ՉԻՆԱԿԱՆ ՎԱԳՐԻ ԹՌԻՉՔԸ ԴԵՊԻ ԵՎՐՈՊԱ` ԱՌԱՆՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ
ԱՐՄԱՆ ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆ
Արտակարգ և լիազոր դեսպան, ԵՐԵՎԱՆ


Հսկան արթնանում է


Երբ մի առիթով Ֆրանսիական հանրապետության նորանշանակ առաջին կոնսուլ Բոնապարտին հարցրին Չինաստանի արտաքին քաղաքականության հնարավոր զարգացումների մասին, նա մի պահ լռեց, հետո մոտեցավ քարտեզին, երկար նայեց, ապա արտասանեց հետևյալ մարգարեական խոսքերը. «Այստեղ հսկա է պառկած։ Նա քնած է, թող քնի։ Եթե զարթնեց, կցնցի աշխարհը»։

Դա 1803 թվականին էր։ Նույն միտքը նա հայտնեց Սուրբ Հեղինե կղզում, որտեղ իր վերջին օրերն էր հաշվում` որպես գահը կորցրած աքսորական։ Մեծ Նապոլեոնի կանխատեսումն իրականանում է։

Չինաստան-հսկան այսօր արթնանում է, և համաշխարհային հասարակայնությանը հայտ է ներկայացնում որպես XXI դարի հզորագույն կայսրության հավակնորդ։ Այդ նկրտումներն ունեն իրական հիմքեր, որոնց մեջ հատուկ տեղ են գրավում միջազգային հաղորդակցությունների ամբիցիոզ ծրագրերը։

…2017 թվականի հունվարի 1։ Չինաստանի արևելքում գտնվող Իու քաղաքից ճամփա է ընկնում առաջին ապրանքատար գնացքը, որը կտրելով ոչ ավել, ոչ պակաս 12.000 կիլոմետր, Լոնդոն պետք է հասցնի չինական ապրանքներ` վերածնելով պատմական Մետաքսե ճանապարհը, որն այս անգամ կրելու է «Մեկ տարածաշրջան, մեկ ուղի» խորհրդանշանական անվանումը։



Նպատա՞կը։ Կապել Արևելքը Արևմուտքին, հետն էլ մեծացնել չինական առանց այդ էլ ուժեղ ազդեցությունն աշխարհում։ Լոնդոնը վերջին հանգրվանն է կարճ ժամկետներում Չինաստանի ստեղծած երկար ու բարդ ճանապարհային ցանցի։ Իր տեսակի մեջ նմանը չունեցող հաղորդակցային այդ հսկան կենտրոնական Ասիան դարձնելու է չինական ինֆրաստրուկտուրայի զարգացման հիմնական մեխանիզմը, որն ապահովելու է միջազգային առևտրի և ներդրումային ծրագրերի իրականացումը ողջ Եվրոպայում։

Իսկ ծրագրերը, իրոք, հսկայածավալ են` 39 ուղերթ, որոնք իրար են կապում 16 չինական և 15 եվրոպական կենտրոններ։

Կտրելով կենտրոնական Ասիան` այն հասնում է Իրան, Թուրքիա, Ռուսաստան, Լեհաստան, Իսպանիա և Եվրոպայի այլ երկրներ։ Այդ ամենի շնորհիվ Չինաստանը, որն այսօր նվաճել է «Աշխարհի գործարան» տիտղոսը, նոր Մետաքսի ճանապարհը ծառայեցնում է ոչ միայն ի՛ր արտադրանքը լայնորեն արտահանելու գործին, այլև ներկրում է ապրանքներ եվրոպական բոլոր երկրներից. միս` Գերմանիայից, գինի` Ֆրանսիայից, փայտ` Ռուսաստանից, և այլն։ Սակայն նոր Մետաքսի ճանապարհը լոկ արտահանման և ներկրման երթուղի չէ։ Այն չինական ռազմավարության կարևոր գործիքն է` ուղղված ասիական միջազգային կառույց ստեղծելուն, որը ծառայելու է չինական աշխարհաքաղաքական նպատակների իրագործմանը Ասիական մասում և դրանից անդին։

