ԴԵՍՊԱՆՆԵՐ ՍՊԱՆՎԵԼ ԵՆ ՆԱԽԿԻՆՈՒՄ, ՍՊԱՆՎՈՒՄ ԵՆ ՆԱԵՎ ԱՅՍՕՐ
ԱՐՄԱՆ ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆ
Արտակարգ և լիազոր դեսպան, ԵՐԵՎԱՆ

(քաղաքական էսսե-վերլուծություն)



 
Մարդկությունը և դիվանագիտությունը անբաժան  երկվորյակներ են, և վերջինս ի սկզբանե ուղեկցել է առաջինին որպես հաղորդակցության կարևորագույն միջոց, անգամ այն վաղնջական ժամանակներում, երբ մարդիկ հասկացել են մեկմեկու միայն ժեստերի և դիմախաղի լեզվով։ Սակայն դիվանագիտությունը վերջնականապես դարձել է կյանքի անքակտելի բաղադրիչ այն երջանիկ պահից ի վեր, երբ նախամարդու ցեղապետը պատահական կամ ստիպողաբար, ազդանշան չի տվել տոհմակիցներին` հոշոտելու իրեն այցի եկած հարևան ցեղի ներկայացուցչին։ Սա, թերևս, մարդկային պատմության ամենահանդիսավոր պահերից մեկն է, երբ հայտնվեց օտարի անձեռնմխելիության գաղափարը։ Չլիներ այդ Now How-ն, չէինք գոյատևի մինչև օրս։ Բացի քարանձավային մարդու այս քայլից, մենք երախտապարտ ենք նաև հելլեններին, որոնք դիվանագիտական նման պարզունակ որոշմանը տվեցին ինստիտուցիոնալ ձև ու բովանդակություն` որպես միջազգային իրավունքի փաստաթուղթ` անվանելով այն   ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ԻՄՈՒՆԻՏԵՏ։
 
…Դիվանագիտական իմունիտետը` անձեռնամխելիությունը, անցել է երկար և բարդ ուղի։ Օրերս Թուրքիայում Ռուսաստանի դեսպանի չարանենգ սպանության կապակցությամբ որոշ մասնագետներ այն կարծիքն հայտնեցին, թե անհրաժեշտ է ընդունել նոր օրենքներ, դիվանագետների անվտանգությունն ուժեղացնելու նպատակով։ Մինչդեռ գոյություն ունեցող միջազգային ակտերը, որոնց ավանգարդում Դիվանագիտական հարաբերությունների մասին Վիեննայի կոնվենցիան է` ընդունված 1961 թվականին, լիուլի ապահովում են դիվանագետների ֆիզիկական անվտանգության անձեռնմխելիությունը։ Այլ հարց է, թե ինչպես են գործում այդ օրենքները,  երբ և ինչու են ոտնահարվում։ Դիվանագետների, հատկապես, դեսպանների, նկատմամբ ահաբեկման պատճառների և շարժառիթների անգամ ոչ խորը վերծությունն ի հայտ է բերում մի ընդհանուր օրինաչափություն։ Նրանց սպանությունների հիմքում, գրեթե առանց բացառության, ընկած են քաղաքական նպատակներ և դրանց հետագա զարգացման նկրտումները։ Վերցնենք ռուսական դաշտում սրանից գրեթե հարյուր տարի առաջ և օրերս խաղարկված քաղաքական երկու արյունալի ոճրագործությունները և փորձենք համեմատել դրանք։ Այսպես`

