ՀԱՆՐԱՅԻՆ ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԴԵՐԱԿԱՏԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՐԴԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԵՎ ԱՇԽԱՐՀԱՔԱՂԱՔԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐՈՒՄ
ԱՐՄԱՆ ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆ
Արտակարգ և լիազոր դեսպան, ԵՐԵՎԱՆ





«Ապրիլյան քառօրյա» պատերազմից հետո հասարակության ուշադրությունը սևեռված է արտաքին քաղաքականության հարցերի վրա։ Այսօր մարդկանց ավելի շատ հետաքրքրում են դիվանագիտության ասպարեզում կատարվող գործընթացները, քան ռազմաճակատում տիրող իրավիճակը։ Եվ դա բնական է, քանի որ մարդիկ մեծ հույսեր են կապում 20 տարուց ավելի հայության առաջ կանգնած կարևորագույն խնդիրը` ղարաբաղյան հիմնահարցը,  բանակցային, խաղաղ ճանապարհով լուծելու հետ։
 
Քաղաքագիտության ձեռնարկներում հանրային դիվանագիտության ծննունդը  ընդունված է համարել 1970 թվականների վերջերի ամերիկացի  Մերֆիի հանձնաժողովի գործունեության սկիզբը ԱՄՆ-ի արտաքին քաղաքականության քարոզչության, հումանիտար փոխանակումների և գաղափարախոսության պաշտպանության ասպարեզում։ Իսկ քաղաքագիտության այդ հեղափոխական հայեցակարգի կնքահայրն է նույնպես  ամերիկացի Ժոզեֆ Նայը, որը նաև «փափուկ ուժի» (Soft power) տեսության հեղինակն է։ Չմոռանանք ասել, որ այդ նորարարության մեջ իր հեղինակավոր խոսքն է ասել անվանի դիվանագետ Էդուարդ Ջերեջյանը, որն այսօր ղեկավարում է Բեյքերի ռազմավարական հետազոտությունների կենտրոնը և շարունակում է իր ուսումնասիրություններն այդ ուղղությամբ։
 
Ասում են` նորը լավ մոռացված հինն է։ Պարզվում է, որ սրանից գրեթե 3000 տարի առաջ դասական դիվանագիտության կողքին, որն սկսեց ձևավորվել հին Հունաստանում, հաջողությամբ զարգանում էր հանրային դիվանագիտությունը, որի տարբեր ձևերն ու արտահայտությունները հասել են մինչև մեր օրերը։ Հելլենների դիվանագիտությունը, մասնավորապես, դեմոկրատիայի հայր Պերիկլեսի ժամանակներում, իրոք, կարելի է անվանել ժողովրդական, քանի որ  գործում էր ժողովրդի անմիջական  մասնակցությամբ, ժողովրդի անունից,  նրա հսկողության տակ: Հունական դեսպաններին բաց քվեարկությամբ ընտրում էր  Ժողովրդական ժողովը (‹‹Ekklisa››) 6000  աթենացիների մասնակցությամբ: Հելլադայի դիվանագիտության ժողովրդավարական լինելու ամենամեծ ապացույցը աթենացիների կողմից դիվանագետների գործունեության վրա հսկողությունն էր, դրա թափանցիկությունը և կիրառման մեխանիզմները: Դեսպանները յուրաքանչյուր առաքելությունից հետո հաշվետվությամբ հանդես էին գալիս Ժողովրդական ժողովի առաջ: (Կարո՞ղ ենք նման բան պատկերացնել  մեր այսօրվա դեսպանների պրակտիկայում): Ամենավերջին քաղաքացուն անգամ այնտեղ իրավունք էր վերապահված հարցեր ուղղել դեսպաններին: Եվ եթե դեսպանների գործերում ի հայտ էին գալիս պարտազանցություններ և կամ, Աստված մի արասցե, ֆինանսական խախտումներ, դրանք դառնում էին միջնորդական հանձնաժողովի քննության առարկա, որի պատժամիջոցները կարող էին լինել՝ սկսած ֆինանսականից, վերջացած մահապատժով: Պարսից արքա Արտաքսերքսեսը, օրինակ, բանակցությունների ժամանակ թանկարժեք ընծաներ է տալիս Աթենքի դեսպան Թիմագորոսին: Ձեռքի հետ էլ հավաքագրում նրան: Ժողովրդական ժողովը  դեսպանին մեղադրում է դավաճանության մեջ և գլխատում:
 
