ՌՈՒՍ-ՀՈՒՆԳԱՐԱԿԱՆ ՉԱՐԴԱՇ ԵՎ ԵՎՐԱՄԻՈՒԹՅԱՆ ՌԵՔՎԻԵՄ
Հարցազրույց արտակարգ և լիազոր դեսպան Արման Նավասարդյանի հետ
 
Diplomat.am-Ինչպե՞ս կմեկնաբանեք Պուտինի այցելությունը Հունգարիա, եթե այն դիտելու լինենք Ռուսաստան-նախկին սոցիալիստան լագերի երկրներ համատեքստում, որոնց հարաբերությունները,  մեղմ ասած ապրում են ոչ բարենպաստ օրեր։  
 
Ա.Ն. - Վերջին ժամանակներս  Ռուսաստանի հարաբերությունները Արևելյան Եվրոպայի երկրների հետ, իրոք, հեռու են կառուցողական լինելուց։ Հատկապես Լեհաստանի հետ, որոնք իջել են զրոյական մակարդակի, դարձել գրեթե թշնամական։ Սա պայմանավորված է մի շարք գործոններով` աշխարհաքաղաքական գործընթացներ, Արևմուտք-Արևելք առճակատում, ՆԱՏՕ-ի ընդարձակում դեպի Ռուսաստան։ Հունգարիան բացառություն է, որի արտաքին քաղաքականությունն այնքան էլ համահունչ չէ Եվրամիության և եվրոպական մյուս կառույցների հետ։  Չնայած հանգամանքին, որ Բուդապեշտը ստիպված միացել է հակառուսական պատժամիջոցներին, հունգարական ղեկավարությունը մեկ անգամ չէ, որ դժգոհություն է հայտնել այդ կապակցությամբ` նշելով, որ երեք տարվա ընթացքում իր բյուջեն կորցրել  է 6,5 միլիարդ դոլարից ավելի, ինչը զգալի գումար է երկրի համար։
 
Diplomat.am-Դուք որևէ կապ տեսնու՞մ եք Պուտինի այցի և  Ռուսաստան-ԱՄՆ հարաբերությունների «ձնհալի» ու Թրամպի Եվրոպական դեստրուկտիվ քաղաքականության միջև։
 
Ա.Ն. - Եթե ոչ անմիջական, ապա միջնորդված կապ տեսնում եմ։ Թրամպի որդեգրած քաղաքական գիծը ՆԱՏՕ-ի և Եվրամիության նկատմամբ ուղիղ համեմատական է եվրոպական կառույցների, հատկապես  Գերմանիայի հակառուսական քաղաքականության հետ։ Մինչդեռ Հունգարիայի նախագահ Վիկտոր Օրբանը մեկ անգամ չէ, որ խոսել է Ռուսատանի հետ իր երկրի մերձեցման օգտին։ Բացի այդ, Բուդապեշտը խիստ դժգոհ է Ուկրաինայի քաղաքականությունից, որտեղ բենդերովականները պատրաստվում են ընդունել «Օրենք լեզվի մասին»։ Այդ օրենքն արգելում է օտար լեզուների գոյությունը Ուկրաինայում, ինչը  Հունգարիան  համարում է դիսկրիմինացիոն  իր 150.000 հազարանոց համայնքի նկատմամբ։ Այս և մի շարք այլ պատճառներով հունգարացիները պահանջում են անջատում Ուկրաինայից և անկախության հռչակում։ Այնպես որ, ուկրաինական գործոնը նույնպես մերձեցնում  է Ռուսաստանին և Հունգարիային։ Եթե դրան ավելացնելու լինենք Օրբանի` Թրամպի քաղաքականւթյանն արված գովեստի խոսքերը, ապա բացառված չէ, որ Պուտինի այցը Բուդապեշտ կհանդիսանա ռուսական դիվանագիտության ճեղքում եվրոպական  ուղղությամբ։ Բացառված չէ, որ այստեղ ձևավորվի Վաշինգտոն-Բուդապեշտ-Մոսկվա առանցք`  ընդդեմ Եվրամիության և Պուտին-Թրամպ հակառակորդների։ Եթե խոսելու լինենք երաժշտության լեզվով, ապա ռուս-հունգարական չարդաշին զուգահեռ Եվրամիությունում կհչի ռեքվիեմ։
 
Diplomat.am-Իսկ ի՞նչ վիճակում են Հայաստան-Հունգարիա հարաբերությունները մարդասպան Սաֆարովի` Բաքու արտահանձնումից հետո։ Այն կարծես թե մոռացությա՞ն է մատնվել, իսկ դիվանագիտական հարաբերությունները մնում են սառեցված։
 
Ա.Ն. - Հայ սպայի նենգ սպանությունը և դրա պատճառած ցավը երբեք չեն մոռացավի։  Սակայն քաղաքականությունը և դիվանագիտությունը ենթակա չեն զգացմունքներին ու անձնական ապրումներին։ Պետական հետաքրքրությունները, որպես կանոն,  առաջնային են,  անհատների  վշտերն ու կորուստները`երկրորդական։ (Հիշենք վերջերս դեսպան Կառլովի սպանությունը և դրա հետևանքները ռուս-թուրքական հարաբերությունների համար)։ Իսկ Հունգարիան կարևոր երկիր է եվրոպական  և միջազգային մակարդակով։ Եվ Հայաստանի դիվանագիտական աշխարհագրությունից նրա դուրս մնալը չի բխում մեր ազգային շահերից։ Կարծում եմ՝ ժամանակն է վերականգնելու դիվանագիտական հարաբերությունները Հունգարիայի հետ։
ԱՐՄԱՆ ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆ
848 reads | 03.02.2017
|
avatar

Մականուն:
Գաղտնաբառ:
Copyright © 2017 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com