ՊՈՒՏԻՆԸ, ԷՐԴՈՂԱՆԸ ԵՎ ՌՈՀԱՆԻՆ ՄԻ ՆԱՎԱԿՈՒՄ` ԱՌԱՆՑ ԹՐԱՄՊԻ
ԱՐՄԱՆ ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆ
Արտակարգ և լիազոր դեսպան, ԵՐԵՎԱՆ






Հալեպի ազատագրումը նոր թափ հաղորդեց սիրիական ճգնաժանի հետ կապված քաղաքական-դիվանագիտական գործընթացների հետագա զարգացմանը։ Պուտինը հայտարարեց, որ Աստանայում տեղի կունենա գագաթնաժողով Սիրիայում կրակի դադարեցման վերաբերյալ, իսկ մինչ այդ Մոսկվայում կայացավ Ռուսաստանի, Թուրքիայի և Իրանի արտգործնախարարների հանդիպումը, զուգահեռ` նույն  երկրների պաշտպանության նախարարների խորհրդակցությունը։ Այդ ընթացքում տեղի ունեցավ Թուրքիայում Ռուաստանի դեսպան Կառլովի քստմնելի սպանությունը, որը, սակայն, մեծ հաշվով պատճառ չդարձավ ռուս-թուրքական հարաբերությունների նոր ճգնաժամի։
 
Սա առաջին դեպքը չէ, երբ դիվանագետի սպանությունը ստորադասվում է միջպետական շահերին։
 
Տեղեկատվական.
Թուրքական «Ջումհուրիյեթ» պարբերականը, անդրադառնալով  դեկտեմբերի 19-ին Անկարայում ՌԴ դեսպան Անդրեյ Կառլովի սպանությանը, ուշադրություն է հրավիրել հետաքրքիր մի զուգադիպության վրա: Պարզվում է՝ դեսպանի սպանության երեկո ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ուղևորվում էր Ռուսաստանի պետական ակադեմիական Փոքր թատրոն, որտեղ պատրաստվում էր դիտել ռուս դասականներից Ալեքսանդր Գրիբոյեդովի «Խելքից պատուհասը» պիեսի հիման վրա բեմադրված ներկայացումը։ Ինչպես հայտնի է, Ալեքսանդր Գրիբոյեդովը Ռուսական կայսրության դեսպանն է եղել Պարսկաստանում, որտեղ սպանվել է 1829 թ.-ին։
 
Մեր կողմից ավելացնենք, որ Թեհրանի ահաբեկչության ժամանակ սպանվել է 37 մարդ և 19 հարձակվող, ինչպես նաև դեպանությունում Գրիբոյեդովի թույլատրությամբ պատսպարված մի խումբ իրանահայեր։ Իսկ ինչպե՞ս հարթեցվեց ռուս-իրանական հարաբերություններում ծագած ճգնաժամը։ Շահը Սանկտ–Պետերբուրգ է գործուղում իր թոռանը` Խոսրով-միրզային։ Բազմաթիվ թանկարժեք նվերների թվում շահը ցարին ուղարկում է հայտի «Շահ» ադամանդը։ Նիկոլայ I-ը, ընդունելով ընծան, ասում է` «Ես հավերժ մոռացության եմ մատնում թեհրանյան չարանենգ դիպվածքը»։

…Աստանայի գագաթնաժողովը հայտարարված է հունվարի 23-ին, այսինքն երեք օր անց  ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամպի  երդմնակալությունից հետո, բայց առանց ամերիկյան նախագահի մասնակցության։ Նա հրավիրված չէ։  Սիրիայում որպես խաղաղության հաստատման երաշխավորներ հանդես են գալիս Ռուսաստանը, Թուրքիան և Իրանը։ Մոսկովյան հանդիպումներին հրավիրված չէ անգամ ՄԱԿ-ի գծով Սիրիայի հատուկ ներկայացուցիչ Ստեֆան դե Միստուրան։
 
Գալիք գագաթնաժողովի վերաբերյալ կանխատեսումները տարբեր են։ Բաշար Ասադը, օրինակ, լավատեսորեն է նայում գալիք բանակցություններին։ Նա կարծում է, որ հաջողության շանս կա, քանի որ ի տարբերություն Ժնևի, Աստանայում պետք է ներկայացվեն սիրիական բոլոր խմբավորումների կարծիքները։ Թուրքիայի արտգործնախարար Մեվլյութ Չավուշօղլուն էլ ճշտում է, որ Աստանայի բանակցությունները ընդամենը լինելու են ժնևյան բանակցությունների շարունակությունը և ավելացնում (ուշադրություն, Ա.Ն.), որ «Աստանայում Անկարան ուղիղ բանակցություններ չի վարելու սիրիական իշխանությունների հետ»։

ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի կարծիքով՝ Ռուսաստան-Թուրքիա-Իրան եռակողմ ձևաչափը «գործով է ապացուցել իր արդյունավետությունը սիրիական  ճգնաժամի կարգավորման գործում», որ «սիրիական հարցում ավելի հեշտ է համաձայնության գալ թուրքերի, քան ամերիկացիների հետ»։  Ի դեպ, ռուսական արտաքին գործերի գերատեսչության նման կարծիքը շատ փորձագետների գնահատմամբ  չափազանց լավատեսական է։ «The New York Times»-ն իր հերթին զգուշացնում է. «Եթե  Ռուսաստանը, Իրանը և Թուրքիան ձգտեն սիրիական  հակամարտությունը կարգավորել միայն իրենց օգտին, ապա դա կբերի աշխարհաքաղաքական ճգնաժամի, ճիշտ այն պահին, երբ նորընտիր նախագահը պատրաստվում է ստանձնել իր պարտականությունները»:

Իսկ մեր կարծիքով, Աստանայի գալիք գագաթնաժողովը երևան է բերելու երկու գլխավոր հարց, որոնցից մեծապես կախված կլինի դրա հաջողությունը` ընդհանրապես և սիրիական ճգնաժամի հետագա ճակատագիրը` մասնավորապես:

1. Ինչպիսի՞ն կլինեն հարաբերությունները Մոսկվայի և Վաշինգտոնի միջև, եթե եռյակը օտարի ԱՄՆ-ին գագաթնաժողովից, երբ նորընտիր նախագահը պատրաստակամություն է հայտնում համագործակցել Պուտինի հետ սիրիական ճգնաժամի կարգավորման և ԻԼԻՊ-ի վերացման գործընթացում:
2. Որքանո՞վ է կայուն եռյակը Թուրքիայի և Իրանի մասնակցությամբ:

Ռուս-ամերիկյան երկխոսությունը թողնելով Թրամպի իշխանության գալուց հետո` փորձենք անդրադառնալ թուրք-իրանական հարաբերություններին  Աստանայի գագաթնաժողովի ենթատեքստում:

Հարցի հետ,  անգամ թռուցիկ ծանոթությունը, ուրվագծում է այնպիսի տեսարան, որ կասկածում ես նման ֆորումի ոչ միայն հաջողությանը, այլև գումարման հնարավորությանը։ Նախ, թուրքական կողմը պահանջում է բացառել «Հըզբոլլահի» մասնակցությունը գագաթնաժողովին` դասելով նրան «Ջաբհատ ան Նուսրայի» և մյուս ահաբեկչական կազմակերպությունների շարքին և պահանջում վտարել «Հըզբոլլահին» Սիրիայից, ինչն առաջացնում է Իրանի խորը վրդովունքը և կտրուկ հակադարձությունը:

Եվ դա հասկանալի է, եթե հաշվի առնենք, որ «Հըբոլլահը» Ռուսաստանի և սիրիական բանակի կողքին գլխավոր գործող ուժերից մեկն է, որը վերջին երկու տարիներին օգնում է Սիրիային ահաբեկիչների դեմ պատերազմում» (Իսլամական հեղափոխության պաշտպանների կորպուսի հրամանատար, բրիգադային գեներալ Մոհամեդ Ալի Ջաֆարի):

Նշելով, որ  «Հըզբոլլահը» գտնվում է Սիրիայում կառավարության խնդրանքով, ինչը միանգամայն համապատասխանում է միջազգային իրավունքի նորմերին` իրանական կողմը սեղանին է դնում Սիրիայում թուրքերին անվանարկող փաստերի մի մեծ «ծաղկեփունջ»։ Փաստերն ավելի քան պերճախոս են։ Այսպես, տարիների ընթացքում թուրքական քաղաքականությունը մազաչափ անգամ չի փոխվել, Անկարան ձգտում է տապալել Ասադի իշխանությունը, շարունակում է պաշտպանել ընդդիմությանը, ԻԼԻՊ-ի փոխարեն ակտիվորեն կռվում է քրդերի դեմ, թուրքական քաղաքականությունը  Մերձավոր Արևելքում կարող է վերածվել «աշխարհի վախճան» սցենարի` այսինքն սուննի-շիա լայնամասշտաբ պատերազմի և այլն։

Եռայակի ներսում իրանական դիվանագիտությանն անհանգստացնում են մի կողմից` թուրք-ռուսական հարաբերությունների ընթացքը, մյուս կողմից` Իրանի հարաբերությունների դինամիկան Ռուսաստանի հետ։ 

Անդրադառնալով Ռուսաստան-Թուրքիա հարաբերությունների անսպասելի ջերմացմանը` Իրանը գտնում է, որ երկու երկրների միջև շարունակում է գոյություն ունենալ հակասությունների մի լայն շերտ։ Նրանց հարաբերությունները կրում են ֆրագմենտար բնույթ, բացակայում է բազային հենքը։ Որպես օրինակ բերվում է Թուրքիայի դիրքորոշումը Ղրիմի հարցում։ Թուրքերը ձևացնում են, թե պաշտպանում են Ուկրաինայի շահերը և դեմ են արտահայտվում Ղրիմի միացմանը Ռուսաստանին, սակայն իրականացնում են  «Թուրքական  հոսք» գազատարի կառուցումը, որը շրջանցելու է  Ուկրաինան` ի վնաս նրա էներգետիկ ներուժի։

