ՔԱՂԱՔԱԿԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՏԵՍՈՒԹՅԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԸ և ՆՈՐ ԱՍՊԵԿՏՆԵՐԸ
ԱՐՄԱՆ ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆ
Արտակարգ և լիազոր դեսպան, ԵՐԵՎԱՆ







Սառը պատերազմի ավարտը և երկբևեռ համակարգի փլուզումը իրենց ազդեցությունն են գործում քաղաքական մշակույթի որակական փոփոխության հետ, որն իր հետ բերում է դրա նկատելի արդիականացում և հումանիզացում։ Այդ գործընթացն իր հերթին անմիջական ազդեցություն է ունենում դիվանագիտության վրա, որի ծագումնաբանությունը և կիրառումը առ այսօր քննարկումների և բանավեճերի առարկա է։

Քաղաքագիտական գրականությունում և հեղինակավոր հանրագիտարաններում դիվանագիտություն եզրը մոտավորապես նույն բնորոշումն ունի. «Դիվանագիտությունը անկախ պետությունների միջև հարաբերությունների իրագործումն է պաշտոնական օրգանների միջոցով երկրում կամ արտասահմանում» (A dictionarary of Diplomacy, G.R. Berridge and Alan James): Այստեղ, սակայն, կարծիքների միասնականությունը ավարտվում է։

Մեր տեսակետը հետևյալն է, որ դիվանագիտությունը քաղաքական մշակույթի զարգացման պայմաններում ենթարկվում է զգալի տրանսֆորմացիայի. որքան դիվանագետը ավելի իշխանություն, ինքնուրույնություն, լիազորություններ և անկախություն ունի, այնքան ավելի նրա գործունեությունը քաղաքական բնույթ ունի։ Որքան ավելի քաղաքականացված է դեսպանընկալ երկրների ղեկավարության և դիվանագիտական կորպուսի գործունեությունը, որոնց հետ առնչվում է տվյալ դիվանագետը, այնքան ավելի քաղաքական և արդյունավետ է նրա գործունեությունը։

Այն դեպքում, երբ դիվանագետը փոքր իշխանություն և սահմանափակ ինքնուրույնություն ունի, հատկապես երբ դրանք մոտենում են զրոյական աստիճանի, նրա գործունեությունն իր էությամբ մոտենում է սովորական չինովնիկի գործունեությանը, որի դեպքում սուբյեկտը չի ունենում ինքնուրույն որոշումներ կայացնելու իրավունք, չի կարողանում նոր խնդիրներ և դրանց լուծումներ առաջադրել։ Խորհրդային դիվանագիտությունը տառապում էր այդ թերությամբ, ինչը խոստովանել են նույնիսկ պետության առաջին դեմքերը։ (Օրինակ, Վ.Մ.Մոլոտովը, լինելով արտգործնախարար, դիվանագետ, խոստովանել է, որ ԽՍՀՄ դիվանագիտությունը կենտրոնացված դիվանագիտություն է, որն իրագործվում է Քաղբյուրոյի կողմից։ (См. Попов В.И. , Современная дипломатия. Москва, 2-е изд., 2002, Гл.2):

Կարևոր է պարզել, թե դիվանագիտությունը, երբ է դադարում լինել «մաքուր դիվանագիտություն» (ղեկավարների հանձնարարությունների ճշգրիտ և մանրախնդիր կատարման իմաստով) և երբ է դառնում պետության քաղաքականություն` կախված իշխանության օգտագործման աստիճանից և վերադասից ստացված իշխանության ծավալից, և արդյո՞ք այս գործընթացում քաղաքական մշակույթը որևէ դեր ունի:

Մենք կարծում ենք, որ դա տեղի է ունենում այն դեպքում, երբ սուբյեկտի գործունեության մեջ բացակայում են դիվանագիտական հնարներն ու ձևերը, բանակցություններում նրա կողմից ուժային ճնշումը գերակշռող է դառնում, իսկ նա հիշատակում է իր պետության հզորութունը, սպառնում է, այլ ոչ թե խելամիտ փաստարկներ բերում, որոնք կարող էին համոզել մյուս կողմին և հանգեցնել համաձայնության։ (Современные международные отношения, под редакцией А.И. Позднякова, Б.К. Белозерова, М.М. Васильевой):

Իշխանության ինչպիսի՞ ծավալն է լավագույնը (օպտիմալը) դիվանագետի արդյունավետ աշխատանքի համար։ Արդյո՞ք դիվանագետի լիազորությունների մակարդակի խնդիրն առաջ է քաշվել, մասնավորապես, դեսպանի դեպքում։ Ընդ որում` պետք է հաշվի առնել, որ տարբեր քաղաքական կարգերի և ռեժիմների դեպքում դեսպանների լիազորությունների ծավալը կարող է տարբեր լինել։

