«ԻԴԵԼԱԿԱՆ ԴԻՎԱՆԱԳԵՏԸ». ՓԱՌԱՍԵՐԸ
ԱՐՄԱՆ ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆ
Արտակարգ և լիազոր դեսպան, ԵՐԵՎԱՆ






Diplomat.am-ը սկսում է «Իդելական դիվանագետը» հոդվածաշարը։ Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում առաջին հոդվածը դիվանագետի անձին և նրա գործունեությանը` փառասիրության պատճառած ավերիչ հետևանքների մասին։

«ՓԱՌԱՍԵՐԸ»

Փառասիրությունը մեծ վտանգ է ներկայացնում դիվանագետի անձի, նրա շրջապատի և պարտականությունների կատարման համար։ Փառասեր դիվանագետը հակված չէ լսելու իր կողքին աշխատող և դեսպանընկալ երկիրն ավելի լավ ճանաչող ու փորձված գործընկերոջ ո՛չ կարծիքը, ո՛չ խորհուրդները։ Իսկ եթե նա դեռևս բավարար փորձ և գիտելիքներ չունի և ճգնում է բոլոր խնդիրները լուծել ինքնուրույն, ապա թույլ է տալիս բազմաթիվ սխալներ ու վրիպումներ։

Փառասեր դիվանագետը հեշտությամբ դառնում է այն մարդկանց շողոքորթության զոհը, ում հետ բանակցություններ է վարում։ Եթե խնդրին նայելու լինենք ժամանակակից սոցիալական հոգեբանության տեսանկյունից, ապա դա նշանակում է, որ նա զգայուն է ինգրացիացիայի (շողոքորթության) նկատմամբ. նրան դուր է գալիս խորամանկ մարդկանց շողոքորթությունը և, ոգևորվելով կեղծ գովասանքից, կորցնում է զգոնությունը ու գնում է չհիմնավորված զիջումների։

Փառասերը սուբյեկտիվ է ըմբռնում դիվանագետի մասնագիտությունը, որի պատճառով ձգտում է արագորեն հասնել տպավորիչ արդյունքների։ Նա չի կարողանում հիմնավորապես նախապատրաստել իր որոշումները և ունենալ ավելի կայուն արդյունքներ։ Նման քաղաքական գործիչներին հատուկ է ինքնացուցադրման հակումը՝ էքսհիբիցիոնիզմը։

Փառասեր մարդը հակված է ինքնագովության, որի պատճառով շարժում է ուրիշների նախանձը, իսկ ավելի հաճախ` ատելությունը և վնասելու ցանկությունը։ Հատկապես ուժեղ է լինում այն անձանց ատելությունը, ովքեր նրա հետ մրցակցում են՝ նույն բնագավառում հաջողության և հաղթանակի հասնելու համար։ Իսկ եթե պարտվում են, ատելությունն է՛լ ավելի է ուժեղանում։

Փառասեր դիվանագետը խիստ դժվար է ընդունում սեփական սխալները։ Այդ հատկությունը խանգարում է նրա զարգացմանն ու պրոֆեսիոնալ կատարելագործմանը։ Ամենավտանգավորն այն է, որ նա թաքցնում է սխալները, վերադասին՝ արտգործնախարարությանը, նախարարին, կեղծ տեղեկություններ է հաղորդում դեսպանընկալ երկրի և տարածաշրջանի, ինչպես նաև սեփական գործունեության մասին։

Այդպիսի մարդը հասարակության մեջ իրեն պահում է մեծամտաբար, ներկաների նկատմամբ` վիրավորական, նույնիսկ գռեհիկ (վուլգար) ձևով։ Նշանավոր դիվանագետ, դիվանագիտության տեսաբան Հարոլդ Նիկոլսոնը գրում է. «Փառասիրությունը պատճառ է դառնում, անզգույշ արարքների և կոպտության։ Նման թերությամբ տառապողներին փառասիրությունը մղում է պոռոտախոսության և դիվանագիտական լուրջ սայթաքումների՝ հեգնանքի, էպիգրամների օգտագործման, անհիմն մեղադրանքների և կծու պատասխանների» (Никольсон Г., Дипломатия, ОГИЗ, 1941г., с. 74):

Փառասեր մարդը չի ընդունում իր գիտելիքների անբավարարությունը։ Օրինակ, նա կարող է իրեն հմուտ լեզվագետ համարել, մինչդեռ իր հիշատակած լեզուներին վատ է տիրապետում։ Սա վկայում է այն մասին, որ նա իր անձի նկատմամբ իրատես չէ։