Ասիական լիդերի հայտնությունը

Չինաստանի աշխարհաքաղաքական ձգտումները աճում են օր-օրի։ Պեկինի տնտեսական և ռազմական ներկայությունը Հարավչինական ակվատորիայում դրա պերճախոս վկայություններից մեկն է։ Նրա «Մեկ տարածաշրջան, մեկ ուղի» ծրագրի իրականացման գործընթացում կարևոր դեր է խաղում տարածաշրջանային առանցքային կառույցներից մեկը` Շանհայի համագործակցություն կազմակերպությունը (ՇՀԿ), որն ամրապնդում և զարգացնում է Չինաստանի բազմակողմանի կապերը հարևանների ու Հնդկական օվկիանոսը շրջապատող երկների հետ։

Զուգահեռաբար Չինաստանը կնքում է ազատ առևտրի և համագործակցության պայմանագրեր Հարավարևելյան Ասիայի երկրների ընկերակցություն (ԱՍԵԱՆ) անդամ-պետությունների, ինչպես նաև Ավստրալիայի, Հնդկաստանի, Ճապոնիայի, Հարավային Կորեայի և Նոր Զելանդիայի հետ։ Ծրագիրն ապահովում է նաև արևմտյան երկրների ներդրումների ուղիղ հոսքը Չինաստան, ինչպես նաև չինական տնտեսական ներկայությունը ողջ ասիական աշխարհամասում։ 2015 թվականին չինական շինարարական ծրագրերի 44%-ը բաժին էր ընկնում այն երկրներին, որոնցով անցնելու է Մետաքսի ճանապարհը։ 2016 թվականին այդ թիվը հասնում է 52%-ի։ Մետաքսե ճանապարհի արժեքը կազմում է 4 000 միլիարդ դոլար։ Սա իրենից ներկայացնում է «փափուկ ուժ»-ի լայնամասշտաբ և բազմակողմանի հնարավորություններ պարունակող ռեզերվ, որն արագորեն ընդարձակում է Չինաստանի ազդեցության սահմանները` խորապես անհանգստացնելով նրա ախոյան Հնդկաստանին։

Մեկը բոլորի, բոլորը մեկի համար

Չինական «Մեկ տարածաշրջան, մեկ ճանապարհ» ռազմավարության պարադիգման որդեգրել է «հարևանության քաղաքականություն» նշանաբանը, որի նպատակն է ապահովել շրջակա բոլոր երկրների տնտեսական վերելքը։ Չինաստանի ղեկավարները մեկ անգամից ավելի են հայտարարել, որ իրենք հետամուտ են տարածաշրջանի ընդհանուր զարգացմանը` առանց տուրք տալու որևէ մեկի գաղափարախոսությանը։ Ասել կուզի, որ Պեկինը բոլոր պետություններին ներգրավում է տնտեսական զարգացման գործընթացների մեջ։ Չինաստանն, այսպիսով, մեկտեղում է հարևան երկրների կենսական հետաքրքրությունները` խորացնելով համագործակցությունը և ստեղծելով առևտրատնտեսական նորանոր ցանցեր։

Տնտեսական զարգացումը ոչ միայն ուժեղացնում է առանձին վերցրած պետությունների ազգային անվտանգությունը, այլև ապահովում է նրանց քաղաքական կայունությունը։ Առաջնորդվելով այս ռազմավարությամբ` Չինաստանը փնտրում և հայտնաբերում է պետությունների այն շահերը, որոնք մոտ են կամ համընկնում են իր սեփական շահերի հետ։ Հատկանշանական է 2016 թվականը, որը դարձավ Չինաստանի համար հսկայածավալ պլանների իրագործման տարի։ Նա ձեռնամուխ եղավ տնտեսական ազդեցության նոր գոտիներ ստեղծելու ծրագրերին` վարելով ինտեգրացիոն ներդրումների ակտիվ գործողություններ շինարարության, հանքարդյունաբերության, արդյունաբերության, գյուղատնտեսության, առևտրի և այլ ոլորտներում։ Պեկինն առաջարկեց Իրանին փոխադրումների լայնամասշտաբ համագործակցության ծրագիր։ Չինաստանը փորձում է ասիական մասը դարձնել 60 երկրներից կազմված և փոխկապակցված վիթխարի մի կոնգլոմերատ։ Ամենաբծախնդիր վերլուծություններն անգամ համոզում են, որ Չինաստանի վարած քաղաքականությունը XXI-րդ դարի վերջին ստեղծելու է ասիական սուպերտարածաշրջան` ներառելով տարածաշրջանի բոլոր մեծ, միջին և փոքր պետությունները։ Այդ ժամկետներում Ասիան տնտեսական զարգացման մասշտաբներով և ներուժով շատ առաջ կանցնի Եվրոպայից։ Արդեն սպասվում է, որ առևտրի մասշտաբները «Մեկ տարածք, մեկ ճանապարհ» ծրագրի շրջանակներում 10 տարի հետո կկազմեն 2 200 միլիարդ դոլար ( ԵՄ առևտրի մակարդակը ներկայումս 3 100 միլիարդ դոլար է)։