1. 1918 թվականի ապրիլին Մոսկվայում սպանվեց  Գերմանիայի դեսպան Վիհելմ ֆոն Միրբախը։ Ահաբեկչության հիմնական դրդապատճառը մարտին Բրեստ-Լիտովսկում Գերմանիայի և նրա դաշնակիցների հետ Մոսկվայի ստորագրած խայտառակ պարտվողական պայմանագիրն էր։ Արդյունքում ռուսական կողմը կորցրեց հսկայական տարածքներ Եվրոպայում, բոլշևիկները զիջումների գնացին կիսակործան Օսմանյան կայսրության նկատմամբ (հանուն համաշխարհային հեղափոխության  հաղթանակի), ինչպես նաև թուրքերին նվիրեցին Արևելյան Անատոլիայի նահանգները և 1878 թվականից Ռուսական կայսրության մաս հանդիսացող Արդահանի, Կարսի և Բաթումի մարզերը։
Դեսպան Կառլովի սպանությունը նույնպես անպայմանորոն պայմանավորված է զուտ քաղաքական դրդապաճառներով։

2. Միրբախի սպանությունը կազմակերպած ձախ էսեռների լիդեր, հայտնի հեղափոխական Մարիա Սպիրիդովնան ահաբեկչությունից անմիջապես հետո գալիս է Սովետների V համագումար և բեմ բարձրանալով, սկսում է  գոռալ. «Էյ, դուք լսեք ինձ, վերադարձրեք Հողերը»։ (Գերմանիայի դեսպանի և ցարական ընտանիքի սպանությունը ազդանշան հանդիսացան ձախ էսեռների ապստամբության համար, իրենց նախկին դաշնակիցների՝ բոլշևիկների դեմ, որը դաժանորեն ճնշվեց վերջիններիս կողմից)։
Կառլովի վրա կրակելուց հետո թուրք Մևլութ Մերթ Ալթինթաշը իր հերթին վանկարկում է. «Ալլահ Աքբար», «Մի՛ մոռացեք Հալեպը», «Մի՛ մոռացեք Սիրիան»:

3. Կատարելով ձախ էսեռների կուսակցության Կենտրոնական կոմիտեի որոշումը՝ Միրբախին սպանեցին նույն կուսակցության անդամներ, ՎՉԿ-ի սպաներ Բլյումկինը և Անդրևը։ Նրանք մտան Գերմանիայի դեսպանություն՝ օգտվելով չեկիստական վկայականներից։
Թուրք ահաբեկիչը հայտնվեց Կառլովի թիկունքում՝ որպես  ոստիկանության նախկին կամ ներկա աշխատող:

4. Միրբախի սպանության վերաբերյալ բազմաթիվ մենագրություններում և ուսումնասիրություններում տարբեր վարկածների թվում նշվում է անգլիական և ֆրանսիական հետախուզությունների խաղացած դերի մասին։
 
Դեռևս վաղ է որոշակի հետևություններ անել Կառլովի սպանությունում արտասահմանյան հետքերի մասին, սակայն հենց թուրքերը, արտգործնախարարի բերանով հայտարարում են, որ  ահաբեկիչը գյուլենական է, հետևաբար պատկանում է ամերիկյան  հատուկ ծառայություններին։
 
5. Ահաբեկչության փորձված մեթոդներից մեկը այն իրագործողների «վերացումն» է ոճրագործության հետքերը թաքցնելու նպատակով։ Բլյումկինը և Անդրևը գնդակահարվեցին ՎՉԿ-ի ներքին բանտում։ Ալթինթաշը սպանվեց, ինչպես ասում են, տեղի վրա:

6. Պարադոքսալ է թվում, բայց և՛ Միրբախը, և՛ Կառլովը ջանասիրաբար աշխատում էին դեսպանընկալ և իրենց պետությունների միջև հարաբերությունների ամրապնդման ու զարգացման ուղղությամբ, հետևաբար նրանց ընդունած երկրները պետք է որ շահագրգռված լինեին դեսպանների կյանքի անվտանգության համար:

7. Ոչ հեռավոր անցյալի և ներկայի ահաբեկչական շարժման թռուցիկ համեմատությունը գալիս է ապացուցելու, որ անգամ հետերկրորդ համաշխարհայինի և սառը պատերազմի տարիներին քաղաքական ահաբեկչությունը և դիվանագետների նկատմամբ սադրանքները գրեթե զրոյական մակարդակի վրա են եղել։ Այսօր վիճակը միանգամայն հակառակն է:
 