Պրակտիկայում կարող է տեղի ունենալ դիվանագետի «ձևափոխում» քաղաքական գործչի, դիվանագիտության ձևափոխություն՝ քաղաքականության, իսկ ավելի ընդհանուր դեպքում՝ քաղաքականության և դիվանագիտության փոխադարձ ձևափոխություններ, որը կախված է քաղաքական մշակույթի մակարդակից։ Հայտնի դիվանագետ-հետազոտողների զգացել և նույնիսկ գիտակցել են այդպիսի խնդրի գոյությունը, բայց նրա հատուկ և խորացված ուսումնասիրություն չեն կատարել։ Դեռևս չի ստեղծվել հայեցակարգ դիվանագետի գործունեության մեջ քաղաքականության յուրահատկության մասին։ Այս տեսակետը հիմնավորելու նպատակով բերենք մի հատված Վ. Ի. Պոպովի արդեն հիշատակված աշխատությունից` նշելով, որ XX դարում պետությունների թիվը մեծացել՝ 50 – ից հասնելով 200 – ի, նա գրում է. «Միջազգային կապերը նշանակալի չափով ընդլայնվել են, այժմ արդեն այս կամ այն միջազգային խնդրի լուծման համար անհրաժեշտ է լինում աշխարհի պետությունների մեծամասնության կամ բոլորի մասնակցությունը։

…Բանակցությունները, որոնց միաժամանակ մասնակցում են մի քանի կամ մեծաթիվ անձինք – դա արդեն ոչ թե դիվանագիտություն է, այլ քաղաքականություն, բայց դիվանագիտությունն իր մեջ ներառում է նաև քաղաքականություն։ Միայն երկրների ղեկավարները կարող են լուծել ամենաբարդ խնդիրները, քանի որ հենց նրանք, այլ ոչ թե դիվանագետները, պետք է վերջնական որոշումներ կայացնեն»։ (Попов В. И. Современная дипломатия. Теория и практика. Москва: 2 – е издание, 2004, с. 93 – 94). М. 2016, ст.247):

Այսպիսով, խնդիրը «զգացվում է», բայց նպատակաուղղված ուսումնասիրության չի ենթարկվում։ Մինչդեռ, եթե մենք գիտական հայեցակարգ ունենայինք «դիվանագիտությունը քաղաքականության վերածվելու» և քաղաքական մշակույթի հետ շաղկապելու մասին, ապա հնարավոր կդառնար ավելի հստակորեն սահմանազատել արտգործնախարարությունում, դեսպանություններում և միջազգային կազմակերպություննեում աշխատող դիվանագետների գործառությունները։ Մեր կարծիքով քաղաքական մշակույթի հումանիզացման և արդիականացման դեպքում նման հայեցակարգի ստեղծումը միանգամայն իրատեսական է դառնում։ Իսկ մինչ այդ իշխանության տեսության դիրքերից մենք կցանկանայինք առաջադրել դեսպանի գործառության մի առանձնահատկություն ևս` որպես նոր խնդիր։

Դեսպանը, որպես իր պետության բարձրագույն իշխանության ներկայացուցիչ, որոշակի լիազորություններ է ստանում, այսինքն՝ որոշակի ծավալի իշխանություն։ Սակայն վերադաս պաշտոնյաների՝ պետության առաջնորդի, արտգործնախարարի, կառավարության հետ ունեցած հարաբերություններում նա ենթակա է։

Բայց երբ նա հայտնվում է այն երկրում, որտեղ հավատարմագրված է որպես դեսպան և անցնում է իր պարտականությունների կատարմանը, ապա ծագում է նրա ստատուսի հարց։ Տեղի պաշտոնյաների համար նա ոչ ղեկավար է և ոչ էլ ենթակա։ Բայց դեսպանընկալ պետության արտգործնախարարը, օրինակ, ունի սեփական իշխանություն, որն ստացել է այլ սուբյեկտից։ Ինչպիսի՞ն է դեսպանի և տվյալ երկրի պաշտոնյաների փոխհարաբերությունների յուրահատկությունը, այն պայմաններում, երբ նրանց ունեցած լիազորությունների աղբյուրները միանգամայն տարբեր են։ Արդյո՞ք այդ հարաբերություններում ղեկավար–ենթակա տիպի հարաբերություններ են ծագում՝ կախված դիրքերի տարբերություններից (այսինքն` իշխանության ծավալի և հեղինակության տարբերությունների պատճառով), թե՞ նրանք փոխներգործում են որպես հավասար իրավունքներ ունեցող գործընկերներ և բանակցողներ։