Իսկ ինչու՞ է հազարավոր տարիներ անց հանրային դիվանագիտությունը կրկին դառնում կարևոր գործոն արտաքին հարաբերություններում։ Խնդիրը նրանում է, որ գլոբալիզացիայի, լայնամասշտաբ ինտեգրացիայի և միջազգային հարաբերությունների արդի լարված պայմաններում դիվանագիտությունը կրում է նկատելի  փոփոխություններ։
 
XXI դարի դիվանագիտության առանձնահատկությունը այն է, որ նկատելիորեն փոխվում է նրա մեթոդաբանությունը, գործելու մեթոդները, ձևերն ու միջոցները։ Դա պայմանավորված է նրանով, որ գլոբալիզացիայի պայմաններում անհետանում է ներքին և արտաքին քաղաքականության սահմանը, որի հետևանքով  դասական, այսինքն պետական դիվանագիտության կողքին հայտնվում է դիվանագիտական բոլորովին նոր տարատեսակ։ Այն կոչվում է ժողովրդական (public diplomacy) և կրում է մի շարք այլ անուններ` քաղաքացիական (citizen), հասարակական, հանրային, մեգաֆոնային: (Ժողովրդական դիվանագիտություն եզրը խորհրդային ռուդիմենտ է։  Ներկայումս ռուսական քաղաքագիտության մեջ, ամերիկյանի օրինակով, ավելի շատ օգտագործվում է քաղաքացիական դիվանագիտություն եզրը)։
 
Եթե դասական դիվանագիտությունն ունի իր բաղադրիչները` արտգործնախարարություն, դեսպանություններ, հյուպատոսական հիմնարկներ և միջազգային կազմակերպություններ իրենց աշխատակիցներով հանդերձ, որոնք հանդիսանում են պետական ծառայողներ, ժողովրդական դիվանագիտությունը բաղկացած է, այսպես կոչված, խաղացողների (ակտորների) գրեթե անսահմանափակ սպեկտրով` տրանսնացիոնալ կազմակերպություններ, ոչ կառավարական կազմակերպություններ (NGO), եկեղեցի,  գիտահետազոտական և կրթական հիմնարկներ, արվեստի միություններ և այլ, և այլն: Մի խոսքով, որպես ժողովրդական դիվանագիտության դերակատարներ կարող են հանդես գալ հասարակության ամենատարբեր բնույթի և բնագավառների ներկայացուցիչներ, յուրաքանչյուր անհատ։
 
Իսկ ինչպե՞ս են ընկալվում կամ  ի՞նչ ձևով են հանդես գալիս երկու տարբեր դիվանագիտությունները միևնույն պետության մեջ։ Դա կախված է կոնկրետ պետության կաուցվածքից, նրա քաղաքական մշակույթի մակարդակից։ Զարգացած դեմոկրատական համակարգ ունեցող երկրներում այդ երկու տարատեսակները զարգանում են զուգահեռ և, հաճախ, համագործակցում են։ Ընդ որում, որքան սերտ է այդ համագործակցությունը, այնքան ակտիվ է տվյալ պետության արտաքին քաղաքականությունը և արդյունավետությունը։ Եվ հակառակը։
 