Խոստումնալից և մասշտաբային հեռանկարներ

Չինական նախաձեռնությունները կարող են ունենալ փայլուն արդյունքներ ասիական երկրների, ինչպես նաև միջազգային հանրության համար։ Շարժվելով դեպի Արևմուտք` Չինաստանն ի վիճակի կլինի շահագործել ասիական ընդերքի հարստությունները, և ոչ միայն։ Պեկինը գուշակելի ժամկետներում կօգտվի Կասպից ծովի և Պարսկական ծոցի էներգետիկ պաշարներից։ «Մեկ տարածաշրջան, մեկ ճանապարհ» ծրագիրը, ցուցադրում է Չինաստանի ամբիցիոզ մտադրությունները` դառնալ ասիական աշխարհամասի «սիրտը»։ Դա համընկնում է նրա ռազմավարական գերակայությունների հետ` համագործակցել Ասիայում ԱՍԵԱՆ-ի հետ և հզորացնել ՇՀԿ-ն, որտեղ Չինաստանը փոխկապակցվում է Ռուսաստանի հետ։

Հետաքրքիր է, որ Չինաստանի գործընկերները վստահում են նրան, որը ևս նպաստում է վերջինիս հզորության մեծացմանը։ Ի դեպ, նման վստահությունը հազվադեպ է Խաղաղ և Ատլատյան օվկիանոսների միջև ընկած տարածքներում։

Փշրված անուրջնե՞ր, թե՞ հայկական դիվանագիտության հերթական կոլապս

Դարասկզբի աշխարհաքաղաքական խորը գործընթացների և ինտեգրացիոն բուռն զարգացումների հետնախորշին հայտնված հաղորդագրությունը, թե Չինաստանը վերակենդանացնելու է իր հայտնի Մետաքսի ճանապարհը, մեծ ոգևորությամբ ընդունվեց հայ հասարակության կողմից։ Ազգային սովորույթի համաձայն անմիջապես էքսկուրս կազմակերպվեց դեպի պատմության խորքերը, և հպարտությամբ գտնվեց Հայաստանի հետքն այդ քառուղիներում` սկսած անտիկ ժամանակներից։ Իրոք, հպարտանալ կարելի է, որ երբ տարածաշրջանի որոշ ժողովուրդներ գտնվում էին սաղմնային վիճակում, Հայաստանը մ.թ.ա. II դարում մաս էր կազմում Մետաքսե ճանապարհին և Պլուտարքոսի վկայությամբ՝ կամուրջ հանդիսանում Արևելքի ու Արևմուտքի միջև։ Հապա այն փա՞ստը, որ մեր նախնիները կապել են Չինաստանը, Կենտրոնական Ասիան և Իրանը Բյուզանդական կայսրության մայրաքաղաք Կոստանդնուպոլիսի հետ։

Իսկ ինչպե՞ս չուրախանաս, երբ ասվում է, որ այդ ճանապարհներով է քայլել նշանավոր Մարկո Պոլոն։ Եվ նման շատ այլ հուզիչ տեղեկություններ ու պատմական փաստեր։ Ազգային հպարտությանն այնուհետև ավելացան ոչ պակաս ոգևորիչ հաղորդագրություններն այն մասին, թե ինչ կոնկրետ քայլեր է ձեռնարկում Հայաստանը նոր Մետաքսե ճանապարին միանալու համար։

