ՄՈՍԿՎԱ-ՎԱՇԻՆԳՏՈՆ «ՁՆՀԱԼԸ» ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՆՈՐ ՀՈՐԻԶՈՆՆԵՐԸ
ԱՐՄԱՆ ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆ
Արտակարգ և լիազոր դեսպան, ԵՐԵՎԱՆ






Միջազգային հարաբերությունների ներկա արագ փոփոխվող պարադիգմում ես մեր դիվանագիտության խնդիրները պայմանականորեն կբաժանեի երեք հիմնական խմբի.
 
Առաջին խմբում այն հարցերն են, որոնք կանգնած են նոր աշխարհակարգի ստեղծման և բազմաբևեռ համակարգի կայացման ճանապարհին:
 
Երկրորդ խումբը ներառում է աշխարհաքաղաքական պայքարը տարածաշրջանային  պետությունների և մեծ տերությունների միջև:
 
Երրորդ խմբում դիվանագիտության կոնկրետ խնդիրներն  են պետության ներքին և արտաքին քաղաքականության իրագործման գործառույթներում:
 
Լինելով Խորհրդային կայսրության կազմում և նրա միջուկային հովանոցի անվտանգության ներքո` Հայաստանը զարգանում էր սոցիալիստական համակարգի պայմաններում՝ լավ թե վատ։
 
Անկախանալով և դառնալով միջազգային  իրավունքի սուբյեկտ` Հայաստանն այսօր բախվում է միանգամայն նոր տիպի վտանգների և մարտահրավերների, որոնք բոլորովին նոր իրավիճակ են ստեղծում Հայաստանի համար:
 
Աքսիոմատիկ ճշմարտություն է, որ  անկախության գինը թանկ է: Կամ մենք կգտնենք մեզ արժանի որմնախորշը այդ աշխարհակարգում և ապագա բազմաբևեռ  համակարգում, կամ դե ֆակտո կկորցնենք մեր անկախությունը, ինչպես դա տեղի է ունենում մի շարք պետությունների հետ: Իրաք, Լիբիա, Սիրիա, Եմեն։ Սրանք ձևականորեն են շարունակում մնալ սուվերեն պետություններ ու միջազգային իրավունքի սուբյեկտներ` զբաղեցնելով տեղեր ՄԱԿ-ում:
 
Մերձավոր Արևելքի  բոլոր երկրներին, որոնք տեղակայված են Սայքս-Պիկոյի 1916 թվականին գծած համաձայնագրերի սահմաններում, նույն վտանգն է սպառնում։  Հաջորդը հավանաբար կլինեն Լիբանանը և Հորդանանը։
 
Մյուս կողմից` անկախությունը և միջազգային հանրության լիիրավ անդամ լինելը շատ մեծ հնարավորություններ է բացում Հայաստանի ամրապնդման և զարգացման համար: Պատմությունը շատ օրինակներ և դասեր ունի գրված այդ թեմայով: Անտիկ աշխարհում  փոքր պետությունները` լիմիտրոֆները, հատուկ դեր էին խաղում Հռոմեական կայսրության դիվանագիտական հարաբերություններում։ Նույնը կարելի է ասել չինական սահմաններն օղակող փոքր բուֆերային պետությունների` վայ-ֆաների և կամ  միջնադարյան քաղաք-պետությունների մասին: Վերջիններիս արտաքին քաղաքականության հիմքում  դրված էին մաքիավելիզմի հիմնադրույթները։
 
Սակայն Հայաստանն ունի իր առանձնահատկությունները։ Ներկա Արևելք-Արևմուտք սուր հակամարտության պայմաններում Հայաստանը այն երկիրն է, որ կարող է հմտորեն մանևրել միջազգային հարաբերություններում, խաղալ միջնորդական հնարավորությունների վրա և օգուտ քաղել դրանցից։
 
Ինչո՞ւ հենց Հայաստանը: Ինչո՞ւմն է նրա առավելությունը, որն իրավունք է տալիս հավատալու մեզ բաժին ընկած հատուկ առաքելությանը` մեծ տերությունների քաղաքական խաղերում և աշխարհաքաղաքական զարգացումներում։  Փաստե՛րն են խոսում  այդ վարկածի օգտին։ Անգամ մեր հակառակորդները չեն կարող ժխտել, որ հայերը քրիստոնեական և եվրոպական  արժեքներ կրող ազգ են, որին մոտ է նաև արևելյան մշակույթը։  Հետո, որքան էլ մենք բողոքենք մեր քաղաքական համակարգից` որակելով այն ավտորիտար, այդուհանդերձ հայ հասարակությունը, հայ ընտանիքը հենված են դեմոկրատական ավանդույթների, հումանիզմի, հանդուրժողականության, երբեմն ալտրուիզմի հասնող մարդասիրության վրա։ Բացի այդ ամենը, կա հայկական Սփյուռք, որի հնարավորությունները և սահմանները վերոնշյալ առաքելությունում դժվար է չնկատել։
 
