ՆԵՐՈՆՆ ԱՅՐՈՒՄ Է ՀՌՈՄԸ, ՕԲԱՄԱՆ` ԿԱՄՈՒՐՋՆԵՐԸ, ԻՍԿ ՊՈՒՏԻՆԸ ՑՈՒՑԱԴՐՈՒՄ Է MASTER CLASS
ԱՐՄԱՆ ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆ
Արտակարգ և լիազոր դեսպան, ԵՐԵՎԱՆ






Պատմության քառուղիներում կան մեծ գործիչներ, որոնք անմահացել են  սեփական ժողովրդին մատուցած ծառայությունների, մեկ էլ աշխարհում խաղաղություն սերմանելու համար։ Ռուզվելտ, դը Գոլ, Ներու, Քենեդի… Նրանց և նրանց նմանների անունները ոսկե տառերով են տպվել մարդկանց ուղեղներում, առաջին հերթին,  պատերազմների արհավիրքներից իրենց  փրկած լինելու համար։
 
Կան նաև բռնակալ-տիրակալներ, որոնց թաքնված ստոր բնազդներն ի հայտ են գալիս նրանց քաղաքական ասպարեզից հեռանալիս կամ կյանքին հրաժեշտ տալուց առաջ։ Ներոնը, օրինակ, հրդեհեց Հռոմը, հետո հագավ թատերական զգեստ, ձեռքն առավ սիրած տավիղը և զմայլված հավերժական քաղաքը կործանող կրակի ցոլքերով արտասանեց պոեմ Տրոյի կործանման մասին։ Իսկ երբ հնչեց հրաժեշտի ժամը գոչեց վերամբարձ «Qualis artifex pereo», «Ինչպիսի~ հանճարեղ արտիստ է զոհվում»։
 
…Դժվարանում եմ ասել,  ԱՄՆ-ի գործող նախագահը, որի հեռանալուն մնացել են հաշվված ժամեր, արդյոք ծանո՞թ է հին Հռոմի և Տրոյայի պատմությանը (հազիվ թե),  բայց որ փորձում է այրել Ռուսաստանի հետ իր երկրին կապող` առանց այդ էլ երերուն  կամուրջը, կասկած չի հարուցում, և դա փաստ է։  
 
Դժվարանում եմ նաև գուշակել,  Օբաման արդյոք չի՞ կապկում կիսախենթ Ներոնին։  Բայց չեմ կասկածում մի բան, որ նա ամերիկյան տաղանդավոր ժողովրդին կթողնի ծանր սոցիալ-տնտեսական  ժառանգություն, ինչպես նաև ծայր աստիճան լարված հարաբերություններ մի երկրի հետ, որի ռազմական հզորությունը չի զիջում իր պետության միջուկային ներուժին։ Ավելի վատ, Օբաման մոռանում է, որ Մոսկվայի հետ հակամարտության  պատճառով արդեն մեկ անգամ, 1962 թվականին, մարդկությունն հազիվ մազապուրծ եղավ միջուկային հրդեհից։
 
Օբաման պարզապես փորձում է սփոփել իրեն և որոշ չափով  վերականգնել  ծայր աստիճան վարկաբեկված հեղինակությունը` պայմանավորված ներքին և արտաքին ոլորտներում բազմաթիվ պարտություններով, և մեկ էլ էժանագին ծափեր  կորզել Թրամպի հաղթանակի պատճառով խորապես ֆրուստրացված էլեկտորատի մի շերտից։
 
Օբամայի այս  քայլը, որը ոգևորված ողջունում են  դեմոկրատները  Հիլերի Քլինթոնի դիրիժորությամբ, դիվանագիտական հին տրյուկներից մեկն է, և որին դիմում են պետությունների միջև հարաբերությունների վատթարացման ժամանակ։ Սակայն դիվանագետների արտաքսումը երբեք չի մեղմում  լարվածությունը պետությունների միջև, այլ, ընդհակառակը,  ավելի է խորացնում այն` ի վնաս կողմերին և նրանց դաշնակիցներին։
 
