ՅՈՒՆԵՍԿՕ-Ն ԿԴԱՌՆԱ ՀԱԿԱՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՐԹԱԿ, ԵԹԵ ՀԱՅԿԱԿԱՆ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԸ ՈՉՆՉԱՑՐԱԾ ԲՅՈՒԼԲՅՈՒԼՕՂԼԻՆ ՆՇԱՆԱԿՎԻ ՂԵԿԱՎԱՐ
Միավորված ազգերի Կրթության, գիտության և մշակույթի կազմակերպության (ՅՈՒՆԵՍԿՕ)-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում Ադրբեջանն առաջարկել է Ռուսաստանում Ադրբեջանի դեսպան Փոլադ Բյուլբյուլօղլին թեկնածությունը: Tert.am-ի հետ զրույցում արտակարգ և լիազոր դեսպան Արման Նավասարդյանն ասել է, որ այս կառույցը կդադարի Հայաստանի օգտին աշխատել, եթե Բյուլբյուլօղլին ընտրվի այդ պաշտոնում:

Արման Նավասարդյանը նշել է, որ Փոլադ Բյուլբյուլօղլիի ընտրության պարագայում կարգելափակվեն բոլոր այն ճանապարհները, որոնցով մշակութային, կրթական ծրագրերը գալիս են Հայաստան: Հարցին՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի ներկայիս ղեկավարը Բուլղարիայի ներկայացուցիչ Իրինա Բոկովան, ով հայտնի է իր ադրբեջանամետ մոտեցումներով, կարո՞ղ է օգնել Բյուլբյուլօղլուն նշանակվել այդ պաշտոնում, Արման Նավասարդյանը պատասխանել է. «Այս կառույցը կոռումպացված է: Ադրբեջանը, Թուրքիան, Ղազախստանն ու Քաթարը մեծ ներդրումներ են անում ՅՈՒՆԵՍԿՕ-ում անդամավճարների առումով և սա մեծ նշանակություն կունենա Բյուլբյուլօղլու համար: ԱՄՆ-ն կրճատել է իր ներդրումները այս կազմակերպության համար, այնպես որ, ֆինանսները մեծ նշանակություն կունենան կառույցի համար: 9 թեկնածուներից, որոնք առաջադրվել են, Բյուլբյուլօղլին առաջին պլան է մղվել»:

Նրա խոսքով՝ Ադրբեջանն ամեն ինչ անում է, որպեսզի ստանա այդ պաշտոնը, որովհետև այն քաղաքական հարցեր կլուծի նրանց համար: «Բյուլբյուլօղլին հայտնի է որպես արմենաֆոբ, նրա՝ Մշակույթի նախարար եղած տարիներին մեծ քանակությամբ հայկական հուշարձաններ են ոչնչացվել, իսկ դեսպանի պաշտոնի 10 տարիների ընթացքում իրեն ցուցաբերել է ոչ միայն որպես բարոյական, այլև դիվանագիտական ուռոդ՝ խախտելով դիվանագիտության բոլոր գրված ու չգրված օրենքները: Փոխանակ նա հանդես գա որպես խաղաղության ջատագով, երկու ժողովուրդների միջև համերաշխություն սերմանող, ինչին կոչված է դիվանագիտական ծառայությունը, նա հանդես է գալիս ռազմատենչ հայտարարություններով, թե պետք է գրավել Արցախը, ՀՀ-ն՝ ստելով, թե իր հայրը թաղված է Արցախում, ու իր 14-ամյա որդին չի կարող այցելել պապի գերեզմանին, այնինչ նա թաղված է «Շահիդների» ծառուղում»,– ասել է Արման Նավասարդյանը:

Դիտարկմանը, թե ՌԴ փոխվարչապետ Օլգա Գոլոդեցը ևս հայտնել է իր աջակցությունը, Նավասարդյանն ասել է, որ դա ցավալի է: Ըստ նրա՝ Ռուսաստանում շատերը չեն էլ հետևում իրադարձություններին և խաբվում են Բյուլբյուլօղլիի խորամանկությանը, ով իր մասին միֆեր է տարածել, թե երգիչ է, պոետ է, նրան սիրում են, վերաբերվում են որպես «рубаха-парень»:

Արման Նավասարդյանը նշել է, որ հարցին քաղաքական հնչեղություն հաղորդելու համար, ինքը, Լարիսա Ալավերդյանը, Արամ Սարգսյանը, Կարինե Դանիելյանը, նախաձեռնում են սկսել համազգային շարժում: «Այս կառույցը վերջնականապես կդառնա հակահայկական հարթակ, եթե Բյուլբյուլօղլին ընտրվի: Մենք պետք է պաշտպանենք մեր ազգային շահերը»,- ասել է Նավասարդյանը:
ԱՐՄԱՆ ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆ
312 reads | 20.03.2017
|
avatar

Copyright © 2017 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com