Իմ խորին համոզմամբ, դժվար կլինի գտնել նախկին ԽՍՀՄ-ից պոկված որևէ հանրապետություն, որը կարողանար իր վրա վերցնել տարբեր պետությունների իրար կապելու գործառույթը։ Բելառո՞ւսը,  Ղազախստա՞նը , Ադրբեջա՞նը, կամ մյուսնե՞րը։ Իհարկե` ոչ։
 
Անգամ Ռուսաստանը իր ողջ հզորությամբ, հսկայական ներուժով և հարուստ պատմությամբ չի կարող անել այն, ինչը ի զորու է անել Հայաստանը։ Այսօրվա Ռուսաստանն իր հարուստ  քաղաքական  ներկապնակով կդժվարանա տարբեր բևեռներում կանգնած  պետությունների միջև դառնալ կապող օղակ։ Երկու պատճառով։
 
Նախ` Ռուսաստանն ինքը կոչված է լինելու գերտերություն և գլխավորելու այլ երկրների դաշնություններ, և երկրորդ` ռուսական քաղաքական էլիտայում դեմոկրատների կողքին քայլում են նացիոնալ-շովինիստական ուժեր (Դուգին, Շևչենկո, Պրոխանով, Ժիրինովսի, Լիմոնով և ուրիշներ)։ Նման սիմբիոզը հազիվ թե կարողանա խաղալ մեր նշած դերը։ Բացի այդ, ռուսներն իրենք կարիք ունեն հուսալի օղակի և բուֆերի  Մոսկվա-Վաշինգտոն, Մոսկվա-Թեհրան առանցքի շուրջ: Հայաստանը կարող էր հաջողությամբ  ‹‹վերաբեռնավորել›› հարաբերությունները նրանց փակուղի մտնելու պարագայում։
 
Օգտագործելով արդեն գոյություն ունեցող փորձը և զարգացնելով համագործակցությունը ՀԱՊԿ-ի և ԵԱՏՄ-ի հետ` մի կողմից, ՆԱՏՕ-ի և ԵՄ հետ` մյուս կողմից, Հայաստանը կարող էր նոր քայլեր անել իրեն բաժին ընկած առաքելության հետագա առաջընթացի համար։ Դրանով պատասխան կտրվի մեր այն քաղաքական ուժերին, որոնք մերժում են «և-և»-ի ռազմավարությունը և շեփորահարում են «կամ-կամ»-ի քաղաքականության առավելությունները մեզ համար։
 
Իմ կարծիքով, Հայաստանը պետք է հավասարակշված քաղաքականություն վարի Արևմուտքի և Արևելքի միջև։ Հավասարակշռություն, բայց ոչ հավասարահեռություն։ Հասկանալի պատճառներով մենք այսօր չենք կարող հավասար հեռավորություն պահել և՛ Ռուսաստանի, և՛ ԱՄՆ հետ։ Իսկ հավասակշռել կարող ենք, և պարտավոր ենք դա անել։ Այսինքն, ոչ թե կոմպլեմենտար, այլ՝ ՌԴ-ի վրա հենված, զարգացնել ԱՄՆ-ի հետ հարաբերությունները:
 
Այս ենթատեքստում սպասվող «ձնհալը» Մոսկվայի և Վաշինգտոնի միջև նոր հորիզոններ է բացում Հայաստանի դիվանագիտության կատարելագործման համար։  
 
Ի դեպ, քաղաքագիտության դոկտոր-պրոֆեսոր, գեներալ-լեյտենանտ Հայկ Քոթանջյանը հեղինակել է ամբողջ մի տեսություն Հայաստանի արտաքին քաղաքականության հավասարակշված դիվանագիտության զարգացման համար` տարբեր քաղաքական բևեռների միջև։ Այդ տեսության տարածումը և կիրառումը կարող է որոշիչ նշանակություն ունենալ Հայաստանի արտաքին քաղաքականության, պետական և ռազմաքաղաքական անվտանգության ամրապնդման համար։
ԱՐՄԱՆ ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆ
2099 reads | 29.01.2017
|
avatar

Մականուն:
Գաղտնաբառ:
Copyright © 2017 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com