Մինչդեռ հեռացող նախագահի դեմարշը ուղղված է ոչ միայն Ռուսաստանի, այլև, որքան էլ պարադոքսալ հնչի, հենց իր սեփական ռեժիմի դեմ։ Դեռևս գործող նախագահը փորձում է «բանանի կեղև դնել» իր հաջորդի` Թրամպի ոտքերի տակ, հնարավորինս սրել Վաշինգտոն-Մոսկվա հարաբերությունները, որոնք առանց այդ էլ լավ ժամանակներ չեն ապրում։  Սա, թերևս, քաղաքական եզակի երևույթներից մեկն է նոր շրջանի դիվանագիտական պատմության մեջ, երբ յուրայինը գործում է յուրայինի դեմ։ Թե սա  ինչ զարգացում կունենա, ցույց կտա ժամանակը։ Ինչպես ասում են, կապրենք կտեսնենք։
 
…Իսկ մինչ այդ տեղի ունեցավ այն, ինչն անսպասելի էր անգամ փորձված դիվանագետների համար։ Ի պատասխան Վաշինգտոնի որոշման, Պուտինը հայտարարեց, որ Մոսկվան ոչ մի ամերիկացի դիվանագետի չի արտաքսի երկրից։ Ավելին, նա Ռուսաստանում հավատարմագրված դիվանագետների երեխաներին հրավիրեց Կրեմլ՝ մասնակցելու Ամանորի և Սուրբ Ծննդյան տոնակատարություններին։ Որակելով ԱՄՆ-ի հեռացող վարչակարգի քայլը սադրիչ և թշնամական` միտված ռուս-ամերիկյան հարաբերությունների հետագա քայքայմանը, Ռուսաստանի նախագահն  արեց սենսացիոն հայտարարություն. «Իրավունք վերապահելով մեզ պատասխան գործողությունների` մենք չենք իջնի «խոհանոցային» անպատասխանատու դիվանագիտության մակարդակի և ռուս-ամերիկյան հարաբերությունների վերականգնման հետագա քայլերը կկառուցենք ելնելով այն քաղաքականությունից, որը վարելու է  նախագահ Դոնալդ Թրամպի վարչակազմը»,-ազդարարեց նա։  
 
Պուտինի խոսքերով, Օբամայի որոշումը «ակնհայտորեն հակասում է ռուս և ամերիկյան ժողովուրդների շահերին, որոնք հատուկ պատասխանատվություն են կրում խորքային անվտանգության պահպանման գործում և վնաս են հասցնում միջազգային հարաբերությունների ողջ համակարգին»։ Իհարկե, Պուտինի գլուխգործոցը կարելի է համարել հայտարարության այն մասը, որով նա «այնուամենայնիվ» շնորհավորում է  Օբամային և նրա ընտանիքի անդամներին գալիք Նոր տարվա կապակցությամբ։   Ինչպես ասում են` NO COMMENTS.
 
Անգամ դիվանագիտությունից հեռու մարդու համար պարզ է, որ նման  պարագայում Պուտինի անսովոր, ոչ ստանդարտ քայլը խփում է մի քանի նշանակետի`
 
Ա. Ռուսաստանի նախագահը «հողին է հավասարեցնում»  Օբամային ռուս-ամերիկյան հարաբերություններին պատճառած վնասների և իրեն հասցրած վիրավորանքների համար,
Բ.  կրկին փաստում և ամրապնդում է ԱՄՆ-ի նորընտիր նախագահի հետ համագործակցելու պատրաստակամությունը,
Գ.  ապացուցում է միջազգային հանրությանը, որ հանձինս իրեն Ռուսաստանն ունի ուժեղ, վճռական և հմուտ լիդեր, որն իզուր չէ որ ճանաչվել է տարվա N 1 քաղաքական գործիչը:

ԱՐՄԱՆ ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆ
3075 reads | 30.12.2016
|
avatar

Copyright © 2017 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com