(ՀՀ ԱԳՆ, ցավոք, շատ հեռու է կանգնած հանրային դիվանագիտությունից։ Դիվանագիտության մի շարք անվանի տեսաբաններ` Է. Սատոուն, Հ. Նիկոլսոնը, Ու Զերտմանը, Մ. Բերմանը և ուրիշներ այն կարծիքն են հայտնում, որ դիվանագիտությունն հասնում է իր նպատակին և արդյունավետ է, եթե գործում է գաղտնապահության պայմաններում:  Մենք միանգամայն համամիտ ենք այս տեսակետի  հետ, որը բնականաբար, ջրբաժան է անցկացնում դասական դիվանագիտության  ու ժողովրդավարական դիվանագիտության միջև, որի հիմնական պայմանը թափանցիկությունն ու  հրապարակայունությունն է: Մենք պարզապես հանդես ենք գալիս ոչ թե դիվանագիտական և բանակցային գործընթացներին հասու լինելու և գաղտնիքներին տեղեկանալու դիրքերից, այլ պահանջում ենք տեղեկատվություն բանակցության  արդյունքների և վերջնական փաստաթղթերի մասին: Այլ կերպ ասած առաջարկում ենք  իմանալ, թե ի՞նչ է արվում երկրի դիվանագիտության ոլորտում, որը միանգամայն օրինական պահանջ է հարկատուների կողմից: Իսկ երբ պետության արտգործնախարարությունն հրաժարվում է այս տրամաբանական հարցին պատասխանելուց` ծագում է երկու կարծիք`
ա) դիվանագիտական ծառայությունն ի վիճակի չէ կատարելու իր վրա դրված պարտականությունները,
բ) դիվանագիտական ծառայությունն իր անկարողությունը փորձում է թաքցնել գաղտնապահության քողի տակ, որն արհեստածին է, շինծու):
 
Լավագույնը այդ երկու դիվանագիտությունների սիմբիոզն է, որն անվանվում է «կատալիզատորային դիվանագիտություն»։
 
Այստեղ բնականաբար հարց է ծագում։ Արդյո՞ք  «փափուկ ուժի» հայտնվելը, բացառում է «կոշտ ուժը» (hard power) որպես դիվանագիտական գործիք միջազգային հարաբերություններում։ Ի՞նչ է կոնֆլիկտներն այլևս  չե՞ն լուծվում ուժի`ասել կուզի զենքի միջոցով։ Չէ՞ որ հենց այսօր պատերազմական գործողություններ են ընթանում երկրագնդի տարբեր կետերում, արյուն է թափվում, զոհվում են մարդիկ։
 
Իհարկե, «կոշտ ուժը» մնում է միջազգային հարաբերությունների անքակտելի միջոց։ Այն շարունակում է հաճախ օգտագործվել պետությունների հարաբերություններում։ Դրա հետ մեկտեղ ավելի ու ավելի հաճախ ականատես ենք լինում, այդ երկու ուժերի համադրմանը։ Դրա ցայտուն օրինակը Ռուսաստանի և ԱՄՆ-ի դիվանագիտական գործընթացն է Սիրիայում, երբ ոչնչացվում են դաեշականների ուժերը, իսկ  Ժնևում տեղի են ունենում բանակցություններ։ Կասկած չի կարող լինել, որ ահաբեկչության դեմ միայն և միայն «կոշտ ուժն» է գործում, մյուս կողմից մենք չենք կարող հաղթանակի հասնել այնքան ժամանակ, քանի դեռ չենք նվաճել մուսուլմանական մասսաների մտքերը և սրտերը։
 
Իսկ կա՞ն այդ երկու ուժերի կիրառման ավելի օպտիմալ հնարավորություններ։ Այո, կան։ Վերջին տարիներս դիվանագիտական տեսության մեջ ի հայտ է եկել մի նոր ուժի տեսակ, որը կոչվում է smart power, բառացի թարգմանությունը «խելացի ուժ»։ Այն փորձում են օգտագործել կոնֆլիկտային իրավիճակում։ Դիվանագիտությունը, որն այդ «խելացի ուժն» օգտագործում որպես «կոշտ» և  «փափուկ»  ուժերի կապող օղակ, համադրում է դրանք, անցկացնում իր պրիզմայի հասնում է ցանկալի արդյունքի։ 
 
