ՊՐՈՖԵՍԻՈՆԱԼԻԶՄԸ՝ ՓՈՔՐ ԵՐԿՐՆԵՐԻ ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԲԱՑԱՐՁԱԿ ԿԱՏԵԳՈՐԻԱ
ԱՐՄԱՆ ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆ
Արտակարգ և լիազոր դեսպան, ԵՐԵՎԱՆ






Մարդկային գործունեության բոլոր բնագավառներում եղել են պրոֆեսիոնալներ և դիլետանտներ  (սիրողներ), որոնց  միջև մշտապես ընթացել է խուլ կամ բացահայտ պայքար` հաճախ փոխակերպվելով նախանձի ու թշնամանքի: Ապացուցված է, որ նման իրողությունում, եթե զանազան ուղիներով տվյալ ոլորտում բույն դրած դիլետանտին անգամ հաջողվում է հասնել կարիերայի բարձունքներին, ապահովել անձնական բարօրություն և սոցիալական բարձր կարգավիճակ, վերջիվերջո, նրա առկայությունը տվյալ բնագավառում անպայմանորեն վնաս է հասցնում հանրությանը, մեծ հաշվով` երկրի հետաքրքրություններին ու շահերին:
 
Այս երևույթը ցայտուն կերպով հանդես է գալիս դիվանագիտության մեջ, որը մագնիսի նման ձգում է շատերին, այդ թվում դիլետանտներին: Ապացուցված է նաև, որ   համապատասխան  պրոֆեսիոնալ կրթություն չունեցող անձանց բարոյակամային հատկանիշները և բնավորության խառնվածքը անհարիր են  դիվանագիտությանը: Դիվանագիտության ‹‹աշխարհ›› մտնելու ձգտումը բացատրվում է նրանով, որ լինելով գործունեություն  ‹‹փակ›› և երբեմն անհիմն ‹‹քողարկված›› ոլորտ,  այն շարժում է մարդկանց հետաքրքրությունը, որոնք, դատելով իրենց հասանելի ինֆորմացիայի աղբյուրներից, միանգամայն թյուր կարծիք են կազմում դիվանագիտության մասին` նույնացնելով այդ  դժվարին, մտավոր և բարոյական լարվածություն, բարձր պատասխանատվություն պահանջող աշխատանքը, անհոգ, գեղեցիկ, մի փոքր արկածախնդրային և ռոմանտիկայով լի կյանքի հետ: Մյուս գործոնը, որը դիվանագիտությանը հաղորդում է ձգողականություն, այն է, որ դիվանագետները համարվում   են հասարակության ընտրյալները, նրա սերուցքը, էլիտար խավը: Ճիշտ է, այդ համարումը ժամանակ առ ժամանակ փոխվել  է հեղափոխությունների և հասարակության փոփոխությունների ընթացքում, սակայն դիվանագետները բոլոր ժամանակներում դիտվել են որպես առանձնահատուկ, այլ մասնագիտություններից տարբերվող մարդիկ, որն ի դեպ, այնքան էլ չի համպատասխանում իրականությանը:
 
Իսկ եթե վերցնելու լինենք նորանկախ պետությունները, որոնք գոյացել են տոտոլիտար ռեժիմների փլուզումից հետո, օրինակ, ԱՊՀ-ի երկրները, ապա դիվանագիտության նկատմամբ վերը նշված հետաքրքրություններին ավելանում են ևս մի քանիսը` պայմանավորված տեղական առանձնահատկություներով: Խնդիրը նրանում է, անկախացած երկրները, զրկված լինելով միջազգային իրավունքի սուբյեկտ լինելուց, դառնալով ինքնիշխան, շտապում են օգտվել ընձեռած հնարավորություններից, որոնց մեջ առաջնայինը դիվանագիտությունն է:
 
Արդյունքում, Հայաստանն օրինակ այնքան միջազգայնագետ և դիվանագետ է պատրաստում, որ եթե մենք անխտիր դեպանություններ բացենք աշխարհի բոլոր 200 պետություններում, ապա դարձյալ կունենանք դիվանագետների անգործություն: Կադրերի նման մասսայական, հախուռն պատրաստումը, բնականաբար, ազդում է որակի վրա, քանի որ դիվանագիտների ուսուցման գործում հարգի է առանձին, անհատական և ընտրովի մեթոդիկան: Դիվանագիտության ձգողականության մյուս երևույթը ավելի հոգեբանական, քան քաղաքական երևույթ է: Երկաթյա վարագույրի պայմաններում մարդկանց արտասահման մեկնելու հազվագյուտ հնարավորություններից մեկը դիվանագիտական անձնագիր ունենալն էր, որին իներցիայի ուժով ձգտում է այսօրվա երիտասարդը, չնայած երկրից դուրս գալու համար կան շատ այլ, թերևս ավելի հեշտ ու գրավիչ միջոցներ:
 