Ե՞րբ և ինչ չափով դեսպանին ընդունող երկրի պաշտոնյաներն իրավունք ունեն նրա նկամամբ դրական կամ բացասական սանկցիաներ կիրառել։ (Ի՞նչ չափով են այդպիսի սանկցիաներն ու դրանց կիրառության կանոնները սահմանվում որոշակի նորմերով և օրենսդրական ակտերով։ Այս մասին միջազգային կոնվենցիաներ են ընդունվել, բայց հետազոտական խնդիրներ դեռևս սպասում են հետազոտության։

Մեր կարծիքով, հարցերի այս շրջանակը ուսումնասիրություններ է պահանջում։ Դիվանագիտական անձեռնխելիությունը (իմունիտետ) ստեղծվել է հենց այն նպատակով, որպեսզի դեսպանը կամ մյուս դիվանագետներն օտար երկրում չընկալվեն որպես նրանց պաշտոնյաների ենթականեր։ Սակայն մի բան է տեղական օրենքներն ու սովորույթները հարգելը, այլ բան է ենթակայությունը, որևէ կազմակերպության կամ հանրույթի «օղակ» դառնալը։

Դիվանագետների իշխանությանը վերաբերող խնդիրների շարքում կարևորներից և չուսումնասիրվածներից մեկը դեսպանների իշխանության ձևի ու ծավալի և նրանց աշխատած պետությունների կառավարման ձևի և ոճի էական տարբերություններն են:

Այն դեպքում, երբ դեսպանը ավտորիտար կամ, առավել ևս, ամբողջատիրական (տոտալիտար) ոճով կառավարվող պետության ներկայացուցիչ է, ապա նա ոչ միայն պետք է խստորեն ենթարկվի վարքի որոշակի կանոնների, այլ լինի նաև իր երկրում տիրապետող գաղափարախոսության ներկայացուցիչ։

Ամբողջատիրական պետությունների պատմությունից հայտնի է, որ ողբերգական վախճան է ունեցել այն դիվանագետների կյանքը, որոնց կասկածել են, որ բավարար չափով նվիրված չեն եղել պետության պաշտոնական գաղափարախոսությանը։ Այդպիսի դիվանագետների ոչ միայն հեռացնում էին աշխատանքից, այլև ամեն տեսակի ճնշումների և հետապնդումների էին ենթարկում՝ ընդհուպ մինչև կյանքից զրկելը։

Դիվանագետների գործունեության մասին լիարժեք տվյալներ ստանալու, իրենց դերերը կատարելիս նրանց առջև ծառացող խնդիրների մասին ճիշտ պատկերացում կազմելու համար առաջադրված հարցերի պատասխաններն ստանալն անհրաժեշտ է։

Դեսպանների իշխանության տեսակները տարբերվում են մեկմեկուց։

1. Վերադաս իշխանական մարմինների կողմից տրվող (պատգամվող) իշխանություն։ Այս խնդրի կապակցությամբ անհրաժեշտ է բացահայտել վերադասից տրվող իշխանության բնույթը։ Այդ նպատակով անհրաժեշտ է սոցիալ-հոգեբանական և կրատոլոգիական վերլուծության ենթարկել այն օրենքները, նորմերն ու կանոնները, որոնք սահմանում են դեսպանի վարքի կանոններն այլ պետություններում աշխատելու ընթացքում։ Վերադասից ստացված (այսպես ասած՝ պատգամված) իշխանությունը կոնկրետացվում և լիազորությունների տեսք է ստանում ամենից առաջ դեսպանի հավատարմագրում։ Հենց հավատարմագիրն է այն գլխավոր փաստաթուղթը, որտեղ սահմանվում են դեսպանի իշխանության աստիճանները՝ ըստ նրա կարգի։

2. Դեսպանի հեղինակությունը և իշխանությունը։ Եթե դեսպանի հեղինակությունը բարձր է, ապա, գումարվելով նրա պաշտոնական իշխանությանը, նրան ազդեցիկ գործիչ է դարձնում։ Ահա թե ինչու անհրաժեշտ է հենց սկզբից ապագա դեսպանի համար հնարավորին չափով մեծ հեղինակություն ստեղծել՝ և՛ որպես մասնագետի, և՛ որպես անձնավորության։ Նրան հավատարմագրման երկրի պաշտոնյաներին և հասարակությանը ներկայացնելիս անհրաժեշտ է շեշտել նրա դրական գծերն ու ձեռք բերած նվաճումները։