Այսպիսով, դիվանագիտության մեջ մենք գործ ունենք երեք ուժի հետ` «փափուկ», «կոշտ» և «խելացի»։ Նախ, փորձենք հասկանալ, թե ինչ է ուժը քաղաքական առումով։ Այստեղ, ուժն ինքնին չի հանդիսանում ոչ լավ և կամ էլ ոչ վատ երևույթ։ Այն նման է կալորիային դիետի մեջ` շատը միշտ չէ, որ նշանակում է լավ է։ Երբ պետությունը չունի անհրաժեշտ քանակությամբ ներուժ` հավանականությունը փոքր է, որ կհասնի ցանկալի արդյունքի, այն թույլ է, և վերջ։ Սակայն չափից ավել ուժը նույնպես կարող է վնասել։ Գոյություն ունի լավ աֆորիզմ. «Իշխանությունը փչացնում է մարդկանց, իսկ բացարձակ իշխանությունը փչացնում է նրանց բացարձակապես»։ Ուժի ավելցուկը և նրա ոչ խելացի օգտագործումը կարող է չարիք դառնալ մարդկանց և երկրի համար։ Հիշենք Դավթի և Գողիաթի կռիվը Ասվածաշնչից։ Գողիաթի գերհզոր ուժը նրան մոլորեցրեց և կործանեց։
 
Այդ է պատճառը, որ ճկուն և բազմափորձ դիվանագիտություն ունեցող տերությունները հաճախ են համադրում «փափուկ» և «կոշտ» ուժի հնարավորությունները։
 
Օրինակ`Հռոմը նվաճում էր օտար երկրներ, սակայն նրանց էլիտային հնարավորություն էր ընձեռում ստանալ հռոմեական հպատակություն։ Ֆրանսիան ներգրավում էր աֆրիկյան ղեկավարներին, մասնավորապես, Սենեգալի նախագահ Լեոպոլդ Սեդար Սենգորին ֆրանսիական քաղաքական և մշակութային կյանքի մեջ։ Վիկտորիանական Բրիտանիան նվաճած երկրների էլիտային հաղորդակից էր դարձնում իր մշակութին, արդյունքում Լոնդոնը հսկայական իմպերիան կառավարում էր տեղական ուժերով և շատ քիչ թվով անգլիական զորքեր էր օգտագործում այն պահելու համար:
 
Հիմա անդրադառնանք փոքր պետություններին։ Փաստված է, որ նրանք ավելի ճիշտ են օգտվում «խելացի ուժի» քաղաքականությունից։
 