‹‹Նոր›› շրջանի դիվանագիտության մեջ պրոֆեսիոնալ (կարիերային) դիվանագետներին արտաքին քաղաքականությունից դուրս մղելու և  դիլետանտների առաջ կանաչ լույս վառելու գործընթացում աչքի ընկան բոլշևիկները, որոնք հոկտեմբերյան հեղաշրջումից հետո բոլոր դիվանագետներին վտարեցին աշխատանքից, քանի որ այն կարծիքին էին, թե  սոցիալիստական հեղափոխությունը շատ արագ հաղթելու է ողջ աշխարհում, իսկ անդասակարգ հասարակությունում դիվանագիտությունն անիմաստ շռայլութուն է: Այս տրամաբանության հետևանքով Լև Տրոցկին նշանակվեց արտաքին գործերի կոմիսար (նախարար), որի համար դիվանագիտությունը և ռազմական գործը հոմանիշներ էին, իսկ միջպետական հարաբերություններում փոխզիջումը բացառված էր: Սակայն Բրեստ-Լիտովսկի խայտառակ բանակցություններից  հետո միջազգային  շրջափակման պայմաններում բոլշևիկները ստիպված եղան ձեռնամուխ լինել դիվանագիտական ծառայության ստեղծման գործին` առաջնորդվելով կուսակցական-գաղափարախոսական անզիջում սկզբունքներով:
 
Խորհրդային դիվանագիտությունն ընդհուպ մինչև համակարգի փլուզումը պահպանեց այս ուղղվածությունը` հավատարիմ մնալով Լենինի այն ցուցումին, որ ՆԿԻԴ-ը` Ռուսաստանի ամենակուսակացական  օրգանն է: Տրոցկիստկան դիվանագիտության տապալումից հետո արտաքին գործերի կոմիսար նշանակվեց տաղանդավոր դիվանագետ Գեորգի Չիչերինը, արտասահմանից աշխատանքի հրավիրվեցին վտարանդիության մեջ գտնվող հեղափոխականներ  Մ. Լիտվինովը, Իվան Մայսկին և ուրիշներ, որոնք չլինելով կարիերային դիվանագետներ,  ունեին կրթական բարձր մակարդակ, կյանքի փորձ, տիրապետում էին օտար լեզուների և կարող էին օգտակար լինել  որակյալ դիվանագիտական դպրոց ստեղծելու գործում, եթե ստալինյան ռեժիմը նրանց վստահեր և հալածանքների չենթարկեր: 1939 թվականին արտաքին գործերին կոմիսար նշանակվեց Վ.Մ.Մոլոտովը, որի օրոք կատարվեց կադրային ‹‹մաքրազարդում››, իսկ Նարկոմատը (НКИД) երեք անգամ վերակազմավորվեց, 2-2,5 հազար դիվանագետ,   7  կոմիսարի տեղակալ,   40 պոլպրեդ (դեսպան) ենթարկվեցին բռնաճնշումների (ռեպրեսիաներ), իսկ նրանց տեղը աշխատանքի ներգրավեցին կուսակցական-կոմերիտական ակտիվիստներ արդյունաբերությունից` այսպես կոչված ‹‹մոլոտովյան կոչով››  ( ‹‹Внешняя политика России››, Теория и практикаизд. ‹‹Книга и бизнес›› М. 2013, C 449.):
 
