, որին էլ պատկանում է որոշումներ ընդունելու և իրագործելու մենաշնորհը։ Օրինակ, ԱՄՆ-ը ՆԱՏՕ-ում և ՌԴ-ը` ՀԱՊԿ-ում և ԵԱՏՄ-ում։ Փոքր պետությունների իրավունքները, որոնք անդամակցում են այս կամ այն դաշինքին, որպեսզի ապահովագրեն իրենց անկախությունն ու անվտանգությունը այլ` ավելի ուժեղ երկրների ոտնձգություններից ու սպառնալիքներից, անհամեմատ սահմանափակ են մյուս անդամ-պետությունների իրավունքների համեմատ։ Ստացվում է, որ դաշինքին փոխանցած նրանց ինքնիշխանության չափը և ձեռք բերած դիվիդենտները անհամաչափ (ասիմետրիկ) են։

Հայաստանը աշխարհաքաղաքական ինտեգրացիայի խաչմերուկներում

Խորհրդային տարիներին Հայաստանը ԽՍՀՄ-ի 15 հանրապետություններից մեկն էր, որի անվտանգությունն ապահովում էր մի կողմից Մոսկվան, մյուս կողմից` Վարշավայի պայմանագրի կազմակերպությունը, որը 1949 թվականին Միացյալ Նահանգների գլխավորությամբ ստեղծված Հյուսիս ատլանտնյան դաշինքի (ՆԱՏՕ) հակոտնյան էր։

Սառը պատերազմի ավարտը և ԽՍՀՄ-ի փլուզումը նորանկախ Հայաստանի համար իր տեսակի մեջ պատմական փորձություն էր՝ որ կողմ թեքվել և որ բլոկին հարել։ Կատարված ընտրությունը ճիշտ էր և արդարացված։ Ռուսաստանի հետ բոլոր վեկտորներով համագործակցելը, այնուհետև նրա գլխավորած ռազմաքաղաքական և տնտեսական դաշինքներին անդամակցելը բխում է Հայաստանի պետականության կայացման և ազգային շահերից և մեծ հաշվով համապատասխանում է հանրապետության աշխարհաքաղաքական և անվտանգության հետաքրքրություններին։

1992 թվականին Հայաստանը Տաշքենտում ստորագրեց Հավաքական Անվտանգության Պայմանագրի Կազմակերպություն (ՀԱԲԿ) պայմանագիրը, որը պարտավորվում է պաշտպանել անդամ-երկրների տարածքային-տնտեսական տարածությունը բանակների եւ օժանդակ ստորաբաժանումների համատեղ ջանքերով ցանկացած արտաքին ռազմաքաղաքական ագրեսորներից, միջազգային ահաբեկիչներից, ինչպես նաեւ խոշոր չափերի բնական աղետներից:

Հաջորդ ինտեգրացիոն քայլը Հայաստանի կողմից` ԵԱՏՄ-ին միանալու որոշումն էր, որը սկզբում շատերի կողմից ընկալվեց որպես Եվրամիությունից, և ընդհանրապես Արևմուտքի հետ բոլոր տեսակի կապերի բացառում։ (Քաղաքական հետագա զարգացումները հերքեցին նման պոստուլատի կենսունակությունը հայկական դիվանագիտության համար):

Կոալիցիա` ստեղծված կռիլովյան առակի սցենարով

Հայաստանի համար այս երկու կոալիցիաների անգամ թռուցիկ վերլուծությունը գալիս է ապացուցելու հետևյալը։ ԵԱՏՄ դեռևս հայկական կողմին, և ոչ միայն նրան, չի բերում տնտեսական, ֆինանսական և արտահանման-ներկրման սպասված դիվիդենտները, ինչը որոշ առումով արդարացված է` աշխարհաքաղաքական քաոտիկ երևույթների, հատկապես Ռուսաստանի նկատմամբ կիրառվող կոշտ պատժամիջոցների պատճառով։

Այլ է իրավիճակը ՀԱՊԿ-ի ներսում և նրա շուրջն ընթացող զարգացումների հետնապատին։ Ի տարբերություն ԵԱՏՄ-ի ( ստեղծված` 2014 թ.)` ՀԱՊԿ Հայաստանի համար ունի առանցքային, կենսական նշանակություն, նրա ազգային անվտանգության և պետականության ապահովման տեսանկյունից։ Չմոռանանք մեր աշխարհագրական դիրքը, չորս հարևաններից մեկի հետ փաստացի պատերազմական, մյուսի հետ` լարված և պայթունավտանգ հարաբերությունների առկայությունը։