  1. Սինգապուրը բավականաչափ ռեսուրսներ ներդրեց իր պաշտպանական համակարգում, որպեսզի հարևանները համոզվեն, որ դժվար «կգան այդ փոքր պետության հախից», որոնք նկրտումներ ունեին նրա նկատմամբ։ Սակայն նման քաղաքականությունը  Սինգապուրը համադրեց ակտիվ դիվանագիտական քայլերի հետ, մտավ ԱՍԵԱՆ, հետո իր համալսարանները վերածեց տարածաշրջանի ոչ կառավարական կազմակերպությունների ակտիվ ցանցային կենտրոնների։ Արդյունքը հայտնի է բոլորին։
  2. Շվեյցարիան երկար ժամանակ կարողացավ  օգտագործել պարտադիր զինվորական ծառայությունը և երկրի լեռնային տեղանքը որպես զսպման գործոն, միաժամանակ ապահովելով երկրի գրավչությունը բանկային փայլուն համակարգի, առևտրական և մշակութային փոխանակումների շնորհիվ։
  3. Սաուդյան Արաբիայի ափերին ծվարված Քաթար փոքր թերակղզին Իրաքյան պատերազմի ժամանակ իր տարածքը տրամադրեց ամերիկյան զինված ուժերին և զուգահեռաբար ֆինանսավորեց  տարածաշրջանի ամենամասսայական «Ալ Ջազիրա» հեռուստատեսային ընկերությանը, որը խստորեն քննադատում էր ամերիկյան քաղաքականությունը Մերձավոր Արևելքում։ 
  4. Նորվեգիան մտավ ՆԱՏՕ իր անվտանգությունն ապահովելու նպատակով, սակայն ծավալում է գործունեություն, որը դուրս է գալիս այդ կազմակերպության նպատակների սահմաններից  և հաճախ խաղում է միջնորդական դերակատություն այլ երկրների միջև` լայնորեն օգտագործելով «փափուկ ուժի» քաղաքականություն։
  5. XIX դարում բիսմարկյան Պրուսիան երեք անգամ պատերազմական գործողություններ ծավալեց Դանիայի, Ավստրիայի և Ֆրանսիայի դեմ, որի արդյունքում  Գերմանիան միավորվեց։ Դրանից հետո Բիսմարկը սկսեց կիրառել «փափուկ ուժի» քաղաքականություն, և Բեռլինը դարձավ եվրոպական դիվանագիտության խաչմերուկ, կոնֆիկների լուծման կենտրոն։ Սակայն կայզերը թույլ տվեց կոպիտ սխալ. խզեց գաղտնի համաձայնագիրը Ռուսաստանի հետ, անցավ կոշտ ուժի քաղաքականության ու շատ բան կորցրեց։
  6. Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո Ճապոնիան  նվազագույնի հասցրեց ռազմական ուժը, շեշտը դրեց ԱՄՆ-ի հետ ալյանս ստեղծելու վրա և դարձավ աշխարհի տնտեսական հսկաներից մեկը։
  7. Չինաստանը Մաոի օրոք ստեղծեց ռազմական հզորություն, ներառյալ միջուկային զենք, և օգտագործեց մաոիստական հեղափոխական գաղափարախոսությունը երրորդ աշխարհի բարեկամությունը շահելու նպատակով և հասավ իր նպատակին։
  8. Իսրայելը, որը տասնամյակներ շարունակ հենվել է կոշտ ուժի վրա իրեն շրջապատող արաբական աշխարհի հետ հարաբերվելիս, այսօր հմտորեն մանևրում  է «փափուկ ուժի» և «խելացի ուժի» օգնությամբ և զարգացնում է տնտեսական հարաբերությունները Մոսկվայի հետ` դիկամակայելու համար Ամերիկայի և Եվրոպայի` իսրայելյան ուղղությամբ խստացվող քաղաքականությանը։
 
Մենք խոսում ենք հանրային դիվանագիտության  «փափուկ», «կոշտ», «խելացի» ուժերի օգտագործման քաղաքականության մասին, մինչդեռ  հանրային դիվանագիտության զինանոցում գոյություն ունեն մեկից ավելի միջոցներ, որոնց հմուտ կիրառումը մեծապես նպաստում է պետության արտաքին և ներքին քաղաքականության խնդիրների լուծմանը։
 
Դրանց մեջ առանձնանում է ‹‹մաքոքային դիվանագիտությունը››, Shuttle diplomacy, երբ x-պետությունը, գաղտնի դիվանագիտական  աշխատանք է տանում y և z պետությունների միջև կոնլֆիկտային կամ այլ կարգի խնդիրների լուծման ուղղությամբ։ Ընդ որում, այստեղ պարտադիր չէ, որ դերակատարը-(ները) լինեն պրոֆեսիոնալ դիվանագետներ։  Պատմությանը հայտնի է Հանրի Քիսինջերի մաքոքային դիվանագիտության շրջանակներում վարած բանակցությունները Իսրայելի և արաբական երկրների միջև, սակայն քչերին է հայտնի Անաստաս Միկոյանի բեռլինյան և կարիբյան ճգնաժամերի ժամանակ համապատասխանաբար 1958-1961 թթ. և 1962թ.) դիվանագիտական այդ տրյուկի փայլուն օգտագործման մասին։  
 
Մեր կարծիքով, հայկական դիվանագիտությունը կարող էր օգտագործել «մաքոքային դիվանագիտության» հնարքները` ի շահ իր արտաքին քաղաքականության։
 
