ԻՆՉՈ՞Ւ Է ՌՈՒՍԱՍՏԱՆՆ ԱԼԻԵՎԻ ՀԵՏ «ՄՈՒԿ ՈՒ ԿԱՏՈՒ» ԽԱՂՈՒՄ
«2016թ. ամառը գերակտիվ եղավ համաշխարհային, տարածաշրջանային և առանձին խաղացողների համար։ Պայքարը, որ հիմա ընթանում է ՌԴ-ի ու ԱՄՆ-ի միջև բազմաբևեռ աշխարհի ստեղծման համար, այսօր մտել է շատ կարևոր փուլ, ու ընդգրկում է նաև Հարավային Կովկասի տարածաշրջանը ու անդրադառնում նաև Հայստանի արտաքին, ներքին քաղաքականության վրա։ Իսկ ինչո՞ւ հենց հիմա Ռուսաստանը որոշեց նման ակտիվ, հարձակվողական դիրքորոշում ցուցաբերել: Պատճառն այն է, որ ԱՄՆ-ի վարած «անակոնդա» քաղաքականության հետևանքով ՌԴ-ն շրջափակված է ՆԱՏՕ-ի ազդեցության տակ ընկնելու համար, ինչը նրան շատ է անհանգստացնում և փորձում է բոլոր վեկտորներով աշխուժացնել իր դիվանագիտական գործունեությունը»,- նման կարծիք հայտնեց Հայ-ռուսական համալսարանի համաշխարհային քաղաքականության և միջազգային հարաբերությունների ամբիոնի վարիչ, Արտակարգ և լիազոր դեսպան Արման Նավասարդյանը:

Նրա խոսքով՝ Կովկասը ՌԴ-ի համար շատ կարևոր է, ու Ռուսաստանը փորձում է հեռացնել ՆԱՏՕ-ի ներթափանցման վտանգն այնտեղ: «Այդ կապակցությամբ երկու հիմնական ուղղություններով Մոսկվան սկսեց աշխատել այս ամառ. Մեկը՝ իրանական և ադրբեջանական ուղղությունն է, մյուսը՝ Թուրքիան»:

Ըստ դեսպանի՝ ՌԴ-ի համար շատ կարևոր է նաև Կասպիական ավազանի խնդիրը. «Նրա համար կարևոր է, որ փակի ԱՄՆ ռազմական մուտքը Կասպից ծով։ ՌԴ-ի մյուս առաջնահերթ խնդիրն է՝ օգտագործել Իրանի այն մեծ ռեզերվային հնարավորությունները սանկցիաների վերացումից հետո: Ռուսաստանը 2 հարցում չի կարող անտարբեր մնալ. նախ՝ շատ թույլ չտալ, որ Իրանն ակտիվանա տարածաշրջանում, որովհետև Կովկասը համարում է իր տարածաշրջանը, մյուսը՝ տնտեսական հարցեր»:
Նա լրագրողների ուշադրությունը հրավիրեց Պուտինի ելույթի ու հռչակագրի այն հատվածի վրա, որտեղ մասնավորապես խոսվում է ահաբեկչության դեմ պայքարի մասին:

«Սա ոչ միայն Ռուսաստանի, այլ նաև Հայաստանի համար առաջնային խնդիր է, որովհետև կա ԻԼԻՊ, ու կա շատ լուրջ վտանգ այս տարածաշրջանում՝ իսլամական ֆունդամենտալիզմի առաջախաղացման: Ռուսաստանի լավ հարաբերություններն Ադրբեջանի հետ պայմանավորված են նաև այս հարցով: Ռուսաստանն Ալիևի հետ «մուկն ու կատու» է խաղում, որովհետև եթե Ալիևը գնա, այնտեղ կարող է հաստատվել իսլամական ֆունդամենտալիստական պետություն: Դա նաև վտանգ է ներկայացնում մեզ համար»,- նշեց դեսպանը՝ շեշտելով՝ պարադոքսն այն է, որ, եթե Ռուսաստանը որոշում է Ադրբեջանի հետ պայքարել ահաբեկչության դեմ, հարց է ծագում` ո՞վ է լինելու պայքարող կողմը, եթե Ադրբեջանը ահաբեկչական պետություն է: Ըստ նրա՝ քաղաքական ծաղր է նաև այն, որ Թուրքիայի հետ հնարավոր է պայքարել ահաբեկչության դեմ. «Մի պետություն, որը սնեց, զարգացրեց ու հիմա էլ շարունակում է իսլամական ծայրահեղականությունը տարածաշրջանում»:
ԱՐՄԱՆ ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆ
562 reads | 16.08.2016
|
avatar

Copyright © 2017 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com