ՊԵՏՔ Է ԿԱՆԽԵԼ ՓՈԼԱԴ ԲՅՈՒԼԲՅՈՒԼՕՂԼՈՒԻ ԱՌԱՋԱԴՐՈՒՄԸ ՅՈՒՆԵՍԿՕ- Ի ԳՈՐԾԱԴԻՐ ՏՆՕՐԵՆԻ ՊԱՇՏՈՆՈՒՄ

Ռուսաստանում Ադրբեջանի դեսպան Փոլադ Բյուլբյուլօղլին, ՅՈւՆԵՍԿՕ- ի գործադիր տնօրենի պաշտոնում նշանակելու մտադրությանն անդրադարձել են Երևանում: Արտակարգ և լիազոր դեսպան Արման Նավասարդյանը, իր ձևակերպմամբ՝ արմենաֆոբ գործչի հնարավոր նշանակումը մեր երկրի համար վտանգավոր է համարում: Ըստ ամերիկագետ Արեգ Գալստյանի՝ որոշման կայացումից հետո արձագանքելը՝ ուշացած է:

Ո՞վ է Ռուսաստանում Ադրբեջանի դեսպան Փոլադ Բյուլբյուլօղլին, ում թեկնածությունը ՅՈւՆԵՍԿՕ- ի գործադիր տնօրենի պաշտոնում պաշտպանում է Մոսկվան: Արտակարգ ու լիազոր դեսպան Արման Նավասարդյանը զգուշացնում է՝ այդ անձնավորությունը հայատյաց է:

Նախկինում, երբ նա Ադրբեջանի մշակույթի նախարարն էր, հրահանգում էր ոչնչացնել հայկական հուշարձանները, խաղաղասեր համարվող դիվանագիտական գործում այդ մարդը միակն է, ով իր հայտարարություններով պատերազմի մունետիկ է դարձել, քանի որ անընդմեջ խոսում է արցախյան խնդիրը ռազմական ճանապարհով լուծելու մասին: Այդ մարդը նաև ստախոս է՝ ուշադրություն հրավիրեց դեսպան Նավասարդյանը:

Արման Նավասարդյանի խոսքով, ցավոք, կան բոլոր նախադրյալները, որ նա դառնա ՅՈւՆԵՍԿՕ-ի գործադիր տնօրեն, քանի որ այդ նպատակի համար Բաքվի կողմից արվել է հնարավոր ամեն ինչ:

Պատմական գիտությունների թեկնածու, ամերիկագետ Արեգ Գալստյանը ստեղծված իրավիճակում մեղադրում է հայկական կողմին: Ճիշտ է՝ Բաքուն նավթադոլարներ է ծախսում, այդ քաղաքականությունը արդյունքներ է տալիս, եւ վաղուց պետք է հայկական կողմը մտածեր այդ ուղղությամբ:

Հայկական սփյուռքը և դոլարներ ունի, և հեղինակություն՝ վստահաբար ասաց Արեգ Գալստյանը՝ մատնացույց անելով հայտնի «Ֆորբս» ամսագրում տեղ գտած հայերի անունները:

Սակայն արդեն կա այն, ինչ կա, ու պետք է մտածել հաջորդ հարցի մասին: Ի՞նչ անել՝ գործընթացը կանխելու համար: Արեգ Գալստյանը դժվարանում է պատասխան գտնել: Գնալ արդեն արված քայլերի հետևից՝ նշանակում է պարտություն կրել:

Դեսպան Արման Նավասարդյանը ելք տեսնում է. «Պետք է կանխել Փոլադ Բյուլբյուլօղլուի առաջադրումը ՅՈւՆԵՍԿՕ-ի գործադիր տնօրենի պաշտոնում, այնպես, ինչպես դա արվեց ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահ Մեթյու Բրայզայի՝ Թուրքիայի դեսպան նշանակվելու ժամանակ»:

Աղբյուրը՝ Հանրային ռադիո
 

ԱՐՄԱՆ ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆ
219 reads | 20.03.2017
|
avatar


Copyright © 2017 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com