ՕԲԱՄԱՅԻՆ ՀԱՍՑԵԱԳՐՎԱԾ ՊՈՒՏԻՆԻ ԵՎ ԹՐԱՄՊԻ ՆՈՒՅՆԻՄԱՍՏ ՈՒՂԵՐՁՆԵՐԻ ՄԱՍԻՆ
ԱՐՄԱՆ ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆ
Արտակարգ և լիազոր դեսպան, ԵՐԵՎԱՆ






Քաղաքական որոշ մեկնաբաններ 2017 թվականը ներկայացնում են ամենամռայլ գույներով,  անգամ գուշակում են, որ այն լինելու է  «annus horribilis» («սարսափի տարի»): Ես ձեռնպահ կմնայի նման ապոկալիպսյան պատկերներից և կանխատեսումներին կմոտենայի կոնկրետ իրողության տեսանկյունից։

Մեթոդաբանական առումով ընդունելով պետության իսթեբլիշմենտի, նրա ինստիտուտների, մի խոսքով,  ողջ  քաղաքական համակարգի առանցքային նշանակությունը միջազգային հարաբերություններում՝ սխալ կհամարեի քաղաքական մշակույթում անհատի դերի անտեսումը,  որն, իմիջիայլոց և, իզուր, աքսիոմատիկ ճշմարտություն էր համարվում խորհրդային քաղաքագիտության պոստուլատներում։

Ես այստեղ կոնկրետ նկատի ունեմ առաջին հերթին երկու լիդերների` Վլադիմիր Պուտինին և Դոնալդ Թրամպին, քանի որ մոտակա տարիներին աշխարհի գործերի լավ կամ վատ լինելը մեծ մասամբ կախված կլինի նրանցից։  

Կասկածից վեր է, որ Թրամպը պետք է պաշտպանի ամերիկյան  ռազմաքաղաքական դոկտրինան և  ռազմաարդյունաբերական համակարգի միլիարդների հասնող շահույթները։ Գործեց այլ կերպ, նա կարժանանա ԱՄՆ-ի լավագույն նախագահներից մեկի՝ Քենեդիի ճակատագրին: Գալով Պուտինին` նա ևս չի դառնա խաղաղության աղավնի, հատկապես հիմա, երբ Գորբաչով-Ելցինյան անողնաշար քաղաքականությունից պոկվելով` Ռուսաստանը վերագտնում է իր ռազմաքաղաքական հզորությունը և երբեմնի -աշխարհաքաղաքական դիրքերը Մերձավոր Արևելքում  ու ողջ երկրագնդում։   
Ուրեմն ի՞նչ է մնում անել այդ երկու լիդերներին։ Դե՞մ գնալ իրենց երկրների շահերին, և կամ ավելի՞ սրել միջազգային հարաբերությունները, ինչը, իրոք,  կարող է մարդկությանը հասցնել «Դատաստանի օրվան»։ 

Ո՛չ մեկը և ո՛չ մյուսը։ Եթե նրանք դուրս պրծնեն երկու տերությունների միջև ստեղծված կոնֆլիկտածին, պայթյունավտանգ վիճակի  ճիրաններից և վերադառնան գոնե սառը պատերազմի շրջանին, արդեն դրական քայլ արած կլինեն։

Բայց մի՞թե սառը պատերազմը կարելի է դիտել որպես դրական հանգրվան ԱՄՆ-ի և ՌԴ-ի համար: Մեծ հաշվով, իհարկե ոչ։ Պարզապես, եթե համեմատելու լինենք 25-30 տարի առաջ միջազգային գետնի վրա եղած համեմատական խաղաղությունը, եթե թվարկելու լինենք աշխարհում ներկայումս մխացող պոտենցյալ պատերազմի օջախները, ապա սառը պատերազմն  իր` խաղի  ձևավորված կանոններով, ավելի գրավիչ կթվա։

Իհարկե, լավագույնը կլիներ, եթե Թրամպը և Պուտինը, որպես առաջին քայլերից մեկը, գային ընդհանուր համաձայնության միջուկային զենքի արտադրության և չտարածման հարցում, վերականգնեին սպառազինությունների պարիտետը, որի  գերարտադրությունը որդի պես կրծում է պետությունների բյուջեն, և ամենակարևորը` միավորեին ջանքերը Իսլամիստական ջիհադի  դեմ։ Եթե մի պահ կտրվելու լինենք  «realpolitik»-ի կատեգորիաներից և տուրք տանք ֆանտաստիկային` երևակայելով, որ ռուսներն ու ամերիկացիները դաշինք են կազմել մարդկության դեմ, հավատացնում եմ՝  այն  պակաս վտանգ կներկայացնի, քան ԴԱԵՇ-ն է ներկայացնում քաղաքակիրթ աշխարհի համար։