Այժմ  անդրադառնանք Կառլովի սպանությանը։ Այն, ըստ մեզ, անմիջականորեն հետևանք է Ռուսաստանի ակտիվ գործողությունների` ուղղված միջազգային ահաբեկչության դեմ, որը բացարձակորեն հակասում “Իսլամական պետության” աշխարհակործան պլաններին։ Իսկ ռուսական զինուժի խաղացած վճռական դերը Հալեպի ազատագրման գործում դետոնատորի դեր խաղաց  դաեշականների համար:  Այս և վերջին շրջանում Եվրոպայում, Մերձավոր Արևելքում, Հյուսիսային Աֆրիկայում և այլ աշխարհամասերում ահաբեկչության հաղթարշավը սերտորեն պայմանավորված է իսլամական ֆունդամենտալիզմի խորացումով, որի կորագիծը բարձրանալու միտում ունի։

Իսլամական պետության  քաղաքականության փիլիսոփայությունը և պարադիգման միտում ունեն շարունակելու իրենց կործանարար գործընթացը՝ վախ ներշնչելով, որ ՌԴ-ի դիվանագետների նկատմամբ ահաբեկչությունը կարող է շարունակվել այլ երկրներում: Այդ է վկայում իսլամիստների հրապարակած երկրների ցուցակը, որտեղ ՌԴ դեսպանները ենթարկվելու են սադրանքի:
 
Արաբական գարնանից մեկնարկած ահաբեկչությունը պարարտ հող է գտել երկրագնդում ընթացող աշխարհաքաղաքական բուռն զարգացումների, Արևմուտք-Արևելք խորը հակասություննների և միջազգային լարված հարաբերությունների ենթատեքստում։   
 
Ահաբեկչության էպիկենտրոն Մերձավոր Արևելքը երկարաժամկետ և խորը ճգնաժամ է ապրում։ Խախտված է ողջ տարածաշրջանային անվտանգության և կայունության համակարգը։ Սիրիա, Իրաք, Եգիպտոս, Եմեն, Լիբիա։ Սրանք գտնվում են փլուզման տարբեր փուլերում։ Լուրջ խնդիրների առաջ է կանգնած Թուրքիան, որի նեօսմանական նկրտումները սկսել են բումերանգի դեր խաղալ գործող ռեժիմի դեմ։ Դրան հավելվող ներքին կատակլիզմերը Թուրքիայի համար ստեղծում են մի իրավիճակ, որի գուշակելի ապագայի հեռանկարները չեն բացառում նախկին կայսրության փլուզումը, մասնատումը կամ ֆեդերալիզացիան։
 
Հմուտ և փորձառու Էրդողանը, կանխատեսելով այս ամենը, փորձում է օգուտ քաղել երկրի գլխին տեղացող անգամ անհաջողություններից և ձախորդություններից։ Ռուսական ինքնաթիռի խոցումից հետո, որը լուրջ վտանգի տակ դրեց նրա ռուսական դիվանագիտության վեկտորը, թուրքերը ստիպված են մանևրել Ռուսաստանի դեսպանի սպանության նողկալի փաստի դեմ հանդիման և փորձել  «քիչ արյունով» դիմակայելու երկկողմ հարաբերությունների սառեցման կամ վատթարացման վտանգին։ Դեսպանի սպանությունը լուրջ,  շատ լուրջ փորձություն է երկրների հարաբերությունների համար։  Դեսպանի վրա կրակոցը հրետանային համազարկ է նրան ներկայացնող պետության ուղղությամբ։ Այդ իսկ պատճառով աշխարհը լարված հետևում է ռուս-թուրքական հարաբերությունների հետագա զարգացմանը։ Արդյո՞ք Մոսկվան չի գնա «վենդետայի» ճանապարհով, արդյո՞ք Պուտինը սիմետրիկ հարված չի հասցնի՞ Էրդողանին։ Սակայն, կարծես թե այս անգամ վերջինիս «բախտը բերել» է։ Խնդիրը նրանում է, որ Մոսկվայի համար նժարին դրված են անհավասարազոր խնդիրներ։ Համարժեք քայլ դեսպանի կորստին կամ աշխարհաքաղաքական շահերի գերակայություն, որոնք մեկից ավելի են։
 
