ՀԱՅԱՍՏԱՆԸ ՊԵՏՔ Է ԿԱՐՈՂԱՆԱ ՏՐՅՈՒԿՆԵՐՈՎ ԽԱՂԱԼ ԻՐ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
«Ռուս-թուրքական հարաբերությունների՝ պետական մակարդակով կատարված էրոզիայից մեր հասարակությունը անասելի երջանկություն ապրեց, իսկ հիմա, երբ վերականգնվում են այդ հարաբերությունները, մենք հուսախաբության մեջ ենք,- ասաց Արտակարգ և լիազոր դեսպան Արման Նավասարդյանը «Անդրադարձ» մամուլի ակումբում կայացած ասուլիսի ընթացքում: Նրա դիտարկմամբ՝ եթե Թուրքիան գնա հարաբերությունների վերանայման, տարածաշրջանում կստեղծվի աշխարհաքաղաքական նոր իրավիճակ և պետությունների ուժերի նոր փոխհարաբերություն:

Դեսպանը նշեց, թե քաղաքական նոր փուլում ինչ կշահեն և ինչ կկորցնեն Ռուսաստանն ու Թուրքիան: Ըստ նրա, Ռուսաստանին ձեռնտու է Թուրքիայի հետ հարաբերությունների հավասարակշռումը, ինչը կխոչընդոտի Ռուսաստանի նկատմամբ կատարվող ոտնձգությունները: Կոշտ ձևակերպմամբ՝ Թուրքիան կանգնած է երկընտրանքի առջև՝ Ռուսաստան, թե՞ ԱՄՆ: Պարոն Նավասարդյանի կարծիքով՝ Թուրքիան միտված է առաջին տարբերակին: Այդ պարագայում, Ռուսաստանը տարածաշրջանում «թելադրողի» դեր կստանձնի: Բանախոսի գնահատմամբ՝ Ռուսաստանը կսկսի Թուրքիայի հետ համագործակցել:

Դեսպանը անդրադարձավ թուրք-ադրբեջանական հարաբերություններին, որոնց շրջանագծից, բնականաբար, դուրս չէ նաև Ղարաբաղյան հիմնախնդիրը: Գնահատելով իրավիճակը, պարոն Նավասարդյանն ասաց, որ խնդրի կարգավորման գործընթացում դրական որևէ տեղաշարժ չի ակնկալում: Նրա վստահեցմամբ՝ Թուրքիայի և Ադրբեջանի բարեկամական հարաբերությունները կմնան   նույնը, բայց կդառնան ավելի ճկուն, որի արդյունքում Ղարաբաղյան հարցի հետագա զարգացման մեջ կմեծանա Թուրքիայի դերակատարությունը:

Խոսելով ՀԱՊԿ-ի շրջանակներում անցկացվող հանդիպումների մասին, պարոն Նավասարդյանը նշեց, որ չնայած գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժայի արած՝ մեզ համար համեմատաբար դրական հայտարարություններին, հայանպաստ որևէ քայլի չի սպասում:

Բանախոսը մատնանշեց նաև Հայաստանի դիվանագիտության բացթողումները, որոնք, ըստ նրա, մեր ունեցած հնարավորությունների ոչ ճիշտ կիրառման արդյունք են: Պարոն Նավասարդյանը վստահեցրեց, որ Հայաստանը քաղաքական տարբեր տրյուկներ կիրառելով պետք է խաղա իր գործընկերների հետ և կատալիզատորային դիվանագիտություն վարի, ինչպես անում են մի շարք պետություններ: Հարցին, թե կատալիզատորային դիվանագիտության համատեքստում Հայաստանի ո՞ր քայլերը կարող են արագացուցիչի դեր ստանձնել, դեսպանը պատասխանեց. «Մասնակցել արտաքին և ներքին խնդիրների կարգավորմանը այն սահմաններում, որ ժողովրդի ձայնը լսելի դառնա: Հայաստանի ուղեղներն այնպիսին են, որ կարող են մասնակցել գործընթացներին, բայց նրանք օտարված են այդ խնդիրներից»: Նավասարդյանը կարևորեց նաև ԶԼՄ-ների դերը՝ հայաստանյան լրատվամիջոցների քաղաքականությունը համեմատելով ադրբջանականի հետ: «Ադրբեջանը 20 տարվա ընթացքում կարողացավ իմիջ ստեղծել, որ մենք ագրեսոր ենք, իրենք՝ տուժած կողմ: Իսկ այդ նույն 20 տարվա ընթացքում ի՞նչ ենք արել մենք...»,- եզրափակեց դեսպանը:

Մերի Աղաջանյան
Nyut.am

ԱՐՄԱՆ ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆ
640 reads | 12.07.2016
|
avatar

Մականուն:
Գաղտնաբառ:
Copyright © 2017 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com