Արդյունքում` Իրանը տարակուսում է, թե  Ռուսաստանն արդյո՞ք չի շտապում ցուցաբերել   մշուշապատ  համերաշխություն թուրքական ղեկավարության հետ։ «Թեհրանում չեն կարողանում հասկանալ եռակողմ կոնսենսուսի ձևաչափը Էրդողանի հետ։ Ի՞նչ է, նա ճանաչել է նախագահ Ասադի լիգիտիմությունը, հրաժարվե՞լ է սիրիական կառավարությունը զենքի ուժով տապալելու մտադրությունից կամ սկսել է կռվե՞լ Իսլամական պետության դեմ։  Սրանցից և ոչ մեկը»։

Իրանը գտնում է, որ Թուրքիան բացեիբաց ձգտում է ամրապնդել այստեղ իր դիրքերը իրանցիների հաշվին։  Ընդհանրապես, իրանական դիվանագետները կասկածում, որ Մոսկվան և Անկարան Թեհրանի  թիկունքում կարող են գալ համաձայնության և Իրանին թողնել խաղալու «երրորդն ավելորդ» է դերը։

…Մերձավորարևելյան թատերաբեմից բացի թուրք-իրանական հակամարտությունը նոր ձևեր և զարգացումներ է դրսևորում աշխարհաքաղաքական  այլ հորիզոնականներում ևս,  օրինակ, նախկին ԽՍՀՄ տարածքներում և միջինասիական հանրապետություններում։ Այդ առումով հատկանշանական էր վերջերս Բաքվում «Թյուրքալեզու երկրների պառլամենտական ասամբլեայի միջազգային քարտուղարության» բացման հանդիսավոր արարողությունը, որին մասնակցում էին Ադրբեջանի, Թուրքիայի, Ղազախստանի և Ղրղստանի բարձրաստիճան ներկայացուցիչները։

Տեղեկատվական
Թյուրքալեզու երկրների քաղաքական նպատակներով համախմբման գաղափարը նոր չէ. Խորհրդային Միության  նախաձեռնությամբ 1926 թվականին նմանատիպ համագումար տեղի ունեցավ Բաքվում ընդդեմ համաշխարհային «բուրժուների», սակայն այն զարգացում չունեցավ և դադարեց գործել, երբ  քեմալական Թուրքիան չարդարացրեց Մոսկվայի հույսերը` տեսնել Ստամբուլը որպես հեղափոխության կենտրոն Արևելքում։

Թուրք-ադրբեջանական յուրաքանչյուր ձեռնարկ տարածաշրջանում, այդ թվում վերոնշյալ «լեզվաբանական ֆորումը» անհանգստացնում է Ռուսաստանին և Իրանին,   որոնք որոշակի վտանգ են տեսնում Թուրքիայի էքսպանսիոնիստական նկրտումների և Միջին Ասիայում իսլամիստական ֆուդամենտալիզմի տարածման կապակցությամբ։ Այդ մտավախությունից դրդված, Մոսկվան աշխատում է խաղարկել պարսկական խաղաքարտը, ինչպես նաև օգտվելով Նազարբաևի խանական ամբիցիաներից` արգելափակել էրդողանի հնարավոր ներթափանցումը Միջին Ասիա։

Թուրքական աշխարհի համախմբումը, որի ցուցադրումներից մեկը Էրդողանի այցելությունն էր Սամարղանդ, հավասարապես հակասում է Ռուսաստանի և Իրանի ռազմավարական շահերին։

Առանց սխալվելու մեծ հավանականության կարելի է ասել, որ Հասան Ռոհանիի այցը նախ Հայաստան, ապա Աստանա և Բիշքեկ նպատակ ուներ կասեցնել Թուրքիայի ծավալումը Միջին Ասիա, իսկ կոնկրետ հայաստանյան այցը ակնարկ էր Ալիևին, որ նրա  չափից ավելի ակտիվությունը կարող է սրել ղարաբաղյան հիմնահարցը` ի վնաս Բաքվի։ 

…Սիրիական ողջ դրամայի ընթացքում հայկական հոծ համայնքը լինելով երկրի ազգային կարևոր և ակտիվ փոքրամասնություններից  մեկը, բացակայել է միջազգային ատյաններում, այդ թվում ժնևյան բանակցություններում։ ՀՀ կառավարությունը որպես սիրիահայության շահերը ներկայացնող և պաշտպանող միջազգային իրավունքի սուբյեկտ, պետք է որ իր դերակատարությունն ունենար այս խնդրում։ (Թերևս, եղել են համապատասխան դեմարշներ, որոնց մենք ծանոթ չենք)։

Արդ, հարկ է գործնական քայերի դիմել, որպեսզի հայկական պատվիրակությունը մասնակցի Աստանայի գագաթնաժողովին, (եթե այդպիսին տեղի ունենա) և միջազգային հանրությանը ծանոթացնելով իր կրած կորուստներին և տառապանքներին`  բարձրացնի նյութական ու բարոյական հատուցման հարցը:
 
ԱՐՄԱՆ ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆ
3261 reads | 12.01.2017
|
avatar

Մականուն:
Գաղտնաբառ:
Copyright © 2017 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com