Սիրիա։ Ռուսաստանը գերկարևոր ծրագրեր ունի այստեղ` մաքրել երկիրը իսլամական ահաբեկչությունից` առայժմ նեցուկ կանգնելով Բաշար Ասադին և Սիրիայի  փլուզման դեպքում, որի հավանակությունը փոքր չէ, մասնաբաժին ունենալ դրանից։ Այս ամենին Անկարան, իհարկե,  դեմ է։ Սակայն նա ունի մի մեծ, շատ մեծ հիմնահարց` քրդական  ինքնավարությունը։ Հալեպի ազատագրման գործողություններում Թուրքիայի դիրքորոշումը հուշում է, որ Ռուսաստանը, կարծես թե, համաձայնել է Անկարայի ներկայությանը Սիրիայի հյուսիսային հատվածում` քրդական ինքնավարության կայացումն արգելակելու նպատակով։ Բացի այդ ամենից, Ռուսաստանի և Թուրքիայի շահերը համահունչ են աշխարհաքաղաքական ռեալիայում։ Այսպես, Ռուսաստանը շահագրգռված   է հնարավորինս խորացնել Անկարայի և Վաշինգտոնի միջև խրված սեպը, ինչի վերջնական արդյունքը մենք տեսնում ենք մշուշում։ Թուրքիան աշխատում է մոտենալ Ռուսաստանին նրանից հնարավորիս ավելի դիվիդենտներ պոկելու համար։ Արևուտքին Մերձավոր Արևելքից առավել հեռացնելու նպատակով Ռուսաստանը նոր ձևաչափ է ընտրել` Մոսկվա-Անկար-Թեհրան։ Եռանկյունում իրար հակասող երկու խաղացողների` Իրանի և Թուքիայի ընդգրկումը ռուսական դիվանագիտության փայլուն քայլ կարելի է համարել։ Այս «տրիոյում» առաջին գործիքը` դաշնամուրը, Մոսկվան է։   Վերջապես Ռուսաստանին և Թուրքիային այսօր իրար կապում են տնտեսական լայնամասշտապ հետաքրքրությունները։

Սակայն ասել, որ Ռուսաստանը և Թուրքիան «հուր և հավիտյան» բարեկամներ են` քաղաքական մանկամտություն կլիներ։ Կան հարցեր, խնդիրներ, հիշողություններ և դեպքեր  որոնք երբեք չեն ջնջվում ժողովուրդների և նրանց հայրերի հիշողությունից։ Բարեբախտաբար, այսօրվա Ռուսաստանը ղեկավարում է Պուտինը, որը լավ է տիրապետում դիվանագիտական արվեստի գաղտնիքներին` այդ թվում հակառակորդին իր գրկում խեղդելու բյուզանդական դիվանագիտության տրյուկին։ Իսկ թե ինչպես կզարգանան տարածաշրջանային քաղաքական «գործերը»,  շատ բանով կպարզվի Թրամպի Սպիտակ տուն մտնելուց հետո:

Հ.Գ. Հոդվածը տեղադրված էր կայքում, երբ դեսպան Անդրեյ Կառլովին հետմահու  շնորհվեց Ռուսաստանի Դաշնության հերոսի կոչում։
ԱՐՄԱՆ ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆ
3668 reads | 22.12.2016
|
avatar

Copyright © 2017 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com