Խորհրդային դիվանագիտությունն ի սկզբանե եղել է գաղափարախոսական, կուսակցական և դասակարգային: Այս պոստուլատներից Մոսկվան  երբեք չի հրաժարվել: Պարզապես Երկրորդ համաշխարհային պատերազմից և Ստալինի մահից հետո ոչ պրոֆեսիոնալ դիվանագետների ներգրավումը ԱԳՆ (1946 թ.  ՆԿԻԴ-ը վերանվանվեց ԱԳՆ` արտաքին գործերի նախարարություն)  նկատելիորեն նվազեց: Ի տարբերություն հեղաշրջումից հետո դիվանագիտական կադրերի հավաքագրմանը գործարաններից և բանակից, նորաստեղծ Դիվանագիտական ակադեմիայում (1944 թ.) բացվեցին կարճատև 1-3 ամսյա դասընթացներ կուսակցական-կոմերիտական նոմենկլատուրայի համար: Այդ դասընթացներն ավարտողները, այդպես էլ չտիրապետելով կամ վատ տիրապետելով օտար լեզուներին ու դիվանագիտության հիմունքներին, նշանակվում էին նախարարության արտասահմանյան ներկայացուցչություններում բավական բարձր դիվանագիտական պաշտոնների (1-ին քարտուղար, խորհրդական): Այս կարգի դիվանագետները գրեթե առանց բացառության մնում էին օտար ‹‹մարմիններ››, ‹‹բալաստ›› օպերատիվ-վերլուծական աշխատանքի համար, զբաղվում էին ներդեսպանական կուսակցական, հասարակական կամ վարչական  գործունեությամբ` շարունակելով այն հայրենիք վերադառնալուց հետո` ԱԳՆ-ի համապատասխան ստորաբաժանումներում:
 
Նոմենկլատուրային հապճեպ կրթություն ստացած կադրերը, չհաշված հազվագյուտ բացառություններ, ողջ կյանքում մնում էին դիլետանտներ: Նրանց և պրոֆեսիոնալ դիվանագետների միջև գոյություն ուներ նկատելի անտագոնիզմ, որը սրվում էր  արտասահամյան պայմաններում: Կարիերային դիվանագետները դիլետանտների նկատմամբ տածում էին հակակրանք և վատ թաքցված արհամարանք: Նույնը կարելի է ասել դիվանագետների և մեկ այլ նոմենկլատուրային կադրերի` հետախույզների հարաբերությունների մասին, որոնք երբեք հաշտ ու հարթ չեն եղել բոլոր ժամանակներում: Կուսակցական նշանակումը, երբ բարձրաստիճան քաղաքական և կուսակցական գործիչները գործուղվում էին արտասահման, ուներ երկու պատճառ.
 
1) զանցառու բարձրաստիճան չինովնիկը մեկուսացվում էր ‹‹մեծ քաղաքականությունից››  և ‹‹արտաքսվում›› էր արտասահման: Օրինակ` երբ Վ. Մոլոտովը հայտարարվեց ‹‹ժողովրդի թշնամի››, նշանակվեց դեսպան Մոնղոլիայում,
 
2) քաղաքական կամ կուսակցական գործչին  խրախուսանքի կարգով շնորհում էին դեսպանի աստիճան և գործուղում էին արտասահման: Կուսակցական նշանակումները հիմնականում լինում էին սոցիալիստական լագերի կամ խորհրդային ուղղվածություն ունեցող երրորդ աշխարհի  պետություններ: Կապիտալիստական զարգացած երկրներում որպես կանոն աշխատում էին փորձառու պրոֆեսիոնալներ:
 
ԽՍՀՄ փլուզումից հետո Ռուսաստանը կարծես թե հրաժարվում է դիլետանտիզմի վնասաբեր պրակտիկայից և նախապատվությունը տալիս է պրոֆեսիոնալներին:
 
Դիվանագիտության մեջ դիլետանտիզմի առաջամարտիկը, սակայն, ոչ թե Ռուսաստանն է, այլ ԱՄՆ-ը, ‹‹որտեղ XIX-րդ դարում արտասահմանյան  ներկայացուցչությունները գտնվում էին ոչ պրոֆեսիոնալների ձեռքում: Գերակայում էր spoil system, փչացած համակարգը, որի պայմաններում մի շարք արտասահմանյան ներկայացուցչությունների ղեկավարների  պաշտոնները բաշխվում էին հաղթած նախագահի սպոնսորների միջև››  (Зонова Т.В. Дипломатия, Модели, формы, методы, изд. Аспект Пресс, М. 2013, с. 11):
 