Հաջորդ, թերևս, ավելի խոստումնալից մեթոդ է միջնորդական դիվանագիտությունը, որը հատկապես օգտաշատ է փոքր պետությունների համար։ Այն հայտնի է վաղնջական ժամանակներից և մանիպուլացվել է հին Հռոմին շրջապատող լիմիտրոֆային փոքր պետությունների կողմից, որոնք բանակցային կամուրջ էին կայսրության և նրա նվաճած այլ երկրների միջև։ Նման մեթոդ է գոյություն ունեցել Չինաստանի սահմանակից վայ-ֆան կոչվող փոքր պետությունների պրակտիկայում ևս։ Փոքր և մեծ պետությունների հարաբերություններում պետք է հաշվի առնել նաև մաքիավելիզմի սկզբունքերը, որոնք սկիզբ առնելով Միջնադարում` այսօր էլ չեն կորցրել իրենց նշանակությունը։
 
Միջնորդական դիվանագիտությունը, մեր խորին համոզմամբ կարող է լինել հայկական դիվանագիտության հիմնաքարերից մեկը և վճռական նշանակություն ունենալ արտաքին քաղաքականության «կամ-կամ»-ի և «և-և»-ի անիմաստ բանավեճի դեպքում։ Բացի ամեն ինչից, միջնորդական դիվանագիտության ճիշտ օգտագործումը կարող էր հսկայական դիվիդենտներ բերել Հայաստանին` և՛ քաղաքական, և՛ տնտեսական առումով։
 
Հանրային դիվանագիտության հաջորդ միջոցներից մեկն էլ այն է, որ բարեկամ երկրի օգնությամբ կանոնավորվում է երրորդ երկրի հետ գոյություն ունեցող լարված հարաբերությունները։ Օրինակ` Պակիստանը չի ճանաչում Հայաստանը և դիվանագիտական հարաբերություններ չունի նրա հետ։ Սակայն նույն Պակիստանը սերտ կապեր ունի Իրանի և Չինաստանի հետ, իսկ վերջիններս պատկանում են  Հայաստանի բարեկամ երկրների թվին։ Նման իրադրությունը հուշում է հայկական դիվանագիտությանը նպատակադրված աշխատանք տանել Կարաչիի հետ հարաբերությունները կարգավորելու համար։ 
 
Դիվանագիտական հարաբերություններում պակաս կարևոր նշանակություն չունի քո օգտին հակառակորդ երկրների  միջև հակասությունների վրա խաղալը (Թուրքիա-Ադրբեջան, Թուրքիա-Իրան, Ադրբեջան-Իրան), որը նույնպես հաճախ, իրագործվում է հանրային դիվանագիտության խաղացողների միջոցով։
 
Հանրային դիվանագիտության զինանոցում գոյություն ունեն միջազգային իրավունքի միջոցներ, որոնք հաճախ անտեսվում են պետությունների` այդ (թվում Հայաստանի արտաքին)  քաղաքականության գործընթացներում։ ՄԱԿ-ի կողմից ճանաչված և ընդունված «Ստիպողական կամ պարտադրված առանձնացում»  (Remedial cessation) բանաձևը խիստ օգտակար կարող էր լինել ղարաբաղյան կոնֆլիկտի կարգավորման գործում, ընդհուպ ԼՂ-ի դուրս գալը Ադրբեջանի կազմից, քանի որ այն նախատեսում է նման լուծում, եթե էթնիկ խումբը կամ ազգային փոքրամասնությունը ենթարկվում է ոչնչացման վտանգի իր բնակված պետության կողմից։ Այս ուղղությամբ, որքան մեզ է հայտնի, ՀՀ ԱԳՆ որևէ քայլ դեռ չի արել։  Բացի այդ, հայկական դիվանագիտությունը պետք է կանխարգելիչ ծրագիր ունենա` օգտվելու  «Սպառնալիքի տակ պարտադրված որոշումից հրաժարվելու մասին» (Under duress) բանաձևից։ Այն հնարավորություն է ընձեռում  որևէ միջազգային կազմակերպությունում կամ ֆորումում մերժել այնպիսի բանձևի ընդունումը, որը հակասում է Հայաստանի պետական շահերին և ազգային անվտանգությանը։
ԱՐՄԱՆ ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆ
1514 reads | 04.07.2016
|
avatar

Մականուն:
Գաղտնաբառ:
Copyright © 2017 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com