ՀՀ և ԼՂՀ ԱՐՏԱՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԸ ՆԵՐԿԱ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ (մաս երկրորդ)
ԱՐՄԱՆ ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆ
Արտակարգ և լիազոր դեսպան, ԵՐԵՎԱՆ

Առաջին մասը՝ այստեղ




Ստրատագեման հիշատակվում է Սուն-ցզիի ( Ք.ա. 551-479) ռազմական արվեստի վերաբերյալ տրակտատում, որն աշխարհի  ամենահին ձեռագիրն է, իսկ հեղինակը Կոնֆուցիի հասակակիցն է:  Անտիկ դարերում ստեղծված  36  ստրատագեմաներն այսօր էլ չեն կորցրել իրենց քաղաքական արժեքը և լայնորեն կիրառվում են, ինչպես մեծ և միջին, այնպես էլ փոքր պետությունների դիվանագիտական պրակտիկայում:
 
Փոքր երկրների կարգավիճակը պայմանավորված է նրանց ներուժի` ռեզերվի (ռազմական, ֆինանսա-տնտեսական, արդյունաբերական և այլն) թուլությամբ` հետևաբար անվտանգության խոցելիությամբ: Ելնելով այս իրողությունից՝ փոքր պետությունները միշտ ձգտել են հավասարակշռել ուժեղ երկրների միջև  և պահպանել չեզոքություն (Ավստրիա, Շվեյցարիա, Շվեդիա և ուրիշներ) կամ ապահովել նրանց հովանավորությունը (Իսրայել): Սակայն  երբ ասում ենք, որ փոքր պետությունները զրկված են ներուժից, մոռանում ենք, որ նրանց ամենակարևոր ներուժը դիվանագիտությունն է: Եվ եթե երկիրն ունի բարձրակարգ դիվանագիտական ծառայություն, ապա նա ակտիվորեն մասնակցում է միջազգային հարաբերություններին, միջազգային իրավունքի նորմերի ինստիտուցիոնալիզացման և միջազգային կազմակերպությունների ու կոլեկտիվ անվտանգության համակարգերի ստեղծման գործընթացին: Դա մի կողմից ապահովում է փոքր պետության ինտեգրացիան միջազգային տնտեսական և քաղաքական կառույցներում, մյուս կողմից  նպաստում  սեփական խնդիրների լուծման գործին: Այս պարադիգմը կարևորվում է Հայաստանի և Արցախի դիվանագիտության զարգացման համար։
 
XXI դարի դիվանագիտության առանձնահատկությունը կայանում է նրանում, որ նկատելիորեն փոխվում է նրա մեթոդաբանությունը, գործելու մեթոդները, ձևերն ու միջոցները։ Դա պայմանավորված է նրանով, որ գլոբալիզացիայի պայմաններում անհետանում է ներքին և արտաքին քաղաքականության սահմանը, որի հետևանքով  դասական, այսինքն պետական դիվանագիտության կողքին հայտնվում է դիվանագիտական բոլորովին նոր տարատեսակ։ Այն կոչվում է ժողովրդական (public doplomacy) և կրում է մի շարք այլ անուններ` քաղաքացիական (citizen), հասարակական, հանրային, մեգաֆոնային: (Ժողովրդական դիվանագիտություն եզրը խորհրդային ռուդիմենտ է։  Ներկայումս ռուսական քաղաքագիտության մեջ ևս, ամերիկյանի օրինակով, ավելի շատ օգտագործվում է «քաղաքացիական դիվանագիտություն» եզրը)։
 
Եթե դասական դիվանագիտությունն ունի իր բաղադրիչները` արտգործնախարարություն, դեսպանություններ, հյուպատոսական հիմնարկներ և միջազգային կազմակերպություններ իրենց աշխատակազմով հանդերձ, որոնք հանդիսանում են պետական ծառայողներ, ժողովրդական դիվանագիտությունն իրենից  ներկայացնում է, այսպես կոչված, խաղացողների (ակտորների) գրեթե անսահմանափակ սպեկտոր` տրանսնացիոնալ կազմակերպություններ, ոչ կառավարական կազմակերպություններ (NGO), եկեղեցի,  գիտահետազոտական կրթական հիմնարկներ, արվեստի միություններ, լրատվամիջոցներ և այլն։ Այս ամենը ստացել է պայմանական անուն «փափուկ ուժ»։
 
«Փափուկ ուժը» լայնորեն պրոպագանդել է ամերիկյան հայտնի քաղաքական գործիչ Ուիլյամ Ֆուլբրայտը, որի կարծիքով,  ‹‹փափուկ ուժը›› ռազմական ուժից ավելի  համոզիչ է, նախընտրելի: Սակայն ‹‹փափուկ ուժի›› տեսության  հեղինակ է համարվում Հարվարդի համալսարանի պրոֆեսոր Ջոզեֆ Նայը, որը պետության ներուժը բաժանում է երկու կատեգորիայի՝ ‹‹փափուկ›› և ‹‹ կոշտ››  ուժի: Ի դեպ,  այս տեսության զարգացման և մասայականացման գործում իր պատկառելի ավանդն ունի հայ անվանի դիվանագետ Էդուարդ Ջերեջյանը։ ‹‹Փափուկ ուժը›› կազմված է պետության երեք գործոններից

ա/ մշակույթից,
բ/ քաղաքական  գաղափարախոսությունից և հասարակական-քաղաքական արժեքներից,
գ/ արտաքին քաղաքականությունից:
Տես. Nye J. Soft power: The Means to Success in World Politics. N.Y. Public Affairs Group, 2004 (изд. на рус. Най Дж. «Гибкая сила. Как добиться успеха в мировой политике». М.: Тренд, 2006):
 
Մենք համաձայն ենք այն հեղինակների հետ, որոնք ‹‹փափուկ ուժը›› համարում են պետության ներքին և արտաքին քաղաքական գործոնների ամբողջականությունը: ‹‹Փափուկ ուժի» հնարավորություններն առանձին հետաքրքրություն են ներկայացնում փոքր երկրների համար, որոնց   հմուտ  օգտագործումը կարող է նպաստել ներքին և արտաքին խնդիրների լուծմանը։ «Փափուկ ուժի» սեգմենտներ կարելի է համարել  ժողովրդական դիվանագիտությունը (public diplomacy), ինֆորմացիոն հոսքերը, քաղաքական փիառը` ուղղորդված դեպի օտարերկրյա լսարան, գլոբալ մարքետինգը,
զ/ զբոսաշրջությունը, սպորտն ու մշակութային փոխանակումը,
է/ ինֆորմացիոն պատերազմներ վարելու միջոցները,
թ/ միգրացիոն քաղաքականությունը,
ժ/  սփյուռքը:
(См. Леонова Ольга Мягкая сила --ресурс внешней политики государства www.observer.materik.ru/observer/N4_2013/027_040.pdf):

ՇԱՐՈՒՆԱԿԵԼԻ...
ԱՐՄԱՆ ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆ
689 reads | 17.11.2016
|
avatar

Մականուն:
Գաղտնաբառ:
Copyright © 2017 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com