ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԱՎԱՆԱԿԱՆ ՔԱՅԼԵՐԸ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ԿՈՆՖԼԻԿՏԻ ՍՐԱՑՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ
Տարածաշրջանային հակամարտությունների սրացումների մասին Diplomat.am-ը զրուցել է արտակարգ և լիազոր դեսպան Արման Նավասարդյանի հետ։
 
Որքանո՞վ է համապատասխանում իրականությանը այն թեզը, որ ղարաբաղյան կոնֆլիկտում և, հատկապես, 4-օրյա պատերազմում առկա է օտար պետությունների անմիջական կամ միջնորդված մասնակցությունը։ Որո՞նք են այդ երկրները։ Եթե դրանք կան, ապա քաղաքագիտության օրենքների համապատասխան լարվածության  գոտին անպայմանորեն տարածվելու է տարբեր վեկտորներով  և իր մեջ ներառելու է այդ խաղացողներին, ի հայտ բերելով նրանց  դիրքորոշումները, գործողությունների մոտիվացիան, հնարավորությունները և հեռանկարները։ 
 
Ա․Ն․-Ղարաբաղյան կոնֆլիկտը այս կամ այն ձևով ու չափով առնչվում է մեծ տերությունների և տարածաշրջանային պետությունների շահերի ու հետաքրքրությունների հետ ոչ միայն այն պատճառով,  որ դրանք ենթարկվում են քաղաքագիտության և միջազգային հարաբերությունների կանոններին, այլև այն պատճառով, որ միջպետական կոնֆլիկտները Հարավային Կովկասում և ամենուր տեղի են ունենում աշխարհաքաղաքական խորքային գործընթացների շրջանակներում, հատկապես, Արևմուտքի և Արևելքի միջև ընթացող սուր պայքարի պայմաններում` միաբևեռ աշխարհակարգը պահելու և կամ այն բազմաբևեռով փոխարինելու համար։  
 
Հարց. Մեկ, կարճ հարցազրույցի ընթացքում անհնար է ընդգրկել կոնֆլիկտի հետ առնչվող բոլոր երկրների քաղաքականությունը։ Ո՞ր պետությանը դուք կնախընտրեիք անդրադառնալ այսօր։
 
Ա․Ն․-Ես հակիրճ կանգ կառնեմ մեր ռազմավարական N 1 դաշնակցի` Ռուսաստանի վրա։
 
Ռուսները Կովկասում են 250 տարի`և'  ցարի, և' բոլշևիկների օրոք։ Նրանք այստեղից կհեռանան միայն համաշխարհային պատերազմի դեպքում, ինչի մասին 90-ականներին մարշալ Շապոշնիկովը զգուշացրեց թուրքերին։ Սակայն, այսօր Ռուսաստանի կովկասյան դիվանագիտությունն ապրում է ծանր ժամանակներ։

 
Հարց. Իսկ ի՞նչ հետևանքներ կունենա ղարաբաղյան կոնֆլիկտը Ռուսաստանի համար։
 
Ա․Ն․-Անկախ այդ բանից, թե ինչ կերպ կզարգանա Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտի էսկալացիան, այն զգալի հետևանքներ կունենա Ռուսաստանի համար։ Նույնիսկ, եթե հակամարտությունը վերջանա բարեհաջող, Մոսկվայի հարաբերությունները առնվազն կողմերից մեկի հետ խիստ կվատթարանան։ Անդրկովկասում կլինի քաղաքական ճգնաժամ և կբարդանան Ռուսաստանի հարաբերությունները Թուրքիայի և Վրաստանի հետ։ Անխուսափելիորեն առաջ կգա Ռուսաստանի հեղինակության հարցը, քանի որ պատերազմի ժամանակ Ադրբեջանը օգտագործել է նրանից գնած զենքը։
 