Զուգահեռաբար խոսվում և գրվում էր, որ նախատեսվում է Հայաստան-Իրան-Չինաստան հաղորդակցության ինտեգրացիոն ծրագրերի իրականացում։ Նախարարների, պաշտոնատար անձանց, վարչապետի այցելություններ Թեհրան ու Պեկին, պաշտոնական հայտարարություններ, նախագծերի հրապարակումներ, ֆինանսական հաշվետվություններ և այլն, և այլն։ Չէին պակասում հաշվարկները, թե ինչ տնտեսական և քաղաքական դիվիդենտներ են սպասում Հայաստանին այս ծրագրերի իրականացման շնորհիվ։

«Մետաքսի ճանապարհի մայրուղիներից մեկը պետք է Իրանով անցնի դեպի Ադրբեջան, Վրաստան՝ Սեւ ծովի նավահանգիստներ, կամ Հայաստան, սակայն դա միակ ճանապարհը չէ, այդ մայրուղին կարող է գնալ նաեւ Թուրքիայով։ Մի շարք պատճառներով Չինաստանի համար առավել նախընտրելի է Հայաստանով անցնող ճանապարհը»։

«Իրանը բազմիցս արտահայտվել է, որ ինքը ցանկանում է, որ այդ մայրուղին անցնի Հայաստանով»։

«Չինաստանի՝ Մետաքսի ճանապարհը, Եվրոպան և Ասիան կկապի տարբեր երթուղիներով՝ ինչպես ԵԱՏՄ պետությունների, այդ թվում նաև Հայաստանի միջոցով, այնպես էլ Հնդկաստանով և Իրանով»։

Սրանք ընդամենը մի քանի «ամենահամեստ» մարգարիտներն են, որոնք այդ օրերին շրջանառվում էին հայկական պաշտոնական և ոչ պաշտոնական լրատվամիջոցներում։

Այսօր մենք կանգնած են կոտրած տաշտակի առաջ։ Իրանը Հյուսիս-Հարավ երկաթուղային գիծը կառուցում է Ադրբեջանի հետ, որը հավանաբար կմիանա Մետաքսի ճանապարհին, իսկ չինական գնացք մեզ այդպես էլ չթողեցին բարձրանալ։

Հիմա տեսնենք, թե ինչ էին ասում էֆորիայի այդ օրերին Երևանում հավատարմագրված չին դիվանագետները։ «Հայաստանն ու Չինաստանը լավ հարաբերություններ ունեն։ Ինչ վերաբերում է Մետաքսի ճանապարհին, մենք պատրաստ ենք քննարկել եւ որոշումներ կայացնել մեր հայ գործընկերների հետ»,- սրանք Հայաստանում ՉԺՀ դեսպանութան խորհրդական Լո Շիսյունի խոսքներն են։

Այնուհետև խորհրդականն ավելացնում է. «Այստեղ ամենակարեւորն այն է, որ պահպանվում է թափանցիկության սկզբունքը։ Մենք բանակցությունների ընթացքում ընդհանուր լեզու կգտնենք, համաձայնության կգանք, կաշխատենք եւ կքաղենք պտուղները»։

Ինչպե՞ս հասկանալ չին դիվանագետի խոսքերը։ Մի՞թե նա ստում է։ Մետաքսի ճանապարհի Հայաստանը շրջանցելու փաստի դեմ-հանդիման։ Ի՞նչ է, պակասում էր «նախաձեռնությու՞նը», «թափանցիկությու՞նը», թե՞ «ընդհանուր լեզու» չի գտնվել, և կողմերը «համաձանության չեն եկել», որպեսզի «քաղեն պտուղները»։

Ինչու՞մն է բանը։ Ո՞վ է մեղավոր։

Թե՞ այս բոլորը միասին վերցրած կազմում են մի ամբողջականություն, որի անունն է հայկական դիվանագիտության հերթական պարտություն։
ԱՐՄԱՆ ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆ
1982 reads | 03.04.2017
|
avatar

Copyright © 2017 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com