ԲԵԼԱՌՈՒՍՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴԵՍՊԱՆԸ ՊԵՏՔ Է ՊԱՐԶԱՊԵՍ ԹՈՂՆԻ ԵՎ ԳԱ ՏՈՒՆ

Բելառուսում ՀՀ դեսպան Արմեն Խաչատրյանը պետք է պարզապես թողնի այդ երկիրը և վերադառնա Հայաստան, 1in.am-ի հետ զրույցում նշել է հայտնի դիվանագետ, ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արման Նավասարդյանը՝ խոսելով բլոգեր Ալեքսանդր Լապշինի արտահանձնման և դրա շուրջ ստեղծված իրավիճակի մասին:

Հիշեցնենք, Բելառուսի իշխանությունները փետրվարի 7-ին Բաքվի պահանջով արտահանձնել էին բլոգեր Ալեքսանդր Լապշինին, որից հետո Բելառուսում ՀՀ դեսպանը մամուլին տված մեկնաբանություններում ասել էր, որ ինքը ոչինչ չէր կարող անել և որ ինքը բացարձակապես չի կարծում, թե պիտի հետ կանչվի դեսպանի պաշտոնից:

– Պարոն Նավասարդյան, Ձեր կարծիքով՝ Բելառուսում ՀՀ դեսպան Արմեն Խաչատրյանը պե՞տք է շարունակի պաշտոնավարել Լապշինի արտահանձնումից և իր այն մեկնաբանությունից հետո, որ «ես ոչինչ չէի կարող անել՝ բացի Երևանի պաշտոնական արձագանքը փոխանցելուց»:

– Գիտեք, դիվանագիտությունը խիստ գրված օրենքներ չունի, բայց կան օրենքներ, որոնք գործում են: Դրանք դարերից եկող սովորույթներն են, դիվանագիտական արվեստի և պրոֆեսիոնալիզմի հետ կապված խնդիրներն են: Այսպիսի մի բան կա, ասում են՝ դեսպանը գնաց այսինչ երկիրը, նա անպայմանորեն պետք է սիրի այդ երկիրը որոշակի սահմաններում, ոչ ավելի, քան իր երկիրը, որովհետև այդ դեպքում նա լոյալությունը կկորցնի և կընկնի կոմֆորմիզմի գիրկը: Նա պետք է տվյալ երկիրը սիրի այն սահմաններում, որն անհրաժեշտ է, որպեսզի երկու երկրների միջև բարեկամական հարաբերությունները զարգանան, և նա կարողանա կատարել իր առաքելությունը:

Նման արտահայտությունը իր հետ կարող է բերել միայն և միայն նրա [հրաժարականին]: Գոյություն ունեցող սովորույթների և ավանդույթների համաձայն՝ նա պետք է պարզապես թողնի այդ երկիրը: Եթե դու այդպես ես մտածում… նախ, ասում ես՝ չեմ կարող ոչինչ անել, հետո ասում ես՝ սրանք վատն են և այլն, և այլն: Ես բացարձակապես համաձայն չեմ: Բելառուսի և՛ ժողովուրդն է լավ, և՛ երկիրն է շատ լավ երկիր, և’ հայերին են շատ սիրում: Ուրիշ բան, որ այնտեղ դեսպոտ է նստած, որը քաղաքական հիմարություններ է անում: Ժամանակին այդ բոլորը կասվի: Կարծում եմ՝ նա պետք է պարզապես թողնի և գա տուն:

– Այսինքն՝ այնուամենայնիվ կարելի էր ինչ-որ բան անել:

– Նախ, դեսպանը պետք է այնպես աշխատի, որ նման բաներ հնարավորինս տեղի չունենան, որպեսզի հնարավոր լինի խուսափել նման զարգացումներից: Դրանց ասում են՝ կանխարգելիչ գործողություններ, վերլուծական գործողություններ և այլն, և այլն: Այս բոլորը պետք է արվի: Եթե չի արել դա, ավելի վատ իր համար:

– Երեկ եթերում այս հարցի կապակցությամբ մեջբերեցիք ֆրանսիացի հայտնի դիվանագետներից մեկի խոսքը:

– Այո, Ժյուլ Կամբոնի… Դա այդ բոլորի տրամաբանական շարունակությունն է: Դա Ժյուլ Կամբոնի հայտնի թևավոր խոսքն է, որ «եթե դեսպանը իրեն համարում է փոստարկղ, նա մեծ վնաս է հասցնում իր երկրին»:

– Կարծես թե, այդպիսի դեսպանները քիչ չեն մեզ մոտ:

– Ունենք, իհարկե: Մենք շատ ենք խոսել այդ մասին՝ սա պրոֆեսիոնալիզմի և դիլետանտիզմի փոխկապակցվածությունն է, որը, դժբախտաբար, այսօր իրեն զգացնել է տալիս: Դիվանագիտության մեջ դիլետանտիզմը ընդունելի չէ, ընդհանրապես ոչ մի գործում ընդունելի չէ, բայց դիվանագիտության մեջ՝ առավել:

– Դուք չեք կարծում, որ դիվանագիտական այս ռազմավարությունը իրեն սպառել այսինքն՝ «մենք չենք խոսում, մենք գործում ենք», բայց արդյունքներն էլ չենք տեսնում:
– Պետք է վերանայվի ամբողջը: Երկու օր առաջ ես ասացի՝ առաջին հերթին պետք է ունենալ հայեցակարգ: Մենք չունենք հայեցակարգ, չունենք ճիշտ կադրային քաղաքականություն. չի կարելի պատահական մարդկանց նշանակել: Այսպիսի ճշմարտություն կա՝ փոքր երկրների դեսպանների վրա շատ ավելի մեծ ծանրաբեռնվածություն և պատասխանատվություն է ընկնում, հատկապես այսօրվա քաղաքական իրադրության մեջ, միջազգային հարաբերություններում և աշխարհաքաղաքական այս տուրբուլենտային վիճակում, քան թե մեծ երկրների դեսպանների վրա: Եթե Ռուսաստանի կամ Չինաստանի դեսպանը սխալ գործի, դրանից իր երկիրը այնքան չի տուժի, որքան փոքր երկիրը:

– Ասում են՝ եթե Ռուսաստանը կամ Իսրայելը չկարողացան կանխել Լապշինի արտահանձնումը, ուրեմն մենք ինչպե՞ս կարող էինք կանխել: Այս զուգահեռը ճի՞շտ է:

– Սխալ է, իհարկե: Ռուսաստանը իր խնդիրները ունի: Այստեղ բոլորովին այլ բաներ են կատարվում, և նմանատիպ հայտարարություններ անելը, կարծում եմ, ճիշտ չէ: Ինչի՞ ես Ռուսաստանի կամ Իսրայելի համար խոսում, խոսիր քո երկրի և քո արած գործերի մասին:

ԱՐՄԱՆ ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆ
758 reads | 11.02.2017
|
avatar

Մականուն:
Գաղտնաբառ:
Copyright © 2017 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com