Հարց. Որտե՞ղ է Մոսկվայի տեղը կոնֆլիկտում։
 
Ա․Ն․-Որպես Մինսկի համանախագահ Ռուսատանը կոնֆլիկտի կարգավորման միջնորդ է և ձգտում է պահել պարիտետ, ինչպես Հայաստանի այնպես էլ Ադրբեջանի հետ։ Սակայն կոնֆլիկտի սրման դեպքում Մոսկվան կկանգնի դիլեմայի առաջ. նա կամ միանշանակ պետք է լինի  Հայաստանի կողքին որպես դաշնակից կամ հրաժարվի է իր դաշնակցին պաշտպանելուց։ Այդ դեպքում ՀԱԲԿ-ն անվանարկվում է և կազմաքանդվում։
 

Հարց. Իսկ ինչպիսի՞ն կլինի Թուրքիայի հակազդեցությունը։  
 
Ա․Ն․-Այստեղ կարող է խաղարկվել հետևյալ սցենարը։ Թուրքիան, որը Նախիջևանում  զորք է կուտակել ռազմական սանդրանք կկազմակերպի Հայաստանի դեմ, որին ՀԱԲԿ-ը անմիջապես ստիպված կլինի պատասխանել։ Եթե Ռուսաստանը դիմի այդ քայլին, Թուրքիան իր հերթին օգնության կհասնի Ադրբեջանին և կոնֆլիկտը հասցնել ՆԱՏՕ-ՀԱԲԿ առճակատման մակարդակի։
 
Նման մակարդակի առճակատումը, երբ սիրիական ճգնաժամը հարթված չէ, իսկ ուկրաինական հարցը փակված չէ, դրանց ավելացած ներտնտեսական խնդիրները, շատ թանկ կնստի Մոսկվայի վրա։ 
 
Ռուսաստանի դեմ կսկսեն գործել բոլոր ճակատներով` Արևմուտք, Կովկաս, Միջին Ասիա և նրան դժվար կլինի բոլորին դիմակայել։ Տարածաշրջաններից մեկը դուրս կգա նրա ազդեցության ոլորտից, որը կարող է լինել Հարավային Կովկասը։ Թուրքիան` օգտվելով առիթից դուրս կմղի Ռուսաստանը Հարավային Կովկասից` իրագործելով Ռուսաստանի շուրջը անկայունության գոտի ստեղծելու հայտնի ծրագիրը։
 
Նման սցենարի իրագործման շանսերը կարող են մեծանալ Հիլարի Քլինթոնի նախագահական ընտրություններում հաղթելու դեպքում։ Իր Պետքարտուղար եղած ժամանակ նա այցելեց կոնֆլիկտի գոտի և երեք հանրապետություններ, լավ գիտի տարածաշրջանը և քննադատորեն է գնահատում Ռուսաստանի քաղաքականությունն այստեղ` հայտարարելով, որ ԵվրԱզեսը տարածաշրջանում Խորհրդային Միությունը վերականգնելու ծրագիր է։
 
Մոսկվայի և Անկարայի առճակատումը կարող է հասնել իր գագաթնակետին, որը  Ռուսաստանի համար առիթ կհանդիսանա ավելացնել իր ռազմական ներկայությունը Հայաստանում և Թուրքիայի հետ Հայաստանի սահմանում։ Օգտվելով առիթից Ռուսաստանը զորքեր կմտցնի Հարավային Կովկաս որպես խաղաղապահների։  
 
Եթե Ռուսաստանը չի ուզում,  որ կոնֆլիկտը հասնի ‹‹անդառնալիության կետի››, ապա նա կսառեցնի Ադրբեջանին զենքի վաճառքի գործառությունը։
 
Գլխավոր լծակը մնում է ՄԽ-ը, իսկ ԻԼԻՊ-ի հավանական մասնակցությունը կոնֆլիկտին Ադրբեջանի կողմից Մոսկվան կօգտագործի որպես խաղաքարտ` ելնելով տեռորիզմի դեմ իր անհաշտ պայքարի դոկտրինայից։
ԱՐՄԱՆ ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆ
981 reads | 22.04.2016
|
avatar

Copyright © 2017 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com