Նեպոտիզմի արատավոր պրակտիկան, երբ հաղթանակած նախագահը դիվանագիտական պաշտոններ է բաժանում իր շրջապատին, ամերիկյան դիվանագիտության մեջ իր գագաթնակետին հասավ 30-ական թվականների սկզբին, նախագահ  Հերբերտ Հուվերի օրոք, որը պնդում էր պետական բարձրաստճան պաշտոններում, այդ թվում դեսպանների պաշտոններում, բիզնեսմենների նշանակման վրա, որոնց նա ընտրել էր առևտրի նախարար աշխատելու տարիներին: Մեր օրերում ևս Միացյալ Նահանգներում եզակի չեն դիլետանտներին դեսպաններ նշանակելու դեպքերը. Բիլ Քլինթոնն իր մոտ մարդուն որպես դեսպան ուղարկում է Փարիզ, հետո նույն պաշտոնին Բուշ-կրտսերը նշանակում է փայտի արտադրության մագնատի, որը մեծ գումար էր տրամադրել նրա ընտրական կամպանիային, իսկ Մադրիդում դեսպան է դառնում  անշարժ գույքի բիզնեսմենը, որը հանրապետական կուսակցության բյուջե փոխանցել  է 200 միլիոն դոլար:
 
Դեսպանի դիլետանտիզմը ոչ միայն հակադարձ համեմատական է դիվանագիտության բոլոր գրված և չգրված կանոններին, այլև կարող է լուրջ վնաս հասցնել նրա երկրին: Դա նկատի ունի Հենրի Քիսինջերը, երբ մեկնաբանում է Մոսկվայում Վաշինգտոնի դեսպան Ժոզեֆ   է. Դէվիսի գործունեությունը` փաստորեն մեղադրելով նրան դիվանագետի լոյալությունը կորցնելու և լոկալիտիսի երևույթին  տուրք  տալու մեջ, որը փաստորեն նշանակում է դեսպանընկալ երկրի շահերը գերադասել սեփական երկրի շահերից: ‹‹Դա Ժոզեֆ Է. Դէվիսն էր, պատերազմից առաջվա դեսպանը Մոսկվայում, որը ‹‹Առաքելություն Մոսկվայում›› բեստսելերի հեղինակն էր: Եվ չնայած Դէվիսը ներդնող բանկիր էր, այսինքն կոմունիստների աչքում արխիկապիտալ,  ուներ ամերիկյան շատ դեսպանների այն հակումները, որոնք չեն պատկանում կարիերային դիվանագետների թվին և դառնում են հավատարմագրված երկրների ինքնակոչ պրոպագանդիստներ:
 
Դեսպանի արկածները նկարագրող Դէվիսի գիրքը թութակի նման կրկնօրինակում էր սովետական պրոպագանդայի բոլոր թեզերը, ներառյալ զոհերի մեղավորությունն հաստատող ցուցադրական դատավարությունները››: ‹‹…Դէվիսի կարծիքով Արևելքի և Արևմուտքի միջև դիվանագիտական հարաբերությունները կմտնեն փակուղի, եթե չհենվեն Ստալինի բարի կամքի նկատմամբ հավատի վրա››: (Henry  Kissinger, Diplomacy, p. 430). Ամերիկյան դիվանագիտության կադրային քաղաքականության համար  նշված արատներից բացի, հատկանշանական է նրա քաղաքականացվածությունը.  երկու հիմնական կուսակցություններին չպատկանող դիվանագետը շանսեր չունի դառնալ դեսպան: Դիվանագիտական spoil system-ի մեթոդ է կիրառել Սիլվիանո Բեռլուսկոնին, չնայած Իտալական օրենքն արգելում է դեսպան նշանակել ոչ պրոֆեսիոնալի: Առանձին դեպքերում նույնը կարելի ասել  Մեծ Բրիտանիայի և  Ֆրանսիայի մասին:
 