Փառասերը կարող է այլոց, այդ թվում օտարերկրացիների ներկայությամբ քննադատորեն, նույնիսկ հեգնանքով արտահայտվել իր պետության արտաքին գործերի նախարարի հասցեին՝ հեղինակազրկելով նրան։ Նա կարող է պնդել, թե իբր նախարարությունում` ի տարբերություն իրեն, վատ գիտեն համաշխարհային քաղաքականության արդի վիճակը և միջազգային հարաբերությունները։

Փառասեր մարդը, որպես կանոն, ուխտադրուժ է և հակված է դավաճանության։ Նման մարդուն պետության մեջ պատասխանատու պաշտոն տալը, առավել ևս դիվանագիտության բնագավառում, երկրի շահերի համար մեծ վտանգ է պարունակում։

Հ. Նիկոլսոնը նշում է. «Փառասիրությունը կարող է այլ թերություններ էլ ծնել՝ անճշտապահություն, հեշտությամբ գրգռվելու հակում, անհամբերություն, անգամ` ստախոսություն։ Դիվանագետների բոլոր թերությունների շարքում, իսկ դրանք մեծաթիվ են, ամենից տարածվածը և ամենավնասակարը փառասիրությունն է» (Никольсон Г., указ. соч., с. 74):

Դիվանագետների այդ գլխավոր թերության հետագա ուսումնասիրության ընթացքում անհրաժեշտ է հաշվի առնել անձի փառասիրության ծագման մեխանիզմները՝ նկատի ունենալով նաև այն հանգամանքը, որ բնավորության այդ գիծը շեշտված դառնալու միտում ունի։ Օրինաչափություն է, որ փառասիրությունը անձի հոգեկան կյանքում պաշտպանական մեխանիզմի դեր է կատարում։ Դա առաջ է գալիս այն դեպքում, երբ անհատը զգում և գիտակցում է անձնային լուրջ թերություններ ունենալը և ձեռք է բերում թերարժեքության բարդույթ։ Այդ զգացումները հատկապես հստակորեն են գիտակցվում այն դեպքում, երբ անհատն իրեն և իր նվաճումները համեմատում է այլ մարդկանց նվաճումների և անձնային գծերի հետ, տվյալ դեպքում՝ ավելի օժտված և հաջողակ դիվանագետների հետ։ Նա զգում է, որ չի համապատասխանում այն բարձր պահանջներին, որոնք ներկայացվում են այդ մասնագիտությանը և արդյունքում ապրում է ֆրուստրացիա։ Նրանում` առաջանում է հոգեբանական ինքնապաշտպանության պահանջ, գիտակցված թերության որևէ կերպ փոխհատուցման մոտիվացիա։ Եվ նա դա փոխհատուցում է անմիտ ձևով՝ փառասիրությամբ ու վարքագծի այլ ձևերով։ Մենք կարծում ենք, որ հենց այդպիսին է փառասիրության ծագման ու զարգացման մեխանիզմը։

Փառասիրությունը ծնում է ինքնագոհություն, ինքնագոհությունը՝ վարքի ու մտածողության կարծրություն, որը դրսևորվում է բանակցություններ վարելիս։ Այդպիսի դիվանագետը չի ընկալում նոր ինֆորմացիան, վատ է հասկանում բանակցությունների մասնակիցներին։

Փառասիրությամբ հատկապես հաճախ են տառապում այն դիվանագետները, որոնք մնում են ցածր պաշտոնների վրա։ Նման անհաջող կարիերա ունեցող անձանց մի մասի մոտ փառասիրության զարգացումը հիվանդագին (պաթոլոգիական) բնույթ է ստանում։ Կարծում ենք, որ հենց այդպես պետք է մեկնաբանել Հ. Նիկոլսոնի հետևյալ դիտարկումը. «Դիվանագետները, հատկապես նրանց շարքից, ովքեր աննշան պաշտոններ են զբաղեցնում և այլևս վերև չեն բարձրանալու, սովորական մարդկային փառասիրությունից աստիճանաբար անցում են կատարում սեփական անձի կարևորության մասին չափազանցված պատկերացման» (Никольсон Г., указ. соч., с. 74 – 75):

«Տարիներ շարունակ տարբեր ծիսակատարությունների մասնակցելու ազդեցության տակ, ապրելով շքեղության մեջ, ծառաներ և առատ սնունդ ունենալով` այդ մարդիկ ծերության շեմին ձեռք են բերում դանդաղ շարժումներ կատարելու և դանդաղ խոսելու հակում, մտածում և հասկանում են դանդաղ, որի հետևանքով ունեն փքված, գոռոզ տեսք»։ (Նույն տեղում)։