Հաշվի առնելով այս ամենը` առանց սխալվելու մեծ հավանականության, կարող ենք փաստել, որ այսօրվա դրությամբ ՀԱՊԿ, կոպիտ ասած, կիսատ-պռատ է իրականացնում պայմանագրով իր վրա դրված պարտականությունները անդամ-պետություններից մեկի` Հայաստանի նկատմամբ։ Եվ խիստ կասկածելի է, որ ֆորս-մաժորային իրադրության դեպքում կարդարացնի իր գոյությունն ընդանրապես։

Այս վարկածը բխում է կոալիցիայի անդամ-պետությունների միմյանց հետ հարաբերակցության ու դրսի խաղացողների հետ նրանց վարած քաղաքականության բնույթից և ուղղվածությունից։

ՀԱՊԿ-ի քառորդ դարյա գործունեությունն ապացուցում է, որ միության ներսում բացակայում է կոլեկտիվ համերաշխությունը և նրա անդամների սիմետրիկ գործելակերպը։ Այստեղ Հայաստանը ռազմաքաղաքական ամուր կապերով կապված է միայն Ռուսաստանի հետ, որն արդարացված է երկկողմ պատմական, աշխարհաքաղաքական և տարածաշրջանային շահերով ու հետաքրքրություններով։ Հայ-ռուսական հարաբերություններն ամրագրված են միջազգային բազմաթիվ պայմանագրերով, որոնք դուրս են գալիս ՀԱՊԿ-ի շրջանակներից և գործում են ավտոնոմ ռեժիմով, անկախ այդ կոալիցիայի քաղաքական վայրիվերումներից։ Ռուս-բելառուսական հարաբերությունների ներկա վիճակը առանձին հույսեր չի ներշնչում նրանց` ինչպես երկկողմ կապերի, այնպես էլ միության ներսում ապագա զարգացումների առումով։

Առերես` ռուս-ղազախական հարաբերությունները «օրինակելի» բնույթ ունեն։ Ղազախստանի մասշտաբները, հեղինակությունը միջազգային գետնի վրա, Նազարբաևի ճկուն դիվանագիտությունը Արևմուտքի և Արևելքի միջև, ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդի ժամանակավոր անդամակցությունը, Աստանային «արտոնյալ» պայմաններ են ապահովում Մոսկվայի հետ հարաբերություններում և ՀԱՊԿ-ի շրջանակներում։ Ռուսաստանի հատուկ վերաբերմունքը դեպի Ղազախստանը, ըստ մեր կարծիքի, պայմանավորվում է նաև այն հանգամանքով, որ նրա համար Նազարբաևը, որպես մուսուլմանական աշխարհի ակնառու ֆիգուրանտ, քաղաքական պատնեշ կարող է ծառայել Իրանի և, հատկապես, էրդողանական Թուրքիայի միջինասիական հանրապետությունների նկատմամբ նկրտումների և այդ տարածքները ներթափանցելու ձգտումների դեմ հանդիման։ Թե որքանով դա կհաջողվի, ցույց կտա ժամանակը։

6-ից հանած 2` ի վնաս Հայաստանի

Գալով Մինսկի և Աստանայի` Հայաստանի նկատմամբ քաղաքական գծին երկկողմ հարաբերությունների և ՀԱՊԿ-ի շրջանակներում, հարկ է, որ գտնվեն հայկական դիվանագիտության ուշադրության կիզակետում։

Բելառուսի նախագահը չի թաքցնում անգամ իր հատուկ վերաբերմունքը Բաքվի նկատմամբ` ի հաշիվ հայ-բելառուսական հարաբերությունների, որոնց նա քամահրում է, հատկապես, արցախյան կոնֆլիկտի կարգավորման հարցում, երբ առանց թաքցնելու հանդես է գալիս Ադրբեջանի դիրքերից։

Սակայն Բելառուսի կեցվածքը այնքան էլ վտանգ չի սպառնում Հայաստանին և վերջին հաշվով վնասում է ընդամենը երկկողմ հարաբերություններին։

Այլ լույսի տակ ենք մենք տեսնում գործերը Ղազախստանի հետ ՀԱՊԿ-ի տանիքի ներքո։ Միջինասիական մուսուլմանների «կնքահայրը» անցյալ հոկտեմբերին չբարեհաճեց մասնակցել ՀԱՊԿ-ի երևանյան գագաթնաժողովին` «չվիրավորելու համար իր մտերիմ Ալիևի զգացմունքները»։ Նազարբաևի վերջերս Բաքու կատարած այցելությունը նոր թափ հաղորդեց ադրբեջանա-ղազախական հարաբերություններին։ Կրկին ասվեց, որ «ղարաբաղյան կոնֆլիկտում Ղազախստանը միանշանակորեն հանդես է գալիս Ադրբեջանի տարածքային ամբողջականության դիրքերից»։ Մոռանալով ՀԱՊԿ-ի պայմանագրի տակ դրված ստորագրությունը՝ Ղազախստանի նախագահը աշխարհին ներկայանում է որպես Ադրբեջանի ռազմավարական դաշնակից, որը փաստորեն պատերազմում է դաշինք կնքած Հայաստանի հետ։