Հիմա կրկին անդրադառնանք քաղաքական կյանքում անհատի դերին։ Ինչպե՞ս «կաշխատեն» Պուտինն ու Թրամպը։ Որքանո՞վ նրանք կկարողանան «հարմարվել» մեկմեկու։ Անշուշտ դեռ վաղ է փնտրել այս հարցի պատասխանը, քանի որ Թրամպը` ի տարբերություն Պուտինի, նոր ֆիգուր է համաշխարհային քաղաքականության երկնակամարում։ Նրա դեմ իր քաղաքական հակառակորդների կողմից  սկսվել է իսկական «խաչակրաց արշավանք», որի նպատակն է ստեղծել  մարդկային վատթարագույն հատկանիշներով օժտված տիպար։ Մոնստր, որը պատուհաս է դառնալու աշխարհի գլխին։ Իսկ ի՞նչ կերպ Մոսկվան պետք է աշխատի նրա հետ, երբ Օբամա-Քլինթոն տանդեմի կարծիքով, Պուտինը նույնպես մի բարի պտուղ չէ`  էբոլայի հավասար չարիք  այս աշխարհում։

Եթե մի կողմ թողնելու լինենք  քլինթոնյան պրոպագանդիստական հնարքները  և իրերին նայենք այնպես, ինչպես որ դրանք կան, ապա կտեսնենք բոլորովին այլ, ես կասեի,  հետաքրքիր իրողություն։ Այսպես, օրինակ, Թրամպի դիմումը ամերիկյան ժողովրդին (պետք է հասկանալ նաև Օբամային) «Շնորհավորում եմ բոլորիդ նոր տարին,  ներառյալ իմ  բազմաթիվ թշնամիներին, որոնք  պայքարել են իմ դեմ, պարտվել են, իսկ հիմա չգիտեն, թե ինչ անեն։ Սիրե՛ն»,- այսպես է խոսել ընտրված նախագահը։

Ի հեճուկս հակառակորդների, Թրամպի այս փոքր հայտարարությունը ցույց է տալիս, որ ասպարեզ է իջնում հավասարակշռված, լայնախոհ, ներելու ունակ, դիվանագիտական հոտառությամբ օժտված քաղաքական գործիչ։

Հիմա գանք ռուս դիվանագետների արտաքսման կապակցությամբ երկու օր առաջ Պուտինի հայտարարությանը։ Նշելով, որ Ռուսաստանը չի դիմի համարժեք քայլի ամերիկյան դիվանագետների նկատմամբ` ռուս նախագահը  «այնուամենայնիվ» շնորհավորում է  Օբամային և նրա ընտանիքի անդամներին գալիք Նոր տարվա կապակցությամբ»։

«Անգամ ոզնուն է հասկանալի», որ այստեղ  տարբեր բառերով և շարահյուսությամբ երկու հեղինակներ միևնույն միտքն են  արտահայտում` նույն   տոնայնությամբ,  նույն սարկազմով։

Հոգեբանության մեջ գոյություն ունի այսպես կոչված «ընդօրինակման» կամ «հայելու էֆեկտ» (mirroring), երբ  A անձնավորությունը նմանակում է B անձնավորությանը, որին նա համարում է ուժեղ, խելացի, իրենից ավելի դրական գծեր ունեցող մարդ։ Սա կարող է լինել գիտակցված կամ ենթագիտակցական մակարդակով։  Ես չեմ բացառում, որ Պուտինի որոշումը` չարտաքսել ամերիկյան դիվանագետներին, դրդել է Թրամպին գնալ նմանատիպ քայլի։ Համենայն դեպս, նա հիացմուքով է արտահայտվում Պուտինի հասցեին` անվանելով վերջինիս «ուժեղ և խելացի» մարդ։

Գործե՞լ է այստեղ հոգեբանական նշված ֆենոմենը, թե՞ ոչ, վերջին հաշվով, այնքան էլ կարևոր չէ։ Իսկ եթե Պուտինը և Թրամպը ունեն բնավորության ընդհանուր գծեր, կարելի է բարեբախտություն համարել։

Համենայն դեպս, և՛ Թրամպը, և՛ Պուտինը ազդարարում  են  մեկմեկու, որ պատրաստ են համագործակցել։ Օրինակները մեկից ավելի են, որոնց մեջ կարելի է առանձնացնել Թրամպի կադրային որոշումները։ Միայն Ռեքս Թիլերսոնին Պետքարտուղար  և Հանրի Քիսինջերին   ռուսական հարցերով խորհրդական նշանակելը, ինչ ասես արժե։ Պուտինի հետ նրանց ունեցած անձնական կապերը, ինքնին վկայում են ԱՄՆ-ի նորընտիր նախագահի ռուսական կողմի հետ սերտորեն համագործակցելու պատրաստակամության մասին։  Դրանից կշահի ողջ աշխարհը։ Հայաստանը` ևս։
ԱՐՄԱՆ ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆ
3786 reads | 03.01.2017
|
avatar

Copyright © 2017 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com