Արդյունքում նման մարդը կորցնում է մտածողության ճկունությունը, դժվարությամբ է հարմարվում անծանոթ գաղափարներին և նոր իրադրություններին։ Նրանում թուլանում է ապրումակցելու` էմպաթիայի ընդունակությունը՝ մի բան, որ շատ մեծ թերություն է այն մարդու համար, որը պարտավոր է բանակցություններ վարել տարբեր անհատների հետ։ Այդպիսի մարդիկ արագորեն են ծերանում և որպես դիվանագետներ դառնում անգործունակ։

(Այս խնդիրներին դեռևս XVIII դարում ուշադրություն է դարձրել ֆրանսիացի դիմանագետ Ֆրանսուա Կալյերը, որը ժամանակակից եվրոպական դիվանագիտության հիմնադիրներից մեկն է (Տես. նաև Кальер Ф. Каким образом договариваться с государями. Москва: Изд-во «МИА», 2001):

Բայց Հ. Նիկոլսոնն է՛լ ավելի առաջ գնալով, պնդում է, որ այլ մարդկանց հետ ապրումակցում ունենալու ընդունակության քայքայումը հանգեցնում է երևակայության կորստի։ Այդպիսի մարդը դժվարությամբ է հասկանում նոր գաղափարները, քաղաքականության ոլորտումի նոր միտումները։ «Նա այն աստիճան ինքնագոհ է դառնում, որ այլևս դադարում է հետաքրքրվել այլ մարդկանց հոգեկան կյանքով։ Իսկ քանի որ հոգեբանական ճկունությունը բանակցությունների կարևոր գործոններից մեկն է, ապա այդպիսի իներտ դիվանագետը անօգուտ է դառնում» (Никольсон Г., указ. соч., с. 75):

Հաշվի առնելով հանգամանքը, որ հոգեբանությունն աստիճանաբար ավելի ու ավելի մեծ նշանակություն է ստանում դիվանագիտության տեսությունում և պրակտիկայում, բերված մեջբերումը հուշում է հետևյալ կարևոր միտքը. երբ մարդը կորցնում է հետաքրքրությունն այլ մարդկանց հոգեկանի նկատմամբ, ապա դառնում է անընդունակ դիվանագիտական աշխատանքի համար: Այս դրույթը հարկ է զարգացնել և հասցնել գործնական աստիճանի, այսինքն` ապագա դիվանագետներին ժամանակակից հոգեբանության հիմունքների ուսուցման, շեշտը դնելով հատկապես այդ գիտության հետևյալ երեք բաժինների վրա. անձի հոգեբանություն, սոցիալական հոգեբանություն և էթնոհոգեբանություն։

Խնդիրը նրանում է, որ հոգեբանության ուսումնասիրությունն ուժեղացնում է սովորողների հետաքրքրությունը մարդկանց և սեփական հոգեկան կյանքի նկատմամբ և, եթե նման հետաքրքրությունը պահպանվում է կյանքի ընթացքում, ապա կարելի է վստահորեն ասել, որ դիվանագիտական աշխատանքի համար ընդունակ կադրերի պատրաստման առաջին պայմաններից մեկը ապահովված է։

Փառասիրությունը մանրակրկիտ ուսումնասիրություն և գիտական վերլուծություն է պահանջում, քանի որ դա քաղաքական գործչի, առավել ևս դիվանագետի համար չափազանց վնասակար հատկություն է։ Կադրերի ինքնագիտակցության վիճակն ու առանձնահատկությունները, սեփական անձի մասին նրանց պատկերացումները, պետք է մանրակրկիտ ուսումնասիրության առարկա դառնան, հատկապես, եթե նրանք ցանկանում են աշխատել կամ արդեն աշխատում են արտաքին հարաբերությունների ոլորտում։ Եվ, ընդհանրապես, անձի ինքնագիտակցության գոյացումն ու զարգացումը, իսկ դրա շրջանակներում փառասիրության ծագումը, արտակարգ հետաքրքրություն է ներկայացնում հոգեբանության, հատկապես՝ դիվանագիտական հոգեբանության համար։
ԱՐՄԱՆ ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆ
846 reads | 13.02.2017
|
avatar

Մականուն:
Գաղտնաբառ:
Copyright © 2017 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com