ՀՀ և ԼՂՀ ԱՐՏԱՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԸ ՆԵՐԿԱ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ (մաս երրորդ)
ԱՐՄԱՆ ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆ
Արտակարգ և լիազոր դեսպան, ԵՐԵՎԱՆ

Առաջին մասը՝ այստեղ
Երկրորդ մասը՝ այստեղ




Արցախի դիվանագիտական զինանոցում հիմնականում առկա են  ժողովրդական դիվանգիտության նշված միջոցները` «փափուկ ուժի»  գրեթե բոլոր հնարավորություններով  հանդերձ։ Բացի այդ,  քանի դեռ Արցախը չի ճանաչվել որպես միջազգային իրավունքի սուբյեկտ և ունի սահմանափակ հնարավորություններ,  Ստեփանակերտը կարող է օգտվել այն   պրակտիկայից, որն  ստացել է  ‹‹զեղչված դիվանագիտություն›› (‹‹cut-price diplomacy››) անվանումը, ինչը  «մատչելի է» ‹‹սահմանափակ սուվերենություն›› ունեցող ձևականորեն անկախ պետություններին (Տե՛ս, Berridge G.R. and James A. Diplomacy;Theory and practice; 2nd ed.-Leichester, 2000 P.57):
 
Այժմ անդրադառնանք այն հարցին, թե ինչպես և  ինչ ձևով են հանդես գալիս երկու տարբեր` «պետական» և «ժողովրդական» դիվանագիտությունները միևնույն պետության մեջ։  Դա կախված է կոնկրետ պետության կառուցվածքից, նրա քաղաքական մշակույթի մակարդակից։  Զարգացած դեմոկրատական համակարգ ունեցող երկրներում այդ երկու տարատեսակները զարգանում են զուգահեռ և հաճախ մտնում են համագործակցության մեջ։  Ընդ որում, որքան սերտ է այդ համագործակցությունը, այնքան ակտիվ է տվյալ պետության արտաքին քաղաքականությունն ու արդյունավետությունը։ Եվ հակառակը։ (ՀՀ ԱԳՆ, ցավոք, հեռու է կանգնած հանրային դիվանագիտությունից)։ Իսկ երբ պետության արտգործնախարարությունը հրաժարվում է ժողովրդական դիվանագիտության հետ համագործակցելուց,  ծագում է երկու կարծիք`
ա) դիվանագիտական ծառայությունն ի վիճակի չէ կատարելու իր վրա դրված պարտականությունները,
բ) դիվանագիտական ծառայությունն իր անկարողությունը փորձում է թաքցնել գաղտնապահության քողի տակ:
 
Լավագույնը այդ երկու դիվանագիտությունների սիմբիոզն է, որն անվանվում է «կատալիզատորային դիվանագիտություն» (Տե’ս, «Современные международные отношения», Астеп Прес, Москва, 2014, стр. 646):
 
Այստեղ բնականաբար հարց է ծագում՝ արդյո՞ք  «փափուկ ուժի» հայտնվելը բացառում է «կոշտ ուժը» (hard power)՝ որպես դիվանագիտական գործիք միջազգային հարաբերություններում։ Ի՞նչ է, կոնֆլիկտներն այլևս  չե՞ն լուծվում ուժի`ասել կուզի զենքի միջոցով։ Չէ՞ որ հենց այսօր պատերազմական գործողություններ են ընթանում երկրագնդի տարբեր կետերում, արյուն է թափվում, և զոհվում են մարդիկ։ Անվանի քաղաքագետ Ցիգանկովն այս ենթատեքստում գտնում է, որ ուժային մեթոդները կարող են արդարացի լինել  Ռուսաստանի համար, եթե դրանք պայմանավորված են «Ռուսաստանի պարտավորությունների հետ  որպես ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդի անդամի, ինչպես նաև այն դեպքում, երբ դրանք սպառնում են  նրա ազգային անվտանգությանը, այդ թվում… ռուսական սահմանների երկայնքով››  (Цыганков П.А. О месте России в мировой политике (ресурсный потенциал и возможности) // Материалы Международного научного конгресса «Глобалистика – 2009: пути выхода из глобального кризиса и модели нового мироустроийства». МГУ им. М.В.Ломоносова. М.: МАКС Пресс, 2009. Т. 1. С. 369. ):
 