Սակայն նույն Ֆրանսիան և Իտալիան ծայրաստիճան ժլատ են դեսպանի կոչում շնորհելու գործում: Քե դ’Օրսեում (Ֆրանսիայի ԱԳՆ) ներկայումս հաշվվում է դեսպանի դիվանագիտական աստիճան ունեցող 10, իսկ    Ֆարնեզինայում (Իտալիայի ԱԳՆ)  20 մարդ: Դիլետանտների օգտագործումը պետության դիվանագիտական ծառայությունում տարբեր կերպով կարող է ազդել տվյալ երկրի արտաքին քաղաքականության վրա` կախված նրա մասշտաբներից, ներուժից, միջազգային գետնի նրա գրաված դիրքից ու հեղինակությունից: ԱՄՆ-ի, Ռուսաստանի կամ Չինաստանի դիլետանտ դեսպանի  վրիպումները այլ պետությունների կողմից ընկալվում է մի կերպ,  իսկ փոքր և միջին երկրների դիլետանտ դեսպանի սայթաքումներն ու սխալները` բոլորովին այլ կերպ: Աքսիոմատիկ ճշմարտություն է, որ դեսպանների սխալները չեն ներվում: Այնպես որ, ՀՀ դիվանագիտության մեջ մեծ թվով դիլետանտների օգտագործումը, կասկածից դուրս է, որ կարող է վնասակար հետևանքներ ունենալ հանրապետության ազգային և պետական շահերի համար: Պատմությունը ցույց է տալիս, որ դիլետանտների և պրոֆեսիոնալների հարաբերակցությունը արտգործնախարարություններում փոփոխական են: Անգամ այն պետությունները, որոնց դիվանագիտական գերատեսչություններն ավանդականորեն հիմնականում կազմված են կարիերային դիվանագետներից, քաղաքական իրադրության կտրուկ փոփոխությունների դեպքում լայնորեն կիրառում են դեսպանների քաղաքական նշանակումներ:
 
Ֆրանսիական և ռուսական հեղափոխություններից հետո այդ երկրների դիվանագիտական ծառայությունները ամբողջովին ձևափոխվեցին, ԽՍՀՄ-ի փլուզումից հետո դեսպաններ նշանակվեցին այնպիսի քաղաքական և հասարակական գործիչներ, ինչպիսիք Վ. Լուկինը (ԱՄՆ), Ա. Բովինը (Իսրայել), Կոստիկովը (Վատիկան) և այլն, որոնք, ի դեպ, արդարացրին այդ նշանակումները, սակայն կրկնում ենք, դրանք հազվագյուտ դեպքեր են: 
 
Ընդհանրապես, բոլոր առաջատար և զարգացած երկրներում նկատվում է դիվանագիտության կադրային խնդիրների շուրջ լուրջ բանավեճեր և դիլետանտիզմի բացառման անհրաժեշտության կոնկրետ առաջարկներ: Հենց Միացյալ Նահանգներում, որոնք ինչ-որ տեղ հանդիսանում են դիլենտանտիզմի ‹‹կնքահայրեր››, անվանի գիտնականներ և դիվանագետներ մշտապես անդարադառնում են այդ կենսական կարևորություն ունեցող խնդրին, հանդես են գալիս ‹‹American Diplomacy››   ‹‹Foreign Affairs›› ամսագրերում և տարբեր լսարաններում:
 
Պետդեպարտամենտի փորձագետների հանձնաժողովը պարբերաբար հրապարակում է զեկուցագրեր այդ հարցի շուրջ կատարված հետազոտությունների մասին: Պրոֆեսիոնալ-դիլետանտ քննարկումների ֆոնին հաճախ է երևան գալիս դեսպանի մասնագիտական և հոգեբանական հատկանիշների խնդիրը, որոնք պայմանավորված են հասարակության զարգացման կոնկրետ փուլի, պետության արտաքին քաղաքականության խնդիրների և միջազգային հարաբերությունների կոնկրետ իրավիճակի հետ: Միջնադարի դիվանագետի առաջ հետևյալ պայմաններն է դնում Վենետիկցի դիվանագետ Օտավիանո Մաջին իր  1596 թվականին գրած ‹‹Դեսպանի մասին›› գրքում: Դեսպանը պետք է լինի գիտնական-աստվածաբան, լավ իմանա Արիստոտելի և Պլատոնի աշխատությունները, դիալեկտիկայի կանոնների համաձայն կարողանա լուծել  ցանկացած խնդիր: Դեսպանը պետք է լինի մասնագետ մաթեմատիկայի, ճարտարապետության, երաժշտության, ֆիզիկայի, քաղաքացիական և եկեղեցական իրավունքի բնագավառներում:
 
Նա պետք է ազատ խոսի և գրի լատիներեն, իմանա հունարեն, իսպաներեն, ֆրանսերեն, գերմաներեն և թուրքերեն: Նա պետք է ունենա դասական կրթություն, իմանա պատմություն և աշխարհագրություն,  լինի ռազմական գործի մասնագետ, ինչպես նաև պոեզիայի գիտակ: Բացի այդ ամենից դեսպանը պետք է լինի ճանաչված անձնավորություն, հարուստ, արտաքինով, գրավիչ: Երբեմն դեսպանների համար պահանջվել են հատուկ որակներ: Օրինակ` արքայադուստր /պրինցեսա/ Ցերբսկայան` Եկատերինա II-ի մայրը Ֆրիդրիխ Մեծին ուղղված նամակում պատվիրում է, որ Պետերբուրգ ուղարկվող դեսպանը լինի երիտասարդ, գեղեցիկ, ունենա լավ կառուցվածք: Իսկ Գերմանիայի և Հոլանդիայի դեսպաններից պահանջվում էր, որ նրանք կարողանան օգտագործել մեծ քանակությամբ ոգելից խմիչքներ  (Տես Никольсон Г., Дипломат, изд. Государсвенное издательство политической литературы, 1941):  
 