3. Դեսպանի լրիվ իրական իշխանությունը (ԼԻԻ) կազմված է երկու հիմնական բաղադրիչներից. (ԼԻԻ) = (ՊԻ) + (ՀԻ), որտեղ ՊԻ–ն պատգամված, վերադասից ստացած իշխանությունն է, իսկ ՀԻ –ն՝ նրա հեղինակության տված լրացուցիչ իշխանությունն է։

Միանգամայն հասկանալի է, որ եթե դեսպան է նշանակվում այնպիսի անձնավորություն, որի հեղինակությունը զրոյական է, ապա նրա ՀԻ = 0։ Իսկ եթե Հ = - X, ապա նրա իրական իշխանությունը կարտահայտվի հետևյալ բանաձևի օգնությամբ՝ (ԼԻԻ) = (ՊԻ) - (ՀԻ):

Այլ կերպ ասած, դեսպանի բացասական հեղինակությունը (հակահեղինակությունը), նրա վարկաբեկվածությունը, թուլացնում են նրա իրական իշխանությունը, նրան նվազ ազդեցիկ են դարձնում որպես պաշտոնյա և անձնավորություն՝ լուրջ խոչընդոտներ ստեղծելով նրա գործունեության ճանապարհին։ Եթե, օրինակ, դեսպանը հավատարմագրված երկրում զբաղվում է, բացի իր պաշտոնական դերի կատարումից զբաղվում է նաև այնպիսի գործունեությամբ, որը արգելված է ըստ միջազգային (Վիեննայի) կոնվենցիայի (The Vienna Convention on Diplomatic Relations (1961), A Dictionary of Diplomacy) և իր կառավարության կողմից, ապա նա կարող է կորցնել իր հեղինակությունը, ապա նաև՝ պաշտոնը։

Դիվանագետի հեղինակությունը տուժում է նաև այն դեպքում, երբ նա գերազանցում է իր իրական իշխանության սահմանները, որոնք նրան տրված են իր պետության վերադաս մարմինների կողմից։ Լիազորությունները գերազանցելը, օրինակ տեղական իշխանությունների հետ որևէ պայմանագիր կնքելը՝ առանց իր ղեկավարների թույլտվության և համաձայնության, նույնպես դիվանագետին հեղինակազրկող գործողություն է։

4. Դեսպանն իր երկրի պաշտոնյա է, նրա պաշտոնը ընտրովի չէ, նրան նշանակում է վերադասը։ Սա մի հանգամանք է, որն զգալի չափով սահմանափակում է նրա հնարավոր ակտիվության շրջանակները, իր ունեցած իշխանությունն ու հեղինակությունը կիրառելու հնարավորությունները։ Եթե նա իր գործունեության ընթացքում լրջորեն խախտել է միջազգային կոնվենցիաների պահանջները, իր վերադասի հրահանգներն ու հրամանները, որոնց նա պետք է անվերապահորեն ենթարկվի, ապա նրան կարող են (պարտավոր են) ազատել իր զբաղեցրած պաշտոնից։

Քաղաքագիտության բնագավառում ընդունված է այն տեսակետը, որ պետությունը օրինականացնող (լեգիտիմացնող) ատյան, «գործիք» է։ Դա առաջին հերթին նշանակում է, որ պետության կայացրված որոշումները հասարակության անդամները, որպես կանոն, համարում են օրինական (լեգիտիմ)։ Իսկ դա նշանակում է, որ դրանք պարտադիր են։ Ենթադրվում է, որ պետական մարմինների կայացրած որոշումները հասարակության համար օգտակար են, քանի որ պետությունն իր գործունեությամբ արտահայտում է հասարակության կայուն շահերը (Хейвуд Э., Политология. Москва: «Юнити», 2005, с. 108 – 109)։

Բայց մենք գտնում ենք, որ պետության լեգիտիմացնող (օրինականացնող) ֆունկցիան ունի ևս մեկ և ոչ պակաս կողմ, այն է. օրինականացման գործառությունը կարևոր դեր է կատարում այն իրավունքների և լիազորությունների օրինականցման գործում, որոնք պետության կողմից տրվում են պետական պաշտոնյաներին, այդ թվում նաև դիվանագիտության բնագավառում աշխատողներին։ Օրինակ, դեսպանների լիազորությունների օրինականացումը կարևոր նշանակություն ունի նրանց գործունեության համար, քանի որ վկայում է կարևոր փաստ, որ նրանք իրենց պետության օրինական ներկայացուցիչներն են։

Դիվանագետների լիազորությունների օրինականացման նպատակով օգտագործվում են որոշակի փաստաթղթեր։
ԱՐՄԱՆ ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆ
692 reads | 05.03.2017
|
avatar

Copyright © 2017 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com