ԹՈՒՐՔԻԱՅԻ ԱԳՐԵՍԻԱՆ ՈՐՊԵՍ ՕՍՄԱՆՅԱՆ ԿԱՅՍՐՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԿԵՆԴԱՆԱՑՄԱՆ ՓՈՐՁ
ԱՐՄԱՆ ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆ
Արտակարգ և լիազոր դեսպան, ԵՐԵՎԱՆ






Օգոստոսի 24-ի առավոտյան Թուրքիան հարձակվեց սիրիական Ջարաբլուս քաղաքի վրա և գրավեց այն։   Ագրեսիան պատահական չէր։ Այն  վաղուց ծրագրավորված քայլ էր և մաս է կազմում Անկարայի տարածաշրջանային ու աշխարհաքաղաքական ծրագրերի։ Սիրիան ահազանգում է կատարվածի մասին և դիմել միջազգային ատյաններին։
 
Հարձակման պահը ճիշտ էր ընտրված և հաշվարկված։ Երբ մայիս ամսին թուրքական բանակը ընդամենը 700 մետր ներխուժեց Սիրիայի տարածք, Ռուսաստանը, որն այդ ժամանակ լարված հարաբերությունների մեջ էր Թուրքիայի հետ, անմիջապես կոշտ դիրքորոշում որդեգրեց և  սպառնաց նրան` հայտարարելով, որ կատարվածը ագրեսիա է,  միջազգային նորմերի կոպիտ խախտում. չկա որևէ հիմք խախտելու անակախ պետության իրավունքները, չկա Անվտանգության Խորհրդի միջազգային որոշումը, և այլն։
 
Վախենալով Մոսկվայի և Թեհրանի պատասխան քայլերից` Անկարան այն ժամանակ կասեցրեց իր գործողությունները։ Ռուսական լրատվամիջոցները  երեկ հայտնեցին, որ Մոսկվան անհանգստացած է թուրքական ագրեսիայի կապակցությամբ, իսկ  թուրքական կողմը պաշտոնապես հայտարարեց, որ իր գործողությունները համաձայնեցված են հյուսիսային հարևանի հետ։
 
Ապահովելով իր թիկունքը Ռուսաստանի կողմից` Էրդողանը երեսը դարձրեց դեպի Ամերիկան։ Արդյունքում, սահմանային Ջարաբլուս քաղաքի դեմ օդային և ցամաքային լայնամասշտաբ հարձակմանը մասնակցում են  ամերիկյան կոալիցիայի ռազմական ուժերը։ Այսպիսով,  Էրդողանը  փաստորեն ակտիվորեն շահարկում է և՛ ռուսական, և՛ ամերիկյան գործոնները իր ծրագրերի իրագործման նպատակով։  
 
(Ձեռքի հետ էլ` օգտվելով ԱՄՆ փոխնախագահ Բայդենի այցելությունից, Թուրքիան ակտիվացնում է Գյուլենի արտահանձման պահանջը)։   
 
Իրականում, ինչի՞ է ձգտում  Թուրքիան։ Նրա ռազմական գործողությունների դրդապատճառը Իսլամական պետության դեմ պայքարն է, որն ընդունելի է բոլորի համար։ Սակայն այդ մոտիվը հիմնականում շղարշ է թաքցնելու համար, Թուրքիայի գլխավոր  նպատակը, այն է՝ ոչնչացնել կամ գոնե կասեցնել քրդական շարժումը Սիրիայում և, բնականաբար, իր ներսում։ Արդեն երեկ թուրքական հարվածների թիրախ էին նաև քրդերը Սիրիայի տարածքում։ Քրդական հաղորդագրությունների համաձայն, Թուրքական հրետանին մի կրակոց իսկ չի արձակել ԻԼԻՊ-ի ուղղությամբ։ Հարվածում են քրդական դիրքերին։ (Սա, իհարկե, միակողմանի ինֆորմացիա է)։
 
Ջարաբլուսի գրավումը ընդամենը մի դրվագ էր։ Էրդողանը շտապում է կասեցնել  քրդերի առաջխաղացումը դեպի Սիրիայի հյուսիս-արևելք։ Իսկ արտգործնախարար Չավուշօղլուն հայտարարում է, որ քրդերը պետք է հեռանան Եփրատի աջ ափից և անցնեն ձախ ափ։
 
Թուրքիան ամենամեծ վտանգը տեսնում է քրդերի այն հայտարարության մեջ, որ նրանք ստեղծելու են Հյուսիսային ֆեդերալ շրջան՝ որպես Սիրիայի անքակտելի մասնիկ և զարգացնելու են հարաբերությունները հարևան երկրների հետ։
 
Թուրքիան շահարկում  է այդ նկրտումները և իբր հանդես է գալիս Սիրիայի տարածքային ամբողջականության օգտին։ Եվ բացառված չէ, որ այդ հողի վրա Էրդողանը գնա որոշակի մերձեցման Ասադի հետ, որը դեմ է քրդական ավտոնոմիային։ Անկարայի համար Ասադը նախընտրելի է քրդերից։ Ի դեպ, քրդական պետականության ստեղծման  դեմ են բոլորը` Թուրքիան, Իրանը, Իրաքը։
 
Առաջին հայացքից ստեղծված է պարադոքսալ իրավիճակ։ Ռուսաստանը և Ամերիկան պաշտպանում են քրդերին, (վերջինս նաև առնվազն ավտոնոմիայի ստեղծման հեռանկարով), սակայն ներկա իրավիճակում Թուրքիան ԻՊ-ի դեմ պայքարի պատրվակով փորձում է ոչնչացնել քրդերին ամենուրեք և բոլոր միջոցներով` օգտագործելով երկուսի էլ ռազմական և բարոյական ներուժը։ Թուրքական դիվանագիտությունից, իրոք,  կարելի է դասեր քաղել։
 
Այլևս չեմ ասում, որ Վաշինգտոնի և Մոսկվայի աչքի առաջ խախտվում են միջազգային իրավունքի բոլոր նորմերը, և կրկին հաստատվում է դիվանագիտության կրկնակի հաշվապահության փաստը։
 
Իսկ ի՞նչ է մեծ հաշվով ուզում Թուրքիան։ Էրդողանը դիմում է ամեն միջոցի՝ դառնալու տարածաշրջանային  առաջին խաղացողը։ Գերակայություն ձեռք բերել բոլորի նկատմամբ` ներառյալ ԱՄՆ-ի, Ռուսաստանի, Իրանի, Սաուդյան Արաբիայի։ Թուրքիայի վարդագույն երազանքը Օսմանյան կայսության հարությունն է։ Այդ ճանապարհին առաջին զոհը լինելու է Սիրիան:
ԱՐՄԱՆ ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆ
894 reads | 25.08.2016
|
avatar

Copyright © 2017 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com