(Տեղեկատվական. Ըստ երևույթին և՛ Լուկաշենկոյին, և՛ Նազարբաևին ոչ ոք չի հուշել մեծն Թալեյրանի խոսքերը. «Կոալիցիան պահպանելու համար անհրաժեշտ է տակտ, հարգանք դեպի գործընկերը և ստացված առավելությունները նրա հետ կիսելու պատրաստակամություն»)։

Ղազախստանը ակտիվորեն զարգացնում է իր կապերն Ադրբեջանի հետ երկու ուղղությամբ` տնտեսական և աշխարհաքաղաքական։ Նուրսուլթանն իր ինտեգրացիոն ծրագրերում որպես իսկական բարեկամ չի մոռանում Իլհամին ևս։ Ձգտելով առանցքային օղակ դառնալ չինական «Մետաքսի ճանապարհի» և հանդես գալ որպես այդ հսկայածավալ ծրագրի հիմնական օպերատորներից մեկը, Ղազախստանը զարգացնում է հարավային երթուղին, պլանավորելով բեռնափոխադրումներ իրականացնել Իրանի և Կասպից ծովի ճանապարհով։

Վերլուծաբանների կարծիքով, Ղազախստանը խիստ շահագրգռված է այդ միջանցքի երկայնքով ադրբեջանական ինֆրաստրուկտուրայի ստեղծումով, ինչպես նաև Բաքու-Ջեյհան-Կարս երկաթգծի շահագործումով։

Էլ ավելի «հետաքրքիր է» Աստանա-Բաքու քաղաքական հարաբերությունների դինամիկան։ Երկու երկրները կարևորում են համագործակցությունը «Թյուրքալեզու երկրների համագործակցության խորհրդում», ինչպես նաև «Իսլամական համագործակցության կազմակերպությունում» (ՕՀԿ), որը սեպտեմբերին Աստանայում կգումարի իր գագաթնաժողովը։ Ավելացնենք, որ Ադրբեջանը 2017 թվականը հայտարարել է Իսլամական համերաշխության տարի, որի շրջանակներում հաջորդ ամիս Բաքվում կանցկացվեն Իսլամական խաղեր։

Ապրիլի առաջին օրերին իր Բաքու կատարած այցելության ընթացքում Նազարբաևը փորձեց հանդես գալ խաղաղության մունետիկի և պացիֆիստի դիրքերից` հավաստիացնելով, որ «Ղազախստանը զարգացնում է բարիդրացիական հարաբերություններ, ինչպես Ադրբեջանի, այնպես էլ Հայաստանի հետ»։

Սակայն ավելի հավաստի և անկեղծ են հնչում նույն Բաքվում նրա արտասանած հետևյալ խոսքերը. «Ղազախստանի և Ադրբեջանի հարաբերությունները, երբեք և ոչ մի իրադրությունում չեն մթագնվել, ընդհակառակը, մեր պատմությունը, մշակույթը, կրոնը մոտ են, և այդ հավատարմության վրա ենք մենք կառուցել մեր հարաբերությունները։ Անկախությունից հետո մենք Հեյդար Ալիևի հետ ստեղծել ենք այդ բազիսը և հիմա շարունակում ենք սկսած գործը»,- սրանք մի քանի օր առաջ Նուրսուլթան Նազարբաևի Բաքվում արտասանած խոսքերն են։

Ինչպես սիրում են հիմա ասել- NO COMMENTS

(Տեղեկատվական. 1962 թվականին ԽՍՀՄ Գերագույն Խորհրդի և Նախարարների Խորհրդի համատեղ նիստում քննարկվում էր Ղազախական ԽՍՀ-ի Մանգըշլակ թերակղզին Ադրբեջանական ԽՍՀ-ին փոխանցելու հարցը։ Նիկիտա Խրուշչովը որոշումը պատճառաբանում էր նավթի արտահանման պլանը գերակատարելու հանգամանքով։ Թերակղզին հանձնվեց Ադրբեջանին, իսկ անկախության գհռչակումից հետո ղազախներին հաջողվեց այն հետ ստանալ (ներկայումս Ղազախական հանրապետության Մանգիստաուսյան մարզ)։ Երբ Նազարբաևը խոսում է Ադրբեջանի տարածքային «սուրբ» ամբողջականության մասին, չգիտես ինչու, մոռանում է թերակղզու «ոդիսականը»)։
ԱՐՄԱՆ ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆ
793 reads | 13.04.2017
|
avatar

Մականուն:
Գաղտնաբառ:
Copyright © 2017 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com