Այնուհետև Հարոլդ Նիկոլսոնը թվարկում է մի քանի հատկանիշներ, որոնք մեծապես խոչընդոտում դիլետանտների գործունեությանը ` վնասելով նրանց կառավարություններին շահերին: Անվանի տեսաբանի  դիտողություններն այսօր էլ  չեն կորցրել իրենց նշանակությունը: ‹‹Դիվանագետ-դիլետանտը,- գրում է նա,- հաճախ փառասիրությունից դրդված ձգտում է արագորեն հաջողության հասնել, մինչդեռ նա նոր է ժամանել այդ երկիրը: Սեփական ուժերի նկատմամբ թերահավատության պատճառով նա կասկածամիտ է, չափից ավելի փութաջան, հակված է իրագործել ‹‹փայլուն›› գաղափարներ:
 
Նա դեռևս զուրկ է մարդկային համբերատարությունից և սկեպտիկ ներողամտությունից, որոնք ձեռք է բերվում դիվանագիտական երկարատև ծառայության հետևանքով, հաճախ է ընկնում ուրիշների համոզմունքների, պատահական իմպուլսների և համակրանքի ազդեցության տակ: Դիլետանտն հասկանալի արհամարհանքով է վերաբերվում դիվանագիտական արարողակարգին և անհաբերությամբ է նայում այդ պայմանականություններին, որի հետևանքով հաճախ վիրավորանքներ է հասցնում այնտեղ, որտեղ միայն ցանկանում էր բարեհոգություն դրսևորել: Իր զեկույցներում և հաղորդագրություններում շատ հաճախ ձգտում է ոչ այնքան խելամիտ ձևով ներկայացնելու փաստերը, որքան ցուցադրել իր հնարամտությունն ու գրական տաղանդը։ (Указ. соч., с. 52).
 
Եթե սրանից մի քանի տասնյակ տարի առաջ դիլետանտ դիվանագետի գործունեությունը մեջ ինչ-որ չափով ընդունելի էր, ապա այսօր միանշանակ կարելի է պնդել, որ պրոֆեսիոնալիզմը և դիլետանտիզմը անհամատեղելի կատեգորիաներ են դիվանագիտության մեջ: Համաշխարհային քաղաքականության բարդությունը, միջազգային ասպարեզում տարբեր հետաքրքրությունների խաչաձևումը, արտաքին քաղաքականության խորը փոփոխությունը, գլոբալիզացիայի նոր որակների երևան գալը վկայում են հենց պրոֆեսիոնալ դիվանագետների պահանջված լինելը` ավելի քան երբևիցե: ‹‹XX-րդ դարի վերջին  XXI-դարի սկիզբին աշխարհը դարձավ նկատելիորեն  բարդ: Արտաքին քաղաքականության  որոշումների դերը մեծացավ, իսկ սխալի գինը ոչ ճիշտ ընդունված որոշումների արդյունքում` աճեց: Յուրաքանչյուր նման որոշումից կախված են հարյուր միլիոնավոր մարդկանց ճակատագրերը›› (Внешняя политика: вопросы теории и практики, Материалы научного семинара, изд. Университет, книжный дом, М. 2009, с.55 ):
 
Եթե ավելի նեղացնելու լինենք ‹‹սխալի գինը››  և  պրոյեկտենք այն մեկ առանձին պետության վրա, ապա կարող ենք ասել, որ ‹‹դիվանագետը և սակրավորը սխալվում են ընդամենը մեկ անգամ››: (Նավասարդյան Ա. Հերմեսից մինչև մեր օրերը, հրատ. ‹‹Հայաստան››, 2012,   էջ 155 ):
ԱՐՄԱՆ ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆ
559 reads | 08.02.2017
|
avatar

Մականուն:
Գաղտնաբառ:
Copyright © 2017 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com