Անշուշտ, «կոշտ ուժը» մնում է միջազգային հարաբերությունների անքակտելի միջոց։ Այն շարունակվում է հաճախ օգտագործվել պետությունների հարաբերություններում։ Դրա հետ մեկտեղ ավելի ու ավելի հաճախ ականատես ենք լինում, այդ երկու ուժերի համադրմանը։ Դրա ցայտուն օրինակը Ռուսաստանի և ԱՄՆ-ի դիվանագիտական գործընթացն է Սիրիայում, երբ ոչնչացվում են իսլամական ահաբեկչային ուժերը,  իսկ  Ժնևում ընթանում են  բանակցություններ։
 
Վերջին տարիներին դիվանագիտական տեսության մեջ ի հայտ է եկել ուժի մի նոր տեսակ, որը կոչվում է «smart power», բառացի թարգմանությունը «խելացի ուժ»։
 
Այսպիսով, դիվանագիտության մեջ մենք գործ ունենք երեք ուժի հետ` «փափուկ», «կոշտ» և «խելացի»։ Ճկուն և բազմափորձ դիվանագիտություն ունեցող տերությունները հաճախ են համադրում «փափուկ» և «կոշտ» ուժի հնարավորությունները «խելացի ուժի» միջոցով` հասնելով ցանկալի արդյունքների։   Օրինակ`Հռոմը նվաճում էր օտար երկրներ, սակայն նրանց քաղաքացիներին հնարավորություն էր ընձեռում ստանալ հռոմեական հպատակություն։ Վիկտորիանական Բրիտանիան նվաճած երկրների էլիտային հաղորդակից էր դարձնում իր մշակութին` արդյունքում Լոնդոնը հսկայական իմպերիան կառավորում էր տեղական ուժերով և շատ քիչ թվով անգլիական զորքեր էր օգտագործում այն պահելու համար։
 
Փաստված է, որ փոքր պետությունները ավելի ճիշտ են օգտվում «խելացի ուժի» քաղաքականությունից։ Այսպես, օրինակ, Սինգապուրը բավականաչափ ռեսուրսներ ներդրեց իր պաշտպանական համակարգում։ Սակայն նման քաղաքականությունը  Սինգապուրը համադրեց ակտիվ դիվանագիտական քայլերի հետ, մտավ ԱՍԵԱՆ, հետո իր համալսարանները վերածեց տարածաշրջանի ոչկառավարական կազմակերպությունների ակտիվ ցանցային կենտրոնների։ Արդյունքն ակներև է։  Սաուդյան Արաբիայի ափերին ծվարված Քաթար փոքր թերակղզին Իրաքյան պատերազմի ժամանակ իր տարածքը տրամադրեց ամերիկյան զինված ուժերին և զուգահեռաբար ֆինանսավորեց  տարածաշրջանի ամենամասսայական «Ալ Ջազաիրա» հեռուստատեսային ընկերությունը, որը խստորեն քննադատում է ամերիկյան քաղաքականությունը Մերձավոր Արևելքում։ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո Ճապոնիան  նվազագույնի հասցրեց ռազմական ուժը, շեշտը դրեց ԱՄՆ-ի հետ ալյանս ստեղծելու վրա և դարձավ աշխարհի տնտեսական հսկաներից մեկը։
 
Իսրայելը, որը տասնամյակներ շարունակ հենվել է կոշտ ուժի վրա իրեն շրջապատող արաբական աշխարհի հետ հարաբերվելիս, այսօր հմտորեն մանևրում  է «փափուկ ուժի» և «խելացի ուժերի» օգնությամբ և զարգացնում է տնտեսական հարաբերությունները Մոսկվայի հետ` դիմակայելու համար ԱՄՆ-ի և Եվրոպայի` իսրայելյան ուղղությամբ խստացվող քաղաքականությանը։ Թվարկումը կարելի է շարունակել։
 
Հայկական կողմը ղարաբաղյան հիմնահարցի լուծումը պատկերացնում է խաղաղ ճանապարհով, բանակցային սեղանի շուրջը։ Կնշանակի` ակտիվորեն պետք է օգտագործի «փափուկ ուժի» հնարավորությունները։  (Հայկական դիվանագիտության վրիպումը կայանում է նրանում, որ անկախությունից առ այսօր այդ անկյունաքարային սկզբունքը որպես հայեցակարգ` կոնցեպտ ձևավորված չէ և ներկայացված չէ միջազգային հանրությանը)։
 
Այս դիրքորոշմանը հակադրվում է ադրբեջանական կողմը, որի ցայտուն ապացույցը ապրիլի սանձազերծած պատերազմական գործողություններն էին։ Հայկական դիվանագիտության առանցքային խնդիրներից մեկը պետք է լինի.  բոլոր հնարավոր միջոցներով այս եղելության բացահայտումը միջազգային ատյաններում։ Մինչդեռ մեր դիվանագիտական ծառայությունը հաճախ թերանում է այդ գերկարևոր հարցում` ցուցաբերելով աններելի կրավորական կեցվածք։ 
 
Տողերիս հեղինակը, որը  ՀՀ առաջին ներկայացուցիչն էր  ԵԱՀԿ-ում, կարող է վկայել, թե ինչպես 1991-1993 հայ-ադրբեջանական մարտերի ամենաթեժ օրերին հայկական դիվանագիտությունը նախահարձակ լինելու փոխարեն, իր դեսպանին ցուցում էր տալիս բանակցային գործընթացներում «պահպանել հանգստություն և լռություն` խուսափելու համար քաղաքական սադրանքներից և դիվանագիտական բարդություններից»։
 
Ավելի թարմ օրինակներ։ Ապրիլյան քառօրյա պատերազմից հետո ՀՀ արտգործնախարարության անհասկանալի և անտրամաբանական պաուզայից օգտվեց Բաքուն և ապրիլի 14-ին դիմեց ՄԱԿ և նրա Անվտանգության խորհուրդ` բողոքելով «հայկական կողմի  սանձազերծած ագրեսիայի» կապակցությամբ։ Մեր կարծիքով, հայկակական դիվանագիտության սխալների շարքում առանձնանում է այն փաստը, որ ապրիլյան դեպքերի օրերին ՀՀ նախագահի հանձնարարականը ԱԳՆ-ին ԼՂՀ-ի հետ համագործակցության   առումով համապատասխան պայմանագիր ստորագրելու վերաբերյալ մնաց ձայն բառբառո հանապատի։
 
Հանրային դիվանագիտության զինանոցում գոյություն ունեն մեկից ավելի միջոցներ, որոնց հմուտ կիրառումը մեծապես կնպաստեր մեր արտաքին և ներքին քաղաքականության խնդիրների լուծմանը։ Վերցնենք ‹‹մաքոքային դիվանագիտությունը››` «Shatl diplomacy», երբ x-պետությունը, գաղտի դիվանագիտական   աշխատանք է տանում y և z պետությունների միջև կոնֆլիկտային կամ այլ կարգի խնդիրների լուծման ուղղությամբ։  Ընդ որում, այստեղ պարտադիր չէ, որ դերակատար(ները) լինեն պրոֆեսիոնալ դիվանագետներ։  Պատմությանը հայտնի է Հանրի Քիսինջերի «մաքոքային դիվանագիտության» շրջանակներում վարած բանակցությունները Իսրայելի և արաբական երկրների միջև (Տե՛ս, Berridge G.R. and James A. Dictionary of Diplomacy; Second Ediaton, Palgrave Macmilan, 2003 P.245):  
 
Սակայն քչերին է հայտնի Անաստաս Միկոյանի բեռլինյան և կարիբյան ճգնաժամերի ժամանակ` (համապատասխանաբար 1958-1961 թ.թ. և 1962թ.) նույն դիվանագիտական տրյուկի փայլուն օգտագործման փաստը։  Ըստ մեր կարծիքի` հայկական դիվանագիտությունը կարող էր օգտագործել «մաքոքային դիվանագիտության» հնարքները` ի շահ իր արտաքին քաղաքականության։ Հաջորդ, ոչ պակաս հետաքրքրիր մեթոդ է միջնորդական դիվանագիտությունը, որը հատկապես օգտաշատ է փոքր պետությունների համար։
 
Միջնորդական դիվանագիտությունը, մեր խորին համոզմամբ կարող է հանդիսանալ հայկական դիվանագիտության հիմնաքարերից մեկը և վճռական նշանակություն ունենալ արտաքին քաղաքականության «կամ-կամ»-ի և «և-և»-ի անիմաստ բանավեճի դեպքում։ Բացի ամեն ինչից, միջնորդական դիվանագիտության ճիշտ օգտագործումը կարող է հսկայական քաղաքական և տնտեսական դիվիդենտներ բերել Հայաստանին։ Հանրային դիվանագիտության մյուս միջոցներից մեկն էլ այն է, որ բարեկամ երկրի օգնությամբ կանոնավորվում է երրորդ երկրի հետ գոյություն ունեցող լարված հարաբերությունները։ Օրինակ` Պակիստանը չի ճանաչում Հայաստանը և դիվանագիտական հարաբերություններ չունի նրա հետ։ Սակայն նույն Պակիստանը սերտ կապեր ունի Իրանի և Չինաստանի հետ, իսկ վերջիններս պատկանում են  Հայաստանի բարեկամ երկրների թվին։ Նման իրադրությունը հուշում է հայկական դիվանագիտությանը նպատակադրված աշխատանք տանել Կարաչիի հետ հարաբերությունները կանոնակարգելու համար։ Հարկ է ուղիներ փնտրել Սաուդյան Արաբիայի հետ հարաբերությունները կանոնակարգելու համար ևս։ (Ի դեպ` նշված երկու  պետությունները խիստ բացասական դեր են խաղում իսլամական պետությունների շարքում հակահայկական քաղաքականություն վարելու ուղղությամբ)։
 
Դիվանագիտական հարաբերություններում պակաս կարևոր նշանակություն չունի երկրների  միջև հակասությունների վրա խաղալը (Թուրքիա-Ադրբեջան, Թուրքիա-Իրան, Ադրբեջան-Իրան) ի օգուտ սեփական շահերի։ Արդյո՞ք հայկական դիվանագիտությունն աշխատում է այդ ուղղությամբ։ Հանրային դիվանագիտության զինանոցում գոյություն ունեն միջազգային իրավունքի միջոցներ ևս, որոնք հաճախ անտեսվում են ՀՀ և ԼՂՀ հետաքրքրությունների գործում։  ՄԱԿ-ի կողմից ճանաչված և ընդունված «Ստիպողական կամ պարտադրված անջատում»  (Remedial cessation) բանաձևը օգտակար կարող էր լինել ղարաբաղյան կոնֆլիկտի կարգավորման գործում, ընդհուպ ԼՂՀ-ի դուրս գալը Ադրբեջանի կազմից, քանի որ այն նախատեսում է նման հանգուցալուծում, երբ էթնիկ խումբը կամ ազգային փոքրամասնությունը ենթարկվում է ոչնչացման վտանգի իր բնակված պետության կողմից։ Այս ուղղությամբ, որքան մեզ է հայտնի, ՀՀ ԱԳՆ որևէ քայլ չի արել։  Բացի այդ հայկական դիվանագիտությունը պետք է կանխարգելիչ ծրագիր ունենա` օգտվելու  համար «Սպառնալիքի տակ պարտադրված որոշումից հրաժարվելու մասին» (Under duress) բանաձևից։ Սա այն դեպքն է, երբ երկիրը մերժում է միջազգային կազմակերպության  կամ ֆորումի այնպիսի բանձևի ընդունումը, որը հակասում է պետության  շահերին և նրա ազգային անվտանգությանը։
ԱՐՄԱՆ ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆ
1031 reads | 28.11.2016
|
avatar

Մականուն:
Գաղտնաբառ:
Copyright © 2017 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com