ՀՀ և ԼՂՀ ԱՐՏԱՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԸ ՆԵՐԿԱ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ (մաս առաջին)
ԱՐՄԱՆ ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆ
Արտակարգ և լիազոր դեսպան, ԵՐԵՎԱՆ






Ապրիլյան արյունալի դեպքերից հետո Ղարաբաղյան  հիմնահարցի կարգավորման շուրջ ուրվագծվում է որակապես փոփոխված իրավիճակ, որը  ՀՀ և ԼՂՀ արտաքին քաղաքականության գերատեսչությունների  առաջ դնում է  դիվանագիտական նոր խնդիրների յուրացման և իրականացման հրամայականը։ Պատմությունը երբեմն սիրում է զուգահեռներ անցկացնել վաղ անցյալի և ներկայի անցքերի միջև։ Երեսնամյա դաժան պատերազմներից հետո 1648 թ. կնքվեց հաշտության պայմանագիր, որով  «վերջ դրվեց Երեսնամյա պատերազմին ու սկիզբ դրվեց ժամանակակից եվրոպական անկախ պետությունների գոյությանը»։ (http://wol.jw.org/hy/wol/d/r44/lp-rea/2004205)։
 
Տեղի ունեցավ Եվրոպական քաղաքական քարտեզի ձևավորում, ինչպես նաև պետությունների, այդ թվում փոքր պետությունների հայեցակարգի ձևավորում։  Արդյո՞ք քառորդ դար մխացող կոնֆլիկտից հետո Երևանը և  Բաքուն նույնպես կգան հիմնահարցի արդարացի հանգուցալուծման և կհաստատվի՞ տարածաշրջանում  խաղաղություն։
 
Անտիկ աշխարհի,  միջնադարի և նոր շրջանի մեծ մտածողները դիվանագիտությունը սերտորեն պայմանավորում են  այն աքսիոմատիկ ճշմարտության հետ,  որ խաղաղությունն այլընտրանք չունի։  Հոլանդացի նշանավոր հումանիստ Էրազմ Ռոտերդամցին, օրինակ, շարունակելով հռոմեացի Սենեկայի ավանդույթները, գտնում է, որ պատերազմը խելացնորություն  է, կործանաբեր մարդկության համար, բոլոր դժբախտությունների և չարիքի պատճառը։  Նա ժխտում է պատերազմը և խաղաղության գաղափարը լրացնում Աստվածաշնչի պոստուլատներով (Տե՛ս, Summa, Геополитика, антология, Академический проект, Культура, Москва, 2006, ст. 91).
 
Պատմության զարգացման բերումով հայկական դիվանագիտությունը չունի այն փորձը և ավանդույթները, որոնց տիրապետում են այլ` պետականություն ունեցած  երկրները։ Այդուհանդերձ, և՛ Հայաստանը, և՛ Արցախը ներկա խորը գլոբալիզացիայի և աշխույժ ինտեգրացիայի պայմաններում ի զորու են զարգացնելու իրենց դիվանագիտական արվեստը` հենվելով դասական դիվանագիտության և նրա  զարգացման հնարավորությունների վրա։ Իսկ շահում են այն պետությունները, որոնք լավ են սերտում անցյալի դասերը։ Դրանց մեջ հատուկ տեղ է գրավում «Մաքիավելիզմը», որի նկատմամբ հինգ հարյուր տարուց ավել չեն նվազում հետաքրքությունը, բանավեճերը, քննադատությունը կամ  դրվատանքը։ Այդ ուսումքի հիմնադիր Նիկոլո Մաքիավելիի  ‹‹Տիրակալը›› տրակտատը քաղաքագիտական ժանրի գլուխգործոց է  պետական կառավարման, պետության ղեկավարի դերի, նրա ռազմավարության և մարտավարության արվեստի մասին։  Հեղինակը ներկայացնում է քաղաքականության փիլիսոփայության աշխարհական տարբերակը` կյանքի փորձը և պատկերականությունը գերադասելով այն վերացական խորհրդածությունից››  (LAROUSSE, Всемирная Иллюстрированная Энциклопедия,  Изд. АСТ. Астрель , M. 2010, ст. 922):
 
‹‹Տիրակալը›› եղել է Մարքսի, Էնգելսի, Ստալինի սեղանի գիրքը, իսկ ‹‹Նապոլեոն Բոնապարտն անհրաժեշտության դեպքում պետության բարձրագույն հետաքրքրություններն իրագործելիս  առաջնորդվել է Մաքիավելիի սկզբունքներով› (Henry Kissinger DIPLOMASCY, N.Y.,1994, p. 111):
 
Նախ, Մաքիավելին  փորձում է զգուշացնել  մարդկությանը,  թե ինչ վտանգներ են դարանակալում թույլ պետություններին` հետապնդելով մի նվիրական նպատակ` ամրապնդել  պետության հիմքերը, պաշտպանել նրա ազգային շահերը: ‹‹Սխալվում են նրանք, ովքեր դիվանագիտական պրոֆեսիան տեսնում են ինտրիգի մեջ››,- ասում է նա ( Цит. по Попову В.И., Современная дипломатия, Теория и практика, Изд. Международные отношения, М., 2004, с. 315):
 
Մաքիավելիի ընդդիմախոսներն առաջին հերթին դատափետում են նրա հետևյալ պոստուլատ.  ‹‹…բոլոր գազաններից տիրակալը թող նմանվի երկուսին՝ առյուծին և աղվեսին: Առյուծը վախենում է թակարդներից, իսկ աղվեսը` գայլերից, ուրեմն պետք է աղվեսին նմանվել, որպեսզի կարողանաս թակարդները շրջանցել և առյուծին, որպեսզի գայլերին վախեցնես›› ( Մաքիավելի Նիկոլո, “Տիրակալը”, Հեղինակային հրատարակություն, Երևան, 2010 թիվ,  էջ 123):
 
Մեր կարծիքով,  այս պարադիգմը կարելի է կիրառել դիվանագիտական հարաբերություններում, հատկապես, փոքր երկրների կողմից` նրանց արտաքին քաղաքականության մեջ: Հետաքրքիր է Մաքիավելիի դիտողությունը մեծ և փոքր երկրների փոխհարաբերությունների վերաբերյալ: Խոսելով հռոմեացիների նվաճողական քաղաքանության մասին՝ Մաքիավելին նշում է, որ նրանք ‹‹հիմնում էին  գաղութներ, հովանավորում թույլերին` այդուհանդերձ, նրանց թույլ չտալով ուժեղանալ, սանձում էին ուժեղներին ու միջոցներ ձեռք առնում, որ երկիր չթափանցի հզոր օտարերկրացիների ազդեցությունը›› (Նույն տեղում, էջ 16):  
Քաղաքական նման երևութի մենք ականատես ենք լինում  մեր օրերում ևս,  խոշոր պետությունների կողմից փոքր երկների նկատմամբ` նրանց անցյալ  կամ ներկա հարաբերություններում:
 
Հայ դիվանագիտական մտքի զարգացման, ինչպես նաև գործնական առումով պակաս կարևոր նշանակություն չունի չինական դիվանագիտության ուսումնասիրությունը և փոխառումը, մասնավորապես, չինական ռազմավարական մտքի արգասիք հանդիսացող յուրահատուկ ‹‹դիվանագիտական ստրատագեմաները››։
 
Ստրատագեման գործողության ալգորիթմ է քաղաքական, դիվանագիտական, ռազմական, տնտեսական և անձնական նպատակներին հասնելու համար: Չինական ստրատագեմային մոդելը հիմնված է ինտելեկտուալ որոգայթների և պարադոքսալ, ոչ սովորական տակտիկական կոմբինացիաների վրա, որոնք խաղարկվում են գլխավորապես դիվանագիտական բանակցությունների ժամանակ: ‹‹Ստրատագեմիզմը դարձավ ազգային բնավորության հոգեկերտվածք, ազգային հոգեբանության առանձնահատկություն: Սակայն դա ամենևին չի նշանակում, որ չինացիները ճարպիկ ինտրիգաններ են, խորամանկ խաբեբաներ: Ամենևին: Դա մի ժողովուրդ է, որն առաջին հերթին ունի ռազմավարական մտածողություն, կազմում է երկարաժամկետ պլաններ` ինչպես պետական, այնպես էլ անձնական մակարդակով, կարողանում է հաշվարկել իրադրությունը շատ քայլեր առաջ և օգտագործում  է ռազմավարական որոգայթներ` հաջողության հասնելու նպատակով›› (Мясников В.С. Антология хитроумных планов, предисловие книге Харро фон Зенгера Стратагемы, т. 1, М. Изд. ЭКСМО, 2004, с. 10):

ՇԱՐՈՒՆԱԿԵԼԻ...
ԱՐՄԱՆ ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆ
650 reads | 07.11.2016
|
avatar